20:04
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կառավարությունը ոչ միայն պետք է լավ աշխատի, այլ նաև բոլորը պետք է իմանան, որ նա լավ է աշխատում

2013-04-09 11:38

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

 Արման Սաղաթելյան, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի   (APRA) փոխնախագահ

 -Պարո՜ն Սաղաթելյան, Դուք, որպես հանրային կոմունիկացիայի մասնագետ, ինչպե՞ս կգնահատեք  ՀՀ-ում իրականացվող քաղաքական PR-ոլորտի զարգացումը։

-Ինչպես հայտնի է, PR-ը ստեղծագործական ոլորտ է և պահանջում է ստեղծագործական մոտեցում։ Այդ առումով իրականացված աշխատանքը կարելի է գնահատել ըստ  արդյունավետության։  Եթե խոսենք հայաստանյան իրականության մասին, ապա պետք է նշեմ, որ, ամեն դեպքում, այդ մշակույթը ձևավորվում է Հայաստանում, հաջողությամբ ձևավորվում են նաև PR ինստիտուտները։ PR մասնագետների այսօրվա պահանջարկը  խոսում է այն մասին, որ քաղաքական ուժերը սկսել են ավելի մեծ տեղ տալ հանրության հետ համագործակցելու այդ տեխնոլոգիային։ Այլ բան է,  որ դեռևս առավել շատ գերակշռում են քարոզչությունն ու գովազդը, քան հասարակայնության հետ կապեր հաստատելու փորձերը. մարդիկ այսօր թյուրիմացաբար PR-ը նույնացնում են քարոզչության ու գովազդի հետ։ Միաժամանակ, պետք է նկատենք նաև, որ վերջին ժամանակաշրջանում հանրության հետ աշխատանքը իրականացվում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ կանոնակարգված ձևով։ Այսինքն`  զարգացում, անշուշտ, կա։ 

 -Ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական հատվածն այսօր ավելի շատ հասարակության վստահությանն արժանանալու խնդիր ունի։

 -Կարծում եմ` և’ իշխանության, և’ ընդդիմության նկատմամբ վստահության պակաս այսօր կա հասարակության մեջ, գերիշխում է  անվստահությունը` բոլորը բոլորի դեմ սկզբունքով։ Նման իրավիճակում հասարակությունը չի կարող արագ առաջընթաց ապրել, լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Օրինակ, ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից` մենք 10 տարի առաջ չունեինք այն պատկերը, ինչ որ այսօր ունենք։ Մի շարք փորձագետներ փաստում են, որ քաղաքական կառույցները և առավել ևս իշխանությունը ավելի մեծ կախվածության մեջ է հանրային գնահատականներից հատկապես  այն երկրներում, որոնք հռչակել են զարգացման ժողովրդավարական ուղի։ Իսկ մեր երկիրը ընդունել է զարգացման այդ ուղին, որի արդյունքը համընդհանուր միտումն է` ամրապնդել ժողովրդի վստահությունն ու հավատն իրենց գործի հանդեպ։

 -Այսինքն` PR-ը ժողովրդավարությա՞ն արդյունք է։ 

 -Անշուշտ։ PR-ը  ժողովրդավարական գործընթացների և’ արդյունք է, և’ գործիք։ Օրինակ,  տոտալիտարիզմը դրա անհրաժեշտությունը չունի, դրան ավելի բնորոշ են քարոզչական և նմանատիպ այլ տեխնոլոգիաները։

 -Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործելաոճը, որ դիտվում է իբրև սեփական քաղաքական PR-ին ուղղված  քայլերի ամբողջություն, արժանացավ սուր քննադատության։ Խոսքը գյուղացիների հետ վարչապետի հանդիպումների մասին է։ Ի՞նչն էր այս դեպքում անարդյունավետ։

 -Համաձայն չեմ, որ սա սեփական քաղաքական PR-ին ուղղված գործողություն էր, քանզի այն անձնավորված բնույթ չէր կրում և կոչված չէր սեփական արժանիքները վեր հանելուն, այլ ամբողջովին պաշտոնական գործունեության շրջանակներում էր տեղավորվում։ Ես չէի ասի, թե վարչապետի քայլերն արժանացել են սուր մեկնաբանությունների կամ քննադատությունների։ Ծանոթ եմ հիմնական նյութերին, որոնք այդ հարցին առնչվում են և պետք է ասեմ, որ  կարող էին լինել ավելի լուրջ, փորձագիտական հարցադրումներ, այսինքն` ավելի շատ փաթեթավորմանն ու ձևաչափին ուշադրություն դարձվեց, քան բուն բովանդակությանը։

 -Այդ ամենը կարելի՞ է դիտարկել իբրև վարչապետի կերպարին հակասող քայլ, ինչն անլուրջ տպավորություն թողեց։

 -Մի կողմ թողնելով հայկական կարծրատիպերը, պետք է նշել, որ վարչապետն այն անձնավորությունն է, ով ներկայացնում է գործադիր իշխանությունը և իր ենթակայության տակ են բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` գյուղատնտեսությունը, և այս պարագայում կապ չունի, թե նրա անձն ինչպես է ընկալվում հանրության կողմից։ Ես կասեի, որ դա բավականին խիզախ գործողություն էր` հաշվի առնելով այն, որ տարիների ընթացքում այդ ոլորտում ծագող խնդիրների վերաբերյալ պարբերաբար իրականացվում էր ջայլամի քաղաքականություն։ Փորձում էին քիչ խոսել, քիչ անդրադառնալ դրան, բայց, ի վերջո, մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնց ուղղությամբ հիմա լուրջ քայլեր են արվում։ Գործող վարչապետն առաջադիմական է,  և չի կաշկանդվում տարածված կարծրատիպերով և նոր որակ է հաղորդում հանրության հետ աշխատելու  հայաստանյան ավանդական գործելաոճին։

 -Գուցե ուշացա՞ծ էին քայլերը։

 -Միգուցե կարելի էր ավելի շուտ անել դրանք ու պարբերաբար, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք։ Կարծում եմ` պետք է ուրախանալ, որ բավական երկար ժամանակ դա մնաց ամենաշրջանառվող թեմաների շարքում։ Գործողությունները, որոնք կառավարությունը ձգտում է իրականացնել, վկայում են, որ գործադիր իշխանությունը գիտակցում է լուրջ խնդիրների և դրանց արագ լուծումների անհրաժեշտությունը, քանի որ այսօր մենք խնդիր ունենք պարենային անվտանգության, արտագաղթի, սոցիալական պաշտպանվածության, գյուղական վայրերի բնակիչների զբաղվածության։

Ես չեմ կարծում, որ վարչապետը խնդիր ուներ ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնելու, այլ հարց է, որ նա փորձում էր հորդորել պաhպանել որոշ սկզբունքներ, որոնք կարծես բոլորն էլ լավ գիտեն, սակայն չեն հետևում դրանց։ Նմանապես բոլորը գիտեն, որ հաց ուտելուց առաջ պետք է լվանալ ձեռքերը, բայց կան մարդիկ, ովքեր դա չեն անում։ Վարորդներն էլ գիտեին, թե ինչի համար են ամրագոտիները, բայց մինչև այդ հարցին վարչապետի մակարդակով անդրադարձ չեղավ, դա որևէ կիրառում չստացավ։ Բերենք Սինգապուրի օրինակը։ Ինչպե՞ս կարճ ժամանակում զարգացավ այդ երկիրը։ Մարդկանց բառացիորեն սովորեցնում էին, որ չի կարելի փողոցում թքել։ Ամենուր համապատասխան ցուցանակներ էին փակցվում, ինչը շատ տարօրինակ է թվում, բայց, փաստորեն, արդյունավետ միջոց էր։

 -Արդյո՞ք ամենակարևոր խնդիրը կովը կթելիս հիգիենայի կանոնների պահպանումն էր ու այդ հարցի քննարկումը։

 -Յուրաքանչյուր հանգամանք կարևոր է դառնում այն ժամանակ, երբ ավելի շատ է արծարծվում։ Այս պարագայում գործում են տեղեկատվական հոսքերի հիմնական առանձնահատկությունները։ Մեր արևմտյան գործընկերներն ասում են` «այն, ինչ չի ցուցադրել CNN-ը, իրականում տեղի չի ունեցել»։ Վարչապետի այցի շրջանակներում հատկապես այդ հանգամանքն արժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը ու ստացավ այդպիսի արձագանք, բայց այնտեղ, անշուշտ, կային ավելի լուրջ հարցադրումներ, որոնք, իմ կարծիքով, ավելի էական էին ու կարևոր։

 -Այսինքն` լրատվամիջոցնե՞րն են սխալ աշխատում։

 -Նրանք աշխատում են այնպես, ինչպես իրենք և իրենց խմբագիրներն են ճիշտ գտնում։ Խոսքի ազատությունը հնարավորություն է տալիս գործելու սեփական նախաձեռնությամբ ու նախասիրությամբ։ Որոշակի դեր ունեցան նաև սոցիալական ցանցերը, որոնցում այս հարցի շուրջ ակտիվությունը չէր կարող աննկատ մնալ ԶԼՄ-ների կողմից, սակայն այդ ակտիվությունը հիմնականում մակերեսային բնույթ ուներ և ավելի շատ քննարկումները ծավալվում էին, անշուշտ, հումորի մակարդակով։ 

 -Որքանո՞վ են նման քայլերը ծառայում քաղաքական PR-ին։

 -Միանշանակ ծառայում են։ Մի սկզբունք կա, որը բրիտանացի մեր գործընկերներն են կիրառում` կառավարությունը ոչ միայն պետք է լավ աշխատի, այլ նաև բոլորը պետք է իմանան, որ նա լավ է աշխատում։ Մի բան է գործողություններ իրականացնելը, մի այլ բան է, որ հանրությունը պետք է այդ մասին տեղեկացվի։

Ես վարչապետի` լրագրողների հետ գյուղերից մեկում կազմակերպված ասուլիսի հեռուստաեթերի վարկանիշերը նայեցի։ Այդ ասուլիսը ևս քննարկման առարկա էր դարձել, սակայն  այն աննախադեպ բարձր վարկանիշ ուներ։ Պարզապես մեր իրականության մեջ ցանկացած գործողություն պարտադիր արժանանում է այլընտրանքային և կենցաղային մեկնաբանությունների։ Եթե վարչապետը իր գրասենյակում նստեր և գյուղի խնդիրներից խոսեր, ապա պետք է ասեին` գրասենյակում նստած գյուղի խնդիրներից է խոսում։ Դա մեզ բնորոշ է։ Մեզանում անհանդուրժողականությունը, քննադատությունը, փոխադարձ անվստահությունը բավականին տարածված երևույթ է։ 

 -Որո՞նք են կառավարման մարմիններում առկա թերությունները PR ոլորտում։

 -Ես կհամաձայնեմ, որ մի շարք դեպքերում ոչ արդյունավետ կամ գործողություններին ոչ համարժեք տեղեկատվական արշավ է  իրականացվում։ Այն, որ կառավարությունը պետք է աշխատի լավ և թափանցիկ, հասկանալի է, բայց երբ կառավարությունը լավ է աշխատում, և հանրությունը պատշաճ կերպով տեղեկացված չէ, դա լավ չէ։ Օրինակ, ներկայումս ՀՀ կառավարությունը մեծ ծրագիր է իրականացնում սննդամթերքի անվտանգության ստանդարտների ներդրման ուղղությամբ, առանց որի հնարավոր չէ արտահանում իրականացնել եվրոպական շուկա։ Ո՞վ գիտի այդ մասին։

Այլ օրինակ` վերջերս աշխատանքի բերումով առիթ ունեցա ծանոթանալ մեր էլեկտրոնային կառավարման համակարգին, որից շատ տպավորված եմ, որովհետև նման գործիքներով հագեցած համակարգ անգամ ոչ բոլոր զարգացած երկրներն ունեն, առավել ևս` մեր  տարածաշրջանում որևէ երկիր։ Բայց ոչ բոլոր շահագրգիռ կողմերն են տեղյակ այդ գործիքներից և ի վիճակի դրանք օգտագործել։

Կարելի է, իհարկե, հասկանալ վերը նշվածի պատճառները։ Այսօր մեր հասարակությունն այնքան է պառակտված, որ հաճախ հնարավոր էլ չէ համարժեք տեղեկատվական արշավներ իրականացնել բոլոր գործողությունների վերաբերյալ։ Կարծում եմ` շատ մեծ անելիք կա հանրային իրազեկման, հասարակության հետ կապերի ինստիտուտների և հարթակների կատարելագործման գործում։  Հասարակությունը պետք է տեղեկացված լինի և հասկանա, թե ինչ է անում կառավարությունը, որքանով արդյունավետ են տնօրինվում իր վճարած հարկերը, ինչ արդյունքներ են արձանագրվել, և դրանք ինչ ազդեցություն  կունենան յուրաքանչյուրի վրա։

-Հայաստանում կա՞ն PR-ոլորտի որակյալ մասնագետներ։

 -Ամեն դեպքում, մենք ունենք որոշակիորեն ձևավորված մեր  ազգային դպրոցը, ինչը շատ կարևոր եմ համարում։ Իհարկե, կան ձևավորված ավանդական  դպրոցներ` ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, գերմանական, որոնք սկզբունքորեն տարբերվում են իրարից իրենց առանձնահատկություններով, օգտագործվող միջոցներով, գործիքներով։ Վերջերս խոսվում է նաև  ռուսական դպրոցի մասին։

Հայաստանում, ելնելով մեր մշակույթից, խառնվածքից, իրականությունից, ձևավորվել է մեր դպրոցը, և այո, կան որոշակի թվով մասնագետներ։

 -Պարո՜ն Սաղաթելյան, Դուք նաև դասավանդում եք Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Հետաքրքիր է, այսօր բուհերի շրջանավարտները ստանո՞ւմ են համապատասխան կրթություն այս ոլորտում։

-Այս ոլորտում մասնագիտական կրթության  ավանդույթները ձևավորման փուլում են։ Արդեն կան մասնագիտացումներ։ Տասը տարի առաջ ներդնելով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում այս առարկաները, եկել եմ այն եզրահանգման, որ միայն համալսարանական կրթությունն այս ոլորտում երաշխիք չէ լավ մասնագետներ պատրաստելու համար։ Գիտությունն ու տեսությունն ընդամենը մի մասն են։ Պետք է աշխատանքային փորձ, քանի որ սա ստեղծագործական աշխատանք է։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ մեզ PR ոլորտի մասնագետներ շատ են պետք։ Մեր երկիրը խնդիրներ ունի նաև PR-ի արտաքին դաշտում, եթե հաշվի առնենք տեղեկատվական հակամարտության դրսևորումները մեր որոշ հարևանների հետ։   Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ջանքեր է գործադրում, որ տարբեր մասնագիտությունների շրջանակներում այս առարկաները նույնպես դասավանդվեն, ընդ որում` միասնական ստանդարտներով։ Նպատակ ունենք նաև ստեղծել միասնական մեթոդական խորհուրդ։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...