19:22
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բարձրակարգ և առաջադեմ բուժծառայություններ՝ 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոց

2013-04-10 11:38

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Հարցազրույց 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանի հետ։

-    Հարգելի՛ պարոն Հարությունյան, նախքան Ձեր գործունեության մասին խոսելը եկեք անդրադառնանք հիվանդանոցի պատմությանը։ 

-           3-րդ կլինիկական հիվանդանոցը հիմնադրվել է 1972թ.։ Ի սկզբանե հիվանդանոցում գործել են 4 մասնագիտական բաժանմունքներ` սրտաբանական, վիրաբուժական, անոթային և թերապևտիկ բաժանմունքներ։ Քանի որ այն հիմնադրվել է որպես Երևանի բժշկական և Ազգային բժշկական ինստիտուտների բազա, ուստի այստեղ էին տեղակայված վերակենդանացման, կրծքային վիրաբուժության, սրտաբանական, թերապևտիկ և անեսթեզիոլոգիայի ամբիոնները։ Հիվանդանոցին կից գործել է շտապ օգնության կայանը, որը, սակայն, հետագայում առանձնացվել է հիվանդանոցից, որպես առանձին միավոր, թեև ժողովրդի մեջ 3-րդ կլինիկական հիվանդանոցը շարունակում է ասոցացվել «շտապ օգնության հիվանդանոց» հասկացության հետ։ 2002թ. հիվանդանոցը ստացել է ՓԲԸ կարգավիճակ և այսօր գործում է որպես մասնավոր, ինքնաֆինանսավորվող մարմին։

-        Քանի՞ տարի է, որ Դուք տնօրինում եք հիվանդանոցը։

-           1997թ. ստանձնելով հիվանդանոցի տնօրենի  պարտականությունները` հասկացա, որ հիվանդանոցը բազմաթիվ լուրջ խնդիրներ ունի, որոնք լուծելու համար բավական շատ ֆինանսական միջոցներ, համբերություն և իհարկե նվիրվածություն է պետք։ Հիվանդանոցը ավելի քան 15 տարի չէր վերանորոգվել, նյութատեխնիկական բազան մաշված, արդիականությունը կորցրած, անմխիթար վիճակում էր, ինչը բժշկության զարգացման տեսանկյունից անընդունելի էր։

-        Ի՞նչ եք հասցրել անել այդ տարիների ընթացքում։

-           Այս 14 տարիների ընթացքում կարողացանք լիովին վերանորոգել հիվանդանոցը, բաժանմունքների մեծ մասը վերազինել ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ մեզ հաջողվեց գործող 4 մասնագիտական բաժանմունքներին ավելացնել ևս 5-ը։ Այսօր արդեն հիվանդանոցը ունի 9 մասնագիտական բաժանմունք և 12 ախտորոշիչ կաբինետ։ Վստահորեն կարող եմ ասել, որ 3-րդ կլինիկական հիվանդանոցն այսօր լավագույն  հիվանդանոցներից մեկն է։

Բարձրակարգ բուժանձնակազմ,

բարձրորակ բժշկական և լաբորատոր տեխնիկա

-        Որո՞նք են այդ 5 բաժանմունքները։

-           Այդ բաժանմունքներն են վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջ և դիմածնոտային, գինեկոլոգիական, պլաստիկ վիրաբուժության բաժանմունքները։ Իր հիմնադրման սկզբից հիվանդանոցը համարվել է կադրերի վերապատրաստման լուրջ դարբնոց, քանի որ այստեղ աշխատել են այնպիսի բժիշկ-գիտնականներ, ինչպիսիք են Սուրեն Ավդալբեկյանը, Գուրգեն Բադալյանը, Հովհաննես Սարուխանյանը և այլ պածառ ուղեղներ։ Ներկայումս մեզ մոտ աշխատում են այնպիսի բժիշկներ, որոնք ողջ Հայաստանի մասշտաբով հայտնի մասնագետներ են` Գրիգորի Խաչատրյանը, որը Հայաստանում իմպլանտացիոն ստոմատոլոգիայի  առաջատարներից  Է, հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Անանիկյանը, որը ևս ճանաչված մասնագետ է իր ոլորտում, քիթ  կոկորդ  ականջի  մասնագետ  Արթուր  Մուրադյանը, բժիշկ  վիրաբույժներ  Գագիկ  Պիվազյանը , Պյոտր  Անանիկըանը,  Լևոն  Ղարիբջանյանը, Ալբերտ Մանուկյանը, բժիշկ  գինեկոլոգ Բագրատ Մկրտչյանը, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, որը չնայած իր երիտասարդ տարիքին` բավականին փորձառու և հայտնի մասնագետ է։

-        Ո՞րն է հիվանդանոցի գլխավոր ձեռքբերումը այս պահին։

-           Գլխավոր ձեռքբերում այս պահին համարում եմ սրտաբանական բաժանմունքում ինտերվենցիոն-ինվազիվ սրտաբանության նեդրումը, ինչն, ըստ էության ավելի հզորացրեց սրտաբանական ծառայությունը, որը միշտ համարվել է առաջատարներից մեկը Երևանում։ Սրա շնորհիվ այսօր մենք իրականացնում ենք ոչ միայն կոնսերվատիվ բուժում, այլ նաև սրտի կորոնար անոթների կոնտրաստային  նկարահանում  և  ստենտավորում։

-        Բժշկությունն այսօր մեծ արագությամբ զարգանում և առաջ է ընթանում։ Հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության մակարդակը ի՞նչ չափով է համապատասխանում միջազգային պահանջներին և նորագույն տեխնոլոգիաներին։

-           Ես պետք է նշեմ, որ աշխատանքում իմ սկզբունքը հետևյալն է` նոր, արդիական մասնագիտական տեխնիկա և անպայման բարձրակարգ մասնագետ։ Կարծում եմ, որ մարդկային գործոնը ևս չափազանց կարևոր է։ Այս իմաստով մեր հիվանդանոցում պահպանված է հավասարակշռությունը։ Հիվանդանոցի գրեթե բոլոր բաժանմունքները հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչպես արդեն նշեցի ունենք ոլորտի առաջատար, լավագույն մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են տարբեր երկրներում, տարբեր առողջապահական ծրագրերի շրջանակներում։

Մեր խնդիրը մարդկանց օգնելն է

-        Դուք նշեցիք, որ թեև շտապ օգնության ծառայությունն առանձին կառույց է և հիվանդանոցի հետ կապ չունի, այնուամենայնիվ ժողովուրդը շարունակում է այն ասոցացնել վերջինիս հետ։ Սա լավ է, թե՞ ոչ։

-           Գիտեք` լավ ու վատի խնդիր ես չեմ տեսնում։ Մեր խնդիրը մարդուն օգնելն է, լինի դա անհետաձգելի թե  պլանային  բժշկական  օգնություն։

-        Իսկ ինչպիսի՞ գնային քաղաքականություն է իրականացվում Ձեր հիվանդանոցում։

-           Բժշկական ծառայությունների արժեքները ֆիքսված են, աշխատում ենք անել այնպես, որ ծառայությունները մատչելի լինեն բոլորի համար։ Եթե հիվանդը չունի բավականաչափ միջոցներ, իսկ բժշկական միջամտությունն այդ պահին պարտադիր է, ապա անշուշտ մենք ընդառաջում ենք, արվում են զեղչեր։ Քննարկվում և լուծվում է նախ հիվանդի առողջական վիճակը, ապա նոր միայն անդրադառնում ենք խնդրի ֆինանսական կողմին, չէ՞ որ գործ ունենք մարդկանց կյանքի հետ։

-        Կա՞ արդյոք որևէ բժշկական ծառայություն, որն այսօր Հայաստանում չի իրականացվում։ Դուք այդ ուղղությամբ որևէ բան պլանավորու՞մ եք անել։

-           Այսօր Հայաստանում կա մի լուրջ խնդիր` կապված անոթային, մասնավորապես, նեյրոանոթային վիրաբուժության հետ, որի մասնագետներ անգամ չկան Հայաստանում ։ Այսինքն` ինսուլտային և հետինսուլտային պաթոլոգիայով հիվանդներին վիրաբուժական բուժում ապահովել մենք փաստորեն չենք կարող։ Այս ուղղությամբ մենք որոշ ծրագրեր և պլաններ ունենք, կփորձենք իրականացնել։ Սակայն սա անձերի խնդիր չէ։ Սա համակարգային լուծում պահանջող հարց է, որի հիմքերը պետք է դրվեն պետական մակարդակով։

-        Լինելով մասնագիտությամբ բժիշկ-թերապևտ` դժվար չէ՞ր արդյոք անցնել ադմինիստրատիվ աշխատանքի։

-           Սկզբնական շրջանում դժվար էր, սակայն ժամանակի հետ հասկացա, որ կարող  եմ և  ինձ  մոտ  կստացվի ։ Տարբեր առողջապահական կազմակերպություններում աշխատելն ու տարիների փորձն ի վերջո ինձ բերեցին 3-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղ և աշխատում եմ ավելի քան 14 տարի։

-        Իսկ ինչպիսի՞ն է բժիշկ Հարությունյանը աշխատանքից դուրս` առօրյա կյանքում։

-           Առօրյա կյանքում ես երաժշտասեր, սպորտասեր մարդ եմ, ավարտել  եմ  երաժշտական  դպրոցի  ջութակի բաժինը, զբաղվել  եմ  բադմինտոնով։ Ի դեպ, եղել եմ բադմինտոնի Հայաստանի չեմպիոն,  ֆեդերացիայի նախագահ։ Ունեմ երկու զավակ, որոնք երկուսն էլ գնացել են իմ  ճանապարհով և կարծում  եմ  լավ մասնագետներ կդառնան. տղաս ինտերվենցիոն կարդիոլոգիայի մասնագետ է, աղջիկս` քիթ-կոկորդ-ականջի։

-        Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

-           Ազատ ժամանակ սիրում եմ  նվագել սինթեզատորի  վրա, երաժշտություն լսել, աշխատել  համակարգչի  վրա, ժամանակ անցկացնել ընկերներիս հետ։ Սիրում եմ զբաղվել տնային գործերով` նորոգել կոտրված կամ փչացած իրերը (ծիծաղում է)։

Հայաստան ասելիս պատկերացնում եմ ծնող

-        Եվ քանի որ մեր ամսագրի այս ամսվա համարը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին, ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին այս առթիվ։

-           Ցանկանում  եմ, որ անկախությունն այս հարատև լինի, և նպաստի մեր զարգացմանն ու առաջխաղացմանը կյանքի բոլոր բնագավառներում։ Հայերիս մաղթում եմ լինել առողջ, հանդուրժող միմյանց նկատմամբ, հարուստ` հոգեպես և ֆինանսապես։

-        Մեկ բառով ինչի՞ հետ եք ասոցացնում Հայաստանը։

-           Հայաստան ասելիս պատկերացնում եմ ծնող` կյանք և ուրախություն պարգևող կենարար ուժ։

-        Շնորհակալություն հետքրքիր զրույցի համար։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...