23:35
11/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գրիգոր Հասրաթյան (1919-2001)

2013-05-16 11:28

 «Դե Ֆակտո» 47 (2010թ.)

ՄԱՐԴԸ… ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ`  ՔԱՂԱՔՈՒՄ

Կար ժամանակ, երբ Երևանում երևանցիների խոսքին չհավատալը ամոթ էր, ամոթ էր նաև չվստահելը։ Այս շրջանում էր, որ ապրեց ու գործեց տաղանդավոր պետական գործիչ, հրաշալի շինարար ու կազակերպիչ և, ամենակարևորը` անանձնական ուրախություն  ու անանձնական տխրություն ունեցող մեծատառով մարդը` Գրիգոր Հասրաթյանը, ով սիրված էր ժամանակի բոլոր մտավորականների կողմից, և ով էլ իր անձով ու գործունեությամբ թելադրում էր այդ թանկ վստահությունը, որի պակասը մենք այսօր ունենք։

Գրիգոր Հասրաթյանը ծնվել է 1919թ. նոյեմբերի 24-ին, Սիսիանի շրջանի Ախլաթյան (այժմ` Աշոտավան) գյուղում։ Երկու տարեկան էր, երբ Գրիգորը որդեգրվեց իր մորեղբոր` մեծանուն գիտնական, «քայլող հանրագիտարան» Մորուս Հասրաթյանի կողմից, արժանացավ նրա խնամքին ու հոգատարությանը։ Ավարտելով Երևանի Մյասնիկյանի անվան դպրոցը` Գրիգոր Հասրաթյանն ուսումը շարունակել է Լեռնամետալուրգիական տեխնիկումում, իսկ 1937թ. ընդունվել Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետ։ Ինստիտուտն ավարտելուց հետո Գրիգոր Հասրաթյանն անցավ մասնագիտական աշխատանքի` հաջորդաբար բարձրանալով պետական վարչական գործունեության «սանդուղքով»։ Առաջին պաշտոնատեղը եղավ Հայաստանի խճուղային ճանապարհների վարչությունը, որտեղ ճարտարագետ ճանապարհաշինարարի պաշտոնում աշխատեց 1942-1944թթ.։ Այնուհետև ՀԽՍՀ ջրային տնտեսության վարչությունն էր, որի համակարգում որպես ճարտարագետ   աշխատեց հինգ տարի։ Մասնագիտության բովում փորձառու դարձած Գրիգոր Հասրաթյանը 1948-ին ստանձնեց Երևանի Լենինյան շրջանի շինարարական գրասենյակի պետի պաշտոնը, այնուհետև ընտրվեց նույն շրջանի շրջխորհրդի նախագահի տեղակալ, երկու տարի հետո` նախագահ, 1956 թվականին` Երևանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ, իսկ 1958 թվականին` իր իսկ հիմնած «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն։ 1960թ. Գրիգոր Հասրաթյանն ընտրվել է Լենինականի  ¥այժմ` Գյումրի) քաղխորհրդի  գործկոմի նախագահ, իսկ 1962-ին` Երևանի քաղխորհրդի  գործկոմի նախագահ ¥քաղաքապետ) և պաշտոնավարեց  մինչև 1975 թ. փետրվարը։  Այս տարիներին նա աշխատեց լավագույնս. Գրիգոր Հասրաթյանը որքան քաղաքաշինարար, այնքան էլ հռետոր էր` արտիստիկ, հաճելի ձայնով, հարուստ բառապաշարով և հարգանք ներշնչող արտաքինով։ Հավաքների ժամանակ սեղանապետն էր ու իր գեղեցիկ  և հուզիչ ճառերով նա իշխում ու զարդարում էր հավաքները։ Որտեղ էլ լիներ, նա լիդեր էր։ Հասրաթյանն ուներ ղեկավարման իր ուրույն ոճն ու գործելակերպը, որով կարողանում էր իր շուրջը հավաքել տաղանդաշատ մարդկանց։ Ու ահա, իր շուրջ հավաքելով տաղանդավոր ճարտարապետներին, շինարարներին և լավագույն արվեստագետներին` օր օրի գեղեցկացնում ու կառուցում էր քաղաքը։ Նա  Թամանյանի նախագծած  քարե քաղաքին շունչ, հոգի ու կենդանություն տվեց։ Երևանը կերպարանավորեց։ Երևանի` որպես մայրաքաղաքի, կառուցապատման ու զարգացման ծրագիրն իրականացնելիս Գրիգոր Հասրաթյանի համար առաջին և հիմնական խնդիրը եղել է քաղաքակիրթ միջավայր ստեղծելը, որում երևանցին իրեն զգար բարձր քաղաքացի և յուրաքանչյուր բնակչի մեջ սերմաներ պատվի զգացում իր քաղաքի, իր բնակավայրի նկատմամբ։

            «Ճարտարապետությունը մարդու դաստիարակության միջոց է, - ասում էր Գրիգոր Հասրաթյանը և շարունակում,-այո՛, դա այդպես է, մարդն, անշուշտ, առաջին գործոնն է շինարարության մեջ։ Ոչ թե ինչ ենք կառուցում, այլ ում համար ենք կառուցում։ Նրա հոգևոր աշխարհը, նրա վաղվա օրը` ահա թե ամենից առաջ ինչ պիտի հոգանք մենք»։

Իր գործունեության տարիներին սկսվեց Օղակաձև զբոսայգու ստեղծման, Աբովյան փողոցի մի հատվածի բարեկարգման ու բարեզարդման, փողոցներում մրգատու ծառեր, վարդի թփեր ու պես-պես ծաղիկներ տնկելու գործընթացը։ Նա` որպես քաղաքապետ, փորձում էր անդավաճան մնալ Մեծն Թամանյանի կողմից կենտրոնի նախագծման սկզբունքներին` փորձելով այն վերածել զբոսայգու, հանգստյան գոտու, դրա անկյունաքարը Օղակաձև զբոսայգու իրականացումն էր։  Գրիգոր Հասրաթյանը սիրում էր ծառ ու ծաղիկը և դրանցով զարդարեց մայրաքաղաք Երևանը։

Հետաքրքիր մի դիպված. մի գիշերում, թաքուն ¥որովհետև իշխանությունը դեմ էր¤ նա հրապարակի անկանոն, անհամաչափ ծառերը փոխել և փոխարենը կլոր սաղարթներով ու կոկիկ ծառեր է տնկել, և երբ երկու ծառ պակասել է, իմանալով, որ Էջմիածնում մեկը ունի, բերել ու համալրել է։ Այդ գեղեցիկ  ծառերը այսօր էլ կան։

«Գրիգոր Հասրաթյանը նվիրված էր քաղաքին անմնացորդ, սիրում էր Երևանը և ապրում դրանով։ Քաղաքի ամեն մի անկյուն, ամեն մի պուրակ, թուփ, քար նա ճանաչում էր»,-գրում է Ջիմ Թորոսյանը։

Սակայն իր գործերից առավել գնահատելին 1972թ. սկսված մետրոպոլիտենի ստորգետնյա ուղիների նախագծումն ու շինարարությունն էր (գործարկումը եղավ 1981թ.)։ Նրա գործունեության տարիների մյուս մեծագործությունը Սայաթ-Նովայի անվան մայրուղու բացումն էր։ Դա շատ դժվար իրագործելի գործընթաց էր, որովհետև  անհրաժեշտ էր քանդել բազմաթիվ հյուղակներ։ Թեկուզ կենցաղային վատ պայմաններում, բայց քաղաքի կենտրոնում ապրողներին տեղահանելը թվում էր անիրագործելի, ուստի հանրապետության ղեկավարները հեշտությամբ չհամաձայնվեցին այդ առաջարկին։ Սակայն Գրիգոր Հասրաթյանն այն քաղաքապետն էր, որ կարողանում էր, թեկուզ մեծ դժվարությամբ,  հետևողականորեն հասնել իր նպատակին։ Նրան ենք պարտական մայրաքաղաքի կենտրոնում բացված խիստ կարևոր ու գեղեցիկ այդ մայրուղու համար, որն ապահովում է տարանցիկ կապը Մաշտոցի պողոտայից դեպի Խանջյան փողոցը։

«Ես շատ հպարտ եմ, որ Գրիգոր Հասրաթյանի ժամանակակիցն եմ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Երևանը` որպես մայրաքաղաք, իր արտաքին տեսքով կայացավ հենց այն տարիներին, երբ քաղխորհգործկոմի նախագահը Գրիգոր Հասրաթյանն էր« ¥պատմական գիտ. դոկտոր Լավրենտի Բարսեղյան¤։

Ռուս նշանավոր արձակագիր Անդրեյ  Բիտովը հիացած էր հասրաթյանական տաղանդով և նրան բնութագրում է այսպես. «Անբասիրությունը նրա միակ թուլությունն էր»։

Անշուշտ, չես կարող չհիշել Գրիգոր Հասրաթյանին, եթե դու անցնում ես Անի հյուրանոցի, Ալ. Սպենդիարյանի թանգարանի կամ Երվանդ Քոչարի թանգարանի մոտով, անցնում ես Ժամանակակից արվեստի թագարանի կամ Կարապի լճի մոտով, զբոսնում ես Օղակաձև այգում կամ երթևեկում մետրոյով և Սայաթ-Նովա փողոցով կամ ուղղակի քայլում ես Զաքիյան փողոցով, որտեղ նաև ես եմ ապրում, որովհետև այս բոլորը հիմնվել են նրա օրոք և նրա ջանքերով։

Խորհրդային շրջանի իշխանությունը նրա սկզբունքային լինելն ու անհատականությունը չներեց, և 1975թ. քաղաքապետի  պաշտոնից տեղափոխվեց ՀԽՍՀ  կաթնեղենի-մսեղենի  արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ 1979թ. Գրիգոր  Հասրաթյանը նշանակվեց հուշարձանների պահպանության վարչության պետ։ Այս վարչությունում իրեն հատուկ եռանդով, կազմակերպչական կարգի նորամուծություններ իրականացրեց։ Հուշարձանների վերականգնման նախագծային խումբը համալրեց համապատասխան մասնագետներով, օժտեց նախագծային ինստիտուտի կարգավիճակով։ Նրա գործունեության տարիներին մասնակի կամ ամբողջապես վերականգնվեցին տասից ավելի եկեղեցիներ։ Գրիգոր Հասրաթյանը եղել  Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրենը, եղել  մի շարք գումարումների ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։ 1998թ.  նրան շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Պիտի ավելացնեմ ցավալի մի փաստ, որ «Հայկական հանրագիտարանի» խմբագրությունը հարկ  չի համարել թեկուզ սեղմ գրել-հիշատակել  Գրիգոր Հասրաթյանի անձն ու գործունեությունը, մի հագամանք, որ ավելի քան տարօրինակ է։

Գրիգոր Հասրաթյանը վախճանվեց 2001 թվականին։ Սակայն ովքեր գիտեն Երևան քաղաքի պատմությունը և սիրում են Երևանը, երբեք չեն մոռանա Գրիգոր Հասրաթյան հրաշալի մարդուն։ Ես անձամբ խոնարհվում եմ նրա վաստակի ու հիշատակի առաջ և բոլորի հետ միասին վայելում նրա տաղանդով ու ձեռքով ստեղծած մեր հրաշալի քաղաքը։ Ափսոս, որ մարդ արարծը չի ընդունում և ըստ արժանավույն չի գնահատում վառ անահատականություններին, և նաև, հազար ափսոս, որ մարդու երկրային կյանքն այսքան կարճ է, այլապես Գրիգոր Հասրաթյանի նման  հայրենանվեր մարդիկ  ինչքան շատ բան կարող էին արարել ու ստեղծել սեփական քաղաքի ու հայրենիքի համար։ Չնայած այն, ինչ որ ստեղծված է արդեն նրա տաղադով ու ջանքերով, ինքնին անմահ հուշարձան է, մեզ և մեզանից հետո եկող սերունդների համար։

                                                                                       Աննա Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...