18:42
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առաջնահերթ է առողջության ապահովագրումը, մեքենաների ԱՊՊԱ-ն երկրորդական է

2013-04-09 11:16

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

Հարզացրույց Զեյթունի «Սիրտ-Անոթ» բժշկական կենտրոնի տնօրեն,   Առողջապահության ազգային ինստիտուտի միջամտային սրտաբանության ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, Դուք Հայաստանի սրտաբանության կարկառուն դեմքերից եք, ով մեծ ներդրում  ունի այս մասնագիտության զարգացման մեջ, Ձեր շնորհիվ շուրջ 20 հազար մարդու կյանք է փրկվել։ Ինչպիսի՞ն էր Ձեր կայացման ուղղին։

-Դեռ Խորհրդային Միության տարիներին Միքայելյանի անվան հիվանդանոցի նախկին տնօրեն լուսահիշատակ Ալեքսանդր   Միքայելյանը մի խումբ երիտասարդների, այդ թվում նաև ինձ, հնարավորություն ընձեռեց վերապատրաստվելու արտերկրում։ Սովորել և աշխատել եմ Հարավսլավիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում աշխարահռչակ ճանաչում վայելող սրտաբանների մոտ։ Հանրապետությունում հիմնել եմ ինտերվենցիոնալ կարդիոլոգիան, որը ներկայիս սրտի վիրաբուժության անքակտելի մասն է առանց որի հնարավոր չէ իրականացնել սրտի վիրաբուժություն։ 90-ական թվականների սկզբներին հայտնի սրտաբան Հրայր Հովակիմյանի հետ միասին աշխատում էինք Միքայելյանի անվան հիվանդանոցում։ Համախոհներով սկսեցինք սրտի վիրաբուժությունը զարգացնել և խորացնել Հայաստանում։ Միքայելյանի անվան հիվանդանոցում հիմնադրեցի էնդովասկուլյար վիրաբուժությունը, որն իրականացնում է անգիոգրաֆիկ հետազոտություններ, անգիոգրաֆիկ միջամտություններ, որոնք այսօր հայտնի են ստենդավորում, բալլոնային դիլատացիա անվանումներով։ Որոշ ժամանակ անց մի քանի բժիշկներով տեղափոխվեցինք, այն ժամանակ փակվելու եզրին գտնվող, 2-րդ մանկական հիվանդանոց, որն էլ հետագայում վերածվեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի։ Ծանր պատերազմական տարիներ էին ,լի խնդիրներով և զրկանքներով, հիվանդանոցի բոլոր աշխատանքներն, ընդհուպ շինարարական, կատարվում էին մեր ջանքերով։ Սկսվեց շատ պատասխանատու շրջան, երբ պետք էր կայանալ որպես բժիշկ։Եվ դա մեզ հաջողվեց։ Որոշ ժամանակ անց արդեն մենք նախկին Խորհրդային Միության երկրներում լայն  ճանաչում ունեինք և գրեթե առաջատարն էինք, մեր ցուցանիշները գերազանցում էին նույնիսկ Մոսկվայի կլինիկաների ցուցանիշներին, իսկ մեր կատարած վիրահատություններից որոշներն էլ, որոնք պատիվ կբերեին  ցանկացած կլինիկայի, ապահովեցին միջազգային ճանաչում։ 90 ականների վերջերին ես ղեկավարում էի «Նորք-Մարաշ»  սրտաբանական ծառայությանը և ունեի աշակերտներ, որոնք հիմա առաջատար մասնագետներ են տարբեր կլինիկաներում։ Հետագայում երկարաժամկետ համագործակցություն եղավ ֆրանսիայի հետ, որտեղ ես երկար ժամանակ սովորեցի և աշխատեցի աշխարհահռչակ սրտաբան Բառականի և Սիլվեստրի թիմի հետ։ Արդյունքում հմտացա արտերիաների ստենդավորման մեջ։ Դա մի հեղափոխություն էր սրտաբանության մեջ։ Այն հնարավորություն է տալիս սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ կյանքի փրկության գործողություն կատարել, որպեսզի մարդիկ չմահանան։ Այդուհետ արտերիաների ստենդավորումը սկսեցինք կիրառել ոչ միայն խրոնիկ սրտային հիվանդների բուժման ընթացքում, այլև սրտի ինֆարկտի ժամանակ, որի արդյունքում սրտի կաթվածից մահացության թիվը իջավ մինչև 1-1,5 տոկոս։

-Մեծ էր Ձեր վաստակը «Նորք-Մարաշ» բ/կ-ի ստեղծման գործում, Դուք վերջինիս հիմնադիրներից մեկն եք։ Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք առանձնանալ և հիմնել մեկ այլ բժշկական կենտրոն։

-Հիվանդների հոսքը «Նորք-Մարաշ» բ/կ գնալով աճում էր և կենտրոնը սկսեց աշխատել ծանրաբեռնված։ Այդ ժամանակ միտք հղացավ հիմնել ևս մեկ սրտաբանական կենտրոն։ Մտահղացումս հաջողվեց իրականացնել։ 2005թ-ին նախկին սրտաբանական ինստիտուտի մի մասը արենդավորվեց և վերանվանվեց և սկսեց գործել որպես Զեյթունի «Սիրտ-Անոթ» բժշկական կենտրոն, որտեղ իրականացվում են նույն այն ծառայություններն, որոնք մատուցվում էին «Նորք-Մարաշ» բ/կ-ում։ «Սիրտ-Անոթ» բժշկական կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և Բժշկական հմուտ կադրերով։ Հետագայում կենտրոնը դարձավ Առողջապահության Ազգային Ինստիտուտի Միջամտային Սրտաբանության Անբիոնի Բազան, որտեղ մասնագիտանում են երիտասարդ սրտաբաններ, և որի Անբիոնի ղեկավարը ես եմ։ կենտրոնի վեցամյա գործունեության ընթացքում կատարվել են շատ մեծ աշխատանքներ, վիրահատվել են հազարավոր հիվանդներ։ Կենտրոնի նպատակն է հիվանդներին մատուցել բարձրորակ և ժամանակակից բուժում։

 -Շատ են հնչում բողոքներ, որ վիրահատությունը թանկ արժե, մարդիկ այդքան գումար չունեն։ Դուք, որպես մասնագետ, ի՞նչ բացատրություն կտաք սրան։

-Վիրահատության ժամանակ օգտագործվում են թանկարժեք նյութեր, որոնք մենք ձեռք ենք բերում արտերկրից։ Նույն  այդ նյութերով են աշխատում, օրինակ` Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, սակայն այնտեղ նույն վիրահատությունը արժե  50-60 հազար ամերիկյան դոլար, իսկ այստեղ նույն տեխնոլոգիաներով և նույն որակի վիրահատությունը կատարվում է ընդամենը 5000 դոլարով, որը մեր քաղաքացին աստղաբախշական թիվ է համարում։ Եթե այդ նույն նյութերը արտադրվեին այստեղ, այդ դեպքում վիրահատության գինն էլ անհամեմատ ցածր կլիներ։ Իհարկե, հասկանալի են քաղաքացիների բողոքները, սակայն ի՞նչ անի բժիշկը։ Այստեղ թերևս պետությունը պետք է ինչ- որ ձևով միջամտի, որովհետև 5000 դոլարը մեր քաղաքացու համար իսկապես մեծ գումար է, հատկապես, որ գործում են վճարման «վայրենի» ձևեր, գումարը պետք է վճարել տեղում։ Աշխարհում ոչ մի տեղ չես հանդիպի նման երևույթի, երբ հիվանդի ձեռքին առձեռն գումար  չլինելու դեպքում նա բուժօգնություն չի ստանում։

-Իսկ հնարավո՞ր է, որ ապահովագրության կիրառման դեպքում իրավիճակը թեթևանա։

-Հույս ունենք, որ ապահովագրություն կկիրառվի նաև բժշկության մեջ։ Իհարկե իրավիճակն այլ կլինի, երբ մարդիկ առողջապահական ապահովագրություն ունենան։ Հուսանք, որ ի վերջո առողջությունը մեքենաներից կկարևորեն։ Մեքենաները կարևոր չեն, առաջնահերթը առողջությունն է։

-Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում։

-Այս շենքը, որտեղ գործում է մեր  բժշկական կենտրոնը չի ապահովում մեր պահանջները լիարժեք բուժ օգնություն իրականացնելու, և միևնույն ժամանակ մեծ արենդավճարներ ենք կատարում, ուստի նպատակ ունենք և որը արդեն իրականացնում ենք .ստեղծել նոր կլինիկա մեր գործունեությունը իրականացնելու համար։  Նոր կլինիկան կլինի,  ժամանակակից, Եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Մեր բժիշկներից յուրաքանչյուրը, թեպետ կարող է ցանկացած երկրում իր մասնագիտությամբ աշխատել և ապրել անհամեմատ ավելի բարվոք պայմաններում, սակայն այնուամենայնիվ հուսալով, որ Հայաստանն ևս կդառնա զարգացած երկիր գերադասում են իրենց գիտելիքներն և փորձը ներդնել հայրենիքում։ Վերջիվերջո ամեն ոք առաջին հերթին իր հայրենիքին է պետք և պարտավոր։ 

-Դուք նաև ամբիոնի վարիչ եք, ի՞նչ կասեք գալիք սերնդի մասին։ Արդյո՞ք նրանց մեջ էլ է իշխում լավ մասնագետ դառնալու ձգտումը։

-Ցավով պետք է նշեմ, որ գալիք սերնդի մեջ այդ ձգտումը նվազում է, որովհետև նրանք գիտեն, որ տաս տարի կրթություն ստանալով և մեծ գումարներ ծախսելով արդյունքում ապրելու են ավելի վատ, քան միջակ ունակություններ ունեցող երգիչը։     

                                                                                            Հարցազրույցը` Լիլիթ Սաֆարյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...