02:59
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
60 ՏԱՐԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

2013-04-29 11:09

Դե Ֆակտո 78 (2012թ.)

«Կիլիկիա» … երբ կայացած բրենդն ինքն իր մասին խոսում է:  

60 տարիների վաստակաշատ ուղի,  փորձություններին դիմակայելու և առաջ նայելու ամուր կամք ու արժանի տեղ հայաստանյան սննդարդյունաբերության ոլորտում՝ խոսքը Հայաստանում ամենահեղինակավոր բիզնես կառույցներից մեկի՝  «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի մասին է: Ձեռնարկության  60-ամյա գործունեության ամենաակնառու ձեռքբերումը, անշուշտ, «Կիլիկիա» ապրանքանիշն է, որն այսօր Հայաստանում ամենաճանաչված և պահանջված բրենդներից մեկն է:

Յուրաքանչյուր բիզնես հավակնում է հասնել իր ապրանքանիշի առավել լայն ճանաչմանը: «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, սեփականաշնորհումից և «Կիլիկիա» ապրանքանիշի ստեղծվելուց հետո, իսկ դա 1997թվականն էր, հաջողվեց հասնել նման արդյունքի, նախևառաջ՝ արտադրանքի բարձր որակի, և երկրորդ՝ շուկայում ընկերության կողմից իրականացվող նպատակաուղղված և արդյունավետ բիզնես-ռազմավարության շնորհիվ:

Երևանի գարեջրի գործարանը, հատկապես վերջին 10-15 տարիների ընթացքում ունենալով զգալի հաջողություններ շուկայում, կարողացավ պահպանել իր առաջատարի դիրքերը և ունեցած ռեսուրսները նպատակային օգտագործել: Խոսքը ներդրումների մասին է, որոնց արդյունքում գործարանը էապես վերակառուցվեց և արդիականացվեց` հանրությանը  ներկայանալով բոլորովին նոր նկարագրով: Այժմյան գործարանը նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից արտադրություն է:

«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի արտադրատեսակների արժանի տեղն ու բարձր որակը շուկայում ևս մեկ անգամ ընդգծվեց ու ապացուցվեց 2012թ. «Համազգային վստահություն» մրցանակաբաշխությանը, որում  «Կիլիկիա» գարեջուրն արժանացավ «Տարվա լավագույն գարեջուր», «Երևան» գարեջուրը՝ «Տարվա հայտնություն» և «Արևա» հյութերը՝ «Լավագույն էկոլոգիապես մաքուր մանկական հյութ» մրցանակներին: «Կիլիկիա» գարեջրի բարձր որակի խոսուն վկայությունն են նաև միջազգային հեղինակավոր մրցույթներում, տոնավաճառներում շահած «Գրան-պրի»-ները, ոսկե մեդալները, հատուկ մրցանակներն ու պատվոգրերը:

«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի հիմնադիրներն իրենց գործի իսկական նվիրյալներ են: Պատահական չէ, ձեռնարկությունը այն եզակի կառույցներից է, որը տարիներ շարունակ կայուն  զարգացման ուղով շարժվում է առաջ՝ հավատարիմ իր որդեգրած փիլիսոփայությանը, մշտապես գոհացնելով և ուրախացնելով սպառողներին իր նոր արտադրատեսակներով ու հեռանկարային ծրագրերով: 

 Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի լրանում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի և հիմնադիրներից մեկի՝ Աշոտ Բաղդասարյանի 60-ամյակը: Ընկերության գործունեության, հաջողությունների, ձեռքբերումների մասին առավել մանրամասն՝ Աշոտ Բաղդասարյանի հետ հարցազրույցում:

 Գարեջրագործությունը ավելի շատ կոչում է, քան մասնագիտություն

 Աշոտ Բաղդասարյան,  «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն

Պատահական չէ, որ «Կիլիկիա» ասելիս, միանգամից որոշակի պատկերացումներ են առաջանում, որոնցից ամենաբնութագրականը որակի չափանիշ լինելն է:

-Պարո՛ն Բաղդասարյան, նախ շնորհավորում ենք «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի և Ձեր 60-ամյակի, ինչպես նաև «Համազգային վստահություն» մրցանակաբաշխությանն արժանացած մրցանակների առթիվ՝ ցանկանալով կայուն զարգացման շարունակական ուղի:

Հետադարձ հայացք գցելով՝ ինչպիսի՞ զգացողություններ ունեք, ի՞նչն եք առանձնացնում որպես ձեռքբերում:

-Շնորհակալություն շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Տարին իսկապես հոբելյանական է մեզ համար:

Որպես մարդ, ում 60 տարին է լրանում, հետաքրքիր իրողություն արձանագրեցի. նախկին հոբելյանները նշելիս մշտապես առաջ էի նայում, իսկ ահա երբ լրանում է  60-ս, ակամա հետ եմ նայում` գնահատելու և արժևորելու այն ժամանակն ու այն ուղին, որով անցել եմ. ինչ եմ հասցրել անել, ինչ` ոչ, ինչ հետք եմ թողել, արդյո՞ք հաջողվել է  մնայուն արժեք ստեղծել…

Կարծում եմ՝ ինչ-որ բան հաջողվել է անել: Նկատի ունեմ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն, որի ներկայիս ձեռքբերումներն իմ և գործընկերոջս` Հակոբ Հակոբյանի երկար տարիների աշխատանքի, գործադրած ջանքերի, դրսևորած համառության ու կայուն սկզբունքների արդյունքն են:

Երևանի գարեջրի գործարանի սեփականաշնորհումից հետո  ինձ համար առաջին ամենաուրախալի նորությունը և ձեռքբերումը 1998թ. հոկտեմբերի 15-ին «Կիլիկիա» գարեջրի առաջին արտահանումն էր, որը մեզ հաջողվեց կազմակերպել: Հիշում եմ՝ մասնակցում էի Ստամբուլում կազմակեպված կոնֆերանսին‚ երբ ինձ զանգահարեցին ու հաղորդեցին, որ գարեջրի առաջին շիշն ուղարկվել է ԱՄՆ: Շատ հպարտ էինք բոլորս: Դա իրոք լուրջ իրադարձություն էր, քանի որ միայն հեռավոր ապագայում էինք տեսնում հայկական գարեջրի արտահանումը արտերկրներ: Դա սկիզբն էր, որից հետո  մեր առջև դրվող խնդիրներն անընդհատ բարդացնելով՝ հասանք 2012թ.: Ու այսօր ես իրոք հպարտ եմ այն ամենով, ինչ ստեղծել ենք:

«Արևա» հյութերը հավաստագրվել են որպես մանկական սնունդ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: Դրանք թողարկվում են 0,25լ ապակե շշերով, աչքի են ընկնում իրենց  ինքնատիպ ձևավորմամբ և սիրված են մանուկների կողմից:

-Ի՞նչ առանցքային ժամանակահատվածներ կնշեք, որոնք հիշարժան են ու ձեռքբերումներով լի:

-Գիտեք՝ Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ.  դարձել է բաժնետիրական ընկերություն, որից հետո թռիչքային փոփոխություններով զարգացում ապրել, աճել իր տարածքով, արտադրանքի ծավալներով: Ես գործարանում էի աշխատում, երբ 1987թ. ընտրվեցի տնօրեն (ի դեպ՝ ես առաջին ընտրված տնօրենն եմ): Այն մասնավորեցնելուց հետո ներգրավեցինք զգալի վարկային ռեսուրսներ, ներդրեցինք նոր տեխնոլոգիաներ և այդ շարունակական զարգացման արդյունքում՝ այսօր արտադրում ենք բարձրորակ գարեջուր, որը լիովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: 

Պետք է նշեմ, որ 2001թ. ընկերությունում ներդրվել և հավաստագրվել են որակի կառավարման ISO: 9000 շարքի միջազգային ստանդարտները, ինչը կարևոր նշանակություն է ունեցել ընկերության կառավարման համակարգի կատարելագործման, արտադրանքի որակի բարելավման, ներքին և արտաքին շուկաներում նրա վարկանիշի և մրցունակության բարձրացման գործում:

2001թ. սկսեցինք թողարկել նաև բարձրորակ բնական հյութեր, նեկտարներ (ՙԿիլիկիա՚, այնուհետև՝ «Արևա»), մուրաբաների լայն տեսականի, ավելի քան 10 տեսակ գազավորված զովացուցիչ ըմպելիքներ, ինչպես նաև հանքային ջուր` «Լուզինյան»: Ի դեպ՝ հյութերը, նեկտարները, որոնք, բացառությամբ ցիտրուսայինների, պատրաստվում են միմիայն Հայաստանի անուշահամ մրգերից, արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Սինգապուր, Մալայզիա, Նոր Զելանդիա:   

2004թ. սկսած՝  «Կիլիկիա»-ն գարեջրի ներքին սպառման շուկայի անփոփոխ առաջատարն է, իսկ իրացման ծավալների աճի ցուցանիշերը վկայում են այն մասին, որ տարեցտարի աճում է «Կիլիկիա»-ի երկրպագուների թիվը:

-Ինչպե՞ս  ծնվեց «Կիլիկիա» ապրանքանիշի  գաղափարը:

-Ապրանքանիշի անվան ընտրության հետ կապված` մենք մոտ հինգ ամիս փնտրտուքի մեջ էինք: Ուզում էինք ընտրել այնպիսի անվանում, որը կհամապատասխաներ կայացած բրենդի մասին ունեցած մեր պատկերացումներին: Կիլիկիա հնարավոր անվանումը առաջին հերթին մեզ հուշեց Կիլիկիա թաղամասը, որտեղ կառուցված է գործարանը, բայց դա բավական չէր վերջնական որոշում կայացնելու համար: ՈՒսումնասիրեցինք Կիլիկիա պետության պատմությունը և հասկացանք, որ անդրադառնալու շատ հարուստ դաշտ ունենք: Մեզ համար շատ սիրելի էր նաև ՙԿիլիկիա՚ երգը, որը մեր առաջին միջոցառումներից մեկի ժամանակ հրաշալի կատարեց տաղանդավոր երգչուհի Զարուհի Բաբայանը:

Մեծ հովանավորչական ծրագիր ենք իրականացրել նաև  «Կիլիկիա» նավի ստեղծման և նավարկության նախագծի իրականացման հարցում:  Կարծում եմ շատերը  անմոռանալի պահեր ապրեցին և մեծ տպավորություն ստացան անմիջականորեն տեսնելով «Կիլիկիա» նավը Հանրապետության հրապարակում` գործարանի 50 ամյակին նվիրված  միջոցառման ժամանակ:

 Մենք նաև աջակցեցինք, որ նավը ունենա բոլոր տեխնիկական հնարավորությունները ծով դուրս գալու և իրականացնելու իր պատմական ճամփորդության առաքելությունը:

-Հետաքրքիր է իմանալ՝ ո՞րն է բարձրակարգ գարեջուր ստանալու և բրենդի կայացման գաղտնիքը:

-Լավ գարեջուր ստանալու համար բավարար չէ ունենալ միայն որակյալ մասնագետներ, բարձրորակ հումք և արդիական սարքավորումներ: Գարեջուրն այն խմիչքների թվին է պատկանում, որի արտադրությունը պայմանավորված է մի շարք առանձնահատկություններով ու նրբություններով: Այն պահանջում է արտադրողի կողմից մեծ նվիրում, ինչպես ասում են, պետք է հոգի դնես այդ գործում ցանկալի արդյունքի հասնելու համար: Եվ, թերևս, այդ իմաստով գարեջրագործությունը որոշակի առումով ավելի շատ կոչում է, քան մասնագիտություն:

Մենք այս տարիների ընթացքում պարզապես ձգտել ենք նվիրված և պրոֆեսիոնալ աշխատել՝ նայելով առաջ, նորացնելով ու ընդլայնելով մեր առջև դրված խնդիրները: Մեր նպատակն է եղել ստեղծել  որակյալ արտադրանք, որակի չափանիշ համարվող բրենդ:

-Եվ դա ձեզ հաջողվել է:

-Կհամաձայնեմ Ձեզ հետ, քանի որ այդ մասին են վկայում մի շարք գործոններ` ներքին և արտաքին սպառումը, մրցանակները, բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները, որոնք մենք պարբերաբար  անցկացնում ենք հասկանալու սպառողի կարծիքը մեր արտադրանքի նկատմամբ: Վերջին հարցմանը մասնակցում էին մոտ հազար մարդ, որոնց հարցրել էին, թե ինչ են հասկանում Կիլիկիա ասելիս: Նրանց գերակշիռ մեծամասնությունը պատասխանել էր՝ գարեջուր:

-Ո՞րն է այն փիլիսոփայությունը, որով մշտապես առաջնորդվել եք:

-Կարգախոսը եղել է՝ ունենալ ապրանքատեսակ՝ նմանի մեջ լավագույնը: Մեր առջև դրված այդ խնդիրը մշտապես ստիպել է այն լուծելու ճանապարհներ գտնել և հասնել ցանկալի արդյունքի: Փորձել ենք ընտրել ամենառացիոնալ ճանապարհը, ինչը, իմ կարծիքով, ստացվել է:

-Ինչպե՞ս է հաջողվել պահպանել արտադրանքի որակը:

-Դրան նպատակաուղղված են որակի վերահսկման այն համակարգերը, որոնք գոյություն ունեն թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում:

Գնալով որակի նկատմամբ պահանջներն ավելի խստանում և բարձրանում են: Դա ISO համակարգի ներդրումն է, որը մեզ մոտ իրականացվել է և  ժամանակին համընթաց փոփոխվում ու ավելի խիստ պահանջներ է առաջադրում: Աշխատում ենք մեր արտադրանքը համապատասխանեցնել ավելի բարձր պահանջների:

-Դուք մասնագետների ընտրության հարցում խնդիրների առջև կանգնե՞լ եք:

-Սկզբնական շրջանում  փորձեցի մասնագետներ հրավիրել Ռուսաստանից, քանի որ այնտեղի համապատասխան բուհերում կային գարեջրագործության լավ ամբիոններ, մասնավորապես՝ Մոսկվայում, Վորոնեժում, Սանկտ Պետերբուրգում: Բայց այդ ժամանակ նոր էր ավարտվել ղարաբաղյան պատերազմը և որպես պատերազմող երկիր՝ մերժեցին մեր հրավերը:

Որոշեցինք մասնագետներ ուղարկել  վերապատրաստման, մասնագիտական հմտություններ ձեռք բերելու այդ ոլորտի առաջատար համալսարաններում: Այսօր մենք ունենք գիտական թեզ պաշտպանած 11 աշխատակից՝ արտադրամասի պետը, տեխնոլոգը, գլխավոր գարեջրագործը և այլոք: Մեր գլխավոր գարեջրագործի տեղակալը սովորում է դոկտորանտուրայում, հոդվածներ է հրապարակում ռուսական մասնագիտական մամուլում, որոնք մենք  կարդում ու հպարտանում ենք:

-Այսօր «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն խոշոր արտահանողների շարքին է պատկանում: Ձեզ գոհացնո՞ւմ են Հայաստանում արտահանողի համար ստեղծված պայմանները:

-Կարծում եմ՝ այսօր Հայաստանի Հանրապետության գերխնդիրներից են աշխատատեղերի ստեղծումն ու  արտահանումը: Հայաստանում գարեջրի արտադրանքի ողջ ծավալի 50 տոկոսը և ՀՀ-ից արտահանված գարեջրի ծավալի 80 տոկոսը պատկանում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին: Հայաստանում արտահանողին աջակցելու և արտահանման ծավալները խթանելու որոշակի քայլեր արված են, բայց ես կարծում եմ, որ  արտահանողի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի: Միայն արտահանվող ապրանքը հարկերից ազատելը բավարար չէ: Անգամ Խորհրդային Միության տարիներին, որը փակ երկիր էր, փակ տնտեսություն, արտահանողի նկատմամբ հատուկ վերաբերմունք կար, որը նաև բարոյական կողմ ուներ: Արտահանողն իրեն հպարտ էր զգում և ոգևորվում էր պետական հովանավորությամբ:

Առավել ևս այսօր, երբ արտահանումն առանց պետական աջակցության անհնարին է դարձել: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ խոշոր ընկերություններն առանց պետական աջակցության աշխարհի շուկաներ մտնել չեն կարողանում: Պետական աջակցությունը կարող է դրսևորվել, օրինակ, ՙէժան՚ վարկային ռեսուրսների ներգրավմամբ, քանի որ արտահանում իրականացնելիս շրջանառու միջոցների ծավալների ավելացման խնդիր կա: Շատ երկրների բանկեր իրականացնում են հատուկ արտահանման վարկավորում: Արտահանմանը խթանելու համար գոյություն ունի նաև պետական ապահովագրություն հասկացությունը:

Շատ ավելի արդյունավետ է, երբ  պետությունն իր վարչական ապարատով՝ դեսպանատներով, հատուկ գործակալությունների միջոցով աջակցում է տեղական արտադրողին` խթանելով տեղական արտադրատեսակների ճանաչմանն ու տարածմանը տարբեր երկրներում: Այդպիսի հաջողված փորձ ունի, օրինակ,  Ֆինլանդիան: 

Պետությունը նաև իր բիզնես մթնոլորտով պետք է նպաստի արտադրությունների վերազինմանը: Արտահանումը, առանց մեծածավալ որակյալ ապրանքի, անհնար է պատկերացնել: Իսկ որակյալ արտադրանք  հնարավոր է ունենալ միայն նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ, նոր սարքավորումների ձեռք բերմամբ, այս դեպքում պետք է վերանայել սարքավորումների ներկրման նկատմամբ կիրառվող հարկային օրենսդրությունը:

Եվ, վերջապես, Հայաստանը պետք է ճանաչելի լինի իր արտադրատեսակներով ողջ աշխարհում, ինչում ևս մեծ է պետության դերը:

Մենք ոգևորվող, հուզական ազգ ենք և մի փոքրիկ աջակցությունը կարող է խթան դառնալ, որ ավելի մեծ թվով մարդիկ ներգրավվեն ներդրումային ծրագրերի իրականացման, տեղական արտադրություն հիմնելու և իրենց արտադրանքն  արտահանելու գործում:

-Քանի՞ աշխատատեղ է ստեղծվել մինչև այսօր:

-Մասնավորեցման ժամանակ մենք 140 աշխատող ունեինք: Ընկերության զարգացման հետ մեկտեղ՝ վերջին տասը տարիների ընթացքում գրեթե քառապատկվել են աշխատատեղերը՝ 140-ից հասնելով 590-ի, իսկ աշխատակիցների աշխատավարձի միջին մակարդակը աճել է ավելի քան 4 անգամ: Սեզոնի ժամանակ աշխատատեղերի քանակը տատանվում է  590-650-ի միջև:

Սպառողների անընդհատ աճող պահանջները բավարարելու և մրցակցային դաշտում դիրքերը ամրապնդելու նպատակով «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն շարունակում է հետևողականորեն զարգացնել ձեռքբերված արդյունքները: Այդպիսի ծրագիր է գարեջրի հումքի ապահովման տեղական բազա ստեղծելու համար Գյումրիում ածիկի գործարանի կառուցումը:

-Ամեն տարի Ձեր ընկերությունը ներկայանում է նոր արտադրատեսակներով, ի՞նչ նորություններ են սպասվում:

-Այո՛, նոր նախագծերով հարուստ ենք: Այդպիսին է մեր աշխատանքը: Գարեջրի հետ կապված՝ փորձում ենք ընդլայնել արտահանման շուկաները և մեր առջև խնդիր ենք դնում  մեր արտադրանքը ներկայացնել այն երկրներում, որտեղ դեռ չի հաջողվել մուտք գործել: Արտաքին շուկան յուրաքանչյուր արտադրողի համար խիստ կարևոր ռազմավարական նշանակության խնդիր է՝ իրացման նոր շուկաների հայտնաբերման, արտահանման ծավալների մեծացման առումով: Այն օգնում է  ավելի արդյունավետ օգտագործել հնարավորությունները, խուսափել չարդարացված ծախսերից և ապահովել կայուն տնտեսական ցուցանիշեր: Դա մեր ամենօրյա ծանր, բայց սիրելի աշխատանքն է:  Այժմ բանակցություններ են ընթանում հայտնի ֆրանսիական առևտրային Carefure  ընկերության հետ, որը  Լեհաստանում ներկայացված է 41 սուպերմարկետների ցանցով, և հուսով ենք շուտով մեր արտադրանքի  առաջին խմբաքանակը կներկայացվի  Carefure-ի սուպերմարկետների ցանցում:

Ընկերության առաջիկա ծրագրերը ոչ միայն ՓԲԸ-ի, այլ նաև Հայաստանի տնտեսության և ազգաբնակչության համար կարևոր նշանակություն ունեն: Այդպիսի ծրագիր է գարեջրի հումքի ապահովման տեղական բազա ստեղծելու համար Գյումրիում ածիկի գործարանի կառուցումը: Դա ևս հպարտությամբ եմ ասում, քանի որ  Գյումրիում գործարան կառուցելն այսօր գուցե ավելի կարևոր խնդիր է, քան բնակարանաշինությունը, քանի որ այսօր ազգաբնակչությունն  իր տունը, ընտանիքը պահելու խնդիր ունի, արտագաղթի ծավալների մեծացման վտանգի առջև ենք կանգնած:

Նախատեսվում է արտադրել տարեկան շուրջ 18 հազար տոննա բարձրորակ ածիկ, որի մոտ 70 տոկոսը արտահանվելու է արտերկրներ: Արտադրությունը ժամանակակից տեխնոլոգիաներով և բարձրակարգ սարքավորումներով ապահովելու համար ընկերությունը ներգրավել է 2,1 մլն. եվրո վարկային միջոցներ: Գործարանի շահագործումը հնարավորություն կտա գյուղատնտեսական սեզոնի ընթացքում աշխատանքով ապահովել շուրջ 800 գյուղացու, իսկ բուն ածիկի գործարանում կբացվի 200-250 աշխատատեղ:

Մենք Եվրոպայից բերել ենք լավագույն գարու սերմացուներ, որոնք կարող են ծառայել բարձրորակ ածիկ պատրաստելու գործընթացի կազմակերպմանը: Հինգ տարի փորձարկելուց հետո ստացել ենք այն տեսակները, որոնք պետք է աճեցվեն Հայաստանում: Երկու արտադրամաս է լինելու, որոնցից մեկը պատրաստ է, մյուսը կառուցվում է: Կառույցը բավականին գեղեցիկ է, կառուցված է Գյումրիի հենց մուտքի մոտ ու բավականին բարձր շինություն է: Գյումրիում ամենաբարձր շենքն է:

2013թ. վերջին արդեն աշխատանքներն ավարտին կմոտենան:

-Ի՞նչ եք կարծում, արտադրվող ածիկը նույնպե՞ս կդառնա որակի չափանիշ:

-Պետք է ասեմ, որ սա Հարավային Կովկասում նախադեպը չունեցող գործարան է, որտեղ ներդրված են լավագույն տեխնոլոգիաներ: Վստահ եմ, որ ինչպես մեր գարեջուրը, ածիկը ևս լավագույնն է լինելու:

-Հումքը ներկրում եք, կգա՞ ժամանակ, որ տեղական հումքով կաշխատեք:

-Երբ խոսում էի աշխատատեղերի մասին, նաև այս խնդիրը նկատի ունեի. անուղղակի ձևով մենք խթանում ենք, որ գյուղացիները, ֆերմերները զբաղվեն գարու մշակությամբ:        Այսինքն՝ աստիճանաբար գյուղատնտեսությունը կներքաշվի այս գործընթացի մեջ և բավականին մեծ տարածություններ գրավող մեր չմշակվող ցանքատարածությունները կսկսեն մշակվել և բերք տալ:

- Ձեզ համար ինչպիսի՞ արժեք է «Երևանի գարեջուր»  ՓԲԸ-ն:

-Ձեռնարկությունն իմ կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն եմ համարում: Իմ լավագույն տարիներն եմ անցկացրել այդ գործի կայացման  ճանապարհին: 

-Պարո՛ն Բաղդասարյան, մի քանի հարց էլ Ձեր անձի մասին: Հետաքրքիր է` ի՞նչն է, որ կյանքում չեք ընդունում և չեք ներում:

- Կեղծն ու սուտը: Ինձ համար դրանք են ամենատգեղ ու անընդունելի երևույթները:  Մանկությունից չեմ սիրել ու չեմ սիրում կեղծավոր մարդկանց:

Ինձ համար շատ կարևոր և բարձր արժեք է նաև պրոֆեսիոնալիզմը, ինչը մեր երկրին այսօր բավականաչափ պակասում է, բայց որը կարևոր  գրավական է երկրի զարգացման համար:

-Որքանո՞վ է  Ձեզ հաջողվում ժամանակ հատկացնել նաև ընտանիքին:

-Ցավոք, քիչ ժամանակ եմ հատկացնում ընտանիքիս: Անընդհատ ձգտում եմ, որ այդպես չլինի, բայց դեռևս չի ստացվում: Դա էլ մարդկային տեսակի խնդիր է: Այդպիսի հիվանդություն կա՝ մոլի աշխատասեր: Միայն ես չեմ այդպիսին: Ես կուզենայի, որ մի օր մենք աշխատենք ապրելու համար, այլ ոչ հակառակը. այսօր հակառակն է միայն ստացվում:

-Պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին:

-Ունեմ գեղեցիկ ընտանիք, հրաշալի թոռնիկներ, ովքեր արդեն մի քանի լեզուների են տիրապետում: Կուզենայի նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Նրանք են մեր վաղվա սերունդը և շատ կարևոր է այն հարցը, թե ինչ ենք նրանց թողնում: Ցավոք,  շատ լավ բան չեմ կարող ասել այդ  առումով, բայց  հուսադրողն այն է, որ մեր վաղվա սերնդի մեջ  փայլուն երեխաներ կան, ովքեր ունակ են ստեղծելու, արարելու իրենց երկրի համար: Ընդհանրապես այս հարցն ինձ շատ է մտահոգում: Բուհերի դասախոսների, ղեկավարների հետ զրուցելիս հաճախ եմ անդրադառնում դրան: Հետաքրքիրն այն է, որ բոլորն էլ հանգում են միևնույն կարծիքին.   ուսանողության մի փոքր մասը, մոտ 5-10 տոկոսը հրաշալի երեխաներ են, ում կարելի է վստահել երկրի ապագան: 

-Ինչի՞ մասին եք այսօր երազում:

-Երազում եմ, որ  մեր հաջորդ սերունդները, ավելի լավ ապրեն, ավելի մեծ հնարավորություններ ունենան և  ավելի ազատ ու համարձակ լինեն,  քան մենք ենք եղել:

Միայն ազատ մարդը կարող է արարել:

 Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...