20:53
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արայիկ Հարությունյան

2013-05-11 11:57

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

ԼՂՀ ներքին կյանքի արդիականացմամբ

ուժեղանում է հանրապետության անվտանգությունը

Արայիկ Հարությունյան

ԼՂՀ վարչապետ

-20-ամյա դժվարին ու մաքառումներով լի ճանապարհ է անցել Արցախը։ Իբրև ԼՂՀ վարչապետ` ինչպե՞ս կգնահատեք երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը։

- Չնայած առկա մի շարք դժվարություններին, որոնք ուղղակիորեն ազդում են մարդկանց ապրելակերպի վրա և խոչընդոտում հանրապետության արագ զարգացմանը, ԼՂՀ ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է մնալ դրական զարգացումների հունում։ Ամբողջ աշխարհը համակած ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չխանգարեց, որ մենք անցած 3-4 տարիներին արձանագրենք առաջընթացի լավ ցուցանիշեր։ Շարունակել է աճել համախառն ներքին արդյունքը. միայն անցած տարի տնտեսական աճը կազմել է 9,1 տոկոս։ Դա հիմնականում մանր ու միջին ձեռնարկատիրության ակտիվության շնորհիվ։ Կառավարությունը գործարարության այդ շերտի համար ապահովում է վարկավորման մատչելի ու շահավետ ծրագրեր, ինչը թույլ է տալիս կարճ ժամկետում հասնել լավ արդյունքների։ Նախորդ տարիներին անընդմեջ ավելացել են քաղաքացիների միջին եկամուտները, զգալի աշխատանք է տարվել նրանց սոցիալական սպասարկումը բարելավելու ուղղությամբ։ Պետությունը մեծ ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների արդիականացման նպատակով. այժմ ունենք համեմատաբար ավելի բարեկարգ ճանապարհներ, գործարկվել են սոցիալական բազմաթիվ նոր օբյեկտներ, կանոնավոր ջրամատակարարումը դարձել է շատ բնակավայրերի սեփականությունը։ Բայց դեռ վիթխարի աշխատանք կա կատարելու, որպեսզի մեր ազգաբնակչության կյանքի որակը և երկրի զարգացման ընդհանուր մակարդակը հասնեն եվրոպական չափանիշերին։ Մենք համարում ենք, որ մեր ներքին կյանքի արդիականացմամբ ուժեղացնում ենք հանրապետության անվտանգությունը։ Դա նաև ԼՂՀ ճանաչման լծակներից մեկն է։

Քաղաքական բարձր կամքի շնորհիվ իրոք հնարավոր է վերացնել կամ նվազագույնի հասցնել շատ անարդարություններ

Հայտնի է, որ ԼՂՀ-ում բավականին ցածր է կոռուպցիայի մակարդակը։ Ինչո՞վ է սա պայմանավորված, որո՞նք են արդար և թափանցիկ գործունեության գրավականն ու երաշխիքները։

- Դա, իհարկե, պայմանավորված է գործող իշխանությունների հետևողական քայլերով։ Քաղաքական բարձր կամքի շնորհիվ իրոք հնարավոր է վերացնել կամ նվազագույնի հասցնել շատ անարդարություններ։ Բայց միայն վարչական միջոցները բավարար չեն. հասարակությունն իր հերթին պետք է այն աստիճան հասունանա, որ ձեռնպահ մնա ուղղակիորեն իր առաջընթացին հարվածող երևույթներից, օրինակ` այդ նույն կաշառատվությունից։ Այս հարցում դրական միտումներ կան։

- Տնտեսության զարգացման բնագավառում ի՞նչ գերակա ուղղություններ ու խնդիրներ ունի ԼՂՀ կառավարությունն այսօր։

– Մենք առաջնահերթորեն շեշտը դնում ենք գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի և էլի որոշ ճյուղերի վրա, որոնց արագ զարգացմամբ ենք նախևառաջ տեսնում մեր հանրապետության ընդհանուր առաջընթացը։ Նշածս ոլորտներում արդեն ունենք զգալի ձեռքբերումներ, բայց դրանք շատ ավելին կլինեն մոտ ապագայում։

Գործի մարդու համար Արցախը գրավիչ է

- Անդրադառնանք երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությանը։ Ի՞նչ ծավալների են հասնում արտասահմանյան ներդրումները, և հատկապես ո՞ր երկրներից են գալիս ներդրումային հոսքերը։

– Ցանկացած` առավել ևս զարգացող երկրի համար, տնտեսական աճի հիմնական գործոններից մեկը իրական ակտիվներում կատարված ներդրումներն են։ Այս գիտակցումով Արցախի Հանրապետությունում ձևավորվել է ներդրումները խթանող օրենսդրական դաշտ և գործարար մթնոլորտ։ Ներդրումների հիմքում հայրենասիրական մղումներից բացի` կարևորում ենք զուտ տնտեսական օգուտի` շահույթի ստացման պրակտիկայի արմատավորումը։ 2010թ. պաշտոնական վիճակագրական տվյալներով իրական ակտիվներում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 4035,2 մլն.դրամ, տարեցտարի աճում է նաև տնտեսության վերականգնմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղվող մարդասիրական ու առանձին բարերարների կողմից իրականացվող ծրագրերի ծավալները։ Օտարերկրյա ներդրումներ կատարող երկրներից են ՌԴ, ԱՄՆ, Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիան, ՄԱԵ, Հոլանդիան, Ֆրանսիան և այլն։

- Այն հանգամանքը, որ հարևան Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը, չի՞ խանգարում արդյոք նեդրումներ իրականացնողներին։

- Իհարկե, Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը կամ սահմանային միջադեպերը խանգարում են որոշ պոտենցիալ ներդրողների, որպեսզի նրանք գործ սկսեն Արցախում, կամ սկսածը ավելի մեծ ծավալների հասցնեն։ Սակայն իրավ գործ անողների համար դա մեծ խոչընդոտ չէ։ Չէ՞ որ մեր ժողովուրդն է այստեղ ապրում բոլորիս համար որոշակի վտանգի պայմաններում, բայց դա չի խանգարում, որ վերականգնենք մեր լիարժեք կյանքը, առաջ շարժվենք, զբաղվենք նաև գործարարությամբ, որը հաճախ ավելի արդյունավետ է շատ այլ երկրներից։ Գործի մարդու համար Արցախը գրավիչ է։

Արցախը` տարածաշրջանում առաջատար

տուրիստական կենտրոններից մեկը

Հաշվի առնելով երկրի պատմական նշանակությունը հայ ժողովրդի համար` ինչպիսի՞ն է տուրիզմի մակարդակը երկրում։ Ի՞նչ ծրագրեր են իրականացվում տուրիզմի զարգացման ուղղությամբ։

- Վերջին 4-5 տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է սևեռել ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացման վրա։ Տարեցտարի աճում է Արցախ այցելողների թիվը։ Մեր հանրապետությունը ունի հիանալի պայմաններ այդ ճյուղը տնտեսության ընդհանուր կառուցվածքում առաջատարներից մեկը դարձնելու համար։ Վերականգնում ենք Արցախի պատմամշակութային հուշարձանները, ընդլայնվում է հյուրանոցային ցանցը, գործարկվել են տուրիստական մի շարք երթուղիներ։ Արցախում հաճելի ու հիշարժան օրեր անցկացնելու պայմաններն արդեն առկա են։ Այս ոլորտում աշխատանքները համակարգված և նպատակային դարձնելու նպատակով կառավարությանն առընթեր ստեղծվել է զբոսաշրջության վարչություն։ Կարծում եմ` մոտ ապագայում Արցախը շատ-շատերի համար կդիտարկվի որպես տուրիզմի երկիր։

Զարգացման ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունեք մոտ ապագայի համար։

- Մեր ամենամասշտաբային ծրագրերը կշարունակենք իրականացնել վերոնշյալ բնագավառներում` գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, ենթակառուցվածքներ։ Միաժամանակ շարունակելու ենք լուրջ ծրագրեր իրականացնել առողջապահության, կրթության, սոցիալական ասպարեզներում։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...