03:00
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
... Անառիկ բերդապարիսպները ոչինչ էին հայ զինվորի կամքի ու հավատի առաջ։ Նրանց հաղթական մուտքը Շուշի այսուհետ հայի համար ապրելու ու արարելու հրամայականն էին

2013-05-08 15:11

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

 Հարցազրույց Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանի հետ

20 տարի է անցել այն օրհասական և ճակատագրական մարտերից, երբ ազատագրվեց Շուշին։ Շուշեցին շտկել է իր մեջքը, քաղաքը բարեկարգվում է` ձեռք բերելով իր երբեմնի վեհաշուք գեղեցկությունը։

 -Պարո'ն Ավագիմյան, այս երկար ու դժվարին տարիների ընթացքում ի՞նչ խնդիրներ է կարողացել լուծել Շուշին և ի՞նչ անելիքներ ունի դեռ։

 -Քաղաքի վերականգնման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել անցած քսան տարիներին, առավել ակտիվորեն վերջին հինգ տարիներին, երբ իշխանությունների ուշադրությունը սևեռվեց Շուշիի վրա, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն ուղղվեցին քաղաքի վերականգնմանը։ Այս ընթացքում Շուշիում բարեկարգվել են մի շարք փողոցներ. հիմնադրամի միջոցներով բարեկարգվել են Ղազանչեցոց, Հախումյան, Պռոշյան և մի քանի այլ փողոցներ, վերանորոգվել են 12 բազմաբնակարան շենքերի տանիքներ, ընթացքի մեջ են Խ.Աբովյանի անվան դպրոցի կապիտալ վերանորոգումը, մշակույթի պալատի կառուցումը։ Մեծ աշխատանքներ են կատարվել նաև կապիտալ ներդրումների ծրագրով, ընթացքի մեջ են Երևանի ագրարային համալսարանի մասնաճյուղի մասնաշենքի շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն 2013թ.։ Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքի վերականգնումն արդեն ավարտվում է. նախատեսվում Է այս շենքում տեղակայել ԼՂՀ մշակույթի նախարարությունը, որը շուտով կտեղափոխվի Շուշի։ Ընթացքի մեջ Է դատարանի շենքի և պատկերասրահի շինարարությունը։ Անցյալ տարվա վերջին սկսվել Է գիշերօթիկ դպրոցի շինարարությունը, ինչպես նաև ֆրանսիահայ հովանավորների միջոցներով արհեստա-գործական դպրոցի կառուցումը։ Շուշիում այսօր լիովին լուծված է ջրամատակարարման խնդիրը։ Առաջիկայում կսկսվեն Նիկոլ Դումանի փողոցի բարեկարգման աշխատանքները։ Մի քանի փողոցների վերականգնումն Էլ նախատեսվում Է իրականացնել` պահպանելով պատմական տեսքը` սալահատակ։ Ավարտին են մոտենում Շուշիի կենտրոնական գրադարանի վերանորոգման աշխատանքները։

 -Իր պատմամշակութային նշանակությամբ և արժեքով Շուշին հայ իրականության ամենադիտարժան քաղաքներից է, հային մշտապես իր գիրկը կանչող քաղաք։ Ինչպիսի՞ն է այսօր տուրիզմի մակարդակը քաղաքում, պետական մակարդակով տուրիզմի զարգացման ի՞նչ ծրագրեր են իրականացվում։

 -Տուրիզմն այսօր ԼՂՀ գերակա ուղղություններից մեկն է։ Նախորդ տարի բարերարների միջոցներով երկու հյուրանոց է բացվել Շուշիում, իջևանելու խնդիր զբոսաշրջիկն այսօր չունի։ Ընդհանրապես Շուշիի վերականգնման աշխատանքներում չափազանց կարևորվում է նախկին` պատմական տեսքով քաղաքի վերականգնումը։ Նշեմ, որ պատկերասրահի շենքը ևս վերականգնվում է նախկին տեսքով։ Մոսկվացի հայ բարերարների միջոցներով Ղազանչեցոց եկեղեցու շենքը նույնպես վերականգնվում է` պահպանելով պատմական տեսքն ու գեղեցկությունը։ Ճիշտ է` նախկին տեսքով վերականգնումն ավելի մեծ ծախսեր է պահանջում, բայց Շուշին պետք է պահպանի իր դեմքը։ Վերակառուցվել են արևելյան շուկան և բաղնիքը իրենց նախկին տեսքով։ Պետք է ասեմ, որ կան այնպիսի պատմական հուշարձաններ, որոնք վերականգնելն արդեն հնարավոր չէ։ Թեև 20  տարի է անցել Շուշիի ազատագրումից, բայց քաղաքում դեռևս ավերակներ կան։ Նախատեսում ենք դրանց մի մասը պահպանել։ Իհարկե, քանդել-վերացնելը, ավերակներից ազատվելը հեշտ է, բայց հետո մեզ կարող են չներել։ Ավելի մեծ ցանկություն ունենք պահպանելու այդ ամենը, բայց դա մեծ գումարների հետ է կապված։ Մշակութային կենտրոնների, թանգարանների, եկեղեցիների և քաղաքի պատմական տեսքի վերականգնումով, վստահ եմ, Շուշին առավել գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար։ Ամենատարբեր մշակութային միջոցառումները նույնպես Շուշին հետաքրքրական են դարձնում զբոսաշրջիկների համար։ 2011-ին կազմակերպվեց իտալացի քանդակագործների սիմպոզիում, ովքեր 10 օրվա ընթացքում ստեղծած իրենց քանդակները նվիրեցին Շուշիին։ Այս ծրագիրը շարունակական է, և հուսով եմ հետագայում առավել կընդլայնի իր աշխարհագրությունը։

 - Որքա՞ն է բնակչության թիվը Շուշիում, ի՞նչ խնդիրներ ունի այսօր շուշեցին։ Սոցիալական ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։

 -Վերջին 5-6 տարիներին   արձանագրվել է բնակչության և՛ բնական, և՛ մեխանիկական աճ։ 2012-ի դրությամբ Շուշին մոտ 4250 բնակիչ ունի։ Այդ աճը խթանել է զորամասի տեղափոխումը Շուշի, զինծառայողների համար շահագործման է հանձնվել երեք շենք, նրանց մեծ մասը բնակվում է Շուշիում։ Այդ տեղափոխումը նաև աշխատատեղերի ստեղծմանն է խթանել. շուշեցի տղամարդկանցից շատերը ծառայության են մտել այդ զորամասերում։ Հույս ունենք, որ մոտ ապագայում մշակույթի նախարարության, դատարանների, ագրարային համալսարանի, արհեստագործական և գիշերօթիկ դպրոցների շահագործումից հետո բնակչության թիվը նույնպես կավելանա։ Մեծամասամբ կլուծվի գործազրկության խնդիրը, որն այդքան էլ սուր չի։ Գործազրկության մակարդակը ընդհանուր առմամբ ցածր է։ Մտահոգող ամենակարևոր հարցը գործազրկությունն է կանանց շրջանում։

 -Կրթամշակութային և սպորտային դաստիարակության ապահովման համար քաղաքում  արդյոք կա՞ն համապատասխան պայմաններ, կենտրոններ և դպրոցներ։

 -Շուշիում այսօր գործում են 3` մեկ ավագ և երկու հիմնական դպրոց, որոնցից մեկը երաժշտական ուղղվածությամբ։ Գործում է մանկապատանեկան ստեղծագործական զարգացման կենտրոնը, մարզադպրոցը։ Շուշին ունի իր թատրոնը, ու ակտիվ հաճախում են ինչպես տեղացիները, այնպես էլ զբոսաշրջիկները, Շուշին ունի թանգարան, որը նույնպես վերականգնման փուլում է։ Երիտասարդությունը հետաքրքրությամբ և սիրով է ապրում Շուշիում։ Մշակույթի նախարարության, համալսարանների և այլ հոգևոր կենտրոնների տեղափոխումով Շուշի` քաղաքը կվերականգնի իր երբեմնի հոգևոր-մշակութային քաղաքի համբավը։

 -Շուշիում կան նաև մահմեդական հուշարձաններ։ Ի՞նչ ծրագրեր կան այս հուշարձանների հետագա ճակատագրի հետ կապված։

 -Դրանք հիմնականում պարսկական մզկիթներ են, որոնք պահպանվում են։ Համենայն դեպս, ամեն ինչ արվում է դրա համար։ Մենք աշխատանքներ ենք կատարում պահպանման ուղղությամբ, բայց ժամանակն իր գործն անում է։

 -Ինչպե՞ս եք պատկերացնում Շուշին հինգ տարի անց։

-Գեղեցիկ, բարեկարգ մի քաղաք` ավերակներից ազատված, բայց իր նախկին տեսքով, մշակույթի և զբոսաշրջության կենտրոն։

 Շողա' Շուշի, շողա' վերից

Քո անկոտրում ուժով ծնվում ենք մենք նորից...

Շողա' Շուշի` պատիվ հայի,

Պատմության նոր էջ, նոր երգ հաղթանակի...

 Զրույցը վարեց Թեհմինա Արզումանյանը

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...