11:39
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ԿՆԿԱՏԵՆ

2013-06-19 11:29

«Դե Ֆակտո» 7 (2007թ.)

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանի հետ

Պրն. Հակոբյան, Ազգային Ժողովը, հատկապես այն մեծամասնությունը, որի անդամն եք Դուք, թույլ տվեց Ձեր դեմ հետաքննություն անցկացնել։ Ավելին` նույնիսկ զրույցներ էին պտտվում Ձեզ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Այդ ամենն անսպասելի՞ էր Ձեզ համար։

 Շատ դժվար կլիներ լինել քաղաքականության մեջ և չսպասել ցանկացած անակնկալի… Եթե դուք հետևել եք իմ աշխատանքներին, ուրեմն տեսել եք` միշտ չէ, որ հլու-հնազանդ եմ եղել իշխանություններին, հաճախ պաշտպանել եմ ընդդիմության ներկայացրած ծրագրերը։

 Կարելի է ասել` Ձեզ համար դա ոչ թե մարդկային ցավ էր, ընկերների կորուստ, այլ` պարզապես քաղաքական շարքային գործընթաց։

 Այո՛, ընդամենը քաղաքական գործընթաց։ Քաղաքականությունը ընկերություն չի,  քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ուղղակի համախմբված են ինչ-որ գաղափարների շուրջ։ Ես դեռ կուսակցության անդամ եմ, նախ որովհետև կիսում եմ այդ կուսակցության գաղափարները, և հետո շատ ավելի հեշտ է իրագործել այդ գաղափարները մեծամասնության հետ։ Եվ եթե ինձ նույնիսկ հեռացնեն  կուսակցությունից, ես կստեղծեմ իմը` նույն գաղափարախոսությամբ։

 Մեր ամսագրի անցկացրած հարցումների համաձայն` Ձեր ընտրատարածքում սիրում ու գնահատում են Ձեզ։ Ո՞րն է գաղտնիքը։ Ձեզ գնահատում են որպես օրենսդի՞ր, թե՞ որպես բարեգործ։

Նայած թե ո՛ր կատեգորիայի մարդկանց եք այդ հարցը ուղղում։ Այո՛, կան մարդիկ, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Բնական է, որ այս մարդկանց համար կարևոր են տեսանելի աշխատանքները, օգնությունները։ Բայց կան նաև այնպիսի մարդիկ, որոնք գնահատում են միայն քաղաքական գործունեությունը, ինչ եմ խոսք տվել և ինչ եմ արել։

Պրն. Հակոբյան, խորհրդարանական այս ընտրություններին նորից առաջադրվել եք, և Ձեր մրցակիցներն են Սեդրակ Սեյրանյանը` նույն ինքը Գեներալ Սեյրանը, և մի ուրիշ Հակոբ Հակոբյան։ Մտավախություն չունե՞ք արդյոք, որ Ձեզ կարող են շփոթել վերջինիս հետ։ Գուցե Ձեր ազգանվան կողքին գրեք նաև Ձեր մանկության տարիների մականո՞ւնը։

Նախ օրենքը նման բան արգելում է, հետո էլ կա հայրանուն, համար։ Չեմ կարծում, որ ժողովուրդը կշփոթի։ Այստեղ ամենակարևորը նրա ցանկությունն է։ Եթե ժողովուրդը ուզում է մեկին ընտրել, կարող է մի ամբողջ գիրք կարդալ, հետո գնալ ընտրության։ Էլ ո՜ւր մնաց հայրանունները կամ համարները չհիշի։

Արդեն ասացի, որ Ձեր ընտրազանգվածը Ձեզ համակրում է։ Այդուհանդերձ, չե՞ք վախենում պայքարել գեներալի դեմ։ Չէ՞ որ միշտ էլ դժվար է եղել մրցել գեներալի հետ։

Համաձայն եմ, որ ռազմի դաշտում շատ դժվար է մրցել գեներալի դեմ (էդ դեպքում միանգամից կհանձնվեի), բայց քաղաքականության մեջ նույնիսկ մրցելու կարիք չկա. ես պետք է պարզապես ներկայացնեմ այս ութ տարիների ընթացքում իմ կատարած աշխատանքները և այն ծրագրերը, որոնք խոստանում եմ կատարել հաջորդ հինգ տարիներին։ Քաղաքական մրցակցությո՜ւն ունենալ մի մարդու հետ, որը նոր է մուտք գործել քաղաքականություն…

 Փաստորեն ութ տարի եղել եք  ԱԺ պատգամավոր։ Ի՞նչ չեք հասցրել անել այդ ընթացքում, որ ուզում եք նորից ընտրվել։

Ավանդների վերադարձման աշխատանքները, թեև որոշակի տեղաշարժ կա, բայց չենք հասցրել ամբողջովին կատարել։ Իշխանությունները, մենք բոլորս խաբում, թալանում ենք մեր սեփական ժողովրդին։ Նրա քրտինքով, տարիներ շարունակ կուտակած գումարներով կառուցված հիմնարկ-ձեռնարկությունները վաճառվել են չնչին գներով։ Հիմա դրանք պետք է վաճառվեն իրական գներով, և այդ գումարները վերադարձվեն իրական տերերին` ժողովրդին։

Ես պետք է շարունակեմ պայքարել միայն այն օրենքների ընդունման համար, որոնք կօգնեն բարելավել ժողովրդի վիճակը։

 Ներեցեք, պրն. Հակոբյան, իսկ Դուք ինչպե՞ս եք հարստացել։ Գուցե ժառանգությո՞ւն եք ստացել։

 Ժառանգություն չեմ ստացել, բայց ոչ էլ պետությունն է ինձ ինչ-որ բան տվել։ Այն բոլոր ձեռնարկությունները, տնտեսությունները, որոնք հիմա ունեմ, կառուցել եմ զրոյից։

 Իսկ բացի օրենսդիր աշխատանքով զբաղվելու իրավունքից, մարդուն ուրիշ ի՞նչ է տալիս պատգամավորական այդ բաղձալի մանդատը։

 Նախևառաջ` պատասխանատվության զգացում։ Կոնկրետ ես պատասխանատու եմ իմ ցանկացած քայլի, իմ ցանկացած խոստման համար։ Պատգամավոր լինելը ինձ ավելի է մոտեցնում ժողովրդին։ Արդեն երկու անգամ ժողովուրդը ինձ է տվել իր ձայնը (ի դեպ, երկու ընտրությունների ժամանակ էլ շատ մեծ թվով ձայներ եմ հավաքել), վստահել է։ Եվ եթե դրանից հետո ես չկանգնեի ժողովրդի կողքին, կնշանակեր` ուրացել եմ նրան։ Իսկ դա մեր ցեղին հարիր չի։ Եվ ինչքան էլ հիմա  շատերը չցանկանան լուսաբանել մեր կատարած աշխատանքները, հետագայում` մեր կյանքից հետո, պատմաբանները անպայման կգրեն մեր մասին, կհիշատակեն որոշակի ձևաչափի մեջ։

 Իսկ ի՞նչ ձևաչափի մեջ կուզեիք հիշվել։

 Կուզեի ինձ հիշեին որպես մի հայ, որը ծնվել, ապրել է այստեղ և չի էլ ուզեցել ուրիշ տեղ գնալ, չի կարողացել ուրիշ տեղ ապրել…

Իմ հաջողություններից մեկը համարում եմ այն, որ 15 տարի շարունակ կատարած բարեգործական աշխատանքներով ոչ միայն օգնել եմ ժողովրդին, այլ նաև հնարավորություն ունեցող մարդկանց իմ օրինակով համոզել եմ օգնել ժողովրդին։ Այ օրինակ էդ բարեգործներից մեկը, տեսնելով, թե ինչպես եմ արդեն տարիներ շարունակ ուսանողներին ձրի երթևեկության տոմսեր տալիս, էս վերջերս ասել է. «Մենք էլ մեր մարդկանց կնստեցնենք էդ ավտոբուսների մեջ, որ ուսանողներից մեկը հանկարծ փռշտա, մենք ասենք` առողջություն»։

 Պրն. Հակոբյան, ժողովրդին շատ մոտ կանգնած լինելով, ի՞նչ եք կարծում` ո՞րն է մեր ժողովրդի Ցավը, որը, ի դեպ, ընտրությունների շեմին շատ թեկնածուներ պատրաստ են «տանել»։

 Ճիշտ ասացիք` ընտրությունների շեմին։ Հիմա ինչ-որ փակ գրասենյակներ են բացվել, ժողովրդին լայն ժպտում են, հալը հարցնում, ատամները սարքում… Բայց հենց ընտրվում են, գնում-մոռանում են։

Կորել ա ամենակարևորը` ժողովրդի հավատը։ Դրա փոխարեն ժողովրդի մեջ մի տեսակ կարոտ ա մտել ու խեղդում ա։ Դա ծեր մարդու կարոտն ա` իր վերջին օրերին թոռների հետ լինելու։ Որդու կարոտն ա, որ մայրը մահացել ա, ինքը չի կարում Ռուսաստանից գա։ Ժողովուրդը հոգնել ա դեմոկրատական քաշքշուկներից, խղճուկ աշխատավարձերից։ Բոլորս էլ գիտենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ցավոք սրտի, մեր ժողովուրդը չափից ավելի համեստ է և իր կաշվի վրա զգում ու տանում է այսօրվա անօրինականությունները։ Բայց աստված չանի, ժողովրդի համբերության բաժակը լցվի…

 Որպես ժողովրդի կողքին կանգնած, իշխանության մի մասնիկ` ո՞րն է ժողովրդի Ցավի դարմանը` ըստ Ձեզ։

 Նախ, իշխանությունները պետք է վերականգնեն ժողովրդի հավատը` դրսևորելով իրենց բարի կամքը։ Հետո, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Օրինակ` Արմավիրի մարզպետ են նշանակել մի մարդու, որը ամբողջ կյանքում աշխատել է միլիցիայի համակարգում, հիմա ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվի, քաղաքից եկել, գյուղացուն խելք ու խրատ ա սովորեցնում։ Եվ փոխանակ սկսի գյուղատնտեսությունից մի բան սովորել, քաղաքականությամբ է զբաղվում, մարդկանց ստիպում է` էս կամ էն թեկնածուին ընտրեն։ Կարծես ուզում են էս գյուղատնտեսական մարզը չորացնեն։ Պետությունը նման գործերով է ժողովրդի հավատը սպանում։

Բայց մեկ է, եղել ու մնում ենք արժանապատիվ, աշխատասեր, ստեղծող ու սկզբունքային ազգ։ Գրեթե շրջափակման մեջ ենք, բայց ունենք տնտեսական աճ։ Այս պայմաններով ոչ մի ուրիշ երկիր չէր կարող գոյատևել։

 Պրն. Հակոբյան, ասացիք սկզբունքային ենք։ Ձեր` ամենավառ արտահայտված սկզբունքներից մեկն էլ փողկապ չկրելն է, այդպես չէ՞։

Այո՛, ես այնքան ժամանակ փողկապ չեմ կրի, մինչև իմ ժողովրդի մեծամասնությունը փողկապ չկրի։ Այս ձևով ես ուզում եմ նմանվել իմ երկրի մեծամասնությանը։ Իսկ երբ կյանքը փոխվի, ժողովուրդը սկսի փողկապ կրել, խոստանում եմ ինքս էլ դա անել։

 Տա աստված, մոտ ապագայում Ձեզ տեսնենք փողկապով

 Զրուցեց Անի Ավագյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...