18:53
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հող չտալու արվեստը

2013-04-26 12:37

 «Դե Ֆակտո» 12 (2007թ.)

     1996թ. վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն մի օր գնացինք Կարս` ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա։ Ինչպես հին ու մոռացված ժամանակներում Գյումրիով անցանք սահմանը, և մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով և առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին և իր տունը գետափին` շինված անտաշ քարով։ Մեր ուշադրությունը այնքան սևեռ էր, տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության և ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ` մի բաժակ թեյի։ Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արևմտահայերեն և փորձում մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել։ Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած մեկուսի ծխում էի` հետևելով երկուստեք քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը և ինձ հրավիրեց դուրս։ Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը և շինարարությունից առաջացած սևահողի հսկայական բլուր և ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանի, շաղ տա իր պապի գերեզմանին. Պապը ծնունդով Կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս։ Ես կատակեցի` այ տղա հող ասելով երևի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, և իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք։ Ոստիկանները ուշադիր լսեցին և ասացին.«Ո՛չ, հող չի կարելի տանել։ Մի քիչ հետո կմտնեք Կարս։ Խանութներում ամեն ինչ կա, գնեք ինչ ուզում եք»։ Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…  

  Պատվիրակությունը ճանապարհելուց հետո մենք եղանք Կարսում, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը։ Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք ու երբ շատ խմեցինք, մեզ ուղեկցողներին թույլ տվեցին տեսնել Անին…Եվ երբ արդեն վերադառնում էինք, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող վարորդին, որը թուրքերեն գիտեր։ Հարցրի` ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո ասաց` ասում է մեքենաների անիվների ցեխ է կպել, դա կարող ես տանել պապիդ գերեզմանին շաղ տալ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...