2013-05-21 11:15
«Դե Ֆակտո» 49(2010թ.)
Աշխարհի տարբեր երկրներում իրենց աշխատասիրության և կամքի շնորհիվ՝ հարստացել և տվյալ հասարակություններում մեծ համբավի են հասել բազմաթիվ հայ գործարարներ: Նրանցից մեկն էր Մուրադ Սարգսյանը, ով իր աշխատասիրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ Մոսկվայի ամենաազդեցիկ ու հարգված գործարարներից մեկը: Ցավոք, նա վաղաժամ հեռացավ կյանքից, բայց միայն նրա' Մոսկվայում թողած «Ararat Park Hyatt Moscow» հուրանոցը թույլ չի տա, որ որևէ մեկը, ով գեթ մեկ օր ապրի այդ հյուրանոցում, մոռանա նրան: Նրա եղբայրը՝ Սամվել Սարգսյանն այսօր շարունակում է նրա կիսատ թողած գործը և էլ ավելի ուժեղացնում հայկական գործոնը Ռուսաստանում: Ուսումնասիրելով ամերիկյան, ռուսական և եվրոպական բիզնես-միջավայրը՝ կարելի է գտնել բազմաթիվ հայ գործարարների, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով բարձրացնում են հայ մարդու և Հայաստանի հեղինակությունը: Հայաստանում ընդունված է կարծել, որ հայ հարուստները ոչ ազնիվ ճանապարհով հարստացած և շատ հաճախ նաև անսկզբունքային մարդիկ են, բայց դա թյուր կարծիք է, քանզի հետևելով հայ գործարարի հետագծին' կարելի է ֆիքսել, որ հայ գործարարը սկզբունքային, աշխատասեր և ամենակարևորը' հայրենիք ունեցող գործարար է: Տեսնելով, թե ինչպես են օտար հողում ծաղկում հայ գործարարները, կարելի է եզրակացնել, որ մեր՝ հայերիս, «սերմը» պտղաբեր է և միայն պետք է պարարտ հող՝ բարիք ստեղծելու համար:
Կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել այդ պարարտ հողը հայրենիքում ստեղծելու համար, որպեսզի ստեղծագործ հայ մարդը արարի և ծիլ տա իր հայրենիքում:
Այս համարում մենք պետք է ներկայացնեինք հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն իսկ նախկին նախարար Մխիթար Մնացականյանի հետ, բայց նրա հրաժարականի պատճառով հարցազրույցը չկայացավ, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը:
Անկախ նախարարի պաշտոնից՝ Մխիթար Մնացականյանը մեր քաղաքի սիրված և հարգված մարդկանցից է, և առաջիկայում անպայման մենք կներկայացնենք հարցազրույց ոչ թե նախարար Մխիթար Մնացականյանի, այլ բարեսիրտ և բարերար «Կարմիր խաչ»-ի Մխիթարի գործունեություն վերաբերյալ:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ