06:08
09/20/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ համար մեծ նվաճում է և պատասխանատվություն մարդկանց` արդեն 35 տարիների վաստահությունը

2013-06-08 11:35

 «Դե Ֆակտո» 84 (2013թ.)

Ալեքսանդր Մալայան, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համար տարին հոբելյանական է. չորս հոբելյաններ, որոնք խորհրդանշում և փաստում են Մալայանների ընտանիքի անձնվեր աշխատանքը հանուն ակնաբուժության զարգացման, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման ու ժամանակակից գիտական նվաճումների ներդրման Հայաստանում։  Այս վաստակաշատ ընտանիքի դրսևորած մասնագիտական և ազգային բարձր որակների շնորհիվ՝ Հայաստանում իրականացվում են աչքի բոլոր տեսակի ժամանակակից վիրահատությունները, որոնց արդյունքները համադրելի են արտասահմանյան առաջավոր ակնաբուժական կենտրոնների տվյալների հետ։ 

-Պարո՛ն Մալայան, 2013 թվականը նշանակալից տարի է Ձեզ համար, նշում եք մի քանի հոբելյաններ, որոնք ընդգծում են հատկապես  Ձեր և Ձեր հոր՝ Սերգեյ Մալայանի երկար տարիների վաստակաշատ գործունեությունը։ Շնորհավորում ենք Ձեզ այդ հոբելյանների առթիվ։ Ի՞նչ կարևորություն ունեն դրանք Ձեզ համար։ 

-Շնորհակալությո՛ւն։ Այո՛, 2013թ. խորհրդանշական տարի է մեզ համար, նշում ենք աչքի հիվանդությունների համալսարանական ամբիոնի 85-ամյակը, հորս՝ Սերգեյ Մալայանի 90-ամյակը, և Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 35-ամյակը։ Երեք հոբելյաններն էլ փոխկապակցված են և միմյանցով պայմանավորված։ Ես դասակարգեցի դրանք ըստ կարևորության. ինձ համար առաջին տեղում ամբիոնի ստեղծումն է, որը հիմքն է Հայաստանում ակնաբուժության բնագավառում գիտական նվաճումների և ակնաբուժական ծառայության ստեղծման ու զարգացման։

-Ամբիոնը զարգացման ինչպիսի՞ փուլեր է անցելը, ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեք։ 

-Ամբիոնը ստեղծվել է 1928թ.։ Ամբիոնի առաջին վարիչը Յ. Կանայանն էր։ Նա շատ կիրթ և զարգացած անձնավորություն էր։ Նրա նախաձեռնությամբ ռուս պրոֆեսոր Օդինցովի «Աչքի հիվանդություններ» հայտնի դասագիրքը թարգմանվեց հայերեն, որը միակն էր հայերեն լեզվով։ Դա ես համարում եմ նրա կարևոր արժանիքներից և ներդրումներից մեկը։ Հետագայում ամբիոնի ղեկավարներ են դարձել պրոֆեսորներ Բ.Մելիք-Մուսյանը, Ե.Մեսրոպյանը, Ս. Մալայանը։ Նրանք նույնպես մեծ ներդրում են ունեցել ամբիոնի գիտական նվաճումների և դասավանդման գործընթացի մակարդակի բարձրացման գործում։  Նրանք կարևոր դերակատարում ունեցան նաև այդ տարիներին Հայաստանում մեծ տարածում ունեցող աչքի տրախոմա  հիվանդության (որով տառապողները կորցնում էին տեսողությունը) դեմ պայքարում։ Բ.Մելիք-Մուսյանը տրախոմայի բուժման վերաբերյալ բազմաթիվ գիտական  աշխատություններ ունի։ Հիշողությանս մեջ տպավորվել են  մեր տան խոսակցությունները, որոնք պտտվում էին ամբիոնի աշխատանքների շուրջ։ Դա 1966թ. էր, երբ հայրս համալսարանական ամբիոնի վարիչն էր։ Նա պաշտոնավարեց 12 տարի՝ մինչև 1978թ.։ Դրանք նրա կյանքի վերջին տարիներն էին, որոնց ընթացքում նա մեծ նվիրումով աշխատում էր ամբիոնում։

1966թ. ստեղծվեց Բժիշկների վերապատրաստման ինստիտուտը, ներկա դրությամբ՝ Առողջապահության ազգային ինստիտուտը, որն այժմ արդեն համալսարանի բազայի կազմում է։ Այնտեղ կազմակերպվեց աչքի հիվանդությունների ամբիոն, որի համալրումը կատարվեց  մեր ամբիոնից։ Այդ ժամանակ առաջին հիվանդանոցից ամբիոնի աշխատակիցների մի մասը տեղափոխվեց ութերորդ հիվանդանոց, որտեղ կազմավորվեց աչքի բաժանմունք և տեղադրվեց Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի ամբիոնը։ Արդեն ստեղծվեց Հայաստանում երկու ամբիոն՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնը և  Բժշկների վերապատրաստման ինստիտուտի ամբիոնը։

Այժմ մեր ամբիոնը կազմում է համալսարանական կլինիկայի բաղադրիչ մասերից մեկը։

Ամբիոն ներգրավվեցի ճակատագրի բերումով և մինչև այսօր ղեկավարում եմ այն։

-Ինչպե՞ս ներգրավվեցիք ամբիոն։

-Ես ամբիոն ներգրավվեցի ինչ-որ տեղ ճակատագրի բերումով։ Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերում (այն ժամանակ այդպես էր կոչվում մեր հիվանդանոցը) աշխատում էի որպես  հինգ բաժանմունքներից մեկի վարիչ և ոչ մի ակնկալիք չունեի ամբիոնում աշխատելու, քանի որ հիվանդանոցը նոր էր կազմավորվում, տարբեր կենտրոններից ներգրավվում էին մասնագետներ, ձևավորվում էր աշխատանքային թիմը։  1978թ. մարտին հիվանդանոցի բացումն էր։ Ցավոք, նույն թվականի  օգոստոսի 1-ին կյանքից հեռացավ հայրս՝ հիվանդանոցի հիմնադիր, համալսարանական  ամբիոնի վարիչ Սերգեյ Մալայանը, իսկ երեք ամիս անց՝ գլխավոր բժիշկը։ Երկուսն էլ բավականին երիտասարդ հասակում… Այդ ժամանակ համալսարանական աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Ն. Գզգզյանն ինձ ասաց. «Քո ժամանակն է, պետք է անցնես ամբիոն»։ Այդպես, 1978թ. ես ամբիոնում եմ մինչև այսօր՝ արդեն 35 տարի, չնայած ինքս 30 տարեկան եմ (ժպտում է)։

-Պարո՛ն Մալայան, Ձեր նախաձեռնությամբ արդեն երկար տարիներ ամբիոնը և ակնաբուժական կենտրոնը միմյանց փոխկապակցված են գործում։ Կենտրոնում աշխատող բժիշկները նաև համալսարանական են՝ ներգրավված դասախոսական և գիտական աշխատանքներում։ Որքանո՞վ է դա նպաստում նրանց աշխատանքի արդյունավետությանը։

-Ես դա մեծ նվաճում եմ համարում, որն արդեն ապացուցված իրողություն է։ Համալսարանն այն ֆիլտրն է, որով անցնում է գիտությունը։  Մեր գրեթե բոլոր բաժնի վարիչները զուգահեռաբար նաև Երևանի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի աշխատակիցներ են։

Ես կարծում եմ և համոզված եմ, որ բժիշկը պետք է նաև դասավանդի, որը թույլ է տալիս նրան անընդհատ թարմացնելու և հարստացնելու իր գիտելիքները, քանի որ ամեն օր լսարան մտնելով՝ նա խնդիր ունի նորություն հաղորդելու  իր ուսանողին, հետևելով գիտության ժամանակակից ձեռքբերումներին։ Այն հանգամանքը, որ մեր ամբիոնի գրեթե բոլոր վարիչները նաև բուժող, վիրահատող և դասավանդող  բժիշկներ են, սա ժամանակին համընթաց քայլելու, գիտության նվաճումներից հետ չմնալու և մասնագիտական որակները պահպանելու, զարգացնելու կատարյալ ձևն է։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նախկինում կոնֆլիկտ գոյություն ուներ ամբիոնի և հիվանդանոցների ադմինիստրացիաների միջև, քանի որ ամբիոնը կարևորում էր իր մասնագիտական ներդրումը կենտրոնի  գործունեության մեջ, սակայն այդ ներդրման համար չէր վարձատրվում, ինչը չէր կարող խնրդահարույց հարց չդառնալ։ Այդ պատճառով մոտեցումը փոխվեց։ Մենք ամբիոնին տալիս ենք հնարավորություն մեզ մոտ իրականացնելու իր բուժումներն ու վիրահատությունները և վարձատրում դրանց համար։ 

Ամբիոնում աշխատում են 5 գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ, ինչպես նաև դոցենտներ, գիտությունների թեկնածուներ։ Նրանց  ատենախոսությունները պատրաստվել են մեր ակնաբուժական կենտրոնում, որտեղ իրենք կատարել են համապատասխան  գիտական  հետազոտություններ։

-Մոտավորապես քանի՞ սան եք ունեցել։

-Ներկա դրությամբ իմ ղեկավարության ներքո պատրաստվում են պաշտպանության մեկ դոկտորական և երկու թեկնածուական ատենախոսություններ, իսկ ընդհանուր առմամբ, տասներեք ատենախոսության ղեկավար եմ եղել, որոնցից չորսը դոկտորական էին։ Իմ սաները հիմնականում աշխատում են մեր կենտրոնում։ 

Սերգեյ Մալայանին կարելի է համարել այդ ժամանակի օպտիկայի լավագույն մասնագետը ակնաբուժության բնագավառում։

-Պարո՛ն Մալայան, Ձեր հայրը՝ Սերգեյ Մալայանըմեծ ավանդ ունի ակնաբուժության ամբիոնի զարգացման, պրոֆեսորադասախոսական կադրերի պատրաստման գործում։ Կպատմե՞ք նրա մասին, և ո՞րն եք համարում նրա ամենամեծ նվաճումը։

-Փորձեմ օբյեկտիվ գնահատել՝ մի կողմ թողնելով ընտանեկան հարաբերությունները։ 

Պետք է նշեմ, որ հայրս մանկուց տեխնիկական նախասիրություններ ուներ, ուզում էր ինժեներ դառնալ, տարբեր տեխնիկական նորամուծությունների հեղինակ էր։  Սակայն ճակատագրի բերումով նա (ինչպես և ես) ընտրեց այս ուղին, երևի թե այդպես պետք է լիներ, քանի որ նա չսխալվեց։  Դրա վկայությունն այն ավանդն է, որը նա ունեցավ Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում։

1953թ.  նա լրջորեն ներգրավված էր Հայաստանում  մոլեգնած տրախոմա հիվանդության դեմ պայքարում, աշխատում էր  հիվանդության համաճարակային  հանգուցային հատվածներում,  որոնցից մեկը Գավառն էր։

Հայրս շատ լավ տիրապետում էր օպտիկական, գիտական և պրակտիկ ունակությունների, գիտելիքների և ինձ թվում է՝ նրան կարելի է համարել այն ժամանակվա օպտիկայի լավագույն մասնագետը ակնաբուժության բնագավառում։ Նա դասավանդում էր բավականին բարձր մակարդակով։ Նրա գիտական աշխատությունները հիմնականում նվիրված են կլինիկական տարբեր խնդիրներին, հատկապես՝ կատարակտային, գլաուկոմային, վնասվածքներին։ Նա ներդրեց բավականին մեծ թվով վիրահատություններ, որոնք չէին իրականացվում  Հայաստանում։ Նա ուներ 5 հեղինակային լիցենզիաներ, որոնք այն ժամանակ բավականին մեծ արձագանք ստացան։

Նա բժշկական գիտությունների դոկտոր չէր, ինչի առիթով հաճախ էին նրան  հարցնում, թե ինչու դոկտորական չի գրում։ Նա էլ, ի պատասխան, ասում էր.«Այս դասագիրքը, որը ես գրեցի, ավելի մեծ արժեք ունի և ավելի օգտակար կլինի ու երկար ժամանակ կծառայի, քան ոչ ոքի պետք չեկած դոկտորական դիսերտացիան»։ Եվ նա չէր սխալվում։ Իրոք կան ատենախոսություններ, որոնք հանձնվում են գրադարան և փոշոտվում։ Իհարկե, կան և այնպիսիք, որոնք ծառայում են գիտության զարգացմանը։ 

Ես կարծում եմ՝ նրա ամենամեծ նվաճումը հեղինակային երկու դասագրքերն են՝ գրված  հայերեն լեզվով, որոնք թարգամանություններ չեն։ Առաջինը կոչվում է «Աչքի անատոմիա և ֆիզիոլոգիա», որի  երկրորդ մասը մենք գրեցինք նրա մահից հետո։ Իսկ երկրորդը բառարանն է, որը ոչ պակաս կարևորություն ունի։ Այնտեղ զետեղված է ակնաբուժական  ողջ տերմինոլոգիան (եզրութաբանություն), հիվանդությունների անուններն ու դրանց բացատրությունը հայերեն։

Նրա գիտական նվաճումներից էր հայ իրականության մեջ առաջին անգամ ստեղծված հայերեն աղյուսակները տեսողության սրությունը ստուգելու համար։ Աղյուսակ ստեղծելը առաջին հայացքից հեշտ է թվում, սակայն այն բավականին բարդ գործ է։ Տառերի՝ ընտրված չափսերը, գույները, միմյանցից հեռավորությունները գիտական հետազոտությունների և հաշվարկների արդյունք են։

-Պարո՛ն Մալայան, կարո՞ղ եք հիշել մի խորհուրդ, որը Ձեր հայրը տվել է Ձեզ։   

-Կամա թե ակամա, ես նրա ուսանողն եմ եղել, քանի որ ամբիոնը մեկն էր։ Եվ, բնականաբար, ընկալել և սերտել եմ նրա ամեն մի խոսքը, հետևել նրա գիտական նվաճումներին։  Պետք է ասեմ, որ նա խստագույն ձևով բարձրակարգ բժիշկ էր, չեմ ասում ակնաբույժ, քանի որ Մալայանների ցեղում 7 ակնաբույժ կա, փոքր աղջիկս 7-րդն է։ Նա պահպանում էր ամենատարրականից մինչև բարձրագույն բժշկագիտական օրենքները, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր բժիշկ մասնագետի համար։ Եվ նա ինձանից էլ նույնն էր պահանջում։

Թե որքանով է ինձ հաջողվել հետևել նրա խորհուրդներին ու պահանջներին, ես չեմ կարող դատել, բայց  փորձել եմ պահպանել այն ավանդույթները, որոնք նա է ներդրել և փոխանցել հաջորդ սերունդներին։ Կարծում եմ՝ կարևոր է պահպանողական լինելը, որը բնավ չի խոչընդոտում ժամանակակից գիտությանը ադեկվատ արձագանքելուն և հետևելուն։ Պետք է ամեն ինչում ընտրել ոսկե միջինը։ Հին հույներն ասում են.«Միջին չափի մեջ է երջանկությունը»։

Ս.Վ. Մալայանի անվան  ակնաբուժական կենտրոնում իրականացվում են վիրահատություններ մինչև (+-) 20 դիոպտրիայի դեպքում։

-Այս տարի տոնում եք նաև Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 35-ամյակը։ Վերարժևորելով անցած ճանապարհը՝ ի՞նչ նվաճումներ կառանձնացնեք։ 

-Պետք է օրինակներով խոսեմ, ձեռքբերումները շատ են, քանի որ գիտությունն անընդմեջ զարգանում է, իսկ մենք փորձում ենք հետևել նրան և ներդնել նորագույն տեխնոլոգիաներ ու մեթոդներ մեր ակնաբուժական կենտրոնում։ Դրա շնորհիվ՝ այսօր բարձրացել է բուժման և վիրահատական միջամտության արդյունավետության մակարդակը և կրճատվել է հիվանդանոցային պայմաններում հիվանդին պահելու ժամանակը։

Երբ մենք տեղափոխվեցինք այստեղ, ակնաբուժական  ամենատարածված վիրահատությունը կատարակտայի՝ պղտորված ոսպնյակի հեռացումն էր։ Նախկինում այն հեռացվում էր և փոխարենը նորը չէր տեղադրվում, հիվանդը մնում էր բժիշկների հսկողության տակ 7 օր։ Իսկ այսօր պղտորված ոսպնյակը հեռացվում է և փոխարենը տեղադրվում արհեստականը, որը 95, որոշ դեպքերում՝ նույնիսկ 100 տոկոսով վերականգնում է տեսողությունը, և հիվանդը հիվանդանոցում անցկացնում է  2-3 ժամ։  Ընդ որում, կատարակտայի վիրահատությունը մենք անում ենք առանց կարի, քանի որ կտրվածքը, որ  նախկինում արվում էր 6-7մմ-ի չափով, այժմ արվում է 1.5 մմ, որը կարելու անհրաժեշտություն չկա։

Որպես ՀՀ ԱՆ  գլխավոր մասնագետ՝ ես հիշում եմ, որ տարիներ առաջ հիվանդին բուժել չկարողանալու դեպքում   նախարարությունը նրան հատուկ ուղեգրով ուղարկում էր այլ երկիր, որտեղ նա կարող էր ստանալ համապատասխան բուժում։ Ես տարեկան 150-200 այդպիսի պաշտոնական ուղեգիր էի ստորագրում, բայց մեծ էր նաև ոչ պաշտոնական դիմելիության հոսքը։ Այսօր ես մոռացել եմ, թե երբ եմ վերջին անգամ ստորագրել նման «հանձնման  ակտ»։

Այսօր մենք անում ենք հեռատեսության և կարճատեսության  վիրահատություններ ամերիկյան նորագույն լազերային սարքավորումով, որը ձեռք ենք բերել նախորդ տարի։ Այն մեզ թույլ է տալիս կատարել վիրահատություններ մինչև  (+-) 20-ի դիոպտրիայի դեպքում։

Երկու տարի առաջ մեր ԱՄՆ-ի կոլեգաների հետ համատեղ` մեզ հաջողվեց հայտնաբերել և բուժել թերհաս ծնված երեխաների մոտ հաճախ հայտնաբերվող ցանցաթաղանթի ախտահարումը, որը եթե ժամանակին չհայտնաբերես և լազերով չսահմանափակես, կարող է տարածվել և հանգեցնել կուրության։ Այսօր կատարվում է այդ վիրահատությունը, որի շնորհիվ` պահպանվում է երեխայի տեսողությունը։

Մեծ հաջողությունների ենք  հասել նաև կերատոկոնուսի և այլ հիվանդությունների կանխարգելման, բուժման ասպարեզում։ Ներկայումս չկա վիրահատության այնպիսի մի ձև, որը չիրականացվի մեր կենտրոնում։

Մեզ համար մեծ ձեռքբերում էր նաև այն, որ արժանացանք ամերիկյան FDI կազմակերպության հավանությանը և արտոնագրին մեր կենտրոնում ներդրված գլաուկոմայի բուժման համար օգտագործվող փականների կիրառման բարձր  արդյունավետություն ապահովելու համար։ Պետք է նշեմ, որ մեր կենտրոնը փականներն արտադրող  ամերիկյան ընկերության կողմից  դրանք կիրառելու փորձարարական պատվեր ստացավ, և մի քանի երկրներից միայն մեզ մոտ այն պահպանվեց։  Փորձարկման արդյունքները մեր կողմից ներկայացվեցին ԱՄՆ-ի ակնաբույժների համաժողովին, որից հետո արժանացանք FDI կազմակերպության արտոնագրին։

Ուզում եմ շեշտել, որ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կայացումն ու զարգացումը տարիների քրտնաջան աշխատանքի, որակյալ կադրերի պատրաստման և ներգրավման արդյունք է։ Մեր մասնագիտական նվաճումների կարևոր հիմնասյուն դարձավ հայ-ամերիկյան համագործակցության ակնաբուժական ծրագիրը՝ «Լույս հայի աչքերին», որն իրականություն դարձավ և արդեն մոտ 25 տարի է շարունակվում է։ Բազմաթիվ վիրահատություններ, բուժման մեթոդներ ներդրվեցին կենտրոնում, որոնք այնպիսի խնդիրներ են լուծում, ինչի մասին մենք տասը տարի առաջ չէինք էլ կարող երազել, հատկապես իմ սերունդը։

-Կենտրոնում իրականացվում են նաև աչքի պլաստիկ վիրահատություններ։

-Այո՛, մեզ մոտ կատարվում են  բավականին լայնածավալ պլաստիկ վիրահատություններ՝ կոսմետիկ  և ոչ կոսմետիկ։ Ես առավել կարևորում եմ ոչ կոսմետիկ վիրահատությունների դերը, որոնք ուղղված են մարդու գործնական և ֆիզիկական առողջության վերականգնմանը, օրինակ, կոպի չարորակ կամ բարորակ ուռուցքների դեպքում։  Այդ առումով մենք ունենք բոլոր հնարավորությունները լավագույն արդյունքի հասնելու համար և հիանալի մասնագետ, որը, թերևս, միակն է Հայաստանում։

Ինչ վերաբերում է կոսմետիկ վիրահատություններին, ապա դրանք նույնպես իրականացվում են բարձր մակարդակով՝ չխախտելով բժշկական հիմնական դրույթը.«Մի՛ վնասիր»։

Կարևորը պարտքդ կատարես  ժողովրդի և Աստծո առջև։

-Ձեր կենտրոնն արժանացել է նաև Համազգային վստահության խորհրդի  մրցանակին։ Ի՞նչ կարևորություն ունեն նման մրցանակները Ձեզ համար։

-Այո՛, մենք արժանացել ենք Համազգային վստահության խորհրդի մրցանակին և՛ 2012թ-ին, և՛ 2013թ-ին։

Մրցանակներն, ընդհանրապես, ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունեն, հաճելի է նման մրցանակ ստանալ, մանավանդ, երբ այն համապատասխանում է իրականությանը։ Բայց ես կարծում եմ, որ չպետք է աշխատել մրցանակի համար, պետք է պարզապես աշխատել, իսկ մրցանակը կլինի։ Կարևորը պարտքդ կատարես  ժողովրդի և Աստծո առջև։

-Որքա՞ն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աշխատակիցների թիվը։

-Նրանց թիվը հասնում է 250-ի, ովքեր առաջին հերթին լավ մարդիկ են և միասին աշխատելով՝ հրաշալի կոլեկտիվ են դարձել։ 

Ասում ենԳեղեցկությունը կփրկի աշխարհը», բայց փկրված աշխարհը կգոյատևի միայն սիրո առկայությամբ։

 -Պարո՛ն Մալայանայս տարի լրանում է Ձեր 65-ամյակը։  Ո՞րն  է Ձեր ամենամեծ նվաճումը։

-Իմ ամենամեծ նվաճումն այն է, որ ես բժիշկ եմ դարձել և 40 տարի մնացել եմ բժիշկ։ Ես գիտեմ, որ դեռ անելիքներ ունեմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք իրականացնեմ։ Ես ուրախ եմ, որ կարողանում եմ օգուտ բերել ժողովրդին ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես մարդ, ով ստեղծել և ղեկավարում է մի հիմնարկ, որտեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները բժիշկների աշխատանքի և հիվանդների բուժման համար։ Ինձ համար մեծ նվաճում է և պատասխանատվություն, որ մարդիկ արդեն 35 տարի իրենց առողջությունը վստահում են մեր բուժհաստատությանը։ 

Իմ անձնական հաջողությունն իմ երկու աղջիկներն են և երկու թոռնիկներս։

-Կյանքի իմաստը ինչո՞ւմ եք տեսնում։

-Սիրո։ Առանց սիրո ամեն ինչ կորցնում է իր իմաստն ու հմայքը կյանքում։ Ասում են.«Գեղեցկությունը կփրկի աշխարհը», բայց փկրված աշխարհը կգոյատևի միայն սիրո առկայությամբ։ Մենք հիմա մեծ պակաս ունենք սիրո։ Ցավոք, մարդիկ աստիճանաբար դաժան են դառնում, և դա վատ միտում է, մանավանդ քրիստոնյաների համար։ Պետք է աշխատել ամեն ինչում դրականը տեսնել, այլապես կարող ենք անցնել դրականի կողքով և չնկատել այն։

Ես իմ գաղափարով բժիշկ եմ, ինձ համար դա է ամենավեհ գաղափարը։

-Ինչի՞ց եք վախենում, խուսափում։

-Երևի թե մահից եմ վախենում, խուսափում՝ անտարբերությունից։ Անտարբերությունը սպանում է մարդուն։ Ավելի լավ է թշնամություն անել, քան անտարբեր լինել։ Անտարբերությամբ կարելի է երկիր քանդել, էլ չեմ ասում՝ կործանել մարդ կամ կազմակերպություն։

-Կա՞ն գաղափարներ, որոնցով առաջնորդվում եք, ճշմարտություններ, որոնց հավատում եք։

-Առաջին ճշմարտությունը, որին ես հավատում եմ, իմ ընտանիքն է, երկրորդը իմ մասնագիտությունն է, երրորդը՝ իմ կոլեկտիվը։

Կարգախոսներով չի կարելի ղեկավարվել։ Պետք է ղեկավարվել գաղափարներով։ Ես իմ գաղափարով բժիշկ եմ, ինձ համար դա է ամենավեհ գաղափարը։ Երբ ինձ ասում են՝  բժիշկ, ես ուրախանում եմ, երբ ասում են՝ պրոֆեսոր, սովորական է։ Բժիշկ լինելն ինձ համար մեծ կոչում է։

-Եթե բժիշկ չդառանայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։ 

-Կամ իրավագիտություն, կամ լրագրություն։ Դպրոցական տարիներին գրում էի։ Իրավագիտությունը շատ եմ սիրում, որը շատ նման է բժշկությանը, այնտեղ կա տրամաբանություն, վերլուծական միտք։ Իրավագիտության միջոցով հանցագործություն ես փնտրում, բժշկության միջոցով՝ հիվանդություն։

Ի դեպ ասեմ, որ ես չէի ուզում բժիշկ դառնալ մինչև 11-րդ դասարանը։ Պատճառն այն էր, որ բոլորն ինձ ասում էին.«Դե՛ դու պետք է բժիշկ դառնաս», և իմ մեջ մի տեսակ ընդդիմադիր զգացմունք էր առաջացել այդ գաղափարի նկատմամբ, որ իմ փոխարեն բոլորը որոշել են։ Բայց մի անգամ ներկա գտնվեցի հայտնի վիրաբույժ Վիգեն Մալխասյանի կատարած ստամոքսի վիրահատությանը, որի ընթացքում այնտեղ տիրող մթնոլորտն այնքան հոգեհարազատ թվաց ինձ, որ այլ մասնագիտության ոլորտում ինձ այլևս չէի կարող պատկերացնել։  

-Պարո՛ն Մալայան, ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։

-Հնարավորություններ ունենալ և կարողանալ քայլել ժամանակակից գիտությանը համընթաց, որովհետև աչքդ թարթում ես, գիտությունն առաջ է գնում։ Այն, ինչ որ երեկ էր, այսօր արդեն հին է։

Ինչպես նաև ձգտում եմ հոգեբանական աշխարհս չենթարկել տարիքիս, հնարավորինս պայքարել տարիքի դեմ գոնե հոգեպես։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-07-13 15:03

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց