02:23
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է

2013-05-24 11:06

«Դե Ֆակտո» 54 (2010թ.)

ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը «Դե ֆակտո» ամսագրին

-Պարոն Աբրահամյան,  2010 թվականը մոտենում է ավարտին։ Ինչպե՞ս կգնահատեք Ազգային Ժողովի  այս տարվա աշխատանքը։

Ձեր հարցը, կարծում եմ, ենթադրում է, որ ես որպես խորհրդարանի ղեկավար, իմ աշխատանքի գնահատականը ևս  պիտի տամ, քանզի Ազգային ժողովը ղեկավարում է նրա նախագահը, օրենսդիր մարմնի գործունեությունն իրականացվում է նրա ղեկավարությամբ։ Բայց ինձ համար միշտ առավել գնահատելի է եղել, երբ իմ աշխատանքի գնահատականը տվել են իմ գործընկերներն ու առաջին հերթին հանրությունը։

Դառնալով խորհրդարանի աշխատանքին նշեմ, որ աշխատել ենք բավականին արդյունավետ` ապահովելու խորհրդարանի բնականոն ընթացքը, օրենսդրորեն նպաստելու ներքին և արտաքին խնդիրների լուծմանը, ձևավորելու անհրաժեշտ օրենսդրական հիմք  իրականացվող բարեփոխումների համար։ Ինձ համար կարևորագույն խնդիրներից մեկը մշտապես եղել է այն, որ խորհրդարանը դառնա բազմակարծության, տեսակետների ու կարծիքների բախման առողջ ամբիոն, ինչը, կարծում եմ, մենք այսօր ունենք։ Եւ անգամ նրանք, ովքեր մշտապես այս կամ այն խնդրի վերաբերյալ վերապահում ունեն, ընդունում են, որ երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնն այսօր վերգտել է իր դիմագիծը։ Սա ես կարևոր ձեռքբերում եմ համարում, քանզի ճշմարտությունը, ցանկացած հարցի ճշմարիտ լուծումը կարելի է գտնել միայն սթափ և օբյեկտիվ քննարկումների արդյունքում։ Այս ընթացքում, վստահաբար համոզվեցիք, որ ես մշտապես կողմ եմ եղել ամենասուր հարցերը խորհրդարանական հարթակում քննարկելուն, չխուսափելով տեսակետների և կարծիքների անգամ առճակատումից, որպեսզի մեզանում արմատավորվի խորհրդարանական բանավեճի գրագետ ավանդույթ և պիտի նշեմ, որ արդյունքները ինձ, որպես խորհրդարանի նախագահի, գոհացնում են։ Ինձ գոհացնում է նաև, որ ամբոխահաճությունը, թեկուզ դանդաղ, սակայն դուրս է մղվում խորհրդարանական մեր մշակույթից, տեղը զիջելով քննարկումների, որոնք իրենց մեջ պարունակում են ոչ թե  ինքնանպատակ «ընդդեմ», այլ «հանուն» լիցքը։ Դա տեսանելի է և անզեն աչքով անգամ նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով ու տարբեր շարժառիթներից ելնելով  մանրադիտակով կամ խոշորացույցով են հետևում խորհրդարանի աշխատանքներին։

-Որո՞նք են այն կարևոր օրենսդրական նախաձեռնություններն ու ընդունված օրենքները, որոնք բեկումնային և որոշիչ նշանակություն կունենան մեր երկրի համար։

-Ես չեմ ուզում առանձնացնել որևէ նախագիծ, կամ օրենսդրական նախաձեռնություն, որովհետև ԱԺ-ում քննարկվող բոլոր օրինագծերն էլ մեր երկրում իրականացվող բարեփոխումների շղթայի մի մասն են, որի նպատակը օրենսդրական կարգավորմամբ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ, ավելի ապահով ու ավելի հարմարավետ դարձնելն է։  Եւ, իհարկե, եթե ընդունված ու օրենքի ուժ ստացած նախագծերը  պետության կենսագործունեության համար անհրաժեշտ չլինեին, որպես պատգամավորական  կամ կառավարության օրենսդրական նախաձեռություն խորհրդարանում չէին լինի և չէին քննարկվի։ Եթե նկատել եք, եղել են նաև նախագծեր, որոնք թերի կամ առաջարկվող լուծումների ոչ օբյեկտիվ և ոչ ամբողջական լինելու պատճառով պատգամավորների առաջարկով հեղինակները այն կա՛մ ընդհանրապես հանել են շրջանառությունից, կա՛մ բերել են պատշաճ տեսքի։ Այնպես չէ, որ ինչ բերվեց՝ խորհրդարանը պատրաստ է վավերացնելու։ Սա՛ է իշխանությունների տարանջատման իրական սկզբունքը, և ես մշտապես հետամուտ եմ լինելու, որ այն գործի լիարժեք։

-Ըստ Ձեզ` դասական իմաստով Հայաստանում պառլամենտարիզմ կա՞։

Իմ գնահատմամբ անգամ այն երկրներում, որտեղ կա կայացած քաղաքացիական հասարակություն, և որոնք ունեն ժողովրդավարության և պետականության հարուստ ավանդույթներ, դասական պառլամենտարիզմ ասվածը գոյություն ունի որոշակի վերապահումներով։ Որովհետև, եթե խիստ գնահատելու լինենք, ապա իդեալական ձևով այն գոյություն ունի ավելի շատ որպես տեսական ձևակերպում, իսկ գործնականում ինչ-որ բան մշտապես պակասում է, մի երկրում` քիչ, մյուսում` ավելի շատ` կախված տվյալ երկրի ժողովրդավարության աստիճանից։ Բնականաբար, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մենք դեռ լուրջ  ճանապարհ ունենք անցնելու։ Գիտեք, ժողովրդավարությունը դա համակարգչային հերթական ծրագիրը չէ, որ կարող ես մեխանիկորեն ներդնել, և այն պետք է աշխատի։ Դրա համար երկար ճանապարհ ու մեծ ջանք է պետք։ Դրա համար պետք է հստակ գիտակցում, որ մեր ամենահզոր գործիքն ու ռեսուրսը ժողովրդավարությունն է։ Այլ ռեսուրս մենք ուղղակի չունենք։ Անգլիացի մի խորհրդարանական ասում էր. «Օրենսդրական բարեփոխումները միշտ չէ, որ հաճելի են և միշտ չէ, որ հաջողվում է օգտակարը համադրել հաճելիի հետ։ Սակայն մենք պիտի գիտակցենք, որ եթե  ուզում ենք հասնել մեր նպատակին, պետք է նաև պատրաստ լինենք ընդունելու ոչ ամբոխահաճո օրենքներ, որովհետև պոպուլիզմով պետություն չես կառուցի»։ Միանշանակ համաձայն եմ, և սա է պառլամենտարիզմի կայացման բարդ, բայց իրական  ճանապարհը։

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում խորհրդարանի իդեալական գործունեությունը։

Ցանկացած խորհրդարանական ընտրության արդյունքներն ինչպիսին էլ լինեն, միևնույնն է, լինելու են խորհրդարանի կազմից դժգոհներ։ Այս առումով իդեալական վիճակ, չեմ կարծում, թե հնարավոր է պատկերացնել։ Նույնը վերաբերում է նաև խորհրդարանի` որպես օրենսդիր մարմնի գործունեությանը։ Ցանկացած օրինագիծ որքան էլ պետականաշինության տեսանկյունից անհրաժեշտություն լինի, այդուհանդերձ, շոշափում է որոշակի շահեր։ Խոսքը և հասարակության շերտերի, և սոցիալական խավերի, և քաղաքական ուժերի, և, ինչու չէ,  նաև անձնական շահերի մասին է։ Հետևաբար, այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ։ Բայց, վերը ես արդեն նշեցի, որ ինձ համար իրապես կարևոր էր, որ խորհրդարանը դառնա առողջ բանավեճերի, տեսակետների ու կարծիքների բախման բաց հարթակ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ իր ընտրյալը որևէ կերպ կաշկանդված չէ հենց նույն այդ քաղաքացու յուրաքանչյուր  հարցը բաց և հրապարակային քննարկելուց։ Եւ ոչինչ, որ երբեմն այդ քննարկումները լինում են մի քիչ ավելի հուզական, մի քիչ ավելի զգացմունքային և բուռն։ Ի վերջո, ցանկացած խորհրդարան ձևավորվում է ժողովրդի ընտրության արդյունքում։ Իհարկե, միշտ չէ, որ այդ արդյունքն այնուհետև բավարարում է հենց նույն այդ հասարակությանը։ Սակայն, ինչպես ասում են՝ ժողովրդավարությունը դա նաև իրավունք է՝ երբեմն անելու ոչ ճիշտ ընտրություն։ Օրերս կարդացի, որ Բելգիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ հրաժարվել են մասնակցել խորհրդարանի նիստերից մեկին, պատճառաբանելով անձնական դեպրեսիան։ Իհարկե, մեզ համար սա խորթ ու արտառոց է հնչում, սակայն այդ երկրի հասարակության համար դա ժողովրդավարության դրսևորումներից մեկն է։

- Ընդդիմությունը խորհրդարանում ինչպիսի՞ դերակատարում ունի։

-Գիտեք, ինձ համար կա մեկ հստակ սկզբունք՝ ժողովրդավարությունը դա ոչ միայն մեծամասնության իշխանությունն է, այլ նաև՝ նույն այդ մեծամասնության կողմից փոքրամասնության իրավունքների հարգումը։ Բազմակարծությունը խրախուսելը, ընդդիմախոսներին հարգելը և երկխոսության մեջ նրանց ներգրավելը միայն ու միայն ապացուցում են Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության վստահությունը սեփական ուժերի հանդեպ։ Կարծում եմ` խորհրդարանում այսօր հարաբերությունները հենց այդպիսի՛ն են։ Ի վերջո, ես կարող է համամիտ չլինեմ որևէ քաղաքական ուժի դիրքորոշման հետ, սակայն որպես ԱԺ նախագահ,  ստեղծում եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ դիրքորոշումը հնչի։ Կարծում եմ, խորհրդարանական ընդդիմության իրավունքների ընդլայնման վերաբերյալ օրենքի նախագծի ընդունումը և նաև այսօր խորհրդարանում առկա մթնոլորտը պիտի որ խնդիրներ չստեղծեն խորհրդարանական ընդդիմության համար՝ իրենց տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացնելու, իրենց ասելիքը հանրությանը հասցնելու հարցում։

-Պարոն Աբրահամյան, 2010-ի խորհրդարանական Ձեր օրակարգը  հագեցած էր նաև միջազգային մակարդակի բարձր այցերով և փոխայցերով. տեղի ունեցան Ձեր պաշտոնական այցերը Եգիպտոս, Լիբանան, Շվեյցարիա, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, ԵՄ։ Ժնևում Դուք մասնակցեցիք խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովին, իսկ Լիմասոլում` խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Տարին հարուստ էր նաև մեր խորհրդարան կատարած այցերով։ Ինչպե՞ս կգնահատեք մեր ԱԺ-ի միջխորհրդարանական գործունեությունը։

-Բնականաբար, խորհրդարանի աշխատանքի խիստ կարևոր   բաղկացուցիչն են միջխորհրդարանական շփումները, փոխայցերը ու իհարկե, մեր պատվիրակությունների աշխատանքը տարբեր միջազգային կառույցներում։ Աներկբա է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ ավելի ճկուն և դինամիկ գործիք է, և ժողովրդի ընտրյալների միջոցով իրականացվող դիվանագիտությունը ես համարում եմ խիստ կարևոր և արդյունավետ։ Գիտեք, որ իմ գլխավորությամբ մեր խորհրդարանում գործում է միջազգային կառույցներում մեր պատվիրակությունների համակարգող մարմին, որպեսզի  համատեղ քննարկումների և աշխատանքի համադրման միջոցով մշտապես պատրաստ լինենք միջազգային տարբեր կառույցներում ի հայտ եկող ցանկացած մարտահրավերի ոչ միայն դիմակայել, այլ նաև լինել շատ ավելի նախաձեռնող։ Արտերկրի իմ բոլոր շփումները մեկ պարզ բան են վկայում՝ երբ դու դիմացինի հետ անկեղծ ու բաց ես, ապա դու անպայմանորեն շահում ես նրա վստահությունը։ Ի դեպ, առանց ավելորդ համեստության պիտի ասեմ, որ ամենաբարձր մակարդակի իմ պաշտոնական այցերից հետո միջազգային տարբեր հարթակներում մեր բարեկամների շարքերը ստվարանում են։

Ի վերջո, մենք չպիտի ավելորդ պատրանքներ ունենանք, թե միջազգային հանրությունը շատ լավ իրազեկ է մեր արտաքին քաղաքական օրակարգում առկա կենսական խնդիրներին։ Այդպես չէ, և մենք այդ մարդկանց ճշմարտությունը ներկայացնելու խնդիր ունենք։ Կարծում եմ, տեղյակ եք, որ տևական ժամանակ է իմ հրավերով միջազգային տարբեր կառույցների, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ այցելում են Հայաստան և Արցախ։ Որովհետև, երբ դու գալիս և ինքդ ես տեսնում, թե ինչպե՞ս է արցախցի դպրոցականն ամեն առավոտ գնում դպրոց, երբ դու ինքդ ես տեսնում, թե ինչպե՞ս է արցախցի մայրը կրծքին սեղմում իր նորածնին, երբ տեսնում ես, թե  ինչպե՞ս են ամեն Աստծո օր թարմ ծաղիկներ խոնարհվում Ցեղասպանության զոհերի անմար կրակի առջև, վստահաբար գիտակցում ես Լեռնային Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության  ճանաչման արդարության արժեքը։ Ինձ համար ահա՛ սա է կարևորը, և ես իմ բոլոր այցերի ժամանակ կոչ եմ անում լինել Հայաստանում և Արցախում, ու մշտապես պատրաստ եմ հովանավորել այդ այցերը։ Ի դեպ, առաջիկա օրերին Եվրոպական Խորհրդարանի մի քանի պատգամավոր ևս իմ հրավերով կլինեն Հայաստանում, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուր նման այցից հետո եվրոպական կառույցներում հանուն Լեռնային Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության ճանաչման հնչող  արդարության ձայնը կլինի ավելի բարձր։ 

-Երբ Ազգային Ժողովի վերակառուցված դահլիճի բացման արարողության ժամանակ դիտում էինք դահլիճի վերանորագման մասին պատմող ֆիլմը, կարծում եմ, բոլորը նկատեցին, թե ինչպիսի հոգատարությամբ էիք դուք հետևում ամեն մի դրվող քարին։ Եւ այսօր ունենք իրապես գեղեցիկ ու եվրոպական բարձրագույն չափանիշներին համապատասխան դահլիճ։ Ի դեպ, անչափ կարևոր էր նաև, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 11 տարի անց զոհերի հարազատները առաջին անգամ մտան խորհրդարանի դահլիճ։ Դահլիճի բացման արարողության ժամանակ Դուք խոսեցիք նաև կլոր սեղանի խորհուրդի մասին։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ 

 -Գիտեք, երբ նախկին դահլիճը քանդում էին, և ես ամեն օր հետևում էի այդ աշխատանքներին, իրապես դժվարությամբ էի պատկերացնում՝ մի՞թե հնարավոր է լինելու այդքան կարճ ժամկետում ստանալ այն, ինչ արդեն ծրագրել էինք։ Գեղեցիկ ու արդիական այդ դահլիճն ուղղակիորեն ծնվել է իմ աչքի առաջ.  ամեն օր ես լինում էի դահլիճում և հետևում, թե ինչպես է ամեն րոպե միս ու արյուն ստանում մեր երազանքը։ Եւ երբ ցանկանում էի, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության  զոհերի հարազատները լինեն նոր կյանք ստացած այդ դահլիճում, նպատակս մեկն էր, որպեսզի մի ցավալի բաժանարար գիծ վերանա։

Այո, Ազգային ժողովի վերակառուցված դահլիճի բացման ժամանակ ես խոսեցի կլոր սեղանի գաղափարի մասին` նշելով, որ կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով։ Մենք պիտի կարողանանք միմյանց հասկանալի ու հասանելի դարձնել մեր մտահոգությունները, պիտի կարողանանք խոսելուց բացի նաև լսել միմյանց։ Անշուշտ, ցանկացած քաղաքական ուժ ունի իր քաղաքական շահերը, իր ընտրազանգվածին հավատարիմ մնալու խնդիր ունի։ Սակայն քաղաքական ուժերի շահերը չպիտի իրացվեն այնպես, որ այդ  շահերի հանրագումարն ավելի մեծ լինի, քան ժողովրդի, երկրի շահը։ Ի վերջո, ցանկացած իշխանություն առավել ուժեղ և ամուր է, եթե ունի իրապես ուժեղ ընդդիմություն։ Եթե ունի ընդդիմություն, որի կարգախոսը ոչ թե կազմաքանդումն է, այլ լուրջ և իրական այլընտրանք առաջարկելն է։ Որպես ԱԺ նախագահ, որպես քաղաքական գործիչ, ես մշտապես պատրաստ եմ լսել անգամ ամենասուր քննադատությունը, եթե այն փաստարկված և հիմնավոր է, և եթե այն իրավիճակը շտկելու իրատեսական ելքեր է առաջարկում։ Բայց ես մշտապես չեմ հասկացել նրանց, ում շարժիչ ուժը եղել է բացառապես կազմաքանդումը և ինքնանպատակ հակադրումը։ Ի վերջո, բոլորս պիտի հասկանանք, որ խնդիրը այս կամ այն քաղաքական ուժի հնարավորությունների կամ ամբոխահաճության մարտավարական հնարքները ցուցադրելը չէ, այլ պետության առաջընթացին նպաստելը։

Կարծում եմ, հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում մենք ի վիճակի ենք միասին լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու դիմակայել մարտահրավերներին։ Ի դեպ, որոշների համար հստակեցնեմ, որ հանդուրժողականություն ասելով նկատի չունեմ թերություններն ու սխալները հանդուրժելը…

-Տարին ակտիվ էր նաև արտաքին քաղաքական զարգացումներով։ Բավականին ակտիվ էին շփումները Լեռնային Ղարաբաղի հարցով, միջազգային հանրությունը չի դադարում ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման նոր փուլ։ Որ՞ն է այդ լրջագույն հարցերում Ձեր դիրքորոշումը։ 

Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մեր ասելիքը հստակ է. Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես երբևէ չի էլ եղել անկախ  Ադրբեջանի մաս։ Սա փաստ է և որքան շուտ Ադրբեջանն ու նրան սատարողները հաշտվեն այս փաստի հետ, այնքան ավելի արագ  մենք կկարողանանք կայունություն և զարգացում ապահովել մեր տարածաշրջանում։ Ի վերջո, ցանկացած քաղաքացի, անգամ նա, ով հեռու է քաղաքականությունից, մեկ պարզ հարց է տալիս. Հաագայի Արդարադատության դատարանը վճռեց, որ Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային որևէ նորմի։ Ուրեմն ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ժամանակի օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան, չպիտի ճանաչվի նույն այդ միջազգային հանրության կողմից։ Արդար այս հարցադրումը պատասխան պիտի ստանա։ Իսկ պատասխանը մեկն է՝ Լեռնային Ղարաբաղը պիտի ստանա միջազգային իր ճանաչումը։ Այլ ճանապարհ չկա և չի կարող լինել։ Եւ ի դեպ, վստահաբար ճիշտ էր երկրի նախագահի որոշումը՝ չմասնակցել ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովին։ Դա արժանապատիվ երկրի արժանապատիվ նախագահի դիրքորոշում էր, դիրքորոշում մի երկրի, որը պահանջում է հարգել միջազգայնորեն ընդունված նորմերը և տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման մեջ եղած հավասարության նշանը չխախտել։ Գիտեք, ես իրապես տպավորվել էի Ֆրանսիայի խորհրդարանի ֆրանս-թուրքական բարեկամության խմբի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո արված խոստովանությամբ, որ իրենք տեսան խաղաղ ապրող մի ժողովուրդ, տեսան մի պետություն, որի ժողովրդավարական բոլոր ինստիտուտները կայացել են և վստահ եմ, նրանք հասկացան, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։  Սա՛ է ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը պետք է մեկ դեմք ունենա։

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ ևս մեր ասելիքը միանշանակ է. երբ Թուրքիան պատրաստ կլինի ետ կանգնել նախապայմանների քաղաքականությունից, մենք մշտապես պատրաստ ենք, հանուն տարածաշրջանի անվտանգության և զարգացման, շարունակել երկխոսությունը այդ երկրի հետ։ Երկխոսություն նշանակում է միմյանց տեսակետը հարգելու պատրաստակամություն. այսօր Թուրքիայի քաղաքական էլիտան պատրաստ չէ առանց նախապայմանների երկխոսության և դա հստակ արձանագրում են նաև այն տերությունները, որոնք անկեղծ և ազնիվ միջնորդական ջանքեր գործադրեցին՝ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և տարածաշրջանում համագործակցության ու վստահության մթնոլորտ ստեղծելու համար։

-Վերջին շրջանում տարբեր վերլուծաբաններ քաղաքական ֆորս-մաժորային իրավիճակ են կանխատեսում։ Ընդհուպ՝ արտահերթ խորհրդարանական, նախագահական ընտրություններ։   

Դուք Հանրապետական կուսակցության քաղաքական հանձնաժողովի նախագահն եք, իշխող կուսակցության երկրորդ դեմքը։ Ձեր կարծիքով այդ մեկնաբանությունները որևէ հիմք ունե՞ն։

-Ես հասկանում եմ, որ տարբեր քաղաքական վերլուծաբանների և մամուլի համար արտահերթ ընտրությունների թեման բավականին հրապուրիչ է. այն լայն դաշտ է բացում տարատեսակ սցենարներ ու զարգացումներ շրջանառության մեջ դնելու համար։ Սակայն, ցանկացած քաղաքական գործընթաց ենթարկվում է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ցանկությանը, անգամ եթե արտահերթ ընտրության գնալու ցանկությունը մի ինչ-որ քաղաքական միավորի մոտ հասնում է մոլուցքի, այլ քաղաքական գործընթացները պետք է հենվեն քաղաքական տրամաբանության և առկա իրողությունների վրա։ Հենց այնպես արտահերթ  ընտրությունների քաղաքական անհրաժեշտություն չի առաջանում։ Դրա համար անհրաժեշտ են լուրջ քաղաքական նախադրյալներ, որոնք չկան։ Իսկ եթե ոմանք կարծում են, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել լոկ այն պատճառով, որ ինչ-որ մեկը, կամ մի քանիսը համաձայն չեն  ընտրությունների արդյունքների հետ, ապա, վստահեցնում եմ, որ այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում մեր երկրում ամեն շաբաթ ընտրություն պիտի անցկացնենք։ Բազմիցս ասել եմ, մեզանում դեռևս չի ձևավորվել այն մշակույթը, որ ընտրություններում պարտվողը արժանապատվորեն ընդունի իր պարտությունը և սեղմի հաղթողի ձեռքը։ Եւ երբ մեր քաղաքական մշակույթը կլինի ահա՛ այդպիսի, ես որպես քաղաքական գործիչ, որպես  երկրի քաղաքացի, վստահ կարող եմ ասել, որ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին մենք հասել ենք լուրջ հանգրվանի։ Իսկ արտահերթ ընտրությունների ուրվականով տարբեր քաղաքական մեդիտացիաներ անողներին ուղղակի պիտի հիասթափեցնեմ. Հայաստանում  ներքաղաքական իրավիճակը կայուն և  կանխատեսելի է, և բոլոր գործընթացները տեղավորվում են քաղաքական բնականոն զարգացումների շրջանակում։

-Պարոն Աբրահամյան, այդուհանդերձ  տպավորություն կա, որ նախընտրական պայքարը մի տեսակ վաղ է մեկնարկել։ Չնայած խորհրդարանական ընտրություններին դեռ տևական ժամանակ կա, սակայն արդեն իսկ հրապարակվում են տարբեր սոցհարցումներ, քաղաքական ուժերը ճշգրտում են իրենց դիրքերը։ Հանրապետական կուսակցությունը ի՞նչ մարտավարություն է որդեգրել։

-Օրերս թերթում էի Եվրոպական ժողովրդական կուսակցության հիմնադիր Վիլֆրիդ Մարտենսի «Եվրոպա. Ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գիրքը ու մի հետաքրքիր պարբերություն գրավեց ուշադրությունս։ Այն է՝ «Իրական քաղաքական կյանքը սկսում է այն պահից, երբ գիտակցում ենք, որ պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել հասարակության համար»։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ Հանրապետական կուսակցությունը  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տևական ժամանակ  է կրում է այդ պատասխանատվությունն ու արժանապատվորեն իրացնում  ժողովրդի իրեն տրված քվեն։  2007 թվականի խորհրդարանական և այնուհետ 2008-ի նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության և նրա թեկնածուի  օգտին քվեարկելով` մեր երկրի քաղաքացիներն իրենց աջակցությունը հայտնեցին այն ծրագրերին, որոնք ներկայացվեցին ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից։ Վերջին երկու համապետական ընտրություններում արձանագրած մեր լրջագույն հաջողությունները վկայությունն են այն բանի, որ Հանրապետական կուսակցության և երկրի նախագահի ներկայացրած ծրագրերը կենսունակ են,  այդ ծրագրերը միտված են մեր երկիրը է՛լ ավելի հզոր, է՛լ ավելի բարեկեցիկ դարձնելուն, ուղղված են քաղաքակիրթ պետությունների շարքում մեր տեղն ու դիրքը ամրացնելու և վստահաբար ուղղված են յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությանն ու ապահովությանը։ Այդ ընտրություններում մեր ստացած վստահության քվեն ապացուցեց, որ ժողովուրդը վստահում է մեզ։ Իսկ ժողովրդի վստահությունը ամենամեծ կապիտալն է, որը մեզ լիցք է տալիս մեր ամենօրյա աշխատանքում՝ հանուն մեր երկրի ու մեր քաղաքացու։

Առաջիկա համապետական ընտրություններին դեռ ժամանակ կա ու Հանրապետական կուսակցությունն ինչպես աշխատում էր երեկ, այնպես էլ աշխատում է այսօր ու աշխատելու է վաղը։ Մեզ համար մեր ամենօրյա աշխատանքը չունի նախընտրական և հետընտրական բաժանարարներ, որովհետև մեր երկրի ու նրա յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվություն վերցրած քաղաքական ուժը պիտի իր պատասխանատվությունն իրացնի ամեն ժամ և ամեն պահ։   

Մենք հանգիստ ենք նայում երբեմն-երբեմն ակտիվացող քաղաքական կրքերին, որովհետև վստահ ենք, որ առաջիկա համապետական ընտրություններում ևս՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տալու է Հանրապետական կուսակցությանն ու մեր թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին։

-Պարոն Աբրահամյան, եթե անկեղծ լինենք, ապա մեզանում շատ հաճախ պաշտոնյան նույնացվում է իշխանական լծակների օգտագործմամբ անձնական բարիքներ ստացող անձնավորության հետ։ Եւ ժողովրդի շրջանում անցկացված բազմաթիվ հարցումներ հենց դա են հաստատում։ Ձեզ չի՞ մտահոգում պաշտոնյայի ահա նման հանրային ընկալումը։

 -Գիտեք, երբ այդ հարցը տվեցիք, մտաբերեցի Մաքքենզիի ասույթներից մեկը. «Երբ ես տեսնում եմ գրպանահատի, որն իր ձեռքը տարել է քաղաքացու գրպանը, ես ցավ եմ ապրում։ Բայց, երբ ես տեսնում եմ պետական պաշտոնյայի, որը իր ձեռքը տարել է պետության գրպանը՝ դա արդեն ողբերգություն է»։ Ես իրապես ցավում եմ, որ, ինչպես նշեցիք, հանրային նման ընկալում կա։ Եւ ես անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ ցավոք սրտի, որոշ դեպքերում այդ ընկալումն արդարացված է։ Ինձ համար ուղղակի հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է քեզ վստահված  պաշտոնը դարձնել անձնական բարեկեցության համար տրամպլին։ Այդ երևույթը մեկ հստակ անուն ունի՝ քաղաքական կոռուպցիա։ Սակայն, հայտնի խոսք կա. եթե ուզում ես, որ պետությունը քո թիկունքին կանգնած լինի, հանիր ձեռքդ պետության գրպանից։ Շատ պարզ ու հստակ է ասված, ու եթե ոմանք դա չեն հասկանում, կամ նրանց անձնական շահը թույլ չի տալիս դա ընկալել, վստահ եղեք, հանրությունը միշտ իր անաչառ գնահատականը տալիս է։            

-Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել ընտանիքին։

-Իհարկե՝ ոչ այն չափով, որչափ կցանկանայի։ Ցավոք, իմ ողջ աշխատանքային կենսագրության ընթացքում այնպես է ստացվել, որ զբաղվածությունս միշտ անչափ մեծ է եղել,  և ընտանիքիս չեմ կարողացել ցանկալի չափով ժամանակ հատկացնել։ Այսօր` առավել ևս։  Բայց իմ  մերձավորներն ու հարազատները միշտ ըմբռնումով են մոտեցել և հասկացել են ինձ։ Ես իմ բնավորությամբ բաց ու շիտակ մարդ եմ, և ինձ լավ եմ զգում իմ ընկերների, գործընկերների շրջապատում, սակայն իմ ընտանիքն իմ ամրոցն է և լիարժեք խաղաղ ու հանգիստ եմ լինում միայն իմ ընտանիքում։ 

Մեր ժողովրդի համար ընտանիքը հավաքական սրբություն է, որն իր մեջ խտացնում է սեր ու հավատարմություն,  վստահություն, միասնություն, հարգանք և արժանապատվություն։ Ու դա էր նաև պատճառը, որ ես իմ մի քանի գործընկերների հետ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկա` մեր տոնացույցի մեջ լրացում կատարել, որպեսզի մեզանում  ևս, ինչպես աշխարհի շատ երկրներում, պաշտոնապես նշվի Ընտանիքի օրը։

Ինձ համար գերագույն հաճույք է վայելել ընտանեկան միջավայրը հարազատ մարդկանց հետ։ Ունեմ հինգ հրաշալի թոռնիկներ և աշխատանքից համեմատաբար ազատ ժամանակ փորձում եմ, այսպես ասենք` ապաքաղաքականանալ, մանկան ծիծաղի միջոցով կտրվել այն ամենից, ինչը զբաղեցնում է իմ օրվա մեծ մասը։ Գիտեք, մշտապես մի հետաքրքիր զգացողություն ունեմ, որ իմ ընտանիքի, իմ հարազատների տված բարի ու դրական լիցքը ինձ օգնում է նաև իմ աշխատանքում։ Եւ դա ամենակարևորն է։ 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...