2013-05-06 11:18
«Դե Ֆակտո» 83 (2013թ.)
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերգեյի փեսան է։
Կնոջ հետ ծանոթացել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը «Եվրոպա» ընկերությունում աշխատում էր որպես շինարար։ Սակայն վերջինս կարողացել է այնպես նվաճել ապագա կնոջ սիրտը, որ ամուսնության առաջին իսկ առաջարկության ժամանակ ստացել է սիրելիի դրական պատասխանը։
Պատգամավորը Slaq.am-ի հետ զրույցում անկեղծորեն ներկայացրեց իր գեղեցիկ սիրո պատմությունը։
-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ և քանի՞ տարի առաջ։
-Կնոջս հետ ծանոթացել եմ հինգ տարի առաջ` 2008թ.։ Ես աշխատում էի «Եվրոպա» ընկերությունում՝ որպես շինարար, իսկ կինս ընկերության սեփականատիրոջ աղջիկն էր։
- Ինչպե՞ս ամուսնության առաջարկ արեցիք։
-Բավական երկար ժամանակ շփվելուց և միմյանց ճանաչելուց հետո արդեն հասունացել էր ամուսնության առաջարկը և հերթական ընթրիքի ժամանակ արեցի առաջարկություն և ստացա դրական պատասխան։
-Արդյո՞ք մինչ ամուսնությունը գնացել եք խենթ քայլերի՝ հանուն Ձեր կնոջ սիրտը գրավելու համար։
-Մեզ մոտ ի սկզբանե ձևավորվեցին ընկերական հարաբերություններ, բայց անշուշտ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, պատրաստ եմ խենթ քայլերի և արարքների։
-Ինչպիսի՞ն էր հարսանեկան խնջույքը և ո՞րն էր այդ օրվա ամենահիշարժան պահը։
-Հարսանեկան խնջույքը անցավ ջերմ միջավայրում։ Հարսանիքը կազմակերպված էր հայկական ավանդույթներին համապատասխան։ Թերևս ամենահիշարժան պահը մեր հարսանեկան առաջին պարն էր։
-Ո՞վ է Ձեր կինը մասնագիտությամբ և ինչո՞վ է զբաղվում այժմ։
-Կինս մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետը։ Ներկայումս չի աշխատում, զբաղվում է մեր երեխայի խնամքով։
- Արդյո՞ք Ձեր ընտանիքը նման է մյուս հայկական ավանդական ընտանիքներին։
-Այսպիսի մի խոսք կա. բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար։ Իմ ընտանիքը ևս դասվում է հայկական ավանդական, երջանիկ ընտանիքների թվին։
-Ունե՞ք ընտանեկան ավանդույթներ, որոնք բնորոշ են Ձեր ընտանիքին։
-Հատուկ տարբերվող ավանդույթներ չունենք, բայց կան սովորույթներ, որոնց հետևում ենք։ Օրինակ միասին ընթրելը, հանգիստը համատեղ կազմակերպելը և այլն։
- Որքա՞ն ժամանակ եք անցկացնում ընտանիքում։
-Աշխատանքի և զբաղվածության պատճառով չեմ կարողանում անցկացնել այնքան, որքան կցանկանայի։
-Արդյո՞ք քաղաքական թեմաները Ձեր ընտանիքում քննարկվուն են։
-Ո՛չ։
-Երեխայի դաստիարակությամբ ինքներդ զբաղվու՞մ եք, թե ոչ։
-Այո, իհարկե։
-Ասում են՝ ընտանիքում մեկը պետք է զանգակ լինի, մյուսը բամբակ, Ձեր ընտանիքում ով ո՞ր դերում է։
-Ինչպես լինում է ավանդական հայկական ընտանիքներում։ Կարևոր հարցերը քննարկում ենք միասին, սակայն վերջնական որոշումը կայացնում եմ ես։
-Ձեր պատկերացմամբ՝ ո՞րն է ամուր և խաղաղ ընտանիք ունենալու գրավականը։
-Փոխհամաձայնության, սիրո և հարգանքի մթնոլորտում ապրելը։
-Ինչպիսի՞ն են զոքանչ-փեսա հարաբերությունները։
-Շատ լավ, ընկերական։
-Ի՞նչ կմաղթեք հայ ընտանիքներին։
-Հայ ընտանիքներին մաղթում եմ բարեկեցիկ, երջանիկ կյանք, և, իհարկե, շատ երեխաներ։
Slaq.am - Լրատվական աղբյուր
Վերադառնալ