17:08
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դստերս շուրթերով հնչած Կոմիտասով, աշուղ Շերամով ու ծիրանափողով եմ զգում հայ ոգին ու Հայաստանը

2013-04-13 11:20

«Դե Ֆակտո» 65(2011թ.)

Սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանն արդեն ութ տարի է, ինչ ընտանիքի հետ բնակվում է հայրենիքում։ Ունի երեք զավակ` երկու դուստր և մեկ որդի։

«1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետևանքով հայրս Ուրֆայից գաղթել է Հալեպ։ Այստեղ նոր արմատներ ձգել, ամուսնացել. 1951 թվականին ծնվել եմ ես։ Կրթությունս ստացել եմ հայկական վարժարանում և հոգուս խորքում միշտ հավատացած եմ եղել, որ պետք է ի վերջո վերադառնամ հայրենիք, գուցե ոչ պապերիս հողը, բայց Հայաստան»։

-      Պարո՛ն Կարագուլյան, իսկ ինչպե՞ս պատահեց, որ որոշեցիք վերադառնալ հայրենիք։

-      Հայկական համայնքի ներսում և Սիրիայում Հայաստանի դեսպանության հետ շփումների ընթացքում տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է սփյուռքահայ գործարարների ներդրումները Հայաստանում խթանելու, բիզնես գործունեությանն ընդառաջելու և օգնելու քաղաքականություն։ Հետաքրքրվեցի, որոշեցի որևէ բան էլ ինքս ձեռնարկել հայրենիքում։ Դիմեցի Սիրիայում Հայաստանի դեսպանին և տեղեկացա այն հիմնական ոլորտների մասին, որտեղ կարելի է գործունեություն ծավալել։ Եվ քանի որ մինչ այդ արդեն գնել էի որոշակի տարածություններ, ուստի շարունակական եղավ այդ ծրագիրս։ Հյուսիսային պողոտայում ձեռք բերեցի հողատարածք, որտեղ 2004-ին դրվեցին շինությունների առաջին հիմքերը։ Այսօր, ինչպես տեսնում եք, գեղեցիկ կառույցներ են, որոնք ծառայում են ինչպես իբրև խանութ-սրահներ, այնպես էլ` բնակելի տարածքներ։

-      Բացի այս շինություններից` որևէ այլ գործունեություն իրականացնու՞մ եք Հայաստանում։

-      Գիտեք, Լեռնային Ղարաբաղում` Լաչինի շրջանում, մի քանի տարի առաջ գյուղատնտեսական գործունեություն էինք ծավալել ընկերոջս հետ։ Սակայն, ինչպես գիտեք, գյուղատնտեսությունը ռիսկային գործ է, և մի փոքր չհաջողեցինք։ Սակայն ես որոշեցի ոչ թե վաճառել մեր ունեցած գյուղատնտեսական գործիքները, այլև տալ դրանք  լաչինցուն` անժամկետ շահագործման (չնչին վճարով, որը նա պետք է վճարի շահագործումից մի քանի տարի հետո)։ Բացի այդ` մտահոգիչ էր նաև դեմոգրաֆիկ վիճակը Ղարաբաղում։ Ընկերոջս հետ մտադրվեցինք Սիրիայից Հայաստան բերել այն հայերին, ովքեր այնտեղ սոցիալապես վատ վիճակում են. կգան, կբնակեցնեն Ղարաբաղի հողերը, կզբաղվեն գյուղատնտեսությամբ, օրվա հացի խնդիր չեն ունենա։ Այդպես էլ վարվեցինք։ Հենց նրանց էլ ապահովում ենք գյուղ. սարքավորումներով, որոնք ժամանակ առ ժամանակ համալրվում են նորերով։ Կարծում եմ յուրաքանչյուր հայ, որն ընդունակ է որևէ բանով Հայաստանին և հայությանը օգնել, պարտավոր է անել այդ։

-      Խոսենք մի փոքր Ձեր ընտանիքի մասին։

-      Սիրով։ Ունեմ երեք զավակ` երկու դուստր` Կասիան և Ցոլերը և մեկ որդի` Ռազմիկ-Երվանդը։ Մեծ աղջիկս շուտով կավարտի Երևանի պետական բժշկական համալսարանը, ատամնաբույժ պիտի դառնա։ Փոքր դուստրս երաժշտական տաղանդ ունի, ավարտեց Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիան, հրաշալի երգում է։ Դե իսկ որդիս դպրոցական է, ավագ դպրոց է հաճախում։

-      Ձեր դուստրերը փաստորեն բավական մեծ են եղել, երբ տեղափոխվել եք Հայաստան։ Ձեր տիկինն ու երեխաները ինչպե՞ս ընդունեցին Ձեր որոշումը, և ինչպե՞ս հարմարվեցին հայ իրականությանը։

-      Տիկինս` Ռիտան, իմ լավ խորհրդատուն է, իմ կյանքի ընկերը` բառի խորը իմաստով։ Նա, անշուշտ սատարեց իմ որոշումը։ Երեխաներս սկզբում ունեին որոշ դժգոհություններ, կարոտ, ընկերների պակաս։ Բայց աստիճանաբար հարմարվեցին, ամեն ինչ շատ լավ է այժմ։ Յուրաքանչյուր հասարակության մեջ, յուրաքանչյուր երկրում էլ կան ամենատարբեր խնդիրներ, դժգոհելու և գոհունակության առիթներ, սակայն մի կարևոր հանգամանք, սա մեր հայրենիքն է, և դրանով ամենն ասված է։ Եթե այսօր իմ աղջիկը մտածում է ատամնաբուժական գործ սկսելու մասին, նշանակում է նա արմատներով կապվում է հայրենիքին։

-      Իսկ Դուք կցանկանա՞ք, որ Ձեր որդին շարունակի Ձեր գործը։

-      Անշուշտ կփափագեմ, որ մի քանի տարի հետո տղաս սատարի իմ գործը, զարգացնի, ընդլայնի այն։

-      Իսկ եթե ո՞չ

-      Եթե ոչ, ես երբեք չեմ բռնանա նրա ընտրությանը։ Եթե որոշի ավելի լավ մի բան անել, կօգնեմ` ինչով կարողանամ։

-      Իսկ ի՞նչ եք զգում Հայաստան ասելիս

-      Ես թերևս Ձեր հարցը ձևափոխեմ` ինչպե՞ս եմ զգում Հայաստանը։ Դստերս շուրթերով հնչած Կոմիտասով, աշուղ Շերամով ու ծիրանափողով եմ զգում հայ ոգին ու Հայաստանը։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...