21:36
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մոսկվա - Երևան

2013-05-25 11:49

 «Դե Ֆակտո» 47 (2010թ.)

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցը Երևան

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով 2010թ.-ի հունվարի 29-ին  պաշտոնական այցով  Երևան ժամանեց  Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը։

Գագիկ Բեգլարյանը, ողջունելով մոսկվացի իր գործընկերոջը, ընդգծեց, որ Երևանի համար կարևոր է Մոսկվայի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացումը։  Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո սա Յուրի Լուժկովի առաջին այցն էր Հայաստան. «Մենք պետք է շարունակենք համագործակցությունը, ջանքեր գործադրենք այն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Այս առումով գնահատելի է Ձեր մեծ փորձը»,- հանդիպման ընթացքում  նշեց Գագիկ Բեգլարյանը։

Մոսկվայի քաղաքապետը նշեց, որ Երևան է եկել բարեկամական և գործնական տրամադրությամբ, Հայաստանի հետ կրկին աշխատելու ցանկությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մոսկվայի և Երևանի 2008-2011թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Այնուհետև քաղաքապետարանի ճեմասրահում  նախ` համագործակցության ծրագրեր ստորագրվեցին   Երևանի Կենտրոն և Մոսկվայի կենտրոնական, ինչպես նաև Ավան և հյուսիսային վարչական շրջանների միջև` կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում։

 Պաշտոնական այցի հիմնական նպատակը. ինչպես և նախատեսված էր,  Գագիկ Բեգլարյանն ու Յուրի Լուժկովը ստորագրեցին «Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր։

Հուշագրերի ստորագրումից հետո Գագիկ Բեգլարյանն ու Յուրի Լուժկովը փոխանակեցին հուշանվերներ, հանդես եկան  ելույթներով։  Մոսկվա - Երևան հարաբերությունները, ինչպես նշեցին երկու քաղաքապետները, ռազմավարական են` որպես միջպետական հարաբերությունների բաղադրիչ։ Շեշտվեց, որ ստորագրված նոր համաձայնագիրը նոր թափ կհաղորդի մայրաքաղաքների համագործակցությանը։ 

Վերջին տարիներին համատեղ իրականցված ծրագրերի արդյունքում կառուցվել է Մոսկվայի տունը Երևանում, Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցվել է հայկական եկեղեցի, «Երևան պլազա» առևտրի կենտրոնը։

Երևանի քաղաքապետը կարևորեց համագործակցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում. «Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում տնտեսական և մշակութային  կապերի կայուն զարգացումը։ Առաջիկայի համար մեր հիմնական խնդիրն է  ձեռքբերումների պահպանումն ու նոր որոշակի ծրագրերի իրականացումը։ Վերջին տարիներին զգալի աշխատանք արդեն կատարվել է, բայց մենք տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման մեծ ներուժ և հեռանկար ունենք»,- իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը։

Մոսկվայի քաղաքապետն ընդգծեց, որ նախկին խորհրդային  երկրների տարածքում  Ռուսաստանի մայրաքաղաքն առավել սերտորեն համագործակցում է Երևանի հետ։ «Մեր երկրների ղեկավարները Հայաստան - Ռուսաստան հարաբերությունները համարում են ռազմավարական։ Մայրաքաղաքները` որպես առաջատարներ, ամփոփում են այդ գործընկերության արդյունքն ու զարգացումը։ Բարեկամությունը չպետք է զուտ հիշողություն դառնա, թեև մեր ժողովուրդները հիշելու շատ բան ունեն։ Պատմությունն այս պարագայում հարաբերությունների ամրապնդման հիմք է»,- նշեց  Մոսկվայի քաղաքապետը։ Վերջինս տեղեկացրեց, որ Մոսկվայում մեծածախ առևտրի կենտրոն հիմնելու ծրագիր կա, որը կնպաստի հայկական ավանդական ապրանքների իրացմանն արտաքին շուկայում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Յուրի Լուժկովն իր խոսքը եզրափակեց «Կեցցե՛ Հայաստանը» հայերեն արտահայտությամբ։

Երկու քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ուղևորվեցին դեպի Իսակովի պողոտա։ Այստեղ նրանք  Ծովակալ Իսակովի արձանի  մոտից դիտեցին հարակից տարածքը։ Պասկևիչի բլուրի շրջակայքում, որտեղ գտնվում է Նորագյուղ թաղամասը, նախատեսվում է կառուցել Երևանի համար նոր մշակութային-գործարարական կենտրոն։

Երևանի գլխավոր ճարտարապետը ներկայացրեց քաղաքաշինական ծրագիրը։

Երևանի քաղաքապետը նշեց, որ այստեղ տեղ կգտնեն միջազգային կառույցներ, մշակութային և գործարար կենտրոններ, հյուրանոցներ, ժամանցի վայրեր, կարճ ասած` 21-րդ դարի քաղաքացուն անհրաժեշտ միջավայր։  Ծրագրով նախատեսվում է  Նորագյուղում ապրող բնակիչներին տեղում  նոր բնակարաններ հատկացնել։ «Արդեն գիտենք` որքան բնակիչներ կան այս թաղամասում, համենայն դեպս, ամեն ինչ անելու ենք, որ բնակիչները տեղափոխվեն ուրախությամբ և ունենան ավելի հարմարավետ պայմաններ»,- նշեց Գագիկ Բեգլարյանը։ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված այս ծրագիրը, Յուրի Լուժկովի տպավորությամբ, կենսապահովման հիանալի հնարավորություն կստեղծի Երևանի համար։ «Առաջադեմ որոշում է, տեղանքը շատ հարմար է կառուցապատման համար։ Երբ այս ծրագիրն իրականություն դառնա, կարծում եմ` քաղաքի այս հատվածում կձևավորվի հրաշալի կենտրոն ինչպես բնակության, այնպես էլ գործարար և մշակութային գործունեության համար»,- նշեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորությամբ ռուս ներդրողների խումբ կայցելի Երևան` ծանոթանալու Նորագյուղ թաղամասում նախատեսվող կառուցապատման ծրագրին։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...