04:15
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գյուղացին պետք է ունենա պաշտպանված ապրանքների մի ցանկ, որոնց սպառումը երաշխավորված է

2013-06-27 11:15

«Դե Ֆակտո» 18 (2007թ.)

Հարցազրույց Գրանդ Տոբակո ընկերության հիմնադիր և ԱԺ պատգամավոր   Միքայել Վարդանյանի հետ

Պարո՛ն Վարդանյան, վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում պետական մակարդակով խթանվել է տեղական արտադրությունը, իսկ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ներկրումը Հայաստան գնալով ավելանում է։ Որպես տեղական արտադրության առաջնորդ` ի՞նչ մտավախություններ ունեք։

Հարցը պետք է դիտարկել բազմակողմանիորեն։ Այո ներմուծողների դիրքերը ամրապնդվում են կապված դրամի արժեւորման հետ։ Ակնհայտ է, որ դոլլարի կուրսի անկումը միջազգային շուկայում բացասաբար է անդրադառնում տեղական արտադրության վրա, կրճատվում են արտահանման ծավալները։ Մյուս կողմից պետք է նկատել, որ Հայաստանում ներքին շուկայի պաշտպանության վիճակը, մեղմ ասած պատշաճ մակարդակում չի գտնվում։ Տեղական արտադրողին պաշտպանելու միակ տարբերակը կառավարության կողմից ներսում արտադրվող ապրանքներին մրցակից ապրանքների ներմուծումը դժվարացնելն  է։ Հակառակ դեպքում արտադրողները կկանգնեն անլուծելի խնդիրների առջեւ եւ կարող են սննկանալ։ Իսկ դա արդեն սոցիալական աղետի կարող է վերածվել, քանի որ հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից։ Ժամանակակից տնտեսագիտության մեջ կա այսպիսի մի հաշվարկ. Երկրի ներսում ներմուծման շնորհիվ ստեղծված մեկ աշխատատեղին համընկնում է տեղականարտադրության ստեղծած յոթ աշխատատեղ։ Եթե դու խանութում գնում ես ներմուծված ապրանք` քո երկրում աշխատանք ես տալիս մեկ մարդու, իսկ եթե գնում ես տեղական արտադրության ապրանք, ապա աշխատանքից զրկում ես վեց մարդու։ 

Ինչպիսի՞ն է այսօր ՀՀ-ում արտադրվող և Հայաստան ներկրվող սիգարետների ծավալային հարաբերակցությունը, և արտահանո՞ւմ եք Ձեր արտադրանքը, թե՞ ոչ։

Այո մենք արտահանում ենք մեր սիգարետները ԱՊՀ երկրներ,Եւրոմիության երկրներ եւ ԱՄՆ։ Մենք ներքին շուկայում ունենք 50%-ից ավելին։ Չնայած դաժան մրցակցությանը եւ դրամի արժեւորմանը մենք կարողանում ենք պահպանել մեր դիրքերը։ Ես համարում եմ, որ սա մեր արտադրանքի բարձր որակի եւ ճիշտ մարքետինգային քաղաքականության շնորհիվ է։ Աշխարհում քիչ կան երկրներ, որտեղ տրանսազգային կորպորացիաները չեն գրավել սիգարետի շուկայի առյուծի բաժինը։ Այն էլ Հայաստանի նման փոքր երկրներում, մրցունակ տեղական արտադրանքի առկայությունը, որը գրավում է շուկայի կեսից ավելին, քիչ հանդիպող, բացառիկ երեւույթ է։ Սա ես համարում եմ, ոչ միայն մեր ընկերությունների, այլեւ սպառողների` մեր ողջ հասարակության հաղթանակը։

Այսօր շատ է խոսվում հարկային կոշտ քաղաքականության մասին։ Դուք զգում ե՞ք այն Ձեր գործունեության ընթացքում, և ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ՀՀ հարկային և մաքսային քաղաքականությունը։

Մենք միշտ եղել ենք խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Այսօր էլ «Գրանդ Հոլդինգը» հանրապետության հինգերորդ հարկատուն է, հայրենական արտադրողներից առաջինը։ Ես վստահ եմ, որ գործարարարի վարկանիշը պետք է որոշվի, ոչ թե վաստակած գումարների չափով, այլ բյուջեի նկատմամբ պարկեշտ վերաբերմունքով։ Ազնիվ աշխատելու դեպքում, ոչ մի վարչարարություն քեզ չի կարող վախեցնել։ Այլ հարց է, որ հարկային դաշտում բոլորի համար պետք է լինեն հավասար պայմաններ։ Եթե խնդիրները լուծվում են բարեկամական կամ ընկերական հարաբերությունների դաշտում, ապա դա կարող է տանել ուղղակի տնտեսության քայքայման։ Հատկապես կարեւոր է մաքսային քաղաքականությունը, քանի որ այն անմիջականորեն առնչվում է ներմուծողների հետ։ Եթե այս ոլորտում վարչարարությունը չխստացվի, ապա տեղական արտադրողները կհայտնվեն շատ ծանր վիճակում։

Շատ երկրներ այն ապրանքատեսակները, որոնք արտադրվում են իրենց երկրներում, ստեղծում են այնպիսի պայմաններ, որ նույն ապրանքատեսակների ներկրման պայմաններում տեղական արտադրողները ունենան արտոնություններ։ Նման բան հնարավո՞ր է կիրառել ՀՀ-ում, թե՞ ոչ։

Վերը մենք անդրադարձանք այդ հարցին։ Այո մենք դեռ չենք սովորել պաշտպանել հայրենական արտադրողին։ Ես բազմիցս առիթ ունեցել եմ նշել ԱՄՆ-ի օրինակը։ Թե որքան է բարդացված այնտեղ որեւէ ապրանք ներմուծելը։ Նահանգային դատախազությունը ուղղակի գործ է հարուցում այն ընկերության վրա, որը համարձակվել է իր ապրանքը մոտեցնել երկրի մատույցներին։ Պահանջվող փաստաթղթերը տեղափոխելու համար, երեւի մի կոնտեյներ կպահանջվի։ Ես կարծում եմ, որ սա ոչ միայն մեր կառավարության, այլ մեր ողջ հասարակության խնդիրն է։ Մեր հասարակությունը ուղղակի չունի սեփական արտադրողին պաշտպանելու անհրաժեշտության գիտակցումը։ Հետեւեք թե իշխանամետ, թե ընդդիմադիր գործիչների քաղաքական ելույթներին։ Այս թեման բացակայում է։ Այնինչ այսօր, այն ավելի քան արդիական է։ 

Դուք ընտրվել եք ԱԺ պատգամավոր մեծամասնական ընտրակարգով բավականին բարդ ընտրատարածքից։  Ձեր տված նախընտրական խոստումներից որո՞նք եք իրագործել, և որո՞նք եք համարում անիրագործելի։

Այո, Տավուշի մարզը բավականին բարդ տարածք է։ Այստեղ չլուծված խնդիրների քանակը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը։ Բայց ես հաշվի առնելով այս հանագամանքը, հատուկ ընտրել եմ հենց այս տարածքը, քանի որ Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունեցող մարզն է եւ այստեղ պետք է իրագործել տնտեսական այնպիսի ծրագրեր, որոնք գյուղացուն կկապեն իր հողին, որն էլ մեր սահմանների պաշտպանվածության կարեւորագույն երաշխիքներից մեկն է։

Նախընտրական խոստումների մեծ մասը կատարված են։ Իմ ծրագրի առանցքը կազմում է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը։ Իմ կարծիքով համայնքները չեն կարող զարգանալ առանց համապատասխան ենթակառուցվածքների։ Շատ գյուղերում լուծվել է գազիֆիկացման, ոռոգման ջրի, խմելու ջրի, ճանապարհների, մշակույթի օջախների եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Կան նաեւ շատ խոշոր ներդրումներ պահանջող խնդիրներ։ Այս խնդիրները ներկայացված են կառավարությանը եւ պիտի լուծվեն համատեղ ծրագրերի միջոցով։ Մենք ամեն ջանք ներդրում ենք այդ խնդիրների լուծման համար։

 Նախընտրական ծրագրի մյուս ուղղությունը վերաբերվում է գյուղմթերքների մթերմանը։ Այս ուղղությամբ էլ բավականին մեծ աշխատանք է կատարված։ Ծխախոտի ընդունման եւ վերամշակման կետեր են բացվել Նոյեմբերյանի ենթաշրջանի Հաղթանակ գյուղում, Իջեւանի ենթաշրջանի Աչաջուր համայնքի մոտ, Բերդի ենթաշրջանի Վարագավան համայնքում եւ այլ տարածքներում, որոնց թիվը օրեցօր ավելանում է։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս գյուղմթերքների մթերմանը, ապա այդ ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են եւ շուտով կունենանք պատրաստի մի ծրագիր։    

Երբ հանդիպում եք Ձեր ընտրատարածքի բնակիչների հետ, որո՞նք են այն հիմնական հարցադրումները, որոնցով դիմում են Ձեզ։ Հարցադրումները շատ են եւ բազմազան։ Մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է նոր աշխատատեղերի ստեղծման հարցը։ Աշխատատեղերի հարցը դեռ շատ ցավոտ է։ Մարդիկ չեն ուզում գնալ օտար երկրներ եւ ստորացուցիչ պայմաններում վաստակել իրենց մի կտոր հացը։ Ուզում են մնալ հայրենիքում իրենց ընտանիքների կողքին։ Ահա մի շատ կարեւոր խնդիր` տրանսֆերտային տնտեսության հակառակ երեսը։ Շատ են բողոքում թոշակների ու նպաստների չափից, գյուղացու անպաշտպանությունից, գյուղում գործող ապահովագրական համակարգի բացակայությունից, գյուղտեխնիկայի պակասից։ Գյուղացին, որպես արտադրող, նույնպես անպաշտպան է։ Աշխարհի բոլոր զարգացած երկրներում գյուղատնտեսական ապրանքները երկիր են ներմուծվում միայն միջպետական պայմանագրերով սահմանված քվոտաներով։ Սա սեփական գյուղացուն պաշտպանելու միջոցներից մեկն է։ Հայաստանում սա բացակայում է։ Գյուղացին պետք է ունենա պաշտպանված ապրանքների մի ցանկ, որոնց սպառումը երաշխավորված է եւ պաշտպանված է քվոտավորման համակարգով, այսինքն նա գիտի, որ որեւէ մեկը նույն ապրանքը ավելի էժան չի ներմուծի։ Շատ երկրներում նման ապրանք է, ասենք շաքարավազը։ Շաքարի ճակնդեղ աճեցնող գյուղացին նման երկրում հաստատ համոզված է, որ իր ապրանքը գնվելու է, սա է նրա գոյատեւման միջոցը։ Ազատ մնացած իր հողատարածքների վրա նա կարող է ռիսկի դիմել, աճեցնելով այլ կուլտուրա։ Ես չեմ խոսում գյուղատնտեսության սուբսիդավորման, այսինքն պետական դոտացիաների մասին, որը մեզանում իսպառ բացակայում է։ Կարծում եմ, որ ժամանակն է քայլ առ քայլ սկսել կիրառել այս փորձը։ 

Դուք եղել եք նաև նախորդ խորհրդարանում համամասնական ցուցակով, իսկ այս անգամ` մեծամասնականով։ Որո՞նք են տարբերությունները, և ո՞ր պարագայում եք Ձեզ ավելի անկաշկանդ զգում։

Իհարկե մեծամասնականով ընտրվելու դեպքում, ավելի ազատ ես եւ չես ենթարկվում ֆրակցիայի որոշումներին։ Չնայած նախորդ գումարման ԱԺ-ում էլ ես իմ խղճի դեմ երբեք չեմ քվեարկել։

2007թ. մոտենում է իր ավարտին։ Խնդրում եմ պատմել Ձեր հաջողությունների մասին և՛ քաղաքականության, և՛ տնտեսության ասպարեզում։

Այս տարի իմ քաղաքական հաջողությունը կհամարեի ԱԺ ընտրություններում տարած իմ հաղթանակը, որի համար շնորհակալ եմ ընտրատարածքի իմ ընտրողներից, շնորհակալ եմ նրանց վստահության համար։ Իսկ տնտեսության ոլորտում որպես նվաճում կնշեի հատկապես թղթի արտադրության հիմնադրումը, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ վերջերս։ Արարողությանը ներկա էր նաեւ հանրապետության վարչապետը, քանի որ սա իրոք կարեւոր իրադարձություն էր։ Սրանով Գրանդ Հոլդինգը Հայաստանում սկզբնավորեց արտադրության եւս մեկ ճյուղ` թղթի արտադրությունը, որի պահանջարկը հանրապետությունում շատ մեծ է։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում այլեւս թղթի այդ տեսակները չեն ներմուծվի Հայաստան, այլ կարտադրվեն միայն տեղում։ Կարուոր եմ համարում այս արտադրության բնապահպանական նշանակությունը։ Քանի որ թղթի թափոնը, որը այս արտադրությունում ծառայում է որպես հումք, շատ վնասակար է թե հողի մեջ մնալիս, թե այրման արդյունքում։ Մենք հանրապետությունում կկատարենք սանիտարի ֆունկցիա։ Մարդիկ կհավաքեն եւ մեզ կհանձնեն հանրապետության ողջ թղթի թափոնը։ Բացի այդ արտադրությունը, ներդրված նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, էկոլոգիապես լիովին մ,աքուր է, վնասակար արտանետումներից զուրկ է։

Ի՞նչ անելիքներ ունեք 2008 թ.։

2008 թվականին կան շատ ծրագրեր։ Ինչ վերաբերվում է թղթի արտադրությանը, ապա ընդլայնվելու է արտադրվող թղթի տեսականին։ Գրանդ Քենդին կսկսի սուրճի արտադրությունը։ Հայաստանում կսկսի արտադրվել բարձրորակ սուրճի մեծ տեսականի։ Հիմնելու ենք տեխնոլոգիական վերջին լուծումներով հագեցած տպագրություն։ Ուզում եմ հատուկ նշել նաեւ, որ մեծացնելու ենք ծխախոտի ընդունման եւ վերամշակման կետերի քանակը։

Ի՞նչ խորհուրդ ունի ամանորը Ձեզ համար։ Որտե՞ղ եք նախընտրում այն նշել։ Ո՞րն է ամանորի Ձեր ամենասիրած կենացը, և ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ ու նվիրել ամանորի գիշերը։

Ամանորը անցած տարին իմաստավորելու, ի մի բերելու ժամանակն է ինչպես նաեւ ապագան պլանավորելու ժամանակը։ Այս տոնը սիրում եմ նշել ընտանիքիս հետ եւ որպես օրենք միշտ նշում եմ  ընտանիքիս հետ։ Ես սիրում եմ նույն կենացները, որոնք սիրում են բոլոր հայ մարդիկ`երջանկության, երեխաների,ծնողների մասին, հաջողության մաղթանքները։ Նաեւ կարծում եմ, որ Ամանորը ավելի շատ մանուկների տոնն է, քանի որ խորհրդանշում է ապագայի սկիզբը։ 

Ամանորյա Ձեր շնորհավորանքի խոսքը...

Ուզում եմ շնորհավորել բոլորին Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առթիվ։ Ցանկանում եմ քաջ առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք։ Մաղթում եմ ապրելու եւ պայքարելու, սեփական երկրին տեր կանգնելու կամք, տոկունություն, լավատեսություն։ Համոզված եմ, որ մենք այնուամենայնիվ կկառուցենք լավ երկիր,օրենքի երկիր,բարեկեցիկ ու հզոր երկիր։ Այսքանը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...