22:12
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Բժիշկները հոգնել են նրանից, որ իրենց հանցագործ են համարում…

2013-05-02 11:26

«Դե Ֆակտո» 29 (2008թ.)

Հարցազրույց  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն

Սերգեյ Ուռումյանի հետ

-Պարո՛ն Ուռումյան, երկար տարիներ Դուք աշխատում եք այս ոլորտում,  եթե համեմատելու լինեք նախորդ տարիների հետ, գիտության զարգացմանը զուգընթաց`  Ձեր աշխատանքային խնդիրներն ավելացե՞լ են, թե՞ պակասել։

-Զարգացումը զարգացում է,  և պարզ է, որ  այսօր ավելի հետաքրքիր է աշխատել։ Աշխատանքն այսօր ավելի պլանավորված է, քան, օրինակ, մինչև 1998թ. էր։ Մինչև 1998թ. գոյություն պահպանելու խնդիր կար, և այդ խնդիրն առաջին հերթին պետությունն ուներ։ Այսօր արդեն պետությունն այդ խնդիրը չունի և, բնականաբար, առողջապահության համակարգն էլ ինչ-որ իմաստով կայացել է։ Մենք ստացել ենք լայն հնարավորություն ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, հետևել գիտության զարգացմանը, ծանոթանալ եվրոպական, ամերիկյան առողջապահական համակարգերին։ Այսինքն` դուրս ենք եկել սովետական առողջապահական համակարգից։ Ես չեմ ուզում որակել նրան լավ կամ վատ, բայց կյանքը ցույց է տալիս, որ պետք է առաջ գնալ։ Ցանկացած գիտության մեջ, յուրաքանչյուր ոլորտում, եթե դու դոգմատիկ ես, զարգացումը բացառվում է։

1999թ. մենք  հնարավորություն ունեցանք ամերիկյան համալսարանում երկու ամիս անցնելու հիվանդանոցների ղեկավարման, մենեջմենթի վերաբերյալ կատարելագործման ծրագիր։ Մենեջմենթի դերը շատ կարևոր է, առավել ևս` առողջապահական հիմնարկներում։ Ես հասկացա, որ մենեջմենթի ամերիկյան մոդելը շատ կարևոր է ու անհրաժեշտ այն առումով, թե ինչպես ստեղծել աշխատանքային խումբ և ղեկավարել, ինչպես մատուցել ծառայությունները և այլն։ Այնտեղ աշխատանքը համակարգված է, որը հաջողության հասնելու կարևոր գրավական է։ Մենք մեր բուժհիմնարկում նոր բան չենք ստեղծում, այլ աշխատում ենք` հիմնվելով ժամանակակից ձետքբերումների վրա։ Մենք Հայաստանի Հանրապետությունում  երկրորդ տեղն ենք զբաղեցնում ծննդաբերության գծով, իսկ Երևան քաղաքում` առաջին տեղը։ Մենք առաջին տեղում ենք նաև սպասարկման իմաստով, կարող ենք սպասարկել 500 հիվանդի։ Այդ ամենը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունքն է նաև։  Մենք հետազոտման և բուժման համար օգտագործում ենք միջազգային տեխնոլոգիաներ ու մեթոդներ։ Իմպրովիզացիա անելը այս ոլորտում սխալ է, այստեղ պետք է հիմնվել փաստերի վրա, հետազոտման, բուժման ժամանակակից մեթոդների վրա։ Ցավոք, Հայաստանում կոմունիստական մոտեցումն աշխատանքին պահպանվում է։ Այստեղ ընկալման խնդիր կա։ Մենք նույն տնտեսվարող սուբյեկտն ենք, ինչպես գործարանը։ Մենք պետք է տնտեսապես ապահովված լինենք և ցանկալի է, որ շահավետ աշխատենք, որպեսզի նաև զարգացում ապրենք։

-Դուք խոսեցիք տեխնոլոգիաների, շենքային պայմանների մասին, այստեղ կարևոր է նաև կադրերի խնդիրը, մենք ունե՞նք որակյալ կադրեր, որքանո՞վ է մեր կրթական համակարգը ապահովում որակյալ կադրերով։

-Երբ մենք դարձանք անկախ հանրապետություն, մենք կորցրինք այն ինֆորմացիոն դաշտը, որն անվճար ունեինք։ Բոլոր ժամանակակից զարգացումներին այն ժամանակ մենք տեղեկանում էինք։ Մենք հնարավորություն ունեինք լինել արտասահմանում, ծանոթանալ նրանց փորձին, համեմատել` ինչն է լավ, ինչն է վատ։ Հիմա մենք  մնացել ենք ինֆորմացիոն վակուումում։ Ես կարծում եմ, որ այսօր մեր ոլորտում կարևոր է ստեղծել աշխատանքային խումբ, որը ցանկանում է հետևել ժամանակակից գիտության զարգացումներին, անընդհատ կրթական գործընթացում լինել։ Ինձ, բարեբախտաբար, հաջողվեց ստեղծել այդ խումբը։ Դրա արդյունքում` մեր անձնակազմում գերակշռում են երիտասարդ մասնագետները, որոնք հասկացել են, որ առանց մշտական  ինքնակատարելագործման, առանց հետևելու նորագույն զարգացումներին, մենք հետ կմնանք։

-Մենք Եվրոպայում տեսնում ենք, որ բժիշկը ստանում է ամենաբարձր  աշխատավարձերից մեկը և հասարակության կողմից հարգանքը բժշկի հանդեպ շատ բարձր է, մեզանում դա այդքան էլ այդպես չէ, ինչո՞ւ։

-Ես չէի ասի, որ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում բժիշկը մեծ հարգանք է վայելում։ Կարծում եմ` այնտեղ անհատականության զարգացման համար կան բոլոր հնարավորությունները։ Բայց ասեմ, որ այնտեղ, որտեղ կա կանոնավոր աշխատավարձ, այնտեղ մեռնում է  զարգացումը։ Դա օբյեկտիվ իրականությունն է։ Ես չեմ ասում, թե մեր բժիշկները պետք է նույնքան աշխատավարձ ստանան, ինչքան ԱՄՆ-ի բժիշկներն են ստանում։ Բայց գոնե եվրոպականի հետ պետք է համապատասխանի։ Եվրոպական առողջապահությունը բավական հետ է ամերիկյանից։ Սոցիալական խնդիրները, քաղաքականությունը չեն նպաստում այդչափ զարգացմանը։ Նույնիսկ այնպիսի հարուստ երկրները, ինչպիսիք են Նորվեգիան, Անգլիան, ԱՄՆ-նիրենց չեն կարող թույլ տալ ամեն ինչ բոլորի համար անվճար դարձնել։  Բժշկությունը շատ թանկ հաճույք է։

-Հիմա, փաստորեն,  ՀՀ-ում ծննդօգնությունն անվճար է։ Արդյո՞ք դա չի ստիպում, որ ամեն ինչ մնա նույն տեղում և զարգացում չլինի։ Չէ՞ որ ուսանողը, սովորելով և ավարտելով  Բժշկական համալսարանը, հսկայական գումարներ է ծախսում և դժվար թե հարյուր հազար  դրամով համաձայնի աշխատել։

-Բժիշկ լինելու գիտակցումը, պարտքը, ոգեշնչվածությունը նպաստում են գործին նվիրվելուն, բայց կյանքը ցույց է տալիս, որ միայն այս ամենի վրա հիմնվելով` հնարավոր չէ երկար ժամանակ որակ ապահովել։ Մարդը, որն ուզում է աշխատել և հասնել հաջողությունների, բարձր մակարդակի մասնագետ դառնալ, ուզում է նաև գնահատվել նյութական իմաստով։ Մի հրեա լավ է ասել` երբ ստեղծվեցին դրամական նշանները, շնորհակալությունն արդեն կորցրեց իր անհրաժեշտությունը։ Հարցն այն է, որ եթե մարդն ունի առողջ հավակնություններ, նա պետք է նյութապես ապահովված լինի, պետք է ազատված լինի նյութական միջոցերի որոնումից և կենտրոնացած լինի միայն աշխատանքի որակի ապահովման և մասնագիտական որակների հարստացման վրա։ Իհարկե, ես խոսում եմ հայկական շուկայի պայմաններում հնարավորի մասին։ Մենք չենք հավակնում 30-40 հազար դոլարի հասնող աշխատավարձի։ Առողջապահությունը չի կարող մնալ որպես հումանիզիմի օազիս։ Այդպես արդեն եղել է։

-Նորմալ երկրներում պետությունը մասնավորի համար  գործընկեր է, մեզանում նա կարծես հարկահավաք է միայն։ Արդյո՞ք պետությունը Ձեզ համար գործընկեր է, թե՞ միայն ամսվա վերջում  իր հարկերն է հավաքում։  

-Սա շատ արդիական ու հետաքրքիր հարց է։ Առողջապահությունը ոչ ոքի համար ներդրումային իմաստով հետաքրքրություն չի ներկայացնում։ Արտադրության, շինարարության բնագավառները, օրինակ, ներդրումային իմաստով  պետությանը հետաքրքիր են։ Կարծում եմ պատճառներից մեկն այն է, որ ոչ ոք լրջորեն չի զբաղվում առողջապահական ոլորտի էկոնոմիկայով։ Հանրապետության առողջապահական համակարգում  լավ մասնագետները երեսուն-երեսունհինգն են, այսինքն` ամեն ոլորտում երկու-երեք մասնագետ կա, և եթե նրանց լավ չվարձատրենք, կկորցնենք նրանց։ Այդ մարդիկ գիտեն իրենց արժեքը, իրենք գիտեն` ով են։ Եթե հիվանդանոցը ուզում է համարվել նորմալ, պետք է նման մասնագետներին պահի։ 

-Բժիշկները  հավակնոտ  լինո՞ւմ են։

-Շատ կարևոր է, որ բժիշկը նվիրված լինի իր մասնագիտությանը, ունենա  առողջ հավակնություններ։ Մասնագետների 60-70 տոկոսը չունի մեծ հավակնություններ, բավարարվում է այն պայմաններով, որոնք կան, ստանում է նորմալ աշխատավարձ և նվիրվում իր աշխատանքին։ Իսկական բժիշկն ուզում է նորմալ ապրել և նվիրվել իր մասնագիտությանը։ Նա օլիգարխի մտածելակերպ, հոգեբանություն չունի, ինքը բավարարվում է իր ստացածով։ Եթե նա իսկական բժիշկ է, բիզնեսմեն բժիշկ չէ, որոնցից ես ազատվել եմ 15 տարի առաջ, որոնք ուրիշների կյանքի հետ են խաղում, ուզում է պարզապես նորմալ կյանքով ապրել։ Իսկական բժիշկը հասկանում է, որ բժշկությունը բիզնես չէ։ 

Հարցն այն է, որ այսօր, երբ ամեն ինչ բոլորի համար դառնում է անվճար, մենք կրճատում ենք հիվանդանոցի հնարավորությունները, եթե փոխարենը մենք կարող ենք այդ գումարները ուղղել կարիքավորներին, ինչպես ԱՄՆ-ում է։ Այնտեղ հատուկ առանձին ծրագիր կա կարիքավորների, միջին խավի, հաշմանդամների, թոշակառուների և ապահովված մարդկանց համար։  Այնտեղ համարյա 50 տոկոս ֆինանսավորումը պետության կողմից է։ Պետք է այս ամենին նախապատրաստություն լիներ։ Սա ուտոպիստական գաղափար է։

-Լավ, այդ դեպքում  ինչո՞ւ  ընդունեցին այդ օրենքը։

-Սա պոպուլիստական քայլ էր։

-Բայց արդեն իրողություն է այդ համակարգի  գոյությունը։  Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը։ Որակի վրա չի՞ ազդի։

-Իմ կարծիքով` այսօր արվում են առաջին քայլերը, այսօր միտում կա առողջապահական համակարգը զարգացնելու, թեև դեռ այնքան էլ պարզ չէ, թե ինչպես։ Կարծում եմ` ամեն ինչն էլ որակի վրա ազդում է։ Եվ յուրաքանչյուր ծրագիր, որ մենք սկսում ենք, պետք է տնտեսագիտորեն ճիշտ պատրաստված լինի։ Այդ ծրագիրը պետք է ինչպես  տեսականորեն, այնպես էլ գործնականորեն հիմնավորված լինի։ Այն պետք է ունենա օգտագործման ճիշտ ձևեր, որոնք թույլ կտան այս ոլորտին ճիշտ զարգանալ։ Եթե պետությունը չունի այդ փողերը, որ լիարժեքորեն ֆինանսավորի բուժհիմնարկներին, ապա նա պետք է այդ ոլորտը ներդրումային իմաստով հետաքրքիր դարձնի։ Բժիշկները հոգնել են նրանից, որ իրենց հանցագործ են համարում, բժշկությունը  հարգալից վերաբերմունքի արժանի մասնագիտություն է։ Ես իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ իմ բուժհիմնարկի բժիշկները հինգ-վեց տարի է` հիվանդներից գումար չեն վերցնում։ Իրենք ստանում են իրենց վաստակին համապատասխան աշխատավարձ։ Փողն, իհարկե, այնպիսի բան է, որ որքան լինի, էլի քիչ է, բայց, համենայնդեպս,  մեր բուժկենտրոնից ոչ ոք դեռ չի հեռացել։ Մեր բժիշկները քայլում են գլուխները բարձր, այլ ոչ ձեռքները պարզած։

-Իսկ եթե Դուք պարզեք, որ բժիշկը գումար է վերցրել, Ձեր քայլը ո՞րը կլինի։

-Նման բան անելը հենց իրենց շահերից չի բխում, որովհետև իրենք հասկացել են մեր վարած քաղաքականության էությունը։ Հիմա բոլոր լրացուցիչ ծառայությունները վճարովի են։ Այն ժամանակ մոտեցումը բոլորին նույնն էր, և մեր հիվանդները տարբերություն չէին զգում։ Հիմա մենք պետք է արհեստականորեն տարբերություններ ստեղծենք։ Բժիշկներն էլ են ընդունել այս համակարգը, քանի որ պետությունը գնացել է այդ քայլին։

-Որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա բժիշկը, որ գոհ լինի և չմտածի կողմնակի եկամուտի մասին։

-Ինձ այդ հարցը շատ են տալիս։ Բոլորը պետք է վճարվեն` հաշվի առնելով նրանց անհատականությունը, չի կարելի բոլորին միատեսակ մոտեցում ցուցաբերել։ Կարևոր է, թե նա  որքանով է մասնագիտացած իր ոլորտում,  աշխատանքային փորձը, պրոֆեսիոնալ հմտությունները, հիվանդներին մոտեցման ձևը։ Շատ կորևոր է, որ հիվանդը չմտածի, թե ինքը բիզնեսի օբյեկտ է։  Բժիշկը պետք է հասկանա, որ ինքը փաստաբան է իր հիվանդի համար։  Մենք Հայաստանում  բժիշկներ ունենք, որոնք մեկուկես միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, քանի որ  պրոֆեսիոնալ են, ազնիվ, ամեն հիվանդի հետ իր լեզվով են խոսում։ Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր բուժկենտրոնում շատ լինեն նման բժիշկներ, այդ պատճառով էլ  մենք ունենք բժիշկների խումբ, որոնց ուղարկում ենք  արտասահման գիտական կոնֆերանսների մասնակցելու, վերապատրասվելու։

-Ո՞վ է ֆինանսավորում նրանց։

-Ե՛վ մենք, և՛ միջազգային կազմակերպությունները։

-Բժիշկը ներքին ի՞նչ առանձնահատկություններ պետք է ունենա։ Դուք խոսեցիք հիվանդին ճիշտ մոտեցման մասին, բայց չէ՞ որ դա նաև ներքին առանձնահատկություններից է բխում, որպեսզի արհեստական չլինի, որպեսզի հիվանդը հավատա բժշկին։

-Ես կարծում եմ, որ եթե դու ընտրում ես բժշկի մասնագիտությունը, պետք է առաջին հերթին  իմասնաս, որ  քեզ նվիրում ես հիվանդին` անկախ նրանից, թե որքան գումար կաշխատես։ Պետք է հավատարիմ լինես մասնագիտությանդ, ձգտես ինքնակատարելագործման և ամենակարևորը` մտնես հիվանդի հոգեբանական վիճակի մեջ։ Հիվանդն էլ պետք է իմանա, որ իրեն նորմալ հետազոտում են, այլ ոչ թե փոխանցում մեկը մյուսին գումար աշխատելու համար։ Բժիշկը պետք է նաև վստահելի լինի։ Եթե առաջնային նպատակ լինի գումար աշխատելը, հաջողություն ունենալը հնարավոր չէ։

-Ձեր կյանքում ինչպե՞ս է ստացվել, որ ընտրել եք այս մասնագիտությունը։

-Իմ հայրը սովետական բանակի գեներալ էր։ Ես մեծացել եմ զինվորականի ընտանիքում, և ինքս էլ ուզում էի զինվորական բժիշկ դառնալ։ Ես ընդունվեցի Լենինգրադի Կիրովի անվան ինստիտուտը և պատրաստվում էի դառնալ զինվորական բժիշկ, բայց առողջական խնդիրների պատճառող չկարողացա շարունակել կրթությունս, փոխեցի այս ուղղությամբ։

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք, որոնցով առաջնորդվում եք։

-Անպայման լինել ազնիվ և բաց և՛ հաճախորդների, և՛ մտերիմների, և՛ ընկերների հետ միջանձնային փոխհարաբերություններում։ Մարդը պետք է մշտապես կայուն լինի իր հարաբերություններում։ Բժիշկը նաև պետք է հոգեբան լինի ու հասկանա հիվանդի հոգեվիճակն ու հանգստացնի նրան։ Եթե  սկսում ես բեմում խաղալ, բոլորը  միանգամից զգում են։ Մարդը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա և ներդաշնակ լինի իր խղճի և ներաշխարհի հետ։ Մենք ստեղծել ենք այդ ներդաշնակությունը աշխատանքային գործընթացում` հարմարավետություն թե՛ հիվանդների, և  թե՛ բժիշկների համար։

-Հոգեբաններ ունե՞ք։ Դուք կարևորո՞ւմ եք հոգեբանի դերը բժշկական  հաստատությունում։

-Բոլոր հիվանդություններն առաջին հերթին սթրեսներ են։ Մարդը չգիտի, թե իրեն ինչ է պատահել, ինչ է սպասվում, և հոգեբանի աշխատանքն այս գործընթացում շատ կարևոր է։ Հիվանդը պետք է հասկանա, թե իր հետ ինչ է կատարվում, իր վիճակն ինչպես է լինելու։ Դա, իհարկե, միայն հոգեբանի խնդիրը չէ, բժիշկը նույնպես պետք է մեծ դերակատարություն ունենա այդ հարցում։

 

 Հարցազրույց  Սերգեյ Ուռումյանի որդու`  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի հետ

-Ո՞րն է Ձեր բուժկենտրոնի  առանձնահատկությունը։

-Մեր առանձնահատկությունն այն է, որ մենք աշխատում ենք նորագույն տեխնոլոգիաներով, փորձում ենք ժամանակին համընթաց քայլել։ Այդ քայլերից է, օրինակ, մեկ ամսվա ընթացքում երկու-երեք վերապատրաստվող մասնագետ ունենալը։ Մենք շատ մեծ տեղ ենք տալիս երիտասարդ մասնագետներին, որովհետև նրանք դրա կարիքն ավելի ունեն, քան տարեց մասնագետները, որոնք արդեն իրենց տեղն ունեն բժշկական ասպարեզում, նրանց բոլորը ճանաչում են։ Իսկ երիտասարդ մասնագետները ձգտում են ավելիին` փորձում են սովորել նոր մեթոդիկաներ, որպեսզի իրենց տեղը գտնեն։ Բուժկենտրոնում կան երիտասարդ վիրաբույժներ, որոնք «Ջոնսոն-Ջոնսոն» ընկերության հետ համատեղ ծրագրով վերապատրաստվել են, անում են այնպիսի վիրահատություններ, որոնք միակն են այդ գծով Հայաստանում։ Մենք  անում ենք նաև թութքի վիրահատություն, որն արվում է բժշկական հատուկ գործիքի միջոցով` իննսուն տոկոսով թուլացնելով ցավերը։ Մեզ համար ամենալավ գնահատականը հիվանդի` այստեղից գոհ և առողջ դուրս գալն է։  Ամենալավ գովազդը առողջ հաճախորդն է։ 

Ունենք նաև էխո-տեսագրության ապարատ, որը գունավոր եռաչափ պատկերով ցույց է տալիս պտղին։   Այն նաև թույլ է տալիս մի քանի անգամ ավելի վաղ հայտնաբերել երեխայի արատները, տեսնել երեխային շարժման մեջ։ Մենք  ծնողներին տալիս ենք այդ ձայնագրությունը։ Այս ապարատը միակն է տարածաշրջանում։

-Բուժկենտրոնն ի՞նչ զարգացումներ է ապրել։

-Բուժկենտրոնը ժամանակին ծննդատուն և գինեկոլոգիական բաժանմունք է եղել։ Հիմա դրան մեկտեղ` ավելացել են բավականին լայնածավալ ախտորոշման հետազորությունսներ, լաբորատոր բաժանմունք, վիրաբուժական բաժանմունք, որը նաև արդեն իր մասնաճյուղերով բաժանվում է անոթային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի։ Այստեղ կատարվում են ինչպես ավանդական, այնպես էլ լաբորոսկոպիկ մոտ 150- վիրահատություններ, որոնք արդեն իսկ ապացուցում են, որ սա միայն ծննդատուն չէ, այլ իրոք աշխատող, գործող կենտրոն`  իր բժշկական բազմակողմանի ծառայություններով։ Մեր բժշկական կենտրոնը բավական լայն ճանաչում ունի, որով մենք հպարտանում ենք։ Անցյալ տարի ունեցել ենք մոտ երկու հազար չորս հարյուր ծնունդ, որն ամբողջ հանրապետության իմաստով ամենաբարձր ցուցանիշն է։ Այս տարի արդեն կա 10-15 տոկոս աճ, որն ապացուցում է մեր  աշխատանքի արդյունավետությունը։

-Դուք  նույնպես բժի՞շկ եք։

-Ես  մասնագիտությամբ բժիշկ չեմ, տնտեսագետ եմ, մեկ տարի հետո կպաշտպանեմ։ Իմ թեման վերաբերում է բժշկական հաստատությունններին։ Ես իմ գիտելիքներով, հայրիկն իր բժշկի մոտեցմամբ աշխատանքում լրացնում ենք միմյանց։ Ես շատ բան եմ սովորել նրանից, մեծ դպրոց եմ անցել։

-Հայրիկի մասին կպատմե՞ք։ Ինպիսի՞ն է նա աշխատանքում, ընտանիքում։    

-Ինձ համար նրա հետ աշխատելը շատ հեշտ է, նրա մեջ վստահություն  կա աշխատանքի նկատմամբ, իրեն նայելով` ինչքան էլ  կասկածներ ունենաս,  վստահ կարող ես առաջ գնալ։ Ընտանիքում աշխատանքը կապ չունի, ինքը լիովին ընտանեկան իրավիճակի մեջ է մտնում։ Բայց միշտ ղեկավարի դերը կա, ղեկավարի շունչը ընտանիքում էլ կա։ Շատ է սիրում  իր թոռնիկներին, նրանց համար հատուկ ժամանակ է հատկացնում։ Նա ընտանիքի մարդ է, ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է ընտանիքի հետ։ Նա,  բացի լավ բժշկից, դարձել է նաև հիանալի կառավարիչ, դրա մասին են վկայում այն արդյունքները, որոնց նա հասել է այս փոքրիկ բուժհիմնարկում։ Նա նաև  ունի սառը դատողություն։ Ես դժվարությամբ կարող եմ հիշել դեպք, երբ նա որոշում է կայացրել, որը հետագայում իրեն չի արդարացրել։ Իսկ որպես ընկեր, խորհրդատու, նա ինձ համար անփոխարինելի է։ Մեր հարաբերությունները միշտ եղել են ընկերական, ինձ որպես մեծի է վերաբերել դեռ փոքրուց, և ես ոչ մի գաղտնիք չեմ ունեցել իրենից։  Նա իմ առաջին ընկերն է ցանկացած պարագայում` լինեմ սխա՞լ, թե՞ ճիշտ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...