23:53
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԵՐ

2013-05-10 14:21

«Դե Ֆակտո» 60 (2011թ.)

«Ամեն գիշեր գլուխդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածիր, թե ինչ ես արել քո ազգի համար»

Զորավար Անդրանիկ

Արմեն Պետրոսյան` ծնված 1968 թ., Անկախության բանակի զինվոր, ՀՀԿ անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից, , կասկադյոր, Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադիր, Հայաստանի Կասկադյորների Ազգային Ասոցիացիայի նախագահ, հնարքների բեմադրող, դերասան:

- Արմեն, ո՞վ կարող է կոչվել հայ, ըստ Ձեզ:

- Ոչ բոլոր նրանք, ում ազգանունները յան-ով են վերջանում, որովհետև կան յան-ով վերջացող ազգանուն կրողներ, որոնք և’ Հայաստանում, և’ արտերկրում պախարակում են հայի անունը, պատիվը: Ես նման մարդկանց չեմ ճանաչում որպես հայ` կլինեն դրանք առևտրականներ, մարմնավաճառներ, թշնամու հետ սեղան նստողներ, թե այլ մարդիկ: Ինձ համար հայ կարող է կոչվել այն մարդը, ով լուռ կատարում է իր աշխատանքը` օգուտ բերելով իր ազգին, երկրին և չսպասելով որևիցե մեկի գնահատականին, փառքով և պատվով իր ուսերին տանում է հայ լինելու խաչը : Հայ է նա, ով եթե անգամ կյանքի ինչ-ինչ բերումներով հայտնվում է արտերկրում մշտական բնակություն հաստատելու, չի ձուլվում ուրիշ ազգերի հետ, չի կորցնում իր մայրենին, ում տանը հնչում է հայերենը: Իսկ ձուլումն այսօր շատ մեծ խնդիր է, դա կարելի է կոչել նաև ազգակործան քաղաքականություն: Եթե այդ գործընթացն այս տեմպերով շարունակվի, մի որոշ ժամանակ հետո չի լինի հայ ազգ: Մեր Արքայից Արքա Տիգրան Մեծը երբ խոսում էր իր որդու` Արտավազդի հետ, ասում էր, որ հայն ունի երկու զենք` սուր և լեզու: Սուրը կոտրվելու դեպքում նորը կարող ես կռել, լեզուն կորցնելու դեպքում կորցնում ես հոգիդ, կորցնում ես ինքդ քեզ և դա էլ չես կարող վերականգնել:

- Ո՞րն է հայ մարդու առաքելությունը:

- Հայի առաջնային առաքելությունը ըստ իս, կայանում է նրա շարունակության, հայի` արմենական տեսակը շարունակելու մեջ: Յուրաքանչյուրն էլ իր հերթին գալիս է իր առաքելությամբ, մեկը պիտի դառնա բժիշկ, մյուսը` վարորդ, մյուսը` քաղաքական գործիչ, մյուսը` սրիկա, մեկ ուրիշը` դերասան և այլն: Ես ինձ համարում են երջանիկ մարդ, որովհետև հասկացել եմ, որ ծնվել եմ զինվորի առաքելությամբ, քանի որ կյանքիս մեծ մասը կապված է զինվորականության հետ: Երջանիկ եմ, որ որպես ցեղիս զինվոր կարողացել եմ գոնե ինչ-որ մի աննշան լումա ներդնել երկրիս պաշտպանության, ազատագրման մեջ: Նաև մանկուց երազել եմ այն մասնագիտության մասին, որը կոչվում է կասկադյորական արվեստ, որը նաև ապրելակերպ է: Դա նաև մարդու տեսակ է, որը չմտածելով վտանգների ու դժվարությունների մասին` լուռ և որակով կատարում է իր աշխատանքը, ինչը իհարկե, օգուտ է բերում նաև հայ կինոյի զարգացմանը, որովհետև կասկադյորական արվեստը ընդհանուր կինո կոչվող շղթայի օղակներից մեկն է, կինոարվեստի անբաժանելի մի մասը: Ես այսօր ապրում եմ դրանով և ամեն ինչ անում եմ դրա զարգացման համար, նաև մեր բոլոր տղաների շնորհիվ մենք ապացուցում ենք արտերկրում ապրող մեր գործընկերներին, որ այս փոքրիկ, բայց մեզ համար ամենամեծ երկրում էլ կա այդպիսի արվեստ և կան քաջ տղաներ` տվյալ կյանքով ապրող և զարգացնող: Դա է իմ առաքելությունը:

- Ո՞վ է Ձեր համար իսկական հայի իդեալը, ում գործունեությամբ դուք ոգեշնչվում և առաջնորդվում եք:

- Ուզում եմ խոսել Գարեգին Նժդեհի մասին, քանի որ աշխատում եմ ապրել նրա ցեղակրոն ուսմունքով, որը շատ պարզ մատուցում է մեզ` ինչպիսին պիտի լինի հայը: Նժդեհը մեծություն էր` արմենական գենն իր մեջ կրող: Նա այսօր էլ կա: Կարդալով, նրա ասույթները, ապրած կյանքը, աշխատությունները` ես և ոգեշնչվում եմ, և փորձում եմ օրինակ վերցնել, և դասեր քաղել: Մի անգամ ինձ հարցրեցին` իսկ դուք ուսումնասիրում եք Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքը, ասացի` ոչ, ես ուսումնասիրում  և ցիտում եմ Գարեգին Նժդեհին, ինձ ֆրեյդները բացարձակ  չեն հետաքրքրում:

- Այդ դեպքում ի՞նչ գնահատական կտաք այսօրվա հայ երիտասարդությանը:

- Գիտեմ, որ հայ երիտասարդության մեջ կան  խելացի, հայրենասեր, հայրենապաշտ երիտասարդներ, ում ուսերին պետք է հենվել, որովհետև նրանք են շարունակելու հայի տեսակը: Դա երևում է նրանց կատարած աշխատանքներից և ապրելու ձևից: Սակայն, ցավոք սրտի, նրանք շատ քիչ տոկոս են կազմում: Իսկ մեծամասնությունը կազմում է մի երիտասարդություն, որը չունի ոչ մի արժեք, ամեոբայի պես ապրող ինչ-որ մարդաքանակ, որին բացարձակ հետաքրքիր չի, թե ինքը ով է, որտեղից է գալիս, ուր է գնում և ուր է ուզում գնալ: Նրանք կեցության գերի են, նրանց հետաքրքրում է միայն` ինչ հագնել, ինչ ուտել, որտեղ դուրս գնալ, ինչ մեքենա վարել և ում հետ լկտիանալ: Նրանք տարված են ամենամեծ մեղքերից մեկով` գայթակղությամբ: Դա մի ամբոխ է, որը նույնիսկ եռաբլուրի տեղը չգիտի, չգիտի, թե ինչ կա Մատենադարանում, ուր մնաց ուսումնասիրի հայոց պատմություն և ճանաչի իր մեծերին: Դա նաև դաստիարակության արդյունք է, որը գալիս է նրանց շատ նման` իրենց ավագներից: Լուսահոգի հայրս ասում էր. ՙՔառասուն կոպեկանոց ավանակից ծնվում է քսան կոպեկանոց քուռակ՚: Ես այսօր տեսնում եմ քաղաքում երիտասարդների, որոնք չունեն ոչ մի սրբություն, չունեն խիղճ,  հային ոչ վայել լկտի պահելաձևով և ապրելաձևով, գայթակղված օտարածին և ազգակործան արժեքներով, որը արմատախիլ է անում հայկական տոհմածառը: Ես չեմ հասկանում նրանց, և ինչպես կարող եմ նրանց վրա հենվել, եթե նրանք  5 բառ պարունակող նախադասության մեջ 45 սխալ են թույլ տալիս: Դա սարսափելի է: Երիտասարդություն, որոնք ԲՈՒՀ են ընդունվում որպես նորաձևություն և ազգային բանակում ծառայելուց խուսափելու համար, ամուսնանում են և իրենց երեխաներին հայկական օրոր երգելու փոխարեն միացնում են ինչ-որ ալլահբինաների երաժշտությունները, ինչը խաթարում է երեխայի հոգեկան աշխարհը: Նրանց ես չեմ համարում հայ: Իմ գնահատականը նրանց` ՄԻՆՈՒՍ ԶՐՈ է:

- Արմեն, ըստ Ձեզ կա՞ այսօր Հայաստանում ժողովրդավարություն

- Կա թղթերի վրա, բայց չէի ասի, որ մեր երկրում այն գործում է: Այո’, լրագրողները թերթերում ինչ-որ ազատ բաներ են գրում, հետո ծեծ են ուտում տարբեր մարդկանց կողմից: Ես դա չեմ համարում ժողովրդավարություն, նույնիսկ կասեմ, որ դա առայժմ շատ վտանգավոր բան է մեզ համար: Մենք տեսնում ենք այդ չակերտավոր դեմոկրատիայի արատավոր հետևանքները մեր երկրում: Դա  բերում է ազգակործանման` լեզվի կամաց-կամաց վերացման, ավանդույթներից հեռացման, լկտիության, տարատեսակ համասեռամոլների, աղանդների հայտնվելուն: Եփած հավին էլ է պարզ, որ դրանք դրսի հատուկ ծառայությունների վաղեմի  ծրագրեր են` մեր նման հինավուրց ազգերին արմատախիլ անելու համար: Նման դեմոկրատիա մեզ պետք չէ, երբ անտեսված են մեր մեծերը, մեր հերոսները` թե Հայրենական պատերազմի, թե Աֆղանստանում մարտնչած տղաները, թե Արցախյան հերոսամարտի մասնակիցները: Մոռացության են մատնված նաև Հայաստանի ազատագրության  Հայ Գաղտնի Բանակի տղաները, որոնց,  ինչ-որ տարատեսակ և դեմոկրատաբարո լրագրողներ կանգնում  և իրենց կարճ ուղեղով սկսում են հաչել, թե նրանք ահաբեկիչներ են: Նրանք ահաբեկիչներ չեն, այլ ազատամարտիկներ և հերոսներ են: Այսօր, որ աշխարհի շատ երկրներ սկսում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, դրանում շատ մեծ ներդրում ունեն հենց այդ հերոս տղաները: Իմ խոնարհումը տղաների առջև: Այսօր մարդկանց մեծ մասը իր տեղում չէ: Այսպիսի ՙժողովրդավարության՚ դեպքում ես ավելի շատ կողմնակից  կլինեմ ազգայնական դիկտատուրայի , որ  ամեն ոք իմանար իր տեղը, գործը, իր պարտականությունները: Սարսափելի է, երբ, ասենք գերեզմանատան պահակը դառնում է ինչ-որ նախարարի օգնական: Ամեն ոք պիտի զբաղվի իր գործով:

- Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա Հայաստանի ներքին կյանքին:

- Վատ: Առաջին մեղավորը համարում եմ ինքս ինձ: Եթե ամեն մեկս մեր ծխած ծխախոտի մնացորդը նետենք աղբարկղը, այլ ոչ թե գետնին, մեր քաղաքը մաքուր կլինի, եթե մեկս մյուսի նկատմամբ լինենք ներողամիտ, հանդուրժող ու հարգանքով, շատ ավելի լավ կլինի: Դա, բնականաբար, գալիս է երկրի տնտեսական վիճակից: Մենք փողոցներում մուրացկաններ չունեցող ազգ ենք եղել: Առաջ հազարից մեկին կտեսնեինք փողոցում հարբած քնած: Կարծես ինչ-որ ուժեր նպատակաուղղված աշխատում են մի ուղղությամբ, որ ժողովրդին բերեն ծայրաստիճան աղքատության, որ ժողովուրդն այսօր միայն ու միայն իր հանապազօրյա հացը վաստակելու մասին մտածի, էլ ուր մնաց մեծ գաղափարների: Արհեստականորեն ժողովրդին դարձրել են կեցության գերի, հեռացրել իր արմատներից, մշակութային կյանքից: Այսօր ազգս ինֆորմացիայից զուրկ է, չգիտի` ինչ է կատարվում, քանի որ մտածում են թե ինչ պիտի ուտեն վաղը: Ցավոք սրտի, այսօր հանդիպում եմ ազատամարտիկների, ովքեր ասում են` եթե վաղը նորից պատերազմ լինի, մենք էլ չենք գնա կռվելու, որովհետև տեսանք, թե ինչպես գնահատվեց: Հեռուստատեսությամբ և տարբեր ամբիոններից ամպագոռգոռ բառերն ասելը ոչինչ է, գործով է պետք զբաղվել, շենացնել երկիրը, չէ որ ունենք պոտենցիալ, խելացի և ստեղծարար ազգ ենք, նաև ունենք գումարների տիրապետող մարդիկ, մնում է կարողանալ այդ պոտենցիալն օգտագործել: Եվ զարմանում եմ, որ մինչ օրս կան մարդիկ, ովքեր այս պայմաններում էլ մտածում են ազգի պահպանության, երկրի պաշտպանության և շենացման մասին: Այ նրանց եմ ես համարում հերոսներ: Հերոսներ չեն լինում միայն պատերազմներում, գեղեցիկ արվեստի գործն էլ է հերոսություն, որը գրավում է աշխարհին: Պայքարում են ոչ միայն զենքով, այլև գիտելիքներով, մշակույթով, արվեստով, սպորտով, բժշկությամբ և այլն:

- Հայկական հարցի և Արցախյան հիմնախնդրի լուծման ի՞նչ իրատեսական հեռանկարներ եք տեսնում:

- Բոլոր պետությունները, որոնք աշխատում են մեր դեմ, իրենց գործն անում են, իսկ մենք տեղում դոփում ենք: Իմ խորին համոզմամբ` նախահարձակ պետք է լինել, երբեք պետք չէ ոչ մեկից վախենալ և ոչ ոքի վստահել: Պետք է աշխատել և պահանջել` գործի տեսքով: Արցախյան ազատամարտը մեզ ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք կարող ենք, որ մենք ունենք ուժ: Ինչու դա չօգտագործել: Մեր վրա կրակում են, մենք ասում ենք, թե պաշտպանվում ենք, բայց մենք էլ պիտի կրակենք: Ես հաճախ քաղաքում տեսնում եմ ծիծաղելի պաստառների մի շարք` ՙԻմ զենքը երաժշտությունն է՚ և այլն: Իսկ իմ զենքը ՙԿալաշնիկով՚ տեսակի ավտոմատն է: Երկար պաշտպանվելը բերում է թուլության, ջլատման, հարձակվել է պետք: Եվ ամբողջ աշխարհին համոզել փորձելուց առաջ, թե Արցախը մերն է, նախ մենք ինքներս մեր հոգում և գիտակցության մեջ  պետք է արմատավորենք, որ դա մեր տունն է, Հայոց տան սենյակներից մեկը: Եվ ինչ փոխզիջում: Իևչո՞ւ իմ տան սենյակներից մեկը պիտի զիջեմ ինչ-որ մեկին: Եթե հարկ եղավ, Հայոց տունս ավելի կմեծացնեմ: Դրան պետք է գնալ խորին համոզմամբ և ճակատներին զարկելով: Փաստաթղթերում գրում են Ղարաբաղ: Ինչու են կառչել այդ թուրքի անունից: Ղարաբաղ, նշանակում է սև այգի, իսկ Արցախը դրախտավայր է, ոչ թե սև այգի: ՙՁեզ խելոք պահեք, թե չէ ավելի առաջ կգնանք՚, դա պետք է լինի մեր պատասխանն Ադրբեջանին: Եվ մենք դա ապացուցել ենք, նրանք գիտեն, քանի որ արդեն ջարդ կերել են մեզանից: Եվ իհարկե, հաղթանակի համար պետք է առաջնային ուշադրություն դարձնել տնտեսության զարգացմանը, դառնալ տնտեսապես ուժեղ: Կերակրված երկրի բանակն է հզոր: Եվ թող ոչ ոք չասի, թե գումար չունենք: Գումար չունեցող երկրում այսքան շատ թանկարժեք մեքենաներ և այսքան ՙէլիտար՚ օբյեկտներ չեն լինում: Պարզապես ամեն մեկը պետք է դադարի մտածել միայն իր անձի մասին, մտածի նաև ազգի մասին:

- Ի՞նչ գնահատական կտաք Ձեր անցած ուղուն:

- Իմ անցած ուղու գնահատականը ոչ թե ես պետք է տամ, այլ բոլոր նրանք, ում պետք է եղել այն, ինչ ես արել եմ: Ես զգում եմ, որ կան պտուղներ: Ունեցել եմ և’ դժվար, և’ դաժան, և’ ուրախ ու երջանիկ օրեր, իմ կյանքում եղել են բոլոր գույները: Ունեցել եմ և սխալներ, դրանցից որոշ մասի վրա աշխատել եմ, շտկել: Սակայն շտկելով` մենք շարունակում ենք գործել նորերը. ցավոք սրտի: Եթե ինձ ևս մեկ անգամ հնարավորություն տրվեր ծնվելու, ես կընտրեի նույն ուղին` բայց աշխատելով չկրկնել նույն սխալները, եթե հիշեի իհարկե:

- Ի՞նչ է Ձեզ համար հայ լինելը:

- Պատիվ, հպարտություն, պարտավորություն:

Կարեն Վարդանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...