2013-05-21 11:14
«Դե Ֆակտո» 49(2010թ.)
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը:
-Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրների տնտեսությունների վրա` տնտեսական քաղաքականության խնդիրը բոլոր երկրներում ընդհանուր է` կանխել ճգնաժամն ու խթանել տնտեսության զարգացումը: Այն երկրները, որոնք շատ ավելի զարգացած են, տնտեսապես հզոր և սերտորեն կապված են համաշխարհային տնտեսությանը, բնականաբար, ավելի մեծ կորուստներ ունեցան:
Ես վստահ եմ` այն քաղաքականությունը, որն իրականացրեց և շարունակում է իրականացնել ՀՀ կառավարությունը, արդեն իսկ իր արդյունքները տալիս է. ունենք տնտեսական որոշակի աճ: Իհարկե, դա չի նշանակում, որ խնդիրն ամբողջությամբ լուծված է, որովհետև մեր տնտեսությունը խիստ կապված է այլ երկրների` Ռուսաստանի, եվրոպական երկների, ԱՄՆ-ի տնտեսությունների հետ, որոնց ներդրումների ծավալները նվազել են: Ես կարծում եմ, որ վարվող քաղաքականությունը կտա իր դրական արդյունքը:
-Ըստ Ձեզ` այժմ ճգնաժամի ո՞ր փուլում է մեր երկիրը:
-Իմ կարծիքով` մենք ճգնաժամից դուրս գալու սկզբնական փուլում ենք:
-Պարո՛ն Սարգսյան, խորհրդարանում այսօր վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ի՞նչ եք կարծում, նոր աշխատանքային պայմաններ ունենալն ի՞նչ կփոխի խորհրդարանական աշխատանքում:
-Խորհրդարանի վերանորոգումները շատ կարևոր են և անհրաժեշտ: Աժ-ն այսօր իր աշխատանքները կատարելագործելու փուլում է: Ես կարծում եմ, որ վերանորոգման աշխատանքներն էականորեն չեն կարող ազդել ԱԺ աշխատանքների որակի վրա, թեև մտածում եմ նաև, որ լավ աշխատանքային պայմանները նպաստում են արդյունավետ աշխատանքին:
-Ձեզ գրավո՞ւմ է խորհրդարանական աշխատանքը, և ի՞նչ եք կարծում, գործարարի աշխատանքային փորձը որքանո՞վ կարող է նպաստել Ազգային ժողովի աշխատանքի արդյունավետությանը:
-Անկեղծ ասած` ինձ ավելի շատ գրավում է տնտեսական գործունեությունը: Ես, որպես պատգամավոր, մշտապես աշխատել եմ ժողովրդի հետ, նրանց կողքին եմ եղել և զբաղվել եմ նրանց հուզող խնդիրներով: Այն պարտականությունները, որոնք ես ունեի Վայոց ձորի մարզպետ աշխատելու տարիներին, դրանք չեն նվազել ԱԺ պատգամավոր դառնալուց հետո: Մարզում ես ունեմ գրասենյակներ, որոնք աշխատում են ժողովրդի հետ:
Գործարարների ունեցած կիրառական գիտելիքներն օգտակար են խորհրդարանական աշխատանքին, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ գործարարն իր կարծիքը հայտնում է` հիմնվելով իր փորձի վրա:
-Ի՞նչ աշխատանքներ են իրակացվել Վայոց ձորի մարզում Ձեր պաշտոնավարման տարիներին:
-Իրականացված աշխատանքները բազմաթիվ են, որոնք առնչվում են մարզի ամենատարբեր խնդիրներին: Համաշխարհային բանկի տվյալներով` 2003թ. հանրապետությունում ամենաաղքատ մարզը Վայոց ձորն էր, իսկ արդեն 2007թ.` Վայոց ձորում աղքատության ցուցանիշը, կարելի է ասել, ամենացածրն էր. Վայոց ձորը ամենաբարվոք վիճակում գտնվող մարզերի շարքում էր: Այդ տարիների ընթացքում մարզում կատարվեցին հսկայածավալ ներդրումներ` հիմնականում ոռոգման, դպրոցաշինության, ճանապարհաշինության ոլորտներում: Միայն երեք տարվա ընթացքում մոտավորապես` 15մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարվել ոռոգման համակարգում, որի արդյուքնում` մարզում ողջ մեխանիկական ոռոգումը փոխարինվեց ինքնահոսով: Քանի որ մարզում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը, և ժողովուրդը զբաղվում է խաղողի, պտղի, բանջարեղենի մշակմամբ, բացվեցին նոր կազմակերպություններ, որոնք բավականին բարձր գներով սկսեցին մթերել գյուղմթերքը: Բնականաբար, այդ հսկայածավալ ներդրումները չէին կարող չազդել մարզի ընդհանուր զարգացման վրա:
Այդ ընթացքում գրեթե բոլոր դպրոցները, հիվանդանոցները վերանորոգվեցին, ապահովվեցին նոր գույքով: Աշխատում էինք բազմաթիվ արտասահմանյան կազմակերպությունների, դեսպանատների հետ: Շատ կարևոր ձեռքբերում էր Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհի վերակառուցումը, որը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ էր: Դրա վերակառուցումը խթանեց երկու մարզերի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը և դարձավ միջպետական նշանակության ճանապարհ: Այս ամենն իրականացվեց Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:
-Այսօր, այնուամենայնիվ, զարգացման տեմպերն ավելի ակտիվ են Երևանում, իսկ մարզերը կարծես թե հետ են մնում ընդհանուր զարգացումից, գյուղերը դատարկվում են: Ի՞նչ պետք է անել, որ Երևան քաղաքի և մարզերի միջև առաջացած անջրպետը վերանա:
-Առաջին հերթին պետությունը պետք է հարստանա, որպեսզի կարողանա օգնել գյուղում ապրողներին, նոր ստեղծվող ընտանիքներին, ապահովել նրանց նվազագույն պայմաններով, որպեսզի վերջիններս չլքեն իրենց բնակավայրերը: Այսօր դա շատ արդիական խնդիր է: Պետք է լուրջ ներդրումներ արվեն մարզերում, որպեսզի դրանք զարգանան ու դառնան ապրելու համար գրավիչ:
-Հայաստանում ամենալուրջ խնդիրը ո՞րն եք համարում, որը հրատապ լուծման կարիք ունի:
-Իմ կարծիքով` Հայաստանում ամենալուրջ խնդիրը աշխատատեղերի ստեղծման խնդիրն է: Ինձ շատ են դիմում այդ հարցով, հատկապես` նորավարտ մասնագետները: Մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ է և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` ավելի լավ է իմ տան մեջ աշխատեմ, քիչ վաստակեմ, բայց հզորացնեմ ու շենացնեմ իմ հայրենիքը: Եթե մենք յուրաքանչյուր նորավարտ ուսանողի, զորացրված երիտասարդի կարողանանք ապահովել համապատասխան աշխատանքով, մնացած խնդիրները կամաց-կամաց կլուծվեն:
-Նախագահական ընտրությունների ժամանակ Դուք պաշտպանել եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսօր երկրի նախագահի գործունեությանը նայելով` գո՞հ եք վարվող քաղաքականությունից:
-Ես պաշտպանել եմ և պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ես նրա քաղաքական թիմակիցն եմ: Մեր պետության խնդիրները բազմաթիվ են` մեր աշխարհագրական դիրքը, արտաքին թշնամիները, բնական ռեսուրսների պակասը և բազմաթիվ այլ խնդիրներ: Բոլորս էլ տեսնում ենք, որ ՀՀ նախագահը փորձում է բոլոր խնդիրներին լուծում տալ: Ես շատ եմ ափսոսում, որ Թուրքիայի հետ երկխոսությունը չստացվեց: Կարծում եմ` այսօր մեր նախագահի կողմից նպատակային, շարունակական աշխատանք է կատարվում, որ մեր երկիրն ավելի հզոր, բարեկեցիկ և լուրջ կշիռ ունեցող երկիր դառնա:
-Դուք բազմաթիվ ներդրումային ծրագրեր եք իրականացրել Հայաստանում: Ես տեղյակ եմ, որ Ջերմուկում հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներն եք ուզում սկսել:
-Ներդրումներ միշտ արվում են: Գործում է ՙՄուրադ Սարգսյան՚ հիմնադրամը, որը ՀՀ-ում բազմաթիվ ներդրումային ծրագրեր է իրականացնում հատկապես սոցիալական ոլորտում:
Այժմ Ջերմուկ քաղաքում կառուցվում է առողջարան, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարծում եմ` առողջարանը քաղաքի և մարզի զարգացման համար կարևոր նշանակություն կունենա. կխթանի առողջարանային տուրիզմի զարգացումը:
Երևան քաղաքում կառուցվում է ստորգետնյա ավտոկանգառ, ընթացքի մեջ են հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները:
-Ռուսաստանում կա ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոց, որը Ձեր եղբայրն է կառուցել: Պատմեք այդ հյուրանոցային համալիրի և Ձեր եղբոր մասին:
-Եղբայրս 1990թ. տեղափոխվեց Մոսկվա` աշխատելու: Նրա ջանքերով ստեղծվեց շինարարական վերականգնողական կազմակերպություն, որը անվանվեց ՙԼուսինե՚, որը հիմնականում զբաղվում էր Ռուսաստանի մշակութային արժեքների վերանորոգմամբ և վերակառուցմամբ, ինչպես նաև զուգահեռ իրականացնում էր շինարարական աշխատանքներ տարբեր ոլորտներում: Կազմակերպությունը հաջողությունների հասավ եղբորս ամենօրյա նպատակասլաց աշխատանքի և հայ վարպետների տաղանդի շնորհիվ: Այդ տարիներին Հայաստանից հազարավոր մարդիկ էին ընդգրկված ՙԼուսինե՚-ի իրականացրած աշխատանքներում: Կազմակերպությունն իր աշխատանքով շատ կարճ ժամանակում գրավեց քաղաքի ղեկավարության ուշադրությունը և նրանց կողմից պատվեր ստացավ վերականգնել երկրի մշակութային կարևոր կառույցներից մի քանիսը, օրինակ, Պուշկինի առանձնատունը, Տրետյակովյան պատկերասրահը և բազմաթիվ այլ պատմամշակութային օջախներ: ՙԼուսինե՚ կոնցեռնը շարունակում է իր գործունեությունը մինչ այսօր:
Մոսկվայի կենտրոնում դեռևս տարիներ առաջ գործել է ՙՀայաստան՚ հյուրանոցը և ՙԱրարատ՚ ռեստորանը, որոնց տեղում 1998թ. եղբայրս նախաձեռնեց ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցի կառուցման աշխատանքները: Հյուրանոցն այսօր համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Այս տարվա սկզբին ամերիկյան և անգլիական կազմակերպությունները մոնիթորինգ էին անցկացրել: Ըստ անցկացված մոնիթորինգի տվյալների` աշխարհի 100 լավագույն հյուրանոցների ցանկում ՙԱրարատ Հայաթը՚ 15-րդ էր:
-Ո՞րն է ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցի առանձնահատկությունը:
-Հյուրանոցը կառուցված է հայկական ճարտարապետության շնչով, ինչպես եղբայրս էր ասում, լցված է հայկական ոգով և համապատասխանում է միջազգային չափանիշերին, ունի յուրահատուկ դիզայն: Հյուրանոցում գործում է հայկական եկեղեցի, որը բացառիկ երևույթ է հյուրանոցային բիզնեսի մեջ: Հյուրանոցում գործում է նաև ՙԱրարատ՚ ռեստորանը, որը կառուցված է նախկին ՙԱրարատ՚ ռեստորանի նախագծով: ՙԱրարատ՚ ռեստորանն, իմ կարծիքով, Մոսկվայում հայկական լավագույն ռեստորաններից է: Պետք է նշեմ, որ մեր հայրենակիցները` և՛ Հայաստանից, և՛ արտերկրից, Մոսկվա գալուց անպայման կանգ են առնում ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցում: Հաշվի առնելով նաև մեր գործընկերների մասնագիտական բարձր որակը` ՙԱրարատ Հայաթը՚ կարողանում է մնալ այսօր աշխարհում լավագույններից մեկը:
Եղբորս համար ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցը դարձել էր ոգեշնչման աղբյուր: Նա ասում էր, որ այն պետք է դառնա հայ ժողովրդի համախմբման վայրը, որտեղ և՛ հայկական շունչ կա, և՛ ոգի: Ցավոք, նա այսօր մեզ հետ չէ:
-Ի՞նչ է հաջողություն ասվածը քաղաքական գործչի և գործարարի համար:
-Երբ մարդը հաջողակ է, հաջողակ է և՛ բիզնեսում, և՛ քաղաքականությունում, և՛ ընտանիքում: Բայց ամեն ինչ կապել հաջողության հետ, սխալ է: Հաջողությունը աշխատանք է, որքան շատ ու նպատակային մարդ աշխատի, այնքան ավելի մեծ հաջողությունների կհասնի: Սակայն պետք է նաև հավատալ այդ հաջողությանը: Աշխատանք, նպատակասլացություն, հարաբերությունների ճիշտ կազմակերպում և համբերություն. սա է հաջողության հասնելու ամենաազնիվ ճանապարհը:
-Ձեր կյանքում դժվարությունները շա՞տ են եղել, չե՞ն ընկճել Ձեզ:
-Դժվարություններն իմ կյանքում, իրոք, շատ են եղել: Բարեբախտաբար, դրանք հաղթահարելուց չեմ ընկրկել և հասել եմ որոշակի հաջողությունների: Բացի դրանից, ես միշտ շրջպատված եմ եղել մարդկանցով, որոնք դժվար պահին եղել են իմ կողքին, ինձ հույս են տվել, ուղղություն են ցույց տվել: Ես երբեք չեմ ամաչել հարցնելուց, երբեք չեմ ամաչել խորհուրդներին հետևելուց:
-Կա՞ն ճշմարտություններ, որոնց անվերապահորեն հավատում եք:
-Ես, առաջին հերթին, անվերապահորեն հավատում եմ իմ հայրենիքի լիարժեք կայացմանն ու հզորացմանը, և հպարտանում եմ Հայաստան աշխարհով:
-Մարդու մեջ ամենաշատը ի՞նչն եք գնահատում:
-Մարդու մեջ առաջին հերթին գնահատում եմ պարկեշտությունը: Դրա մեջ շատ բաներ են մտնում: Ես չեմ կարող ընդունել սուտը, կեղծիքը: Իմ կյանքում չի եղել մի դեպք, որ ես մեկին խաբեմ: Թող անհամեստություն չլինի, բայց դա իրոք այդպես է.կարևոր չէ, թե ես հասարակ գյուղացո՞ւ, պաշտոնյայի՞, թե՞ իմ մանկության ընկերոջ հետ եմ շփվում: Իմ հաջողության գրավականը նաև դա եմ համարում:
-Ժամանակ ունենո՞ւմ եք ընտանիքում հաճախ լինելու: Ինչպիսի՞ն եք տանը և աշխատանքում:
-Դժբախտաբար, շատ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել ընտանիքիս: Բայց ես սկզբունք ունեմ` իմ աշխատանքային, ընտանիքից դուրս խնդիրները հոգս չդարձնել հարազատներիս համար: Երբ իրենց հետ եմ, աշխատում եմ լիարժեք տրվել այդ վիճակին և նրանց հետ հաճելի ու անհոգ ժամանակ անցկացնել: Ամենուր փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ:
-Ինչի՞ մասին եք երազում այսօր:
-Անկեղծ ասած`դեռևս հինգ տարի առաջ ես շատ երազանքներ ունեի և մտածում էի, թե ինչպես պետք է հասնեմ դրանց: Այսօր մի երազանք ունեմ` մշտապես իմ կողքին տեսնել իմ հարազատներին, մարդկանց, ում սիրում եմ և թոթափել հոգեկան այն դատարկությունը, որն ինձ ճնշում է:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ