2013-06-21 11:30
«Դե Ֆակտո» 6 (2007թ.)
Պրն. Ղազարյան, ինձ հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից Դուք եղել եք կամավորների խմբում և, եթե կարելի է այդպես ասել, առաջին մարտական փորձությունն անցել եք Ձեր մարզում` Երասխի կռիվների ժամանակ։ Մինչ այդ Դուք ծանո՞թ էիք զենքին։
Զենքի հետ իմ առաջին շփումը եղավ Լեռնային Ղարաբաղում` Ասկերանի շրջանում, դեռևս 89թ.-ի հոկտեմբերին։ Մեր նորաստեղծ ջոկատը` ներկայիս զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, ուղղաթիռով մեկնեց Խոջալու, որտեղ մեզ զենքերով դիմավորեցին օմոնականները։ Հենց այդտեղից էլ սկսվեցին մեր մարտական փորձությունները… Իսկ Երասխի կռիվների ժամանակ (90թ.-ի հունվարից) մեր ջոկատն արդեն համարվում էր փորձառու, բարձր հեղինակություն ունեցող։
Եթե չեմ սխալվում, առաջին զոհը մենք տվեցինք Քյարքի գյուղն ազատագրելու ժամանակ. զոհվեց Տիգրան Մելոյանը։ Առաջին զոհը, բացի ընկերոջ կորստի ցավից, Ձեր մեջ վախ չառաջացրե՞ց։
Այո՛, Քյարքի ազատագրման օրը, ցավոք, զոհվեց մեր հրաշալի ընկերը։ Ի դեպ, այդ գյուղն այսօր կոչվում է Տիգրանաշեն, մուտքի մոտ էլ հուշարձան-կոթող է` ի հիշատակ Տիգրանի ու մյուս բոլոր զոհվածների։ Դեռ չէր ավարտվել Տիգրանի թաղման արարողությունը, դեռ չէինք հասցրել սգալ նրա կորուստը, երբ տեղեկացանք, որ Երասխում նորից կռիվ է սկսվել։ Աննկատ հետ մնացինք թափորից ու գնացինք դիրքեր։
Գիտեք, երբ գնում էինք էդ գործին, յուրաքանչյուրս էլ գիտակցում էր, որ ցանկացած պահի կարող է զոհվել, և պատրաստ էր զոհվել…
Այդ ժամանակ Դուք ամուսնացա՞ծ էիք։ Գիտե՞ք` ինչու եմ հարցնում ամուսնացած լինելու մասին։ Իմ կարծիքով` տղամարդը, երբ դեռ ընտանիք չունի, չի վախենում մահից։
Ամուսնացած էի, բայց դեռևս երեխա չունեի։ Այդ ժամանակ ես և մյուս` երեխա չունեցող տղաները մտածում էինք արդեն հայր դարձած մեր ընկերների մասին. հանկարծ նրանց բան չլիներ, երեխաներն անհայր չմնային։ Նրանք էլ մեր մասին էին մտածում. հանկարծ մեզ բան չպատահեր, կարողանայինք մեզնից հետո կյանք թողնել։ Հետագայում` 93թ.-ին, երբ ծնվեց առաջնեկս, կյանքն ինձ համար կարծես թանկացավ, ուզում էի` պատերազմն օր առաջ ավարտվեր։
Պրն. Ղազարյան, տեղյակ եմ նաև, որ մինչև ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, մասնակցել եք կռիվներին, երբ շատ հավատավոր տղաներ զոհվեցին… Հետաքրքիր է, քնելուց առաջ` նկատի ունեմ աղապատանքի ժամին, հաճա՞խ են Ձեզ այցի գալիս տղաները, որոնք այսօր չկան։
Շա~տ… և ոչ միայն աղապատանքի ժամին։ Նրանք միշտ են իմ սրտում։ Հիմա էլ ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ մարտական ընկերներիս հետ։ Պատերազմից հետո ջոկատ հասկացողությունը վերածվեց ընտանեկան ընկերության։ Մեր երեխաներից գրեթե բոլորը կրում են մեր զոհված ընկերների անունները։ Անում ենք հնարավորինը` նրանց հիշատակն իսկապես վառ պահելու։ Օրինակ` ի հիշատակ մեր լավ ընկեր Գառնիկ Ղուկասյանի (նա թեթև ատլետ էր, Խորհրդային Միության չեմպիոն, ռեկորդակիր)` արդեն 15 տարի է` անցկացնում ենք միջազգային կարգի թեթև ատլետիկայի մրցաշարեր։ Մեր մյուս ընկերոջ` Նորիկի հիշատակին էլ ըմբշամարտի ամենամյա մրցաշարեր ենք անցկացնում Արարատ քաղաքում։ Այնպես որ, մեր զոհված ընկերները միշտ մեր սրտում են, նրանց երեխաներն էլ` մեր կողքին։
Փաստորեն, Դուք վկա եք եղել հակամարտության ամենասկզբին։ Հիմա ի՞նչ եք հիշում, որ, Ձեր կարծիքով, կարող է հետաքրքրել ընթերցողին։
Աննկարագրելի ծանր դրվագներ են եղել։ Բայց, գիտեք, հիմա չեմ ուզում դրանց մասին խոսել։ Պատկերացրեք, եղել են նաև ծիծաղելի դեպքեր։ Հիշում եմ` 93 թվականն էր, նախապատրաստվում էինք Շուշիի ազատագրմանը։ Այնտեղ ես շարքային զինվոր էի։ Գիշերը հերթապահության էի կանգնել ստրատեգիական օբյեկտներից մեկի մոտ։ Առավոտյան լսում եմ, թե ինչպես են տղերքը ծիծաղում։ Պարզվեց` գիշերը հերթապահություն էի արել նաև մի փոքր հավաբնի, մինչդեռ այդ ժամանակ ես տնօրեն էի հսկայական թռչնաբուծական ֆաբրիկայի։
Պրն. Ղազարյան, կռվել եք նաև երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ…
Իսկապե՛ս երջանկահիշատակ, և իսկապե՛ս սպարապետ…
Չկարողանալով մասնակցել Խոջալուի կռվին` մեր ջոկատը որոշել էր անպայման իր մասնակցությունն ունենալ Շուշիի գրավմանը։ Եվ քանի որ Երասխում դեռևս վերջնականապես խաղաղ չէր, Վազգենը մեզ արգելել էր Շուշի մեկնել։ Բայց մեկնեցինք։ Ասկերանի բերդում նստած զենքերն էինք մաքրում, մեկ էլ տեսնենք` Վազգենը կանգնեց գլխներիս։ Տղերքի մի մասը բերդի պարսպից թռավ։ Պետք է տեսնեիք Վազգենի զայրացած, զարմացած հայացքը։ Հետո միայն հասկացանք, թե ի~նչ հպարտություն էր զգացել` այնտեղ տեսնելով իր ստեղծած` Արարատի ջոկատը։
Իմ ունեցած տեղեկություններով` Դուք եղել եք Վազգեն Սարգսյանի ընկերը։ Ի՞նչ դեր է ունեցել նա Ձեր կյանքում` և՛ որպես հրամանատար, կազմակերպիչ, և՛ որպես մարդ, անհատականություն։
Վազգենը մեծ հայրենասեր էր, անշահախնդրորեն նվիրված էր իր ժողովրդին։ Մեզնից էլ պահանջում էր աշխատել ժողովրդի համար, ծառայել ժողովրդին։ 89թ.-ին լինելով մեզանից մեկը` 98-ին նա արդեն դարձել էր, համենայն դեպս ինձ համար, Նժդեհին հավասար պետական գործիչ։ Նրա ազդեցությունն ինձ վրա, իսկապես, մեծ է եղել. ինձ բացատրում էր, որ լինելով տնտեսագետ, ես պետք է աշխատեմ տնտեսության մեջ, էնտեղ ծառայություն անեմ։
Եվ, եթե չեմ սխալվում, 1993թ.-ից սկսեցիք Գինեգործի Ձեր գործունեությունը, նշանակվեցիք գինու գործարանի տնօրեն։ Այդ ժամանակ Ձեզ մտահոգո՞ւմ էր հայկական գինու ապագան։
Ճիշտն ասած, այդ ժամանակ ես ավելի շատ մտահոգված էի այդ գործարանի խնդիրներով` վառելիք, արդեն իսկ ցածր աշխատավարձի պարտքեր և այլն։ Առաջին տարիներին այդ համակարգում «սանիտարի» դեր եմ կատարել. մյուս գործարաններից գնում էի փչացման եզրին կանգնած գինենյութեր, դրանցից օղի թորում։ Այդպես ստեղծվեց 50-50 օղին, որն այդ տարիներին դարձավ ամենասպառվող խմիչքը։
Հետագայում` արդեն 98թ.-ին, մեր առջև խնդիր դրեցինք լրջորեն զբաղվել գինեգործությամբ և բարձրացնել հայկական գինու հեղինակությունը։ Մեջս մի տեսակ նախանձ կար. ինչո՞ւ պետք է վրացական գինին ավելի ճանաչված լիներ։
Մանավանդ որ այդ խորհրդավոր ու հնամենի խմիչքի հնագույն հայրենիքը Հայաստանն է։
Այո՛, Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքը համարվում է գինու հայրենիքը։ Գինի չխմող մարդկանց հաճախ եմ ասում` գինին ազնվացնում է։ Եվ իրո՛ք։ Մեկ-երկու գավաթ խմելուց հետո մարդն ասում է այնպիսի ճշմարտություններ, որոնց մասին մինչ խմելը հաստատ չէր պատմի։ Բժշկությունն էլ է ասում, որ գինու չափավոր օգտագործումը շատ օգտակար է։ Իզուր չէր Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորներին գինի տալիս։
Շատ հետաքրքիր են Ձեր ղեկավարած Վեդի Ալկոյի գովազդները, շատերի կարծիքով` դիպուկ են ու նրբաճաշակ։ Գիտեմ, որ այդ գովազդների հեղինակը հիմնականում Դուք եք։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում և՛ լավ գինի արտադրել, և՛ լավ գովազդել այն։
Գովազդների մեծ մասը, իսկապես, ստեղծվում է իմ մտահղացումներով։ Այստեղ ձեռագրի խնդիր կա։ Եթե մի բան ենք անում, ուրեմն պետք է անենք ամենալավը։ Այս սկզբունքով առաջնորդվելով եմ զբաղվում հենց գինեգործությամբ և ոչ, ասենք, կոնյակի արտադրությամբ։
Պրն. Ղազարյան, Դուք սիրում եք աշխատել Ձեր մանկության ընկերների հետ։ Ձեր լավագույն ընկերների շարքում են նաև հայտնի մտավորականներ։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում, լինելով գործարար, մնալ մտավորական։
Շնորհակալ եմ ինձ մտավորական համարելու համար։ Անկեղծ ասած, սովոր եմ դիտվել որպես գործարար, պատգամավոր։ Մտավորականի կերպարն ինձ համար մի քիչ այլ է` լուրջ արվեստագետ, լուրջ գիտնական, ի վերջո, լավ ուսուցիչ։ Մտավորական ընկերներս, իրոք, շատ են, բոլորն էլ` իրոք Մեծ Մարդիկ։
Երբ Պարույր Սևակը մահացավ, ես մոտ 10 տարեկան էի։ Բոլորը մեծ ցավ էին ապրում, ես առանձնապես չէի գիտակցում` ինչու։ Տարիներ անց, երբ կարդացի Սևակ, ճանաչեցի այդ Մեծությանը ու, կարծես, նոր կորցրեցի, արդեն ինքս մեծ ցավ ապրեցի։ Էլ չեմ ուզում կորցնել մեր Մեծերից ոչ մեկին…
Դուք Խորհրդարանի այն օլիգարխ-պատգամավորներից եք, որոնք պարտաճանաչ մասնակցում են օրինաստեղծ աշխատանքներին։ Անկեղծ ասած, ասացի օլիգարխ ու զգացի, որ այդ բառը Ձեզ չի սազում։ Դուք ի՞նչ կարծիքի եք։
Նախ, վերջերս օլիգարխ բառը շատ են մասսայականացրել, հետևաբար` արժեզրկել։ Հայաստանցի խոշոր գործարարը խոշոր է թվում միայն մեր փոքրիկ երկրում, բավական է նրան համեմատել ռուս որևէ խոշոր գործարարի հետ…
Ինչ վերաբերում է նիստերին պարտաճանաչ հաճախելուն, անկեղծորեն ասեմ, որ նախորդ գումարման ժամանակ ես ավելի ակտիվ էի, ավելի հետևողական։ Եվ դրա համար խթան էր նաև ընդդիմության ակտիվ ներկայությունը։ Երրորդ գումարման ժամանակ չկա աշխատանքային հետաքրքրություն, չկա քննարկում, հիմնականում օրենքի` մինչև Ազգային Ժողով գալը կողմերն արդեն համաձայնեցված են, քվեարկությունը հալած յուղի պես գնում է։
Ըստ մեր ամսագրի անցկացրած հարցումների` Ձեր ընտրողները սիրում են Ձեզ։ Եվ ինչքան հասկանում եմ, այդ սերը փոխադարձ է։ Սակայն հարցս այլ է. Ձեր կարծիքով` հույս կա՞, որ առաջիկա Խորհրդարանը կձևավորվի առավել խորհրդարանական պատգամավորներով, թե՞ հույսը մեռնում է վերջերս…
Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ բոլոր ընտրողներին։ Ես պարզապես աշխատում եմ չկտրվել ժողովրդից։ Ապրելով ժողովրդի մեջ, նրա հոգսերով` մարդ ես մնում, մաքուր մարդ։
Ինչ վերաբերում է հաջորդ Խորհրդարանին, հույս է առաջացնում այն միտումը, որ կուսակցություններն աշխատում են իրենց համամասնական ցուցակներում ընդգրկել հնարավորինս շատ մտավորականների, տարբեր ոլորտների լուրջ մասնագետների։ Իսկ մեծամասնական ընտրակարգով, համոզված եմ, կանցնեն խոշոր գործարարներ կամ նրանց աջակցությունը վայելող անձիք։ Կարծում եմ, վերջիններիս չափավոր ներկայությունը Ազգային Ժողովում նույնպես անհրաժեշտ է։
Կուզենայի` ժողովրդի ընտրյալներն այնպես անեն, որ իրենց վրա հույս դնողների հույսը երբեք չմեռնի…
Զրույցը` ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԻ
Վերադառնալ