01:55
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ, ԵՎՐՈՊԱՆ ՎԱՂՈՒՑ ԿՈՐՑՐԵԼ Է…

2013-06-27 11:36

«Դե Ֆակտո» 15 (2007թ.)

Ազգային արժեքների դերը, որոնք, թերևս, հոգու արժեքներ են ու հոգեկան զարգացման խթանիչներ, նաև փոխհարաբերություններ ձևավորողներ, մենք հաճախ չենք էլ գնահատում մեր գիտակցական կյանքում։ Մեզ թվում է` մենք շատ ավելի պակասություններ ունենք, քան Եվրոպան, ու չենք մտածում, որ մենք ունենք հիմնականն ու կարևորը։

- Շատ օտարերկրացի ուսանողների եմ ճանաչում, որ կարճ ժամանակով եկել են Հայաստան։ Հետաքրքիրն այն է, որ երբ գալիս է  վերադառնալու ժամանակը, նրանք  տխրում են։ Երբ ես հարցնում եմ, թե ինչու են տխրում, ասում են` այն ինչ որ այսօր կա այստեղմենք Եվրոպայում վաղուց կորցրել ենք։ Եվ իրոք այդպես է։ Եվրոպացիները այսօր շուն են պահում, իսկ մենք օջախ ենք կառուցում, որը մեր տունն է ` ընտանիքը, եկեղեցին,- պատմում է Ջիվանյան և որդի  ՍՊԸ-ի տնօրեն Նուբար Ջիվանյանը։

Նուբար Ջիվանյանը ծնվել և մեծացել է Սիրիայում, սակայն  ընտանիքում դաստիարակվել է հայկական արժեքներով ու ավանդույթներով,  որոնք նրա խոսքով, սրբություններ են, ազգապահպան գործոններ։ Տեղեկանալով, որ սփյուռքահայ ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Հայաստանում` նրան բախտ վիճակվեց լինել այդ ուսանողներից մեկը։ 1973թ.,  ավարտելով Պոլիտեխնիկական ինստիտուտը,  նա պետք  է վերադառնար Սիրիա, քանի որ խորհրդային տարիներին այդպիսին էր կարգը։ Վերադարձավ Սիրիա` իր հետ տանելով կյանքի այն փորձը, գիտելիքներն ու արդեն ձևավորված արժեքները, որ ուսանողության տարիներին  ստացել էր Հայաստանում։ Սիրիայում սկզբնական շրջանում աշխատում էր հայրիկի գործարանում` իր մեջ, սակայն, ունենալով նպատակ` սեփական գործ սկսելու։ Այդպես էլ եղավ, երկար պետք չէր սպասել։

- Երբ գործ ես սկսում, պետք է իմանալ, թե որտեղ անել, ինչ նոր բան անել ու ինչպես սպառել այն։ 1982թ տեղափոխվեցի Կիպրոս, որտեղ կտավ էի  ներմուծում Չինաստանից, Ճապոնիայից և  արտահանում  Միջին Արևելք։ Բայց եկավ մի պահ` որոշեցի  կտավը վերածել հագուստի, սկսել հագուստի արտադրություն։ Դա  հնարավոր էր իրականացնել այնպիսի երկրում, որի հարկային դաշտը մատչելի էր։

Ուսումնասիրելով տարբեր երկրների տնտեսական դաշտը` Նուբար Ջիվանյանը այդ գործը հիմնեց Բուլղարիայում, որտեղ կային համապատասխան մասնագետներ և աշխատուժ։

- Գործերս հաջող էին, բայց ես արդեն հոգնել էի և ուզում էի հանգստանալ։ Անկեղծ ասած` շատ էի լսել Հայաստանի մասին, կարոտել էի հայրենիքս, ընկերներիս և մտածում էի, որ իմ պարտքն է ինչ-որ բան անել, ինչ-որ բանով օգտակար լինել։

Այսպես` 2001թ Նուբար Ջիվանյանը որոշեց մեկ շաբաթով գալ Հայաստան, տեսակցել ընկերներին, հարազատներին։ Երբ արդեն Հայաստանում էր, իրեն այնպես ջերմորեն և հարազատի նման ընդունեցին, որ մեկ շաբաթը դարձավ տասնհինգ օր։

- Արտասահմանում ջերմություն բառը բառարանից դուրս  է եկել։ Այնտեղ կա դրամ, բիզնես, ուրիշ բան չկա։ Ես որոշեցի ապրել Հայաստանում։ Զավակներս մեծ էին, չէի կարող պարտադրել նրանց, ասացի` եկեք, տեսեք։ Սկզբում տղաս եկավ, շատ հավանեց Հայաստանը, հետո ընտանիքիս մյուս անդամները։

Այստեղ նույնպես ուզում էին հագուստի արտադրություն սկսել, սակայն չկային անհրաժեշտ պայմաններ այդ գործում հաջողության հասնելու համար։ Ուսումնասիրելով Հայաստանի ընդհանուր տնտեսական դաշտը` որոշեցին ռեստորան բացել, որի պակասը նկատելի էր։ Ռեստորանն էլ Ֆենիշեա  անվանեցին, որը պատահական անուն չէր ու խորհուրդ էր պարունակում իր մեջ։

- Կերակրացանկի հիմքում փյունիկյան  ճաշատեսակներն են։ Փյունիկացիները ապրել են Լիբանանի հյուսիսում և ստեղծել են առաջին ծովային նավատորմը։ Փյունիկյան ճաշի համար նախատեսված հատուկ համեմունքները Միջին Արևելք էին բերվում Մերձավոր Արևելքից` օգտագործելով մետաքսի ճանապարհը, որն անցնում էր Հայաստանով։ Եվ այս ամենը խիստ կապելով` մենք ստեղծեցինք փյունիկյան ճաշացանկը, որում ներառված են  ներկայիս եվրոպական ճաշատեսակներ, վերականգնեցինք նաև արևմտահայկական նախուտեստներ ու ճաշեր։ Ռեստորանի անունն էլ հենց կապված է այս յուրահատուկ ճաշատեսակի անվան հետ։

Ֆենիշեայում կարելի է լսել ցածր, հաճելի ու մեղմ երաժշտություն։ Այստեղ հաճախում են արտասահմանցիներ, սփյուռքահայեր, տեղացի հայեր։ Ի դեպ` այցելուների մեծամասնությունը տեղացի հայերն են։ Նուբար Ջիվանյանն անձամբ է ընդունում և ճանապարհում իր հյուրերին և հետևում, որ նրանք գոհ լինեն իրենց հյուրընկալությունից։ Նրա  խոսքով` օդանավակայանից, հյուրանոցից հետո երկրի  ծանոթանում են նաև ռեստորանների միջոցով։ Այս հանգամանքը, թերևս, յուրաքանչյուր սեփականատեր պետք է հաշվի առնի։

- Ես ինքս համեղ եմ պատրաստում, թեև հազվադեպ։ Առաջ ընտանեկան սովորույթ կար, որ շաբաթը մեկ օր ես էի  պատրաստում ճաշը, և ամբողջ ընտանիքը սպասում էր այդ օրվան։ Հիմա ազատ օր չունեմ, ամեն օր ռեստորանում եմ։

Ֆենիշեայում կարելի է համտեսել ճաշատեսակներ, որոնք միայն իրենք  են պատրաստում հատուկ բաղադրատոմսերով։ Նուբար Ջիվանյանի խոսքով`  մեզանում կրկնօրինակելու փորձեր շատ են արվում, սակայն` անհաջող։ Մենք ստեղծագործ ժողովուրդ ենք և պետք է փորձենք նորը` մերն անել, իսկ ընդօրինակությունը հաջողության գրավական լինել չի կարող։

- Ֆենիշեայից հետո նաև այլ գործունեություն սկսեցինք` Նյու Ավարիս շինարարական ընկերությունը, որի շրջանակներում ուզում ենք վերականգնել հին շենքերը` ստեղծելով Հին Երևանի կոլորիտ։ Բացվեց նաև Մոկկա սրճարանը, որը ավելի երիտասարդական, ժամանցային մթնոլորտ ունի, որը կարճ ժամանակում արժանացավ այցելուների համակրանքին։

Համեմատելով 2001-2007թթ ընկած ժամանակահատվածը` Նուբար Ջիվանյանի խոսքով Հայաստանը մեծ զարգացում է ապրել` հենց իր ոլորտից օրինակ բերելով։ Եթե այն ժամանակ կար հինգ լավ ռեստորան, հիմա կա հիսունհինգը։ Նրան զայրացնում են այստեղից արտասահման գնացող հայերի` սփյուռքահայության շրջանում տարածած այն լուրերը, թե Հայաստանում լավ չէ վիճակը, աշխատանք չկա։

- Այստեղ հարկային դաշտը մատչելի հնարավորություններ է ստեղծում հաջող բիզնես ծավալելու համար, և եթե ինքդ օրենքով ես աշխատում, օրենքը լավ էլ գործում է։ 

Ապրելով տարբեր երկրներում և շփվելով տարբեր մշակույթների հետ` Նուբար Ջիվանյանը տարեցտարի ավելի բարձր է գնահատում հայկական արժեքներն ու հայկական մշակույթը։ Մեր ջերմությունը, հոգատարությունը միմյանց հանդեպ բարձրագույնն է մարդկային հարաբերությունների ձեռքբերման առումով։ Մեզանում, սակայն, նրա խոսքով, պակասում է հանդուրժողականությունը։

- Աստված մարդուն ձեռքը չի տվել սպանելու համար, Աստված ձեռքը տվել է ստեղծելու, օգնելու համար։  Նյութը ամեն ինչ չէ, որ կանե, նյութը մարդը  կանե, իսկ նյութը մարդ չի անի։

Սիրուշիկ Հարությունյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...