16:20
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առողջության պահպանումը առաջնային խնդիր է

2013-06-26 11:38

«Դե Ֆակտո» 51 (2010թ.)

Ռոբերտ Սահակյան` «Հրազդան» Բժշկական Կենտրոնի տնօրեն

-Պարո՛ն Սահակյան, նախկինում պարզապես Հրազդանի հիվանդանոց էր, իսկ հիմա «Հրազդանի» բժշկական կենտրոն։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։                                                                                   -Կառավարության որոշմամբ 2007թ-ին «Հրազդանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, և «Հրազդանի հիվանդանոց» ՓԲԸ-ն միաձուլվեցին ստեղծելով «Հրազդան» բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ կենտրոնը ընդգրկվեց համաշխարհային բանկի արդիականացման ծրագրում, որից հետո անմիջապես սկսեցին շինարարական և վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկվեցին 2008թ-ին և ավարտվեցին 2009թ-ին, որի արդյունքում, ինքներդ եք տեսնում, ստեղծվեց միջազգային ստանդարտներին համապատասխան, զինված անհրաժեշտ բարձրակարգ սարքավորումներով բժշկական կենտրոն։                                                                                                                                             

-Ի՞նչ բաժիններ են գործում կենտրոնում։                                                                                                                           -Կենտրոնը ունի ստացիոնար ծառայություն, որը իր մեջ ներառում է մի քանի բաժիններ։ Մենք ունենք 20 մահճակալանոց վիրաբուժական բաժանմունք, 25 մահճակալանոց թերապևտիկ բաժանմունք, որոնցից 5-ը նախատեսված են ինֆեկցիոն հիվանդների համար, իսկ մնացած 20-ը թերապևտիկ հիվանդների համար, և հինգ մահճակալ ունենք վերակենդանացման բաժանմունքում։ 25 մահճակալ նախատեսված է մանկաբարձական բաժանմունքում, 10-ը գինեկոլոգիական։ Ծննդատանը գործում է նաև կանանց կոնսուլտացիա։ Վիրահատական բլոկը զինված է նորագույն, ժամանակակից բուժսարքավորումներով։ Վերակենդանացման բաժանմունքում մենք ունենք նոր ձեռք բերված սարքավորում, որը կարգավորում է հիվանդի օրգանիզմի ֆունկցիաները։ Մենք նույնիսկ երբեմն կատակում ենք ասելով, որ այդ սարքավորումը բժշկից ավելի խելացի է և ավելի լավ գիտի, թե ինչ պետք է անել։ Ախտորոշիչ բաժանմունքում գործում են կլինիկական լաբորատոր և գործիքային հետազոտության սենյակներ` սոնոգրաֆիա, էնդոսկոպիա, էլեկտրոէնցելֆալոգրաֆիա, ռենտգեն կաբինետ և այլն։ Կենտրոնին պակասում է կոմպյուտերային տոմոգրաֆը, որի համար կա կաբինետ և մասնագետ, մնում է միայն այդ սարքը ձեռք բերել։ Առողջապահության նախարարը խոստացել է, որ մինչև տարվա վերջ կլուծվի նաև այդ հարցը։ Սարքը ձեռք բերելուց հետո արդեն մենք կարող ենք ասել, որ մեզ մոտ լուծված են հիվանդանոցային և ամբուլատոր պայմանները հետազոտվելու և բուժ օգնություն ստանալու խնդիրները։ «Հրազդան» բժշկական կենտրոնին նույնիսկ մայրաքաղաքային որոշ կլինիկաներ են զիջում։                                                                                                                       

   -Ի՞նչ տեսակի վիրահատություններ են կատարվում Ձեր բժշկական կենտրոնում։                                                  -Այստեղ կատարվում են մի շարք այնպիսի վիրահատություններ, որոնք սովորաբար չեն կատարվում մարզային մակարդակով։ Դրանք են` որովայնի վիրահատությունները ընդհուպ մինչև ռեկոնստրուկտիվ, ուռոլոգիական լուրջ վիրահատություններ, տրավմոտոլոգիական վիրահատություններ և՛ բաց և՛ փակ մեթոդով, քիթ-կոկորդի, մանկաբարձական և գինեկոլոգիական վիրահատություններ։ Հիվանդանոցում բարձր որակավորված բժիշկներ են աշխատում։ Մեզ մոտ միայն նեղ մասնագիտական վիրահատություններ չենք կատարում, բայց կա պայմանավորվածություն, որ հարկ եղած դեպքում հանրապետության լավագույն մասնագետներին կարող ենք հրավիրել մեր բժշկական կենտրոն այս կամ նմանատիպ վիրահատությունն անցկացնելու համար։ Բժշկական կենտրոնում սեպտեմբերի մեկից վճարովի ծառայությունները լինելու են պայմանագրային սկզբունքներով։ Այսինքն մինչ ծառայություն մատուցելը հիվանդի հետ կնքվելու է երկկողմանի պայմանագիր, որը իր մեջ պարունակելու է բազմաթիվ պայմաններ և պարտականություններ։ Այս մեթոդը կնպաստի, որպեսզի հիվանդն ավելի մեծ հավատով լցվի թե՛  հիվանդանոցի, թե՛  բժշկի հանդեպ։                                                                                                                                                                                  

-Իսկ Ձեր բժիշկներն այլ երկրներ վերապատրաստումների մեկնո՞ւմ են։                                                                    -Ցավոք առայժմ այդ հնարավորությունը մենք չունենք, սակայն մեր բժիշկները անցյալ երկու տարիների ընթացքում, մինչ ԲԿ-ի գործելը հանրապետության լավագույն կլինիկաներում, բարձրակարգ մասնագետների մոտ անցել են վերապատրաստումներ։                                                                  

 -Հիվանդանոցը ի՞նչ բացեր ունի, որոնք կարիք կա լրացնելու և առհասարակ առաջիկայում ի՞նչ հարցերի շուրջ եք աշխատելու։                                                                                                         

 -Հիվանդանոցն աշխատող օրգանիզմ է, ուստի կարիք ունի անընդհատ ավելի հասունանալու, վերազինվելու և հեռուն նայելու։ Ունենք նոր ծառայություններ բացելու ծրագիր։ Այօր ողջ աշխարհում աչքի հետ կապված խնդիրներն ամենահաճախ հանդիպողն են։ Վատ չէր լինի, եթե մենք մեր բուժկնտրոնում կարողանաինք կատարել նաև աչքի վիրահատություններ։ Ի միջիայլոց մենք շատ անհետևողական ենք մեր առողջության, մասնավորապես աչքերի հարցում։ Մեզանում շատերի մոտ առկա են աչքի տարբեր խնդիրներ։ Մեզ թվում է, որ եթե աղոտ ենք տեսնում, հեռուն կամ հակառակը` մոտը չենք տեսնում դրանք այնքան էլ լուրջ խնդիրներ չեն, կարևորը տեսնում ենք և եթե տեսնում ենք, ապա ամեն ինչ կարգին է։ Հարգելինե՛րս, աչքի հետ չի կարելի խաղալ և եթե նույնիսկ աննշան անհանգստություն եք զգում աչքերում` պետք է անհապաղ դիմել մասնագետի։ Ի վերջո ամեն փոքր բանից է մեծ խնդիր առաջանում, որը սակայն լուծելու համար արդեն շատ ուշ է լինում։ Պետք չէ սպասել մինչև Ձեզ մոտ տեսողության կտրուկ անկում նկատվի, նոր խուճապի մեջ դիմեք համապատասխան բժշկի։                                                             

  -Պարո՛ն Սահակյան, հիվանդանոցում շրջելիս նկատեցի, որ այստեղ աուրան մի տեսակ դրական է, ինչը չէի ասի այլ հիվանդանոցների մասին։ Ձեզ մոտ մի տեսակ մոռանում ես, որ հիվանդանոցում ես գտնվում, պատերն էլ հիվանդանոցներին հատուկ սպիտակ կամ կապույտ չեն ներկված։

Կարծում եմ պատճառը հենց դա է, որ այստեղ մտնելուց չես ճնշվում։ Սա հատո՞ւկ է արվել։                                                                                                                                 

 -Մարդը հիվանդանոց գնալուց առաջ արդեն ճնշված է լինում, քանի որ գիտի, թե ուր և ինչի համար է գնում։ Մենք այդ տրամադրվածությունը փոքրիշատե կոտրելու համար որոշեցինք տարբերվել մյուս հիվանդանոցներից և մի քիչ աշխուժություն մտցնել։ Ընդհանրապես գունային երանգները մեծ ազդեցություն են ունենում մարդու տրամադրության և հոգեկան ներաշխարհի վրա։ Քանի որ գրեթե բոլոր հիվանդանոցներում սպիտակ և կապույտ գույներն են իշխում, դրանք մարդկանց համար ընկալվում են արդեն որպես հիվանդանոցային գույներ։ Երբեմն նույնիսկ այլ  շինություն մտնելիս, երբ բախվում եք վերոհիշյալ երկու գույների հետ արդեն նեգատիվ զգացողություններ են առաջանում։ Դա էր պատճառը, որ մենք որոշեցինք այլ երանգների մեջ ներկել հիվանդանոցը։ Եվ ինչպես Դուք ինքներդ զգացիք, այստեղ մթնոլորտն այլ է, ճնշող չէ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Բացի դրանից մենք խիստ ուշադրություն ենք դարձնում բուժկենտրոնի մաքրությանը։ Այստեղ ամեն ինչ իդեալական մաքուր պետք է լինի և այդ հարցում մեզ մոտ բժշկից մինչև կրտսեր բուժաշխատող շատ հետևողական են։

                                                                                                                          Լիլիթ Սաֆարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...