22:50
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ՄԵՐ ՑԵՂԸ ԲԱՐԵՇՏԿՈՂ ՄԵԾ ՄԱՐԳԱՐԵՆ

2013-05-16 11:19

«Դե Ֆակտո» 48 (2010թ.)

Ժողովուրդների ճակատագրի աստղը պետք է փնտրել  ոչ թե երկնքում, այլ նրանց կրծքի տակ, նրանց նկարագրի մեջ։ Ժողովրդի  ոգին է նկարագիրը, թերևս, հայը ոգու  ժողովուրդ է, իսկ ոգուն ներհատուկ է ոգեղեն տառապանք։ Հայը հավասարապես տառապում է ինչպես իր գոյության ծանրածանր պայքարի պատճառած ցավից, այնպես էլ աշխարհի և մարդկության ազգի անկատարելության գիտակցությունից։

- Աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլև կատարելագործելու, բարեշտկելու այն- ահա հայու աշխարըմբռնումը, նրա էթիկական բարձր հասկացությունը, որի հետևանքով այնքան վաղ մարդկայնացավ նա` կանխելով գրեթե իր բոլոր հարևաններին,- այսպես է գրում Գարեգին Նժդեհը` հայորդի, ում առաքելությունն էր ոչ թե կյանքում ծառայություն ընդունել, այլ ծառայել հայրենիքին, ժողովրդին ու ցեղին, և կարծես թե հայրենասիրությունը խտացված էր նրա մեջ։ Եվ նա իրապես  առաջնորդվում էր ավետարանական պատվիրանով. »գանձեր հավաքել երկնքում«, որովհետև գիտակցում էր, որ  որտեղ իր գանձերն են, այնտեղ  և իր սիրտը կլինի։ Գարեգին Նժդեհը հայոց առաջնագույն մեծերի շարքում է։ Նրա մեջ ներդաշնակորեն միաձուլված են զինվորականն ու մտածողը, փիլիսոփան ու հոգեբանը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը։ Նա մեծ գաղափարախոս էր, գրավոր գաղափարախոս և աշխարհի աչքի առաջ այն վերածեց գործի։ Ու այս պահին  տեղին է  հիշել Նարեկացուն. »Քանզի մարմնավոր շուրթերով ահա, ուղերձ ես կարդում Բարձյալ Աստծուն, որ գործերով է գրավվում միայն  և չի կաշառվում բանաստեղծությամբ«։  

Գարեգին Նժդեհն իր կյանքը նվիրեց Հայրենիքին ու ազգին` չկարևորելով անձնականը։ Նա հարուստ լինելու և ճոխ ապրելու բոլոր հնարավորություններն ուներ, սակայն ապրել է իբրև ժողովրդի մարդ, համեստորեն, աղքատ կոչվելու աստիճան։ Հրաժարվել է աշխատավարձից և անգամ օտար պետության  սահմանած թոշակից։  Երբ 1942 թ. գնում էր Բեռլին` ազգային  հարցեր պարզաբանելու, մեկնելու նյութական հնարավորություն ունենալու համար Նժդեհը վաճառեց պատվո թրի վրայի ոսկին, որը 1936 թ. նրան էր նվիրել հայ մայրերի տասներկու հազարանոց կազմակերպությունը` ի նշան երախտագիտության իր հակաթուրքական գործնեության։ Նժդեհը մտածում էր, որ նյութապաշտությունը  թույն է մեզ նման փոքր ժողովրդի համար։ 

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյանը) ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը։ Հայրը` Տեր Եղիշը, գյուղի քահանան էր։ Ընտանիքում չորս երեխա էին, Նժդեհը փոքրն էր։ Մայրը` Տիրուհին, մենակ է խնամում նրանց։Նժդեհը սկզբնական կրթությունը ստացել է Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ապա` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Սովորելու ընթացքում էլ` տասնյոթ տարեկան հասակում, միացել է Հայոց հեղափոխական շարժմանը։ Այնուհետև սովորել է Պետրբուրգի համալսարանի իրավաբանական բաժնում, սակայն շուտով թողել է համալսարանը և ամբողջովին նվիրվել հայ  հեղափոխական գործին` ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թ. ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և հաջողությամբ ավարտում։ 1907 թ. վերադառնում է Կովկաս։ Նույն թվականին էլ մտնում է ՀՀԴ-ի շարքերը և մասնակցում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնացել է ավելի քան երեք տարի, ապա անցել Բուլղարիա։ Երբ 1912 թ. սկսվեց Բալկանյան  առաջին պատերազմը, հայերը թսւրքերի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կողքին ստեղծեցին հայկական կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը։ Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվեց։ Մոտենում էր 1918 թ. մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվելով թուրքական զորքերի դեմ` Նժդեհն իր խմբով նահանջում է դեպի Լոռի։ Լոռիում վարած կռիվների համար Նժդեհն արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։ «Պիտի խոստովանեմ,- գրում Գարեգին Նժդեհը,- որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա  Խորհրդային Հայաստան, այլ և այդ երկրամասի վրա ապրող հայություն չէինք ունենա։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությունը և հիմք դրեց Հայկական Պետության»։

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո` 1918 թ. վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից` Կապանի, Արևելքի և Գողթանի ընդհանուր հրամանատար։ Այս տարիներին` 1918-1921 թթ, Զանգեզուրի լեռներում Նժդեհն այն հերոսականը վարեց, որը նրա կյանքի և հայոց նորագույն պտմության ամենափառավոր  էջերից է։

1920 թ. օգոստոսին ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքած զինադադարի, Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին թողնել Կապանն ու Գենվազը և անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով Հ Հ զինվորական նախարարի Զանգեզուրը թողնելու հրամանը և մերժելով Դրոյի առաջարկը` գնալ Երևան` ապաքինվելու, նախընտրեց մնալ Սյունիքում ու մենակ չթողնել լեռնահայությանը։ Եվ պայքարեց մինչև վերջ և  նրա անհատականության շնորհրիվ է, որ  այսօր Զանգեզուրը Ադրբեջանի կազմում չէ։ Երանի Կարսում գնդապետ Մազմանյանը նույնպես  չենթարկվեր Կարսը թողնելու հրամանին։

Այս օրերին էր, որ տպագրվեցին Նժդեհի խորհրդածությունները` »Խուստուպյան կանչեր«, »Էջեր իմ օրագրից«, որտեղ գրում է, թե բանակը` նայած իր ղեկավարներին, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակություններ` ծունկի գալ հակառակորդի առաջ։ Ղեկավարը,-գրում է Նժդեհը,- հաճախ սրտի և գործողության մարդ է, քան մտքի։ Նա սիրտ է դնում իր ամեն մի խոսքի մեջ, ահա թե ինչու, եթե կտրեք նրա խոսքերը, նրանցից արյուն կկաթի։ Նա գիտի, որ կռվի ժամանակ զինվորը ավելի բարոյական մենակությունից է վախենում, քան մահից։ Վախկոտի համար միշտ էլ ուժեղ է թշնամին, նրանք են արիացնում, ուժեղացնում թշնամուն։ Սրանց երեսից են կորչում  հայրենիքները։ Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, որոնց առաջ խոչերն ու խոչընդոտները վերածվում են մարմարյա սանդուղքների, որ դեպի առաջ ու վերև է տանում։ Իր հողի վրա պարտվելը,- շարունակում է Նժդեհը,- կրկնակի ու աններելի պարտություն է։ Իր երկրի սահմաններում պարտվող ժողովուրդն իրավունք չունի խոսելու անկախ հայրենիքի մասին։ Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյությունը։ Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդեալ։ Գերագույն նպատակ ունի և մեր ժողովուրդը` միացյալ և անկախ հայրենիք։ Մեր պատմության մեջ մի բան միշտ էլ ինձ ցավով ու ամոթով է լցրել։ Դա մեր ժողովրդի մի մասի կրավորական նահատակությունն է։ Հարյուրհազարավորները հեզաբար  առաջնորդվել են դեպի ձորերն ու ծովափերը` ոչնչացվելու։ Արգահատելի է կրավորաբար նահատակվող ժողովուրդը։ Եթե քաջ ես, ժողովո՛ւրդ,- շարունակում է գրել Նժդեհը,- քեզ հետ են անգամ քո երկրի դեմ պատերազմական գործողություններ սկսած թշնամիներդ, քեզ հետ է նրանց համակրանքը։ »Մի օր մեզ պետք կգան«,- մտածում են քաջ ժողովրդի հարևանները։ Իր ուժից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու։

Իր զինվորական հմտությամբ, կազմակերպչական տաղանդով և ոգեշունչ խոսքերով` Նժդեհին հաջողվեց ստեղծել «ժողովրդական կուռ բանակ, որ պատրաստ էր իր հրամանատարի ձեռքի մեկ շարժումին անսալով` կրակի մեջ անգամ նետվել» (Ավո «Նժդեհ»)։  Նժդեհն էր, որ պարտության դառնությունը ճաշակել տվեց Դենեկինի, Կոլչակի ու Վռանգելի բանակները ջարդած և »անպարտելի« հռչակված  11-րդ կարմիր բանակի հեծելազորի պետ Կուրոչկինին։

1922 թ. Նժդեհը մեկնում է Բուլղարիա և հաստատվում Սոֆիայում ու այստեղ էլ ամուսնանում է Էփիմե անունով հայուհու հետ։ Այս տարներին Նժդեհի մի շարք հոդվածներ ու հոդվածաշարեր են տպադրվում Սոֆիայում լույս տեսնող »Արաքս« դաշնակցական թերթում, Բոստոնի »Հայրենիք« ամսագրում, Փարիզի »Ազատամարտ« շաբաթաթերթում, Բուխարեստի »Հերկ« ամսագրում, որը խմբագրում էր Կարապետ Պալճյանը` ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն։ 1929 թ. Բեյրութում լույս է տեսնում առանձին գրքույկով Նժդեհի »Բաց նամակներ հայ մտավորականությանը« շարքը, իսկ 1932 –ին Սոֆիայում`»Ցեղի ոգու շարժը« վերնագրով հերթական գրքույկը։ ՀՀԴ-ի հետ  սրված հարաբերությունը, որ դեռ սկիզբ էր առել Սյունիքի կռիվների շրջանում, շարունակվում էր ավելի բարդանալ, և Նժդեհը հայտարարում  է կուսակցությունից հեռանալու մասին։ ՀՀԴ-ի 13-րդ  ընդհանուր ժողովը Նժդեհին կուսակցության շարքերից, այս անգամ արդեն, արտաքսելու վճիռ տվեց։ Կուսակցությունից հեռանալուց հետո Նժդեհը շարունակում է Ցեղակրոն կազամակերպությունների ընդլայնումը։ Դա հայրենատիրական շարժում էր, որի մեջ վերանորոգվելով միայն` պիտի միանան հայության բոլոր հատվածները։ Սակայն սկսվեց  Երկրորդ աշխարհամարտը, և ստեղծված իրողությունը  թելադրեց այլ պայմաններ։ 1944 թ. սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։ Նժդեհը հանձնվեց կարմիրներին` հույս ունենալով, թե խորհրդային իշխանությունն իրեն` որպես հայ ազգայնականի, կօգտագործի Թուրքիայի դեմ։ Նա ենթադրում էր, որ Թուրքիան կդառնա թիրախ Խորհրդային Միության համար ¥1945թ. խորհրդային բանակն իրոք պատրատվում էր մտնել Թուրքիա), և  Կարմիր բանակի համար Թուրքիայի  հարվածի դեպքում հնարավոր կլիներ ազատագրել Արևմտյան Հայաստանն ու այն կցել Խորհրդային Հայաստանին։ Սակայն չարդարացան Նժդեհի հույսերը, Խորհրդայի բանակը չշարժվեց Թուրքիայի վրա։

1946 թ. նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948-ին, և Նժդեհը դատապարտվում է քսանհինգ տարվա բանտարկության։ Նժդեհի ձերբակալումից հետո, ընտանիքը` կինը և զավակը, Սոֆիայից աքսորվում են Բուլղարիայի Պավլիկենի քաղաք։ Այս տարներին և ավելի շուտ գրած իր գործերում` »Իմ պատասխանը«, »Որդիների պայքարը հայրերի դեմ«, »Ցեղի ոգու շարժը«, »Բանտային գրառումներ« և այլն, Նժդեհը գրում է.

-Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար, մասնավորապես մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը։ Կուսակցականորեն կույր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի։ Այդ ախտով հիվանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտված է, միշտ էլ պատրաստի որս` իր գիշատիչ հարևանների համար։ Կորցնելով սրբության զգացումը` մարդն անխուսափելիորեն դառնում է շնական և մարդատյաց։

Շնորհազարդ հայորդի Գարեգին Նժդեհը վերզգույշ է ընկալում Հայրենիք, հայրենասիրություն ու ցեղ ազգային արժեքները և փիլիսոփային հատուկ խորաթափանցությամբ  գրում է.

- Հայրենիք` դա երկյուղած սեր և հարգանք է դեպի մեր նախահայերի հիշատակը, դեպի մեր կրոնը, որ ցեղի սիրտն է, դեպի մայրենի լեզուն, որ հայրենասիրության թթխմորն է։ Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է։ Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մարմինն առանց հոգու։ Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը։ Երբ ժողովրդի մեջ արթուն չէ ցեղը, նա տառապում է հոգևոր ամլությամբ և քաղաքական համլետականությամբ։ Ժողովուրդը  հաճախ տարակույսի և վարանումի կմատնվի, ցեղը բնազդորեն գիտի իր կտրելիք ճամփան։ Ցեղի արևը կարող է թեքվել, բայց մայր չի մտնում։ Ժողովուրդը դա այն վախկոտն է, որին ուզեցին գործի  ուղարկել, և նա առարկեց`»դրսում առյուծ կա«, իսկ ցեղն իրենից դուրս առյուծ չի ճանաչում։ Սակայն, մինչ հայը իր ցեղի մեջ մարդկայնություն, թուրքն իր հոգում գայլություն է մշակում։ Թուրքը դեռ ծանոթ չէ մեր ցեղի բազուկի ուժին, մինչ հիմա նա գործ ունեցավ մեր ժողովրդի, բայց գրեթե, երբե՛ք ցեղի հետ։ Հայրենիքի և հայրենասիրության թշնամին աշխարհաքաղաքացին է` կոսմոպոլիտը,- գրում է Նժդեհը։ Սրա հայրենիքը, իր հայտարարությամբ, համայն աշխարհն է, ազգը` համայն մարդկությունը։ Պարզապես քողարկում են իրենց դավաճանությունը մարդկային առաքինություններից գերագույնի` հայրենասիրության հանդեպ։ Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչև մեր օրերը, և, ավաղ, խաղաղության, եղբայրության ու սիրո Ուսուցչի աստվածաշունչ խոսքը շարունակվում է մնալ որպես »ձայն բարբառո անապատի«,- գրում է ազգի նվիրյալ`  Գարեգին Նժդեհը։

1947 թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր` սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն` »Հայկական իռեդենտա«, որի նպատակը պետք է լինի Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիացումը Խորհրդային Հայաստանին։ Թերև Նժդեհի առաջարկը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։

1948-52թ.թ. Գարեգին Նժդեհը Վլադիմիր քաղաքի բանտում էր, այնուհետև, մինչ 1953-ի ամառը` Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհ. Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային  ղեկավարությանը` առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և Խորհրդային իշխանության միջև հասկացություն և գործակցություն ստեղծելու համար։

Իր խորհրդածություններում գրում Նժդեհը.- Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի հայկական ափում զինվորներիս կողմից զարկված վագրի մորթին` իմ միակ վարձատրությունը, Զավալ փաշայի դաշույնը` իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չտեսած Սյունաց Դրոշակը- թո՛ղ դա դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, և մի հին Հայկազյան բառարան-`իմ միակ մխիթարիչը տարագրանքի մեջ։

Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր և 1955 թվականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում մահանում է փայլուն շնորհներով օժտված, հրաշալի հայորդին` Գարգին Նժդեհը։ Նա ապրեց հայենիքի, ցեղի ու մեծ գաղափարների համար և մնաց Մեծություն ու անցավ անմահների շարքը։

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը` Լևոն Տեր-Հարությունյանը, շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնում են եղբոր զգեստն ու  ժամացույցը, իսկ ձեռագրերը` ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Նա հուղարկավորում է եղբորը և գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա պատվիրում գրել ռուսերեն` »Տեր-Հարությունյան Գարգեին Եղիշի«։ 1983թ. Նժդեհի աճյունը Վլադիմիրից տեղափոխվում է Երևան։ Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկի արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո` 1987թ., հանգրվանում է Սպիտակավոր վանքի բակում։

Չգիտեմ` որն էր արդարացումը, ինչի կարիքը երբևէ չուներ, այնուամենայնիվ, իր մահից տասնամյակներ անց` 1992 թ., Գարգին  Նժդեհը արդարացվեց, ով ամբողջ կյանքը ապրել էր արդար ու աստվածզգյաց։ Մեծ մտածողի մահից տարիներ  պիտի անցնեին, այսօր արդեն  հիսուն տարուց ավելի, որ անկախացած Հայաստանում նոր-նոր պիտի յուրացվեին նրա ծրագրերը, և հասկացվեր խոսքը, ու ժողովրդի միջից  պիտի արթնանար Հանրապետություն կուսակցությունը, որ ամբողջությամբ խարսխված պիտի լինի Նժդեհի գաղափարախոսության վրա։ Նժդեհը սոսկ հայրենասեր չէր, ժամանակների  մեջ և հիմա հաճախ հնչող այդ բառի պարզունակ իմաստով, Գարեգին Նժդեհը հայրենատեր էր։ Նա հիմա ոչ թե մեր պատմության անցյալում է, այլ մեր դիմաց,  ում մենք դեռևս պիտի հասնենք։

Գարեգին Նժդեհը  ապրեց ազնիվ ու արդար, ստեղծեց ու պայքարեց և կյանքից հեռացավ` ներելով բոլորին, ինչպես Աստծո Որդին ներեց իր խաչողներին։ Նժդեհը գրում է.

- Կյանքում խղճմտանքից զատ ես ճանաչեցի երկու այլ դատավորների ևս` Աստված և ժողովուրդ։ Առաջինի դեմ մեղանչեցի, երկրորդի դեմ` երբեք,- և շարունակում է,- ներում եմ բոլորին, ներում կրկնակ պատճառներով, առաջին` իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ Հայ մարդ, երկրորդ` խորապես հասկանում եմ  այդ դժբախտներին, որոնք դեռ չեն հաղթանակած ստրուկն իրենց մեջ, որով և մնացել են տկար և չար։

                                                           ԱՆՆԱ    ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...