23:07
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հաղթանակով են հպարտանում, այլ ոչ թե պարտությամբ

2013-05-10 14:14

«Դե Ֆակտո» 60 (2011թ.)

Ազգայնական

Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...

Գարեգին Նժդեհ

Պատմությունը միայն տեղեկատվություն ստանալու համար չէ, նրանից դասեր են քաղում, դաստիրակվում, ոգեշնչվում հաղթանակներով, հուսահատվում պարտություններից: Վերջինը մեզ մոտ կարծես թե ավելի հաճախ է հանդիպում, ցավոք սրտի: Կամ էլ դրա առավել անտրամաբանական` պարտությամբ հպարտանալու տարբերակը, աշխարհին ի ցույց դնելով մեր խեղճությունը: Իսկ խեղճության բարդույթը սպանում է ազգի ոգին, պայքարելու, առաջ գնալու և զարգանալու ունակությունները:

Մեր զրուցակիցն է ԱՍԱԼԱ  Հայ ազգային ազատագրական գաղտնի բանակի անդամ, 1981 թ.  Փարիզում իրականացված` «Վանե գործողության մասնակից և ղեկավար Վազգեն Սիսլյանը:

-              Պարոն Սիսլյան, Ձեր կարծիքով նոր սերնդի հայեցի դաստիրակության հարցում առաջնահերթ ինչի վրա պետք է շեշտը դնել:

-              Իմ կարծիքով առաջինը դա Հայրենիք հասկացողությունն է, ազատագրված անկախացած հայրենիքի մի կտորը, որ ամեն մի անհատ հայ` լինի Հայաստանում, թե Սփյուռքում, զգա, որ սա իր հայրենիքն է: Դժբախտաբար այդ հասկացողությունը չկա այստեղ: Ես մտածում էի, թե անկախացումից հետո Հայաստանի բնակչությունը 3 միլիոնից կարող է դառնալ 4-4,5 միլիոն, բազմաթիվ հայեր գան այստեղ ապրելու, աշխատելու, ծաղկեցնելու: Սակայն հակառակն է տեղի ունենում. անկախ երկիրը դատարկվում է, և չեն գնում մեկ կամ երկու ամսով աշխատելու և հետ գալու, այլ գնում են մշտական, գնում են զզված: Իսկ եթե տարեկան այսքան քանակությամբ մարդ թողնում գնում է երկիրը, նշանակում է, որ ինչ որ մի պակաս օղակ կա երկրում, որ չի աշխատում:

Հաջորդը` հերոսների գնահատման խնդիրն է Հայաստանում: Տեսեք, Ադրբեջանը որպես պարտված երկիր Արցախյան ազատամարտի հետ կապված ավելի շատ հերոսներ ունի, քան մենք: Նույնիսկ քնած հայ սպային կացնահարողին հերոս են անվանում: Իսկ Հայաստանում Սփյուռքի ազատամարտիկներին ամաչում են ինչ որ մի բառով կոչել, ներքին կյանքում էլ` ըստ բարեկամի քմահաճույքի մարդը կարող է գրվել զինվոր, նույնիսկ դառնալ գեներալ: Պատմաբանները խոսում են Նժդեհի, Անդրանիկի մասին, և մեկ  էլ տեսնում ես հանկարծ հայտնվում է ոմն մի “գրող” և փորձում “հայտնագործել” Անդրանիկի “մութ կողմերը”: Ես` որպես սփյուռքահայ, արդեն քսան տարի է Հայաստանում եմ ապրում և տեսնում են այսպիսի մի պատկեր. մարդուն հարցնում ես «ոնց եսե, «ինչ ես անումե, և ամեն հինգից չորսի առաջին պատասխանն է` «գնալը կփրկե»: Ինչու պիտի մտներ նման մտածողությունը, ինչու գնալը կփրկի, այլ ոչ պայքարելը: Խոսքս աթոռի և իշխանության պայքարի մասին չէ, այլ որ ամեն հայ մարդ` որպես անհատ, որպես հայ, որպես այս երկրի տեր, իր իրավունքի համար պայքարող: Ինչու հային չէ այս երկիրը: Անշուշտ, և քաղաքացին է մեղավոր, և իշխանությունը տարբեր չափերով: Մանր ու միջին բիզնեսը համարյա թե խեղդված է այս երկրում: Մարդը փախչում է` ուրիշ տեղ գտնելու համար իր աշխատանքը և իր` մարդ արարած լինելու իրավունքը: Սփյուռքահայն էլ չի զգում, որ սա իր հայրենիքի մի մասն է: Կարծում եմ` պետությունը շատ անելիքներ ունի, մեծ աշխատանք ունի անելու: Այո, աշխատում են, ոմանք իսկապես, ոմանք` չակերտավոր, աշխատավարձեր են ստանում, ջիպեր են քշում, սակայն վերջիվերջո ժողովրդի մի մասի կողմից ընտրված են, որպեսզի բարելավեն երկրի վիճակը, և ոչ թե միայն գնան դրսներում ուրիշ պետությունների հետ սակարկություններ անեն և քաղաքականություն խաղան: Ներսի մասին պիտի մտածեն: Այսօր ժողովրդի և իշխանության միջև հսկայական անդունդ կա, և նույնքան էլ մեծացել է Սփյուռք-Հայաստան անդունդը: Այս ասելով մեղավորներ չեմ ուզում փնտրել, բայց փաստը մնում է փաստ:

-   Դաստիրակությունը պետք է սկսվի դպրոցից: Հաղթողի գաղափարն էլ երեխաներին պիտի տրվի դեռ ցածր դասարաններից, այնինչ ես դա չեմ տեսնում մեր պատմության դասագրքերում: Մեր ժողովուրդը, չգիտես ինչու, դեռ չի զարթնել ցեղասպանության և ԽՍՀՄ-ի ճնշման հոգեբանական ծանր հետևանքներից: Կարծում է` սթափվել է, բայց ոչ. պարտվողի հոգեբանությունը կա: Դա էլ Հայաստանը լքելու պատճառներից է: Նույնը Սփյուռքում. ձուլման գործընթաց էր գնում և գնում է հիմա: Դա նույնպես պարտություն է: Միայն Գաղտնի բանակի գործունեության շրջանում սփյուռքահայության մեջ մտավ այն գաղափարը, որ հայը միշտ չէ, որ խեղճ է, կարող է նաև հարվածել: Այդ միտքը ոտքի հանեց սփյուռքահայությանը, հույս ներշնչեց իր ազգային հարցի նկատմամբ, համախմբեց որոշ հատվածներ, դրանով իսկ զգալիորեն կանխվեց ձուլման վտանգը: Նույնիսկ խոսում էին, թե մենք կես միլիոնանոց բանակ ունենք, կամ տասնյակ հազարներ` զինված թնդանոթներով: Եվ դա ոգևորում էր հայությանը: Բայց իրականում նման թվեր չկային, ընդհամենը իմ նման տղաներ էին, որ ոչ տանկ ունեին, ոչ թնդանոթ, ոչ էլ ուժեղ զինված էին: Մեծ ոգևորություն կար նաև Հայաստանում, չնայած որ ազատագրական պայքարի մասին լուրերն այստեղ քիչ էին հասնում:

     -     Ըստ Ձեզ, ինչպես կարելի է ազատել մեր հասարակությանը խեղճության բարդույթրից և դաստիրակել հաղթողի հոգեբանություն:

Բարեբախտաբար, այսօր մենք հաղթող երկիր ենք, և որոշ քայլեր արվում են հաղթողի դիրքից, բայց ժողովրդի մեջ դա չի զգացվում: Դժբախտությունը նրանում է, որ անհատը չի հպարտանում, որ ինքը հայ է: Դա էլ է պարտվողի հոգեբանություն:

- Որոշ պետություններ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը որակում են որպես ահաբեկչություն: Ինչու:

- Քանի որ մենք Սփյուռքում տարբեր երկրների մեջ էինք ապրում, Հայաստանն էլ ԽՍՀՄ-ում էր, չուներ իր սեփական բանակը, ինքնուրույն քաղաքականությունը, նաև Սփյուռքում ձուլման վտանգ կար, որոշ մտավորականներ և երիտասարդներ դրեցին հիմքը զինյալ ազատագրական պայքարի: Ու պարզ էր, որ դա չէր կիրառվելու օրինական բանակի մեթոդներով: Որպես օրինակ վերցվեց Պաղեստինյան ազատագրական պայքարը: Արդեն պարզ էր, որ որոշ երկրներ դա պիտի անվանեին ահաբեկչություն: Իմանալով այսքանը և գիտակցելով, թե ինչ զոհողությունների են գնում, այդ «խենթե երիտասարդները: Իմ համար, որպես այդ պայքարի մասնակից, ավելի կարևոր է իմ ժողովրդի գնահատականն այդ պայքարին, քան թե օտարի բոլոր որակումները: Օտարը նայում է իր շահերից. եթե իր շահերին համապատասխանում է, կոչում է ազատագրական պայքար, եթե հակասում է` ահաբեկչություն: Բայց ամեն դեպքում, ազգային ազատագրական պայքարը երբեք չի կարելի համեմատել, այսպես կոչված, միջազգային ահաբեկչության հետ: Բացատրեմ իմ անձնական օրինակով: 1981թ. սեպտեմբերի 24-ին Փարիզում չորս ընկերներով իրականացրեցինք “Վան” գործողությունը` գրավելով թուրքական հյուպատոսարանը: Գործողության դատավարության նիստի նախագահի առաջին հայտարարությունն այն էր, որ դահլիճում չպետք է հնչի “տեռորիստ” բառը: Սա արդեն հաղթանակ էր մեզ համար: Մինչ այդ մենք հանձնվելով ոստիկանությանը և բանտում հացադուլի դիմելով` քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ստանալու պահանջ էինք դրել ֆրանսիական իշխանություններին, ինչը ընդունվեց: Նշեմ, որ մեր պահանջներից էր նաև Թուրքիայում բոլոր հայ, նաև հինգ թուրք և հինգ քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակումը:

- Իսկ ինչու հինգ թուրք և հինգ քուրդ քաղբանտարկյալների էլ:

- Մենք ուզում էինք ամբողջ աշխարհին ապացուցել, որ Թուրքիայում ոտնահարված են մարդու բոլոր իրավունքները, այդ թվում նաև թուրքերի: Մեր այս պահանջների արդյունքում շատ թրքական և քրդական շարժումներ մեր կողքին կանգնեցին: Եվ նույւնիսկ, ըստ հասած լուրերի, Թուրքիայի բանտերում կտրուկ դեպի լավը փոխվեց թուրք և քուրդ բանտարկյալների վերաբերմունքը հայ բանտարկյալներին: Հայ բանտարկյալներից էլ երկու հոգևորական` Հրանտ Գյուզելյան և Մանվել Երկաթյան /Էլդեմիր/ ազատ արձակվեցին, որոնց համար մենք անվանական պահանջ էինք ներկայացրել:

Ահաբեկչությունից հեռու լինելու փաստերից է նաև այն, որ մեր դատավարության ընթացքում 59 թուրք պատանդներից և ոչ մեկը չեկավ մեր դեմ վկայելու: Ու հարցաքննիչ դատավորից իմացանք, որ ոստիկանությունում նրանցից ոչ ոք մեր դեմ բացասական չի արտահայտվել: Մեկ այլ հանգամանք. Դատավարությանը, որպես մեր կողմի վկա, ներկայացավ նաև Միսաք Մանուշյանի այրին` Մելինե Մանուշյանը, ով նույնպես Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում ուներ, և այսպիսի մի արտահայտություն արեց. «Ես ու ամուսինս նույն բանն էինք արել Ֆրանսիայի համար, ինչ որ արեցին այս տղաները Հայաստանի համար, և ֆրանսիական պետությունը մեզ շնորհել էր ազգային հերոսի կոչում: Այս տղաներն էլ իրենց ազգի համար այն են, ինչ որ մենք Ֆրանսիայի համարե: Ու պարզ է, որ մեր նպատակը չի եղել կոչումների և մեդալների հետևից գնալը, այլ դա մեր իրավունքները պահանջելու պայքար էր:

-              1990 թ.ից բնակվում եք Հայաստանում: Վերադառնալով հայրենիք` ինչ վերաբերմունք ստացաք և ինչ սպասելիքներ ունեիք:

-              Ես վերադարձա հայրենիքի անկախացած մի մասը: ՀՀ-ն իմ համար դեռ ամբողջական հայրենիք չէ, այլ Հայաստանի մի կտոր, հայրենիքից մի կտոր միայն: Իմ և ընկերներիս համար հայրենիքն ամբողջական է` Արևմտյան և Արևելյան Հայաստաններով, Կիլիկիայով: Հայկական բարձրավանդակն ամբողջությամբ: Միայն ամբողջը վերադարձնելուց հետո կասեմ, որ լիարժեք իմ հայրենիքում եմ:

Սկզբից ես եկել էի ընդամենը մեկ ամսով և պիտի վերադառնայի Լիբանան: Բայց իմ նկատմամբ ժողովրդի ընդունելությունն ու վերաբերմունքն այնքան հոգեհարազատ էին (նույնը չեմ կարող ասել իշխանությունների մասին), որ ես իսկապես զգացի, որ այստեղին եմ պատկանում և պիտի մնամ այստեղ: Ես այստեղ ինձ հոգեպես հանգիստ ու լիարժեք զգացի, զգացի, որ ինչ արել եմ` արժեր անել, ու նորից կանեմ, եթե անհրաժեշտ լինի:

Այսօր ես հաստատվել եմ ՀՀ-ում և այս հայրենիքի տերերից մեկն եմ, ինչպես և ցանկացած հայ:

-              Թեև Ազատագրական գաղտնի բանակը համարվում է լուծարված, այդուհանդերձ ուզում եմ անմիջականորեն Ձեզ ուղղեմ այս հարցը. կա այսօր ԱՍԱԼԱ-ն:

-              Չգիտեմ ինչու, լուծարման հարցը վերջին ժամանակներս շատ է քննարկվում: Ճիշտ է, ես այսօր Գաղտնի բանակի պաշտոնական խոսնակը չեմ, ոչ էլ ներկայացուցիչը և իրավունք չունեմ պաշտոնական որևէ բան հայտարարելու, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ ԱՍԱԼԱ-ի կանոնադրության 9 կետերից մեկը նշեմ, որտեղ ասվում է. «Գաղտնի բանակը կլուծարվի, զենքերը վայր կդնի, երբ որ ամբողջ հայրենիքը կազատագրվի և կվերադարձվի հայ ժողովրդինե:

                Կարծում եմ, քանի դեռ  Արևմտյան Հայաստանը գրավված է, ԱՍԱԼԱ-ն մի օր նորից ոտքի կկանգնի և իր մասին կրկին լսել կտա:

Հարցազրույցը վարեց Կարեն Վարդանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...