2013-05-04 11:58
«Դե Ֆակտո» 83 (2013թ.)
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը (հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը) իր կնոջն առաջին անգամ հանդիպել է փողոցում։ Հետաքրքիր է, բայց պատգամավորն իր կնոջ սիրտը գրավելու համար որևէ խենթ քայլերի չի գնացել, քանի որ ինչպես ինքն է ասում` այդ մարդկանց կատեգորիային չի պատկանում։ Slaq.am-ի հետ զրույցում պատգամավորը խոսեց իր կնոջ ու ընտանեկան ավանդույթների մասին։
-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ և քանի՞ տարի առաջ։
-Կնոջս առաջին անգամ հանդիպել եմ 2004 թվականին Աբովյան փողոցում, չեմ կարող ասել, որ եղել է սեր առաջին հայացքից, բայց մի բան հստակ էր ինձ համար, նա էր լինելու իմ ապագա կինը։
-Ինչպե՞ս ամուսնության առաջարկ արեցիք։
-Առաջարկություն որպես այդպիսին չի եղել, ամեն ինչ հասկանալի էր առանց դրա։
-Արդյո՞ք մինչ ամուսնությունը գնացել եք խենթ քայլերի` հանուն Ձեր կնոջ սիրտը գրավելու։
-Ո՛չ, ես մարդկանց այդ կատեգորիային չեմ պատկանում։
-Ինչպիսի՞ն էր հարսանեկան խնջույքը և ո՞րն էր այդ օրվա ամենահիշարժան պահը։
-Այդ օրը ազդարարվեց կյանքի նոր փուլը։
-Ո՞վ է Ձեր կինը մասնագիտությամբ և ինչո՞վ է զբաղվում այժմ։
-Կինս լրագրող է, աշխատում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում։
-Արդյո՞ք Ձեր ընտանիքը նման է մյուս հայկական ավանդական ընտանիքներին։
-Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, այնպես էլ ես, ավանդապաշտ եմ։
-Ունե՞ք ընտանեկան ավանդույթներ, որոնք բնորոշ են միայն Ձեր ընտանիքին։
-Կիրակնօրյա ընթրիքին ներկա են ընտանիքիս բոլոր անդամները։
-Որքա՞ն ժանանակ եք անցկացնում ընտանիքում։
-Աշխատանքից ազատ յուրաքանչյուր պահ փորձում եմ անցկացնել ընտանիքիս հետ։
-Արդյո՞ք քաղաքական թեմաները Ձեր ընտանիքում քննարկվում են։
-Օրս առանց այդ էլ հագեցած է քաղաքական թեմաներով իսկ ընտանիքում ստանում եմ լիցքեր հաջորդ նոր քաղաքական օրվա մարտահրավերներին դիմակայելու համար։
-Երեխաների դաստիարակությամբ ինքներդ զբաղվու՞մ եք, թե ոչ։
-Տղամարդու դաստիարակության մեջ պետք է գերիշխի հայրը, իսկ ես երկու տղաների հայր եմ, ինչպես ասվում է «շատերը կարող են տղա ունենալ, բայց քչերը կարող են տղամարդ դաստիարակել»։
-Ասում են` ընտանիքում մեկը պետք է զանգակ լինի, մյուսը բամբակ, Ձեր ընտանիքում ով ո՞ր դերում է։
-Կախված իրավիճակից մեր ընտանիքում դերերը փոխվում են։
-Ձեր պատկերացմամբ` ո՞րն է ամուր և խաղաղ ընտանիք ունենալու գրավականը։
-Այն բոլորը, որն ունի իմ ընտանիքը։
-Ինչպիսի՞ն են զոքանչ-փեսա հարաբերությունները։
-Ընկերական։
-Ի՞նչ կմաղթեք հայ ընտանիքներին։
-Ամուր և կայուն ընտանիքի գրավականը սիրո, խաղաղության և առողջության մշտական, համատեղ առկայությունն է, ինչը և մաղթում եմ հայ ընտանիքներին։
Slaq.am - Լրատվական աղբյուր
Վերադառնալ