03:50
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շարունակենք միասին

2013-05-17 11:05

«Դե Ֆակտո» 24 (2008թ.)

-Պարո՛ն Մարգարյան, շուտով լրանում է երրորդ տարին, ինչ Դուք Ավան համայնքի թաղապետ եք։ Հետադարձ հայացք նետելով Ձեր կատարած աշխատանքին` ինչպե՞ս կներկայացնեք այն։

-Երեք տարի առաջ ընտրվելով Ավան համայնքի ղեկավար` ես ձեռնամուխ եղա իմ նախընտրական ծրագրով նախատեսված խնդիրների իրականացմանը։ Ինչպես Երևանի մյուս համայնքներում, Ավան համայնքում ևս կային բազմաբնույթ հիմնախնդիրներ, որոնց լուծման պատասխանատվությունը կրում են տեղական ինքնակառավարման մարմիները։ Կարծում եմ, որ անցնող երեք տարիները մեծ ժամանակահատված չէ բազմաթիվ հարցերի հիմովին լուծումներ տալու համար։ Բայցևայնպես մեզ հաջողվել է համայնքի բարեկարգմանը, կոմունալ տնտեսության բարելավմանը ինչպես նաև սոցիալ– մշակութային և նախակրթական ոլորտներին առընչվող բազմաթիվ խնդիրներ պատշաճ մակարդակով լուծել։

Համայնքի համար լուծում ստացած հատկապես, ո՞ր խնդիրներն եք կարևորում։

Ընդհանրապես կարևոր եմ համարել և այժմ էլ համարում եմ բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք ուղղակիորեն կապվում են բնակիչների հոգսերի թեթևացման , նրանց բարեկեցության ապահովման և կենցաղային կյանքի բարելավման հետ։ Մասնավորապես պետք է առաձնացնեմ համայնքում իրականացված բարեկարգման, կանաչապատման և կառուցապատման աշխատանքները, ինչպես նաև նախակրթական հաստատություններում ինչպես սոցիալական, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման աշխատանքների իրականացումը։ Արդյունքում մենք ունենք բարեկարգ կանաչապատ և ամբողջովին լուսավորված փողոցներ, իրենց մաքրությամբ աչքի րնկնող թաղամասեր, իրենց գործառույթները գրեթե լիարժեքորեն իրականացնող համայնքային և այլ գերատեսչական կառույցներ` ինչպիսիք են անշարժ գույքի կադաստրի պետական գրանցման, նոտարական, հարկային, ԶԱԳՍ-ի, գազամատակարարման ծառայություններ և, որ ամենակարևորն է, համայնքում գործող բոլոր մանկապարտեզներում կարողացել ենք հասնել անվճար և որակյալ ծառայությունների մատուցմանը։

-Ինչպե՞ս եք տեսնում համայնքային նշանակության հարցերի հետագա լուծումները և համայնքի զարգացման հեռանկարները։

-Իմ նախընտրական ծրագրում ես կարևորում եմ բոլոր մեր ձեռքբերումների շարունակական ամրապնդման, համայնքային կյանքի բոլոր ոլորտների զարգացման և նորանոր ձեռքբերումներ ունենալու նպատակները։ Մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք նաև համայնքում բնակվող տարբեր խոցելի խմբերի սոցիալական խնդիրներին, պետք է կարողանանք նաև էլ ավելի աշխուժացնենք համայնքի մարզա-մշակութային և հասարակական կյանքը։ Համայնքում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հարմարավետ կենցաղ և իր ժամանցը կազմակերպելու լիարժեք հնարավորություններ։

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք, որոնք օգնում են արդյունավետ աշխատանք կատարել։

-Աշխատում եմ սրտացավությամբ և հետևողականության սկզբունքով։ Գնահատում եմ մասնագիտական նախաձեռնությունը և տեսակետը։ Առաջնորդվում եմ գլխավորը երկրորդականից տարանջատելու սկզբունքով։ Իսկ բարությունը և անկեղծությունն իմ աշխատանքի մշտական ուղեկիցներն են։

-Շատ է խոսվում  համայնքի բնակիչների և թաղապետարանի միջև կապի և վստահության մասին։ Ձեր աշխատանքի ընթացքում որքանո՞վ եք կարևորում այն։

-Պետք է նշեմ, որ հենց այդ կապի և փոխադարձ վստահության շնորհիվ է նաև, որ մեզ հաջողվել է կարճ ժամանակում շատ խնդիրների համար ունենալ արդյունավետ լուծումներ։ Ես փորձում եմ չչարաշահել այդ վստահությունը, որը կա համայնքում թաղապետարանի նկատմամբ, այլ ընդհակառակը` այն պարտավորեցնող է։

-Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել համայնքային աշխատանքներ իրականացնելիս, օրենսդրական ի՞նչ փոփոխություններ կկարևորեք, որ իրականացվեն ի շահ համայնքային զարգացման։

-Խոչընդոտներ, որպես այդպիսիք, չեն եղել, սակայն ինչպես բոլոր օրենքները, այնպես էլ ՏԻՄ օրենսդրությունը պարբերաբար ունենում են բարեփոխումների կարիք։ Ըստ մեր երկրի բարեփոխված սահմանադրության Երևան քաղաքն ունի համայնքի կարգավիճակ և ապագայում մենք պետք է ունենանք օրենք Երևանի մասին։ Կարծում եմ, որ Երևանի կառավարման նոր մեխանիզմներով հաշվի կառնվեն այն բոլոր առանձնահատկությունները, որոնք որպես թերացումներ նկատվել են Երևանում՝ տեղական ինքնակառավարման իրականացման տասը տարիների ընթացքում։

-Պարո՛ն Մարգարյան, Անդրանիկ Մարգարյանի որդի լինելն, անշուշտ, օգնել է Ձեզ Ձեր աշխատանքում։

-Անդրանիկ Մարգարյան մարդը, ինձ համար եղել և մնում է որպես ոգեշնչող կերպար։ Աոաջին հերթին Անդրանիկ Մարգարյանի որդին լինելով` ես միշտ պատասխանատվության բարձր զգացումով եմ մոտեցել բոլոր խնդիրներին և ծրագրերին։ Հայրս շատ հարցերում ինձ համար ուսուցիչ և խորհրդատու էր, ես էլ միշտ աշխատելու եմ քայլել նրա հասարակական-քաղաքական իդեալների իրականացման ճանապարհով։ Յուրաքանչյուրիս ապագան աոաջին հերթին կառուցվում է անցյալի իմաստավորմամբ և ներկա իրողությունների գնահատմամբ։

-Կա՞ն այնպիսի նախագծեր, որոնք կիսատ մնացին և կուզենայիք շարունակել։ Դեռևս վաղաժա՞մ  է կատարված աշխատանքներն ու նախագծերը ավարտուն համարելը։ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով Երևան քաղաքը ստացել է համայնքի կարգավիճակ և ըստ այդմ քաղաքապետի համար օրենքով պետք է նախատեսվեն ընտրական մեխանիզմներ։ Ըստ Ձեզ ո՞րն է ավելի արդյունավետ` ընտրված քաղաքապե՞տը, թե համայնքի ղեկավարը։

-Ցանկացած ընտրություն առաջին հերթին ենթադրում է պարտավորություններ և համապատասխան փազորություններ։ Չեմ կարծում, որ կարելի է համեմատել համայնքային և համաքաղաքային ընտրական կշիռները։ Դրանք տարբեր հարթություններ են։ Ինչպես արդեն ասացի, առաջիկայում մենք պետք է մեր Սահմանադրության պահանջներից բխող օրենսդրական նոր դաշտ ձևավորենք Երևան քաղաքի կառավարման համար։ Ինչպիսին էլ որ լինեն օրենքով սահմանված վերջնական մեխանիզմները, դա կլինի ինքնանպատակ, եթե մենք այն չծառայեցնենք քաղաքի վարչատարածքային միավորների համաչափ զարգացմանն ու առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Կարծում եմ, որ մեր քաղաքում ՏԻՄ համակարգը զարգացման բավականին առողջ ուղի է անցել, և մենք ունենք բոլոր նախադրյալները, կառավարման նոր մեխանիզմների պայմաններում Երևան քաղաքում զարգացման նոր որակների հասնելու համար։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...