23:31
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Միքայել Ոսկանյան և ընկերներ»

2013-05-03 11:14

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Թառ և JAZZ FOLK. հակադրությունների ներդաշնակություն, որից ծնվում է յուրահատուկ գեղեցիկ երաժշտություն

 Երբ պատկերացնում ես թառ երաժշտական գործիքը, առաջինն, ինչ ծագում է մտքումդ ավանդական ագային երաժշտությունն է։ Բայց արդեն մեկ տարի է, ինչ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը Երևանյան տարբեր ակումբներում ու բեմերում կոտրում է բոլոր կարծրատիպերը` ներկայացնելով երաժշտության մի նոր ուղղություն, որը էթնիկ ջազի, ազգայինի և ֆոլկ-ֆյուժն երաժշտության համադրություն է։ Առաջին իսկ ելևէջներից ազգային, արևելյան և ժամանակակից երաժշտության էլեմենտները գերում են ունկնդրին, և համոզվում ես, որ թառը ստեղծված է հենց այս երաժշտության համար… Հակադրությունների ներդաշնակությունը հենց սա է։

 Իսկ երաժշտական տաղանդը բենդի թառահար Միքայել Ոսկանյանի մոտ վառ արտահայտվել է դեռ վաղ մանկությունից։ 5-6 տարեկան հասակում նա արդեն ժողովրդական երգեր էր կատարում մանկական ֆիլհարմոնիայում, որտեղ գործում էր նաև մանկական նվագախումբ։ Հենց այստեղ էլ Միքայելին գերել էր քամանչա երաժշտական գործիքը։ Վերջինիս խնդրանքով ծնողները նրան տարան երաժշտական դպրոց` քամանչայի դասարան ընդունելու նպատակով։ Սակայն ճակատագրի բերումով, թե երջանիկ պատահականությամբ միջանցքի հեռվից Մքայելի ականջին հասան երաժշտության պատառիկներ, որոնց ուղղությամբ գնալով` տղան տեսավ թառը, սիրահարվեց, կապվեց ու այսօր արդեն իր երաժշտությամբ փորձում է ավելի ճանաչելի ու սիրելի դարձնել գործիքը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։

 -Միքայե՛լ, ես գիտեմ, որ ունես երեք մասնագիտություն` ժողովրդական երգիչ, թառահար և արվեստի պատմաբան։ Ինչու՞ գերադասեցիր հենց թառը...

 -Սկզբում ինձ համար թառը զուտ երաժշտական գործիք էր, որին ցանկանում էի տիրապետել, առաջնահերթությունը տալիս էի վոկալին` որպես մասնագիտություն։ Լսում էի ամենատարբեր ժանրերի երաժշտություններ։ Աստիճանաբար սկսեցի ինքս նոր ոճ, նոր մոտեցումներ փնտրել, միքսել և այդ երաժշտությունները նվագել թառի վրա։ 15-16 տարեկանից սկսեցի ինքս երաժշտություններ գրել` նախատեսված հենց թառի համար։ Ստեղծագործելիս ձգտում եմ  առավելապես հարազատ մնալ ազգային երաժշտական ոճին` հիմքն ու արմատները պահպանելով` նոր, հետաքրքիր էլեմենտներ և թարմություն հաղորդել ստեղծագործություններիս։ Բարձրագույն կրթություն ստացել եմ` զուգահեռաբար սովորելով ԵՊՀ-ում և Երևանի Կոմտասի անվան կոնսերվատորիայում։ Մասնագիտությամբ նաև արվեստի պատմաբան եմ, ինչը, կարծում եմ, նույնպես շատ օգնում է։ Մինչ օրս աշխատում եմ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում, թառահար եմ. հենց այստեղ եմ ձևավորվել և կայացել որպես պրոֆեսիոնալ բեմական երաժիշտ, սա հիանալի փորձ է ինձ համար։

 -Ինչպե՞ս ստացվեց, որ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» պրոյեկտը մեկ համերգից վերածվեց սիրված և ճանաչված բենդի։

-Նախ ասեմ, որ մինչ բենդի ստեղծումը` մի քանի տարի առաջ ընկերոջս` Արթուր Հարությունյանի հետ որոշեցինք խումբ ստեղծել. 12 երիտասարդներով` կոնսերվատորիայի տարբեր բաժիններից, ստեղծեցինք Colours of Music խումբը։ Երաժշտությունը ստեղծագործում էինք ինքներս։ Հենց այս շրջանում ես սկսեցի իմ փնտրտուքները ջազ-երաժշտության մեջ ու հասկացա, որ ինձ շատ հոգեհարազատ երաժշտություն է այն, սկսեցի իմ առաջին իմպրովիզները և այլն։ Խումբը գործեց գրեթե երկու տարի, այժմ էլ ժամանակավոր դադարի շրջանում ենք, քանի որ մեր երկրում, ցավոք, մեծ խմբերի համար շատ դժվար է գոյություն պահպանելը։ Դժվարություններ էին լինում փորձերի, համերգների կազմակերպման հետ կապված, տղաները սկսեցին հերթով բանակ գնալ` ծառայության... և այլ խնդիրներ։ Այդ ընթացքում ես արդեն բավականին մեծ թվով ստեղծագործություններ ունեի, որոնք ուզում էի անպայման ներկայացնել հանդիսատեսին։ Ի վերջո որոշեցի համերգով հանդես գալ, ներկայացնել իմ ստեղծագործությունները։ 2012-ի մարտին «Գաֆեսճեան արվեստի կենտրոնում» տեղի ունեցավ իմ առաջին մենահամերգը, և քանի որ ընկերներս օգնում էին, նվագակցում էին ինձ, ուստի և կոչվեց «Միքայել Ոսկանյան և ընկերներ»։ Սա առաջին թառ-մենահամերգն էր, բոլոր ստեղծագործությունները իմ հեղինակայիններն էին։ Համերգը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Մենք զգացինք, որ մեր մատուցած երաժշտությունն ընդունվեց, սիրվեց և չի կարելի սահմանափակվել այս մեկ համերգով։ Ծրագիրը շարունակվեց. նոր համերգներ, նոր հրավերներ, նոր ակումբներ... Աստիճանաբար «Միքայել Ոսկանյան և ընկերները» մեկ համերգից վերածվեց բենդի։ (Ժպտում է)։

 -Ո՞վ է ձեր ունկնդիրը

-Հարցը բավականին բարդ է, միանշանակ ասել չեմ կարող, քանի որ մեր ունկնդիրը ազգային և ժամանակակից երաժշտության սիրահարն է, մեր ունկնդիրը ջազ-ռոք երաժշտության սիրահարն է, մեր ունկնդիրները մարդիկ են, ովքեր սիրում են լավ երաժշտություն, նոր մոտեցումներ` ազգային և ժամանակակից հենքի վրա։ Մեր երաժշտության մեջ յուրաքանչյուր ոք կգտնի իրենը։

 -Եվ ի՞նչ հասցրիք անել այս մեկ տարում։

-Բավականին շատ աշխատանքներ ենք հասցրել իրականացնել նախորդ տարվա ընթացքում. ավելի քան 60 մենահամերգ ենք ունեցել մայրաքաղաքի տարբեր ակումբներում, PUB-երում։ Բեմերը մեզ համար առաջնային չեն, ընդհակառակը, մենք ձգտում ենք ելույթ ունենալ ամենատարբեր բեմերում` հասարակության ավելի լայն շրջանակներին մեր երաժշտությունը հասանելի դարձնելու համար։ Իմ գերնպատակն ի սկզբանե եղել է թառ երաժշտական գործիքը առավել ճանաչված, առավել սիրված, ականջին հարազատ դարձնելը։ Տարվա կարևոր ձեռքբերում եմ համարում VAN Music Awards-ի շրջանակներում ստացած` «Տարվա բենդ» մրցանակը, սա շատ ուրախալի է, քանի որ բացի այն, որ մեզ ճանաչում են, մեզ նաև սիրում և ընդունում են։ Մրցանակը նաև պարտավորեցնող էր, պետք է ավելի շատ աշխատել, ավելի կատարելագործվել, արդարացնել այս մրցանակին արժանի լինելը։ Վերջերս ստացանք նաև միջազգային մրցույթներին մասնակցելու հրավեր։ Խոսքս Նյու Յորքում կայանալիք  միջազգային ջազ փառատոնի մասին է։ Այո՛, մենք մասնակցում ենք փառատոնի ընտրական փուլին, որը տեղի է ունենում համացանցի միջոցով։ Փառատոնը մեկնարկելու է միայն նոյեմբերին։ Քվեարկությունը դեռևս շարունակվում է և հայտնի չէ, թե երբ կավարտվի։ Այս պահին մենք առաջին տեղում ենք։ Այդ պատճառով հիմա ավելի դժվար է։ Ավելի դժվար է պահպանել, քան գրավել առաջին տեղը, քանի որ ակտիվ մրցակցություն է սկսվում։

 Հ.Գ.

 Դե՛, իսկ մենք հաջողություն ենք մաղթում «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդին և վստահ ենք, որ շատ շուտով նրանց շնորհիվ ողջ աշխարհը կվայելի հայ ազգային նվագարանի հիանալի գործիքի` թառի ելևէջները։

 Հարցազրույցը`  Թեհմինա Արզումանյանի

 Բենդը կազմված է 7 երաժիշտներից` Միքայել Ոսկանյան` թառ, Արման Փեշտմալջյան` ստեղնաշարային գործիքներ, Գուրգեն և Մովսես Ղազարյան եղբայրներ` բաս-կիթառ և թմբուկ, Դավիթ Մելքոնյան` սաքսաֆոն, Էդուարդ Հարությունյան` պեկուսսիոնիստ, Վարդան Գաբոյան` կիթառ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...