2013-06-12 11:16
«Դե Ֆակտո» N53 էքսկլյուզիվ
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյան
-Պարո´ն Աբրահամյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագրի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ: Իհարկե, 10 տարին կարճ ժամանակահատված է, բայց այդ ընթացքում բավականին լուրջ աշխատանք է իրականացվել: Ինչպե՞ս եք գնահատում անցած 10 տարիները:
-Շնորհակալությո´ւն, շնորհավորանքների համար: Այժմ փորձեմ համառոտ ներկայացնել համառուսաստանյան հասարակական այդ ինքնատիպ ու բացառիկ կառույցի տասնամյա բազմաբնույթ, հսկայածավալ գործունեությունը: Ռուսաստանի հայերի միությունը, հիրավի, վերհամայնքային հզոր կազմակերպություն է: Բայց մինչ այդ մասին խոսելը, կցանկանայի համառոտ ներկայացնել, թե մենք ինչպիսի ճանապարհ ենք անցել10 տարիների ընթացքում:
Ռուսաստանի հայերի միությունը, փաստորեն, ստեղծվեց 1999 թվականին, դրանից մեկ տարի անց` Ռուսաստանում պետք է տեղի ունենային նախագահական ընտրություններ, մեր նախընտրած թեկնածուն Վլադիմիր Պուտինն էր: Փորձեցի դիմել Ռուսաստանում գործող հայկական համայնքներին, որպեսզի նրանք իրենց ձայները տան նախագահի մեր թեկնածուին, որի վստահված անձն էի: Արդեն առաջին շփումներից պարզ դարձավ, որ չնայած գործում են հայկական 400-500 կազմակերպություններ, բայց դրանք, որպես այդպիսին, չեն իրականացնում այն գործառույթները, ինչի համար ստեղծվել են և չունեին անգամ համապատասխան թվով անդամներ: Անհրաժեշտ էր շատ կարճ ժամանակում նախաձեռնել այդ կազմակերպությունները մեկ միության մեջ միավորելու գործընթացը: Մեր հիմնական նպատակն, իհարկե, ընտրությունները չէին, այլ Ռուսաստանում հայկական հզոր համայնք ստեղծելն էր:
-Ովքե՞ր էին նրանք, որ հավատացին ու համախմբվեցին միասնության Ձեր գաղափարի շուրջը:
-Նրանք բոլորն էլ հարգարժան ու հայրենասեր անհատականություններ են և հաճույքով կուզենայի ներկայացնել բոլոր նրանց, ովքեր կանգնած էին Ռուսաստանի հայերի միության ստեղծման ակունքների մոտ` Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյան, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հենրի Աղայան, Ռուսաստանի Դաշնության գիտությունների վաստակավոր գործիչ, իրավաբանական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյան, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Գրիգորյան, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մենեջմենթի ժողովրդական ինստիտուտի տնօրեն Մկրտիչ Մկրտչյան, Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանց, Մոսկվայի հայկական առաջին համայնքի ղեկավար Գեղամ Խալաթյան, գեներալ-մայոր Ռոման Հարությունով, գեներալ-գնդապետ Նորատ Տեր-Գրիգորյանց, բանաստեղծ, հրապարակախոս Սեդա Վերմիշևա, Խորհրդային Միության և Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյան, սպորտի վաստակավոր վարպետ, Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյան, քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյան, ՙՌոմանով Դվոր՚ ընկերության նախագահ Գագիկ Ադիբեկյան, ՙՅունիստրիմ՚ բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյան, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի փոխնախագահ, Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության կրկնակի հերոս Արթուր Չիլինգարով, հմուտ կազմակերպիչ Վլադիմիր Աղայան և այլոք:
Առաջին անգամ մեզ հետ սկսեցին հաշվի նստել ընտրությունների ժամանակ: Թեկնածուները գալիս էին Ռուսաստանի հայերի միություն, ելույթ ունենում, խոստումներ տալիս, պատասխանում մեզ հուզող հարցերին:
-Ո՞րն է այդ հզոր կառույցի կանոնադրական նպատակը:
-Ըստ հիմնադիր համագումարում հաստատված կազմակերպության կանոնադրությանª միության առաքելությունն է պաշտպանել Ռուսաստանում բնակվող հայության աշխատանքային, իրավական, կրթա-մշակութային շահերը, համախմբել նրանց ազգային շահերի շուրջ, օժանդակել Ռուսաստանում ժողովրդավարության խորացմանն և գործուն մասնակցություն բերել քաղաքացիական հասարակության կառուցմանը:
Եթե այս տեսանկյունից քննարկենք կազմակերպության տասնամյա գործունեության արդյունքները, ապա կարելի է ասել, որ այսօր Ռուսաստանում բնակվող հայության շահերը շոշափող մի հարց չկա (իսկ անկախ փորձագետների գնահատմամբ` Ռուսաստանում բնակվում են 2,5 միլիոնից ավելի հայեր), որով չզբաղվեն Ռուսաստանի հայերի միության կենտրոնական կամ տարածքային կազմակերպությունները:
Կազմավորման առաջին օրվանից հստակ գիտակցելով, որ միության ուժը ներքին օղակների մեջ է, առաջնահերթությունը տվեցինք տարածքային կառույցներին: Եվ հենց այս մոտեցման շնորհիվ` կարճ ժամանակահատվածում ստեղծեցինք 80-ից ավելի մարզային, քաղաքային և 600-ից ավելի շրջանային կազմակերպություն: Դրանք բոլորն էլ մինչ այսօր աշխատում են բավականին համախմբված ու արդյունավետ: Պետք է ասեմ,որ միության գործունեությունը բազմիցս արժանացել է նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության բարձր գնահատականին: Պատահական չէ, որ Հայերի միության հետ այսօր հաշվի են նստում և´ իշխանության ներկայացուցիչները, և քաղաքական կազմակերպություններն ու հասարակական կառույցները: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները հաջողությամբ են համագործակցում իշխանության տեղական մարմինների հետ, լուծում հայությանն առնչվող բազմաբնույթ հարցեր, ակտիվորեն մասնակցում տեղական և համապետական ընտրություններին:
-Մենք գիտենք,որ ժամանակին չի եղել մի հարց, մի դեպք, որը դուրս մնար Ռուսաստանի հայերի միության տեսադաշտից: Հավանաբար, շատերն են հիշում, թե ինչպես դեռ տարիներ առաջ նորաստեղծ միության ջանքերով հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում հարթել այն բարդ ու անցանկալի իրավիճակը, ինչն ազգամիջյան հարաբերությունների սրման հետևանքով ժամանակին ստեղծվել էր Կրասնոդարի երկրամասում և Մոսկվայի մարզում:Նման գործելավոճը այսօր պահպանվե՞լ է:
-Իհարկե, բերեմ ամենաթարմ օրինակը: Երբ ամիսներ առաջ Ռուսաստանի Դաշնության հսկայածավալ անտառապատ տարածքները հայտնվել էին աննախադեպ հրդեհների ճիրանում, առաջիններից մեկը մարդասիրական օգնության կոչով ազգաբնակչությանը դիմեց Ռուսաստանի հայերի միությունըª հայտնելով իր պատրաստակամությունը ամեն կերպ սատար կանգնելու ծանր իրավիճակում հայտնված մարդկանց: Մոսկվայի,Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Կալուգայի, Վոլգոգրադի, Կրասնոդարի, Ստավրոպոլի հայկական համայնքներն անմիջապես արձագանքեցին այդ կոչինª ձեռք բերելով առաջին օգտագործման կենցաղային ապրանքներ, սննդամթերք, հագուստեղեն և մեծաքանակ այլ անհրաժեշտ իրեր: Միության կողմից մինչ այսօր աղետից տուժածների օգնության ֆոնդին է փոխանցվել 10-ը միլիոն ռուբլի և 100 տոննա մարդասիրական օգնություն:
-Ինչպիսի՞ն է Ռուսաստանի իշխանությունների գնահատականը Ռուսաստանի հայերի միության գործունեության վերաբերյալ:
-Ռուսաստանի իշխանությունների կողմից անցած տասը տարիների ընթացքում միությունը միշտ արժանացել է բարձր գնահատականի: Թող անհամեստ չթվա, դրա վառ ապացույցը պետական այն բարձր պարգևներն են, որոնք ստացել եմ Ռուսաստանի հայերի միության լավ աշխատանքի համար և´ Վլադիմիր Պուտինի, և´ Դմիտրի Մեդվեդևի կողմից: Չկա մի հասարակական, ազգային բովանդակություն ունեցող միջոցառում, որում Ռուսաստանի հայերի միությունն իր մասնակցու- թյամբ առաջատարի դերում չլինի: Նույնիսկ ՌԴ Պետական դումայում ազգություններին առնչվող օրենքներ ընդունելիս մեր կարծիքը մշտապես հաշվի է առնվում և, որպես կանոն, նման օրենքներ ընդունելու նիստերին մեր միության պատվիրակները միշտ մասնակցում ենª ներկայացնելով իրենց գործնական առաջարկությունները: Ռուսաստանում բնակվող հայերի մասին ժամանակին շատ դիպուկ է ասել Վլադիմիր Պուտինը.
ՙՄենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի քաղաքացի հայերի հավասարակշռված և խելացի դիրքորոշումը հասարակության կարևորագույն հարցերի վերաբերյալ: Նրանց շնորհիվ է, որ այսօր էլ ավելի են ամրապնդվում բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև՚:
-Այնուհետև Դուք ստեղծեցիք Համաշխարհային հայկական կոնգրեսը: Հետաքրքիր է, գո՞հ եք այդ կազմակերպության գործունեությունից, հաջողվե՞ց իրականացնել այն, ինչ մտածում էիք:
-Երբ 2002 թվականին Մոսկվայում գումարվեց ՙԱշխարհի հայերը դարերի սահմանագլխին և միջազգային հարաբերությունների արդիական խնդիրները՚ միջազգային գիտաժողովը, որոշում ընդունվեց ստեղծել համաշխարհային ընդգրկում ունեցող համահայկական վերհամայնքային ևս մեկ կազմակերպություն: Մեկ տարվա ընթացքում այցելեցի աշխարհի շուրջ 30 երկիր, հանդիպումներ ունեցա տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և համատեղ քննարկեցինք այդ կարևոր նախաձեռնությանը վերաբերող բազում խնդիրներ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամենուր արժանացա միայն մեծ աջակցության և դրական արձագանքների: Մեր նախաձեռնությանն իրենց օրհնությունն ու հավանությունր տվեցին նաև Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները:
Կարելի է ասել, որ հենց այդ հանդիպումների արդյունքում, ի վերջո, ստեղծվեց Համաշխարհային հայկական կոնգրեսը, որի հիմնադիր համագումարը հրավիրվեց 2003 թվականի հոկտեմբերի 6-ինª Մոսկվայի Սյունազարդ դահլիճում: Հիմնադիր համագումարին մասնակցեցին աշխարհի ավելի քան 50 երկրների` 138 հայկական համայնքների քաղաքական, կրոնական և հասարակական կազմակերպություններից հրավիրված շուրջ 300 պատվիրակ: Համագումարին ներկա էին ու ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Հենց այդ համագումարում Ռուսաստանի Դաշնության նախագահը նորից հիշեցրեց Պետրոս Առաջինի պատմական խոսքերը.
ՙՀայերին հնարավորինս փաղաքշել և պատշաճորեն լավ վերաբերվել, որպեսզի նրանցից շատերի մեջ այստեղ գալու ցանկություն առաջանա՚:
Համագումարի ընթացքը լոսաբանեցին 50-ից ավելի երկրների զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
-Կմանրամասնե՞ք, թե, ընդհանրապես, անցած տարիների ընթացքում ի՞նչ ծրագրեր են իրականացվել Ձեր գլխավորած երկու համահայկական կառույցների կողմից:
-Անցած ժամանակահատվածում, իրոք, բավականին մեծածավալ գործեր ու աննախադեպ նախագծեր են իրականացվել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Առաջին օրվանից մեծ ուշադրություն ենք դարձրել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը, պետականության ամրապնդմանը` Ռուսաստանի հայկական սփյուռքի տնտեսական, գիտական, կրթամշակութային ներուժի ներգրավմամբ:
Միության առաջին քայլերից եղավ Հայաստան-Սփյուռք, Սփյուռք- Սփյուռք կապերի վերաիմաստավորումը: Դրա վառ ապացույցն է դեռևս 2001 թվականից սկսված և արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած մի այնպիսի հսկայածավալ նախաձեռնություն, ինչպիսին է Ռուսաստանի հայերի միության, ապա նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում ծրագիրը, որի շրջանակներում ամեն տարի Հայաստան ու Արցախ են ժամանում սփյուռքի մեծաթիվ ներկայացուցիչներ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից և հեռավոր արտերկրից: Այստեղ նրանք հնարավորություն են ստանում շփվելու միմյանց հետ, փոխանակելու իրենց մտքերն ու գաղափարները, մշակելու համատեղ ծրագրեր, անցկացնել տարբեր միջոցառումներ, ինչն, անշուշտ, նպաստում է հայության համախմբմանը: Պատվիրակության անդամներն այցելում են Երևան, Հանրապետության մարզեր, Լեռնային Ղարաբաղª գործնական հանդիպումներով, տարբեր բնույթի միջոցառումներով էլ ավելի ամրապնդելով Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերը: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները հետզհետե ձեռք են բերում որակական նոր իմաստ ու բովանդակություն: Դրանք արդեն զուտ զգացմունքային, ժամանցային միջոցառումներից վեր են ածվել գործնական աշխատանքի:
Տնտեսական զարգացման ծրագրերին անցնելը նույնպես նախօրոք մշակված քաղաքականություն է: Իր գործունեության ընթացքում Ռուսաստանի հայերի միությունն առանձնահատուկ տեղ է հատկացրել հայ ժողովրդի առջև ծառացած գերակայություն ունեցող այնպիսի մի խնդրի, ինչպիսին աջակցությունն է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանըª սփյուռքի հսկայական ներուժի ընդգրկմամբ:
Այս կարևորագույն խնդրի կենսագործման առումով մեծ նշանակություն ունեցան միության նախաձեռնությամբ կազմակերպված համահայկական տնտեսական համաժողովները: Դրանց նպատակը Ռուսաստանի և այլ երկրների մասնավոր կապիտալի` Հայաստանի տնտեսություն ներդրումային հոսքի ավելացմանն օժանդակելն է, բիզնես ծրագրերի մշակումն ու իրագործումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Ամենևին պատահական չէր, որ առաջին իսկ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցեցին 20 երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ավելի քան 400 ներկայացուցիչ: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Հարավային Կորեայի, Ուկրաինայի և այլ երկրների պատվիրակների մասնակցությամբ քննարկվեցին Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերը: Առավել ներկայացուցչական էր 2008 թվականին Երևանում կազմակերպված ռուս-հայկական համաժողովը, որտեղ նույնպես քննարկվեցին Հայաստանի տնտեսությանն առնչվող կարևոր նշանակության հարցեր:
Հայաստանում և Արցախում իրականացվող ծավալուն, բազմաբնույթ աշխատանքների մեջ Հայերի միությունը առանձնահատուկ տեղ է հատկացնում հատկապես կրթամշակութային ոլորտին:
Դեռևս 2001 թվականին Մալիշկայում բացեցինք բավականին հզոր հոգևոր, մշակութային և կրթական համալիրըª Սուրբ Աննա եկեղեցին, հայ-ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանն ու 700 աշակերտական տեղով դպրոցը: Այն այսօր դարձել է ոչ միայն գյուղի, այլ նաև տարածաշրջանի կրթամշակութային խոշոր կենտրոններից մեկը:
ՙՌուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնը՚, Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, ստեղծվեց 2001 թվականին: Նպատակը շատ հստակ էրª աջակցություն Հայաստանում ռուսաց լեզվի տարածմանն ու դասավանդման կատարելագործմանը:
Շփման ու բարեկամության իսկական տոնի վերածվեցին Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի ռուսաց լեզվի զարգացման կենտրոնի նախաձեռնած ՙՌուսաստանն ու ռուսաց լեզուն իմ կյանքում՚ ԱՊՀ և Բալթյան երկրների հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների միջազգային երեք մրցույթները: Ի դեպ, այդ մրցույթների արդյունքում ամեն տարի 25 պատանի ու աղջիկ անվճար ընդունվել և սովորել է Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհերում:
Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ ՙՌուսկի Միր՚ հիմնադրամի հետ համատեղ Հայաստանի 1400 դպրոցների 400 հազար սովորողների մասնակցությամբ` մեկնարկել և մեծ հաջողությամբ շարունակվում է ռուսական երգի հանրապետա- կան փառատոնըª ՙԵրգը բարեկամության կամուրջ է՚ նշանաբանով:
Հայերի միության լայնածավալ նախաձեռնություններից մեկը Հայաստանում և Արցախում իրականացված կրթական հաստատությունների համակարգչայնացման ռազմավարական ծրագիրն է, որը վերածվել է հայկական երկու պետությունների հանրակրթական դպրոցների համազգային հոգածության: Ռազմավարական նշանակության այս խնդրի լուծման նպատակով տրամադրվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար, որոնցով ձեռք են բերվել հազարավոր համակարգիչներ և դրանց օժանդակ սարքավորումներ: Այդ ամենի արդյունքում այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ 700 դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում ստեղծվել են համակարգչային դասարաններ և լսարաններ:
Արցախում այժմ կառուցում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Ստեփանակերտի թիվ 6-րդ միջնակարգ դպրոցըª 650 աշակերտական տեղով:
Ռուսաստանի հայերի միությունն առաջինը սկսեց համագործակցել ՀՀ ԳԱԱ հետ: Միության ֆինանսական օժանդակությամբ` հսկայական աշխատանք կատարվեց գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:
2007 թվականին Հայերի միության նախաձեռնությամբ, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ` ստեղծեցինք ՙԳիտության զարգացման՚ հիմնադրամ:
Ռուսաստանի հայերի միությունը զգալի աջակցություն է ցուցաբերում նաև Հայաստանի ստեղծագործական կազմակերպություններինª բարոյապես և նյութապես խրախուսելով նկարիչներին, գրողներին, կոմպոզիտորներին, լրագրողներին, անհատ կատարողներին: Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը միշտ առանձնահատուկ տեղ է հատկացրել հոգևոր արժեքներին: Դրա վառ ապացույցն է հազարամյակների ընթացքում հայ մարդու ստեղծած հարուստ մշակույթը, գրականության և արվեստի փառահեղ գործերը:
2007 թվականից անցկացնում ենք ստեղծագործական ու գիտական ստուգատեսներ, որոնց նպատակը գիտական ու ստեղծագործական կյանքի աշխուժացումն է: 2009 թվականից ավանդական դարձած համահայկական այդ մրցույթներն անց ենք կացնում Հայաստանի Հանրապետության սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ:
Գրողների ստեղծագործական գործունեությունը խթանելու, հայ- ռուսական գրական կապերը ամրապնդելու նպատակով ստեղծեցինք նաև ՙԳրականության համահայկական՚ հիմնադրամ:
2001 թվականին Հայերի միությունը Մոսկվայում հիմնադրեց միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են` Հայոց ցեղասպանության, Արցախի անկախության ճանաչման, Հայ դատի, Հայկական սփյուռքի, Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի տնտեսական, ռազմական, անվտանգության հարցերը:
Հզոր գիտական կենտրոնի վերածված այս կառույցը դարձել է Հայոց ցեղասպանության հարցերի ուսումնասիրման յուրահատուկ կենտրոն: Ինստիտուտը դեռ 2004 թվականին Երևանում կազմակերպեց ՙՑեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում՚ միջազգային գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցեցին աշխարհի տասը երկրների նշանավոր մասնագետներ: Գիտաժողովի գլխավոր արդյունքներից մեկն այն էր, որ ձևավորվեց Հայոց ցեղասպանության հրատապ հիմնախնդիրներն ուսումնասիրող փորձագիտական հանձնախումբ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մեր միջոցներով հրատարակել ենք տասնյակ գրքեր, ինչպես ցեղասպանության, այնպես էլ Արցախի հիմնահարցի կարգավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Դրանց շարքում առանձնակի տեղ են գրավում ակադեմիկոս Յուրի Բարսեղովի ՙՀայերի ցեղասպանությունը, Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները՚ եռահատոր աշխատությունն ու ՙԼեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ՚ երկհատորյակը:
Այս տարի հունվարի 27-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության անդամ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողով, ուր քննարկելով Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի վերաբերյալ միջոցառումների ծրագիրը` մասնակիցները հանդես եկան հայ երիտասարդությանն ուղղված կոչովª Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնե´լ Հայաստանի ողջ տարածքում` 1,5 միլիոն ծառ տնկելով: 2010 թվականի մարտի 31-ին Երևանում մեկնարկեց համազգային ծառատունկը, ինչն այնուհետև շարունակվեց հանրապետության մարզերում:
-Սոցիալական բնույթի ծրագրեր իրականացվե՞լ են:
-Ռուսաստանի հայերի միության իրականացրած ծրագրերը չեն շրջանցում նաև սոցիալական ոլորտը: Հայաստանում և Արցախում իրականացվող բազմաթիվ ներդրումային ծրագրերից է փախստականներին և անապահով ընտանիքներին կացարաններով ապահովելը: Դեռ 2004 թվականին Երևանի Բաբաջանյան 38 և 39-ը շենքերում մեր կողմից ձեռք բերվեց 140 բնակարան, որոնք այնուհետև անհատույցª սեփականության իրավունքով, տրամադրեցինք փախստականների 90 և աղետի գոտուց Երևան տեղափոխված 50 անապահով ընտանիքների: Սոցիալական ծրագրերի իրացումը, հայրենակիցներին բազմապլանային օգնության տրամադրումը, աշխատանքի և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, փախստականներին, անապահով ընտանիքներին հասցեական օժանդակությունը ևս Ռուսաստանի հայերի միության ուշադրության կենտրոնում է նրա ստեղծման առաջին օրերից: Մեր ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ռուսական համայնքը, հատկապես Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերի բնակիչները:
-Պարո´ն Աբրահամյան, ըստ Ձեզ` ի՞նչ է նշանակում բարեգործություն անել:
-Բարեգործություն անել` նշանակում է արարել բարին, անել այնպես, որ մարդն իմանա, որ կա վայր, ուր նա կարող է ստանալ համեղ սնունդ, որտեղ նրան միշտ կաջակցեն և կքաջալերեն: Այդպիսի վայր դարձավ ՙԱրշավիր և Պայծառ Աբրահամյաններ՚ բարեգործական հիմնադրամի ճաշարանը: Այն գործում է 2001 թվականից և ամեն օր սպասարկում է 300 մարդու, իսկ շարժվելու ունակություն չունեցող ծերերին և անկողնային հիվանդներին սնունդը հասցվում է տուն:
-Ռուսաստանում ապրող հայերն ինչպե՞ս են արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ի՞նչ կարող եք ասել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
-Չգիտեմ ուրախությա՞մբ, թե՞ տխրությամբ ասեմ, որ Ռուսաստանի մեր համայնքը շատ ակտիվ է հետևում Հայաստանի քաղաքական իրադարձություններին: Մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք, այդ երկրում ենք ապրում, մեր խնդիրներն ունենք, բայց միաժամանակ շատ անհանգստացած ենք նաև Հայաստանի խնդիրներով: Կարող եմ ասել, որ նույնիսկ ավելորդ շռայլությամբ զբաղվում ենք Հայաստանի քաղաքականությամբ: Գուցե և մի քիչ ավելի շատ ենք քննարկում, թե այս կամ այն պաշտոնում ում նշանակեցին, ում ազատեցին: Իհարկե, ամեն մի հայի անհանգստացնում է Հայաստանի քաղաքական վիճակը: Դա վերաբերում է և´ Ադրբեջանի, և´ Թուրքիայի, և´ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մեզ ամեն ինչ հետաքրքիր է: Մեր սփյուռքը տարբերվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի կայացած սփյուռքից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք մեր տան մեջ դարձանք գաղթականներ և մինչև այսօր չգիտենք, թե որն է մեր հայրենիքը: Շատ ենք սիրում Ռուսաստանը, բայց հոգով-սրտով Հայաստանում ենք, քանի որ այնտեղ են մեր ծնողները, եղբայրները, քույրերը: Մենք չենք կարող մեզ այստեղ լավ զգալ, եթե այնտեղից մի վատ լուր է գալիս:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` պետք է ասեմ, երբ այդ հարցի կապակցությամբ համահայկական քննարկումներ անցկացվեցին, չեք պատկերացնի, թե ինչ հետաքրքրություն էր այն առաջացրել մեզ մոտ: Բոլորը մեկ բան էին ուզում, որ Հայաստանի համար լավ լինի, որ հայ-թուրքական հարաբերություններում մենք չխաբվենք, որ խնդրի լուծումը վերջնական լինի: Մենք չպետք է հերթական անգամ ընկնենք այն ծուղակը, որը թուրքերն են պատրաստել մեզ համար: Մենք գիտենք, որ Թուրքիան մինչ օրս ոչինչ չի արել, որ սկսենք նրան հավատալ: Իսկ այն բանակցությունները, որ վարում էր ՀՀ նախագահը, համարում եմ շատ ճիշտ: Կարծում եմ` դրանք պետք է ավելի շուտ սկսվեին: Մենք չենք կարող մեր տան մեջ նստել և անընդհատ հայհոյելով կամ դժգոհելով ապրել: Մենք պետք է երկխոսության մեջ մտնենք: Համոզված եմ, որ հայ-թուրքական երկխոսությունը շատ կարևոր իրադարձություն էր հայերիս համար: Ճիշտ է` չստացվեց, բայց մենք առանձնապես մեծ սպասելիքներ էլ չունեինք:Պետք է համբերատար լինել, պատմության համար 100 տարին երկար ժամանակահատված չէ:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ապա պետք է մի բան իմանանք, որ շատ մեծ գին ենք վճարել Արցախի համար և երբեք չպետք է շահարկենք ղարաբաղցի, հայաստանցի բառերը, որը, ցավոք, շատ վատ սովորույթ է դարձել: Պետք է ամենուր ճիշտ բացատրենք, որ Արցախը մեր հողն է և միշտ պետք է պաշտպանել այն, ինչը մերն է: Բայց միաժամանակ պետք է հասկանանք, որ բանակցությունների ու երկխոսության ճանապարհով միայն կարելի է լուծում տալ բոլոր տեսակի կնճռոտ հարցերին: Եվ չնայած Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին` նկատելի է, թե ինչ ճիշտ ուղղությամբ է Հայաստանի նախագահը փորձում գտնել բոլոր այդ բարդ խնդիրների լուծումը: Ինձ թվում է` այս վերջին մեկ տարվա ընթացքում մենք ղարաբաղյան խնդրի լուծման ճիշտ ճանապարհին ենք: Կուզենայի դրվարտանքի լավ խոսքեր ասել նաև ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հասցեին, որն, իրոք, շատ պրոֆեսիոնալ ու բանիմաց դիվանագետ է:
-Վերջերս ՌԴ նախագահն այցելել էր Հայաստան: Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները և կնքված պայմանագիրը:
-Որպես Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի` կարող եմ ասել, որ շատ հաճելի է, որ մեր երկու երկրներն ունեն այսպիսի ջերմ, բարեկա մական հարաբերություններ: Հանդիպման օրերին Երևանում ստորագր վեցին շատ կարևոր փաստաթղթեր:Սա էլ մի հույս է, մի ոգևորիչ ուժ , որ մեզ տվեցին երկու բարեկամ երկրների նախագահները:
Տնտեսական կապերում նույնպես զգալի առաջընթաց կա, բայց, որպես գործարար, բավարարված չեմ դրանց ներկա վիճակից: Պետք է հասկանանք, թե տնտեսական ինչ մեծ ճգնաժամ ապրեց Ռուսաստանը: Մեր տնտեսությունները դեռ ամբողջովին չեն վերականգնել ճգնաժամի հետևանքները և առայժմ չեն կարող վստահորեն մուտք գործել արտաքին շուկա:
Հայ-ռուսական միջպետական պայմանագրերի ստորագրումը, կարծում եմ, Սերժ Սարգսյանի հերթական ձեռքբերումն էր: Մենք բոլորս պետք է հնարավորություն տանք նախագահին աշխատելու և եթե չենք կարող օգտակար լինել, ապա գոնե եկեք չխանգարենք նրան:
-Ռուսաստանում բավականին մեծ թվով հայ գործարարներ են գործունեություն ծավալում: Ռուսաստանում բիզնեսի համար ստեղծվա՞ծ են նպաստավոր պայմաններ: Մեծ հաջողությունների հասած գործարարներն աջակցո՞ւմ են հայանպաստ ծրագրերի իրականացմանը և հույս կա՞, որ նրանք ներդրումներ կկատարեն նաև Հայաստանում:
-Կարող եմ ուրախությամբ ասել, որ վերջերս ավանդույթ է դարձել նաև ՀՀ նախագահի հանդիպումները հայ գործարարների հետ: Ինքս նմանատիպ մի քանի հանդիպումների մասնակցել եմ: Կլոր սեղանի շուրջ Սերժ Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ քննարկում ենք, թե ինչ խնդիրներ են այսօր մեզ ամենից շատ հուզում: Նախագահն էլ ասում է, թե իրեն անհանգստացնող ինչ հարցեր կան և համատեղ փորձում ենք գտնել այն մեխանիզմները, այն ուղիները, որոնց օգնությամբ կկարողանանք հաղթահարել բոլոր տեսակի դժվարութ յունները և ներդրումներ կատարել Հայաստանում: Չեմ կարող ասել, թե գործարարներն այսօր շատ մեծ ցանկությամբ են ներդրումներ կատարում, բայց հույս կա, որ առաջիկայում նրանց մասնակցության չափը զգալիորեն կավելանա: Քիչ չեն նաև այն ռուս գործարարները, որոնք ևս մեծ ցանկություն ունեն աշխատելու Հայաստանում և այս առումով ՀՀ նախագահի առաջարկած մեխանիզմը, կարծում եմ, մեծապես կնպաստի այդ գործընթացի ակտիվացմանը:
-Դուք լայնածավալ գործունեություն եք ծավալում տարբեր ոլորտներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եք. բարեգործական ծրագրեր եք իրականացնում: Ձեր անձի համար ի՞նչ արժևորում ունեն դրանցից յուրաքանչյուրը:
-Ինքս ծնվել եմ բժշկի ընտանիքում և միշտ տեսել եմ, թե ինչպես են իմ մայրը, հայրը օգնություն ցույց տալիս տարբեր մարդկանց: Հայրս Վայքի գլխավոր բժիշկն էր:Հիվանդին չէին հարցնում, թե ում տղան է, ինչ ազգի ներկայացուցիչ է, իսկ այն տարիներին մեծաթիվ ադրբեջանցիներ էին ապրում մեր շրջանում: Այսօր էլ ադրբեջանցի, թուրք ընկերներ ունեմ և ամեն անգամ, երբ նրանց հետ վեճի ենք բռնվում կամ մտքեր փոխանակում ազգամիջյան հարցերի վերաբերյալ, նրանցից շատերը փոխում են իրենց կարծիքները:
Մենք մեծացել ենք խաղաղության, հանգստության և համաձայնության մեջ: Մայրս շատ հավատացյալ կին էր և ասում էր` հաջողությունը Աստված ուղարկում է Երկիր, այն ման է գալիս և որտեղ խաղաղություն, հանգստություն, բարի միտք է տեսնում, մտնում է այդտեղ: Որտեղ վեճ, անհաշտություն կա, այդտեղից փախչում է: Իսկ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան` զբաղվում եմ բավականին մեծածավալ բարդ ու յուրահատուկ խնդիրներով` բարեգործությամբ, մշակույթի, ազգամիջյան քաղաքակրթությունների երկխոսության հարցերով: Վերջերս էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ում առաջարկեցի ստեղծել ՙՄԱԿ-ի երիտասարդական միություն՚` համաշխարհային մի ինքնատիպ կառույց, որի գլխավոր պատասխանատուի պարտականությունն ու ամբողջ ռազմավարությունը իրականացնելու իրավունքը միջազգային այդ երկու խոշոր կազմակերպությունների կողմից այսուհետ ինձ է վստահվել: Կփորձեմ այս անգամ էլ գործընկերներիս հուսախաբ չանել:
-Պարո´ն Աբրահամյան, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ծրագրերը շատ են, հնարավորությունները` քիչ: Ծրագրեր կան Հայաստանում, Ռուսաստանում, ինչպես նշեցի, նաև ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-յում: Աստծո հաջողությամբ կաշխատեմ իրականացնել այդ բոլոր նախագծերը: Համոզված եմ, որ հաջողության հիմնական գաղտնիքը ուրախ տրամադրությունն է, ծիծաղը, հավատը վաղվա օրվա ու ապագայի հանդեպ:
-Որո՞նք են Ձեր արժեքային համակարգում կարևոր տեղ ունեցող արժեքները:
-Շատ կարևոր են բարոյական նորմերը, հավատը, աշխատասիրութ յունը, պրոֆեսիոնալ գիտելիքները, խաղաղ ընտանիք ունենալը: Եթե մարդը կարողացավ խաղաղ ընտանիք ունենալ, սիրել իր ընտանիքը, ապա նա կսիրի նաև իր հայրենիքը: Միշտ ուրախանում եմ հայրենիքիս հաջողություններով: Երբեք չեմ ամաչում, երբ ասում եմ, որ հավատացյալ եմ, որ շատ եմ սիրում իմ երկիրը, որտեղ անցել է մանկությունս:
-Ինչպիսի՞ն է Արա Աբրահամյանը տանը, ինչպիսի՞ն է աշխատանքում:
-Շատ տարբեր: Արա Աբրահամյանը տանը ոչ մի իրավունք չունի: Բոլոր իրավունքները պատկանում են կնոջս, երեխաներիս: Իրոք, շատ եմ սիրում իմ ընտանիքը, երջանիկ եմ նրանով և փառք եմ տալիս Աստծուն, որ այդպիսի լավ ընտանիք է պարգևել ինձ: Մեր տան մեջ իսկապես խաղաղություն, համերաշխություն և սեր կա:
Օրվա տասնվեց ժամը անցկացնում եմ դրսում, ութ ժամը` տանը: Աշխատում եմ շաբաթ, կիրակի օրերը տանը լինել, որտեղ լիարժեք հանգստանում եմ: Տանը ուրախ-զվարթ եմ, հանգիստ, իսկ աշխատանքը մրցույթ է, պայքար, հաղթանակներ, պետք է չհանձնվել, միայն առաջ նայել ու ընթանալ առաջ:
-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք անվերապահորեն հավատում:
-Անվերապահորեն հավատում եմ Աստծուն, հաղթանակին, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Աստծուն հավատալով` հավատում եմ, որ բարին անպայման պիտի հաղթի և ամենուր բոլորին կոչ անում, որ երբեք չհուսահատվեն:
-Գեղեցիկը կյանքում ո՞ր երևույթների մեջ եք տեսնում:
-Գեղեցիկը դրական հույզերի ու ցանկությունների, հաջողության, ուրախության, հաղթանակի և միասնության մեջ եմ տեսնում: Գեղեցիկ է, երբ ընտանիքում սեր, խաղաղություն կա, երբ երեխաները գտնում են իրենց կյանքի ուղին, լավ մասնագետներ են դառնում և կառուցում իրենց ապագան:
-Ո՞րն է Արա Աբրահամյան մարդու երջանկության բանաձևը:
-Երջանկությանս բանաձևը թաքնված է իմ ընտանիքի և հավատքի մեջ: Սիրում եմ աշխատանքս, հաջողություններս միշտ փորձում եմ կիսել հարազատներիս ու բարեկամներիս հետ: Երբեք չեմ ուզում վիրավորել կամ նեղացնել որևէ մեկի, իսկ եթե նեղացնում եմ, ապա չեմ ամաչում ներողություն խնդրել: Իսկ ամեն օր քնելուց առաջ Աստծուն ասում եմ` Տե´ր իմ, եթե մեղավոր եմ քո առջև, ների´ր, եթե մեկից ինչ-որ բան եմ վերցրել, որ ինձ չէր պատկանում, խնդրում եմ, հե´տ տուր նրան, իսկ այն ինչ որ իմն է, ոչ մեկին չեմ տա:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ