17:49
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՔ ԿԵՆՏՐՈՆ ԵՆՔ ԱՌՈՂՋ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ

2013-04-17 11:12

     «Դե Ֆակտո» 47 (2010թ.)

Հարցազրույց  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ

-Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն արդեն 13 տարի է գործում է։ Ո՞րն է եղել կենտրոնի ամենամեծ նվաճումը։

-Կենտրոնի ամենամեծ նվաճումն  այն է, որ մենք մարդկանց բառարանում ավելացրել ենք մի տերմին, որը մինչ այդ օտար և անծանոթ էր բոլորին. ոչ ոք Հայստանում չգիտեր, թե ի՞նչ է մամոգրաֆիան, և ի՞նչ կարևորություն ունի այն մարդկանց կյանքն ապահովելու գործում։ Երբ կենտրոնը  նոր էր հիմնադրվել, մեր այցելուների թիվը չէր գերազանցում 3-ից, իսկ հիմա օրական մենք ունենք միջինը 90 այցելու։ Սա  իսկապես նվաճում է, քանի որ  չնայած կենտրոնը փոքր է, սակայն ունի  մեծ սպասարկաման ծավալ։ Կարծում եմ` սա և΄ ուրախալի, և΄ տխուր փաստ է։ Տխուր է, քանի որ  մարդիկ, հատկապես հայերը, բժշկի դիմում են, երբ խնդիրն արդեն կա, իսկ ուրախալի է,  որովհետև, ըստ մեր վիճակագրության, կենտրոն այցելող կանանց 30 տոկոսը գալիս է պրոֆիլակտիկ նպատակով։ Գաղտնիք չէ, որ  քաղցկեղը բուժում չունի, նրա բուժման միակ մեթոդը կանխարգելումն է, իսկ պրոֆիլակտիկ նպատակով եկող կանայք օգնում են և΄ մեզ, և΄ իրենց, որպեսզի քաղցկեղը, եթե  այն կա, հայտնաբերվի  շատ վաղ փուլում և հնարավոր լինի այն կանխարգելել։

-Տիկի΄ն Հակոբյան, իսկ հիմնականում քաղցկեղը  մեծահասակնների՞թե երիտասարդների մոտ է հաճախ հանդիպում։

-Քաղցկեղը, ինչպես նաև բոլոր հիվանդությունները, ցավոք, երիտասարդացել է և ընդհանրապես շատ ավելի հաճախ հանդիպում է 45-50 տարեկան կանանց մոտ։ Սակայն կան դեպքեր, որ հիվանդները լինում են նաև շատ երիտասարդ։ Ներկա դրությամբ մինչև 29 տարեկան մոտ 60 կին հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով,

-Հիվանդությունը ի՞նչ ախտանիշներ ունի։

-Քաղցկեղը շատ նենգ հիվանդություն է, որը սկզբնական փուլում նշաններ չունի։ Երբ այն մարդու օրգանիզմում սկսում է ձևավորվել, նա չի զգում, որ իր մոտ քաղցկեղ է սկսվել. չկա ոչ մի  ախտանիշ`  ո΄չ ցավ, ո΄չ հոգնածություն և թուլություն, չկա շոշափվող գոյացություն, և այդպես տևում է այնքան ժամանակ, մինչ այն ձևավորվում է որպես ուռուցք։ Քաղցկեղն անհրաժեշտ է հայտնաբերել բջջային փուլում կամ շատ վաղ, որպեսզի  հնարավոր լինի  այն հեռացնել և փրկել մարդու կյանքը։ Երբ այն ձևավորված և շոշոփվող ուռուցք է, արդեն ուշ է։ Քաղցկեղը վաղ  փուլում կարող է հայտնաբերել միայն մասնագետը` գործիքային հետազոտման օգնությամբ։ Սա է պատճառը, որ հորդորում և խնդրում ենք մեր կանանց, որ անպայման տարին մեկ անգամ դիմեն բժշկի։ Մենք կենտրոն ենք առողջ կնոջ համար։

-Բայց շատ հաճախ մարդիկ խուսափում են` նյութական խնդիրներից ելնելով։

-Չեմ համարում, որ 11.000 դրամը մեծ նյութական խնդիր կարող է առաջացնել ցանկացած կնոջ մոտ, հատկապես այն դեպքում, երբ այն կատարվում է տարին մեկ անգամ։ Իմ աշխատած ութ տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ ինչ-որ մեկը մեր կենտրոնից դուրս է եկել մերժված.   օրվա մեջ 10-15 հոգի մեզ մոտ անվճար հետազոտվում է։ Մեր հիմնադիրների`  Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի պահանջը մեզնից  մարդկանց գոհացնելն է։

-Բացի կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումից, ուրիշ ի՞նչ ախտորոշումներ եք իրականացնում։

-Մյուս ծրագիրը, որ մենք իրականացրինք, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումն էր։ Սա մի փոքր քսուք է, որը վերցնում են արգանդի պարանոցից։ Այդ ամենը պետք է անել շատ բարձրորակ և թանկ ներկերով։  Այդ ներկման ձևը կոչվում է Պապա Նիկալաոյի  թեստ, որը հնարավորություն է տալիս շատ շուտ հայտնաբերել  քաղցկեղի բջիջները պարանոցի վրա, եթե այն կա։ Այդ եղանակով մենք մոտ 40 կնոջ կյանք ենք փրկել, ովքեր  մինչև հիմա  չգիտեն, որ իրենց մոտ նման խնդիր է եղել։ Մենք կարծում ենք` կինը ավելի լավ է չիմանա, քանի որ ներշնչանքն ու տանջանքն ավելի է բարդացնում հիվանդությունը։ Մենք նաև ունենք մի ուրիշ պրոֆիլակտիկ ծարագիր, որը դենսիտոմետրիան է` ոսկորի խտությունը չափող հետազոտություն, որը կանխարգելում է օստեոպորոզ հիվանդությունը։ Օստեոպորոզ հիվանդությունն ունի շատ բարդ ու ծանր հետևանքներ, դրանք ոսկորի կոտրվածքներն են մարմնի տարբեր հատվածներում։ Հիվանդությունը հանդիպում է և΄ կանանց, և΄ տղամարդկանց մոտ և հիմնականում հետկլիմակտերիկ տարիքի մարդկանց մոտ. ոսկրերում սկսվում է կալցիումական աղերի պակաս, որը  սննդի, վարժությունների և դեղորայքի օգնությամբ  կարող ես հաղթահարել։

-Ըստ հոգեբաններիքաղցկեղը առաջանում է հոգեկան ապրումներից է, և իրենք իրենց աշխատանքով փորձում են այն կանխարգելել։  Ձեր կարծիքով` հնարավո՞ր է նման բան։

-Այո΄,  հոգեբաններն իրավացի են։ Քաղցկեղ առաջացնող գործոնների մեջ առաջնային տեղում սթրեսներն են։  Բոլորին հայտնի է,  որ, երբ մարդն ապրում է նոր զարգացող, մի շարք տնտեսական և սոցիալական խնդիրներ ունեցող երկրում, նա իրենից անկախ ենթարկվում է բազմաթիվ սթրեսների, սակայն խոսքը գնում է երկարատև ու  դաժան սթրեսի մասին։ Մարդը պետք է կարողանա այնքան հավասարակշռել ինքն իրեն, որպեսզի շրջանցի այդ սթրեսները։ Սա շատ բարդ իրավիճակ է, քանի որ  մարդը մի էակ է, որն իր ամբողջ կյանքի ընթացքում ենթակա է սթրեսների, իսկ եթե օրգանիզմը հակվածություն ունի քաղցկեղի, սթրեսները  նպաստում են հիվանդության  ի հայտ գալուն։ Մենք առայժմ ունենք մեկ հոգեբանական ծառայություն, սակայն անպայման ընդլայնելու ենք այն։

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք։

-Մենք աշխատում ենք ամերիկյան դպրոցով, և մեր առաջին սկզբունքը մարդկանց գոհացնելն է։ Առաջնային խնդիրներից է,  որ սարքավորումները լինեն ապահով, քանի որ մենք գործ ունենք ռենտգեն ճառագայթի հետ, որը պետք է լինի չափի մեջ։ Մեր երկու ինժեներներն ամենօրյա խիստ հսկողություն են սահմանել մեր սարքավորումների վրա։ Նրանք ամեն օր աշխատանքային ժամից շուտ գալիս և ստուգում են  սարքավորումնները և ապահովության համար խորհրդակցում և արդյունքները քննարկում են Ամերիկայի մեր մյուս մասնագետների հետ։ Չի եղել մի դեպք, որ նրանք որևէ դժգոհություն հայտնած լինեն,  սակայն նման խնդիր առաջանալու դեպքում ես պարտավոր եմ հենց նույն օրը կենտրոնի աշխատանքները ժամանակավոր դադարեցնել, մինչև բոլոր սարքավորումները կարգավորվեն։ Մյուս սկզբունքը մեր թիմային աշխատանքն է, այսինքն` եթե բժիշկը վստահ չէ, որ կարող է վերջնական ախտորոշում տալ ինքնուրույն, ժապավենը նայում են բոլորով, քանի որ բժիշկն էլ մարդ է, ով հոգնում է և կարող է ինչ-որ բան չնկատել։ Մեր ախտորոշումները մինչև անգամ Եվրոպայի և Ամերիկայի առաջնակարգ կլինիկաներում գովաբանության են արժանանում, որը մեզ ավելի է շահագրգռում և պարտավորեցնում։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր չեն դիմում բժշկի։

-Խորհուրդ կտամ, որ իրենց մեջ դաստիարակեն բժշկի գնալու կուլտուրա, քանի որ  կինը  իրավունք չունի որևէ ձևով իր և իր ընտանիքի ճակատագրի հետ խաղալ։ Եթե կինը հիվանդ է, հիվանդ է իր ամբողջ ընտանիքը։ 

-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։

-Քանի որ մեր կանայք ինչ-որ չափով լավատեղյակ են դարձել իրենց համար կարևոր հետազոտությունների անհրաժեշտությանը, հերթը հիմա տղամարդկանցն է։  Մենք  մեր երկրորդ հարկում տղամարդկանց համար ստեղծում ենք առանձին բաժին, քանի որ բոլորին հայտնի է, որ տղամարդկանց մոտ մահացության պատճառները հիմնականում լինում է թոքի քաղցկեղից, սիրտանոթային հիվանդություններից, և  ոչ պակաս տեղ է գրավում նաև շականակագեղձի քաղցկեղը։  Տղամարդիկ էլ վերջ ի վերջո պետք է հասկանան, որ իրենք ևս պետք է տարին մեկ անգամ գնան պրոֆիլակտիկ հետազոտության` շականակագեղձում քաղցկեղի բջիջները վաղ հայտնաբերելու համար։ Այժմ սկսված են այդ բաժնի ստեղծման աշխատանքները, որն, իհարկե բարդ և դժվար խնդիր է։

                                                                               Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...