04:00
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նորից սպասումներ

2013-05-06 11:14

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

 Նորից ապրիլի 24։ Նորից սպասումներ։ Չգիտես ինչու, Հայոց ցեղասպանության տարելիցի օրը և, միգուցե, այս ամբողջ տարիները մեզանում, կարծես, առաջացրել են սպասումի ու հատկապես արտաքին աշխարհից սպասումի իրավիճակ։ Միշտ մեր հայացքներն ուղղում ենք դուրս, դեպի օտարին, թե ինչ է ասելու ամերիկացին, ռուսը, ֆրանսիացին ու գերմանացին։ Հասկանալի է, ցավ ապրողի համար հարևանների, հարազատների ու բարեկամների կողմից այդ նույն ցավի բարձրաձայնումը և դատապարտումը սփոփանքի պես մի բան է, սակայն, երբ երկար ժամանակ կենտրոնանում ես նույն այդ սպասումների վրա` հաճախ այն դարձնելով գերնպատակ, ստեղծվում է տպավորություն, որ քո միակ նպատակն այդ հարևանների, հարազատների և բարեկամների  եղեռնի ճանաչումն ու դատապարտումն է։ Ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական երևույթ է։ Այն իր ազդեցությունն է թողնում տվյալ ազգի էթնոբնորոշիչ, գրեթե բոլոր հատկանիշերի՝ լեզվի, մշակույթի, հայրենիքի ընդհանուր պատմական հիշողության վրա և դառնում է յուրօրինակ էթնոբնորոշիչ հատկանիշ՝ տվյալ ցեղասպանված ազգի համար։ Շատ կարևոր է ոչ միայն ցեղասպանության ճանաչումը, այլև դրա նյութական և հոգեբանական հետևանքների վերացումը, հատկապես այն ազգի ներսում, որի նկատմամբ այդ ոճրագործությունն իրականացվել է։

Հայոց ցեղասպանության հարցում կարծես սպասումի ևս մեկ նիշ է սահմանվել՝ ցեղասպանության 100-ամյակը։ Ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման գործընթացում արմատական ի՞նչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ 100-ամյա տարելիցին` 2015թ.-ին։ Ներկա գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոնե արտաքին ճանաչման տեսանկյունից կտրուկ փոփոխություններ դժվար է սպասել, մինչդեռ մենք կամա, թե ակամա ուռճացնում ենք 2015-ից մեր սպասումները, ինչը կարող է հիասթափության և հուսահատության առիթ դառնալ։ Ավելին, 100-ամյակի գործոնը մշտապես նշելով, մենք ոչ միայն հայության, այլև ամբողջ աշխարհի մոտ ստեղծում ենք մի հոգեբանական իրավիճակ, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1 դար առաջ։ Իսկ մեկդարյա վաղեմության իրադարձությունների նկատմամբ ձևավորվում է համապատասխան վերաբերմունք և հոգեբանական վիճակ։ Մինչդեռ 2015թ.-ը մենք պետք է համարեինք, միգուցե տարօրինակ հնչի, ցեղասպանության 30-ամյա տարելիցը, քանզի այս 100 տարիների առնվազն 70 տարին հայ ժողովուրդը հայտնի պատճառներով լիարժեք հնարավորություն չի ունեցել բարձրաձայնել այս մասին, այլապես շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հայերը 100 տարի սպասել ու նոր հիմա խոսում են ցեղասպանության մասին։

Պետք է հասկանանք, որ ցեղասպանության հետևանքների վերացման և միջազգային ճանաչման գործընթացը տևական ժամանակ կպահանջի, պետք է հասկանանք, որ այդ հետևանքների վերացման արդյունավետությունն ուղիղ համեմատական է նաև Հայաստանի ներսում կուտակված խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը, պետք հասկանանք, որ քանի դեռ շարունակվում է Հայաստանից արտագաղթը ցեղասպանության հետևանքները դեռևս շարունակվում են։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...