2013-06-01 11:05
«Դե Ֆակտո» 61 (2011թ.)
Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհավորական խոսքը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
Հայ մանուկներին` ի խորոց սրտի,
Տարվա ամենալուսավոր տոնի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ուրախ եմ Ձեզ հղել սրտաջերմ ու խորազգաց իմ շնորհավորանքները:
Ձեզ, սիրասուն բալիկներ, մաղթում եմ ուրախ, անվրդով, երջանիկ մանկություն, անամպ երկինք, ծնողական սեր, համընդհանուր ապավինություն և շատ ու շատ ժպիտներ: Թող հունիսմեկի խորհուրդը` պաշտպանվածության և ապահովության զգացողությունը, ձեզ հետ լինի Աստծո ամեն օրն ու ժամը: Մեծագույն բաղձանքս է, որ Դուք, իմաստասեր հայ պապիկների բառապաշարով ասած, ծլեք-ծաղկեք, մեծանաք առողջ, բախտավոր, խելացի, քամեք գիտելիքների նեկտարը, ինչպես մեղուն` ծաղիկներինը: Որովհետև Դուք եք լինելու մեր արժանի հերթափոխն ու վաղվա ժողովրդավարական, իրավական և հզոր Հայաստանի հպարտ քաղաքացին:
Խոսքս կավարտեմ մեծն Շիրազի տողերով և սիրով կմիանամ հանճարեղ բանաստեղծի մաղթանքին.
Երբ գրկում եմ բալիկներիս`
Ձեզ եմ գրկում, հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս`
Ձեզ եմ գրկում, հայ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ:
Վերադառնալ