18:30
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Համեմունքներն ամեն անգամ տարբեր բույր կարող են տալ իմ ուտեստներին, սակայն դրանք միշտ համեղ են ու ախորժելի ամենակարևոր բաղադրիչի` անսահման սիրո շնորհիվ, որով ես շաղախում եմ պատրաստած յուրաքանչյուր ուտեստ»

2013-04-08 11:37

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Կարինե Բադալյան` «Սմակ» խանութ-սրճարանի սեփականատեր

 Մաշտոցի 41 հասցեում «Սմակ Սալատ» խանութ-սրճարանն է, երևանցիներն այս հասցեն լավ գիտեն։ «Սմակի» դռների ներսում անուշաբույր համեմունքների, ապուրների և աղցանների մի ամբողջ արվեստ է ստեղծել Կարինե Բադալյանը, ով արդեն ավելի քան  15 տարի է երևանցիներին հրամցնում է հետաքրքիր և ինքնատիպ աղցաններ, ուտեստներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ այս նույն համն ու ախորժելիությունը չունեն։ Վաղ առավոտից տիկին Բադալյանը խոհանոցում  պատրաստում, համեմում է ուտեստները և մշտապես նոր ու թարմ համադրությունների որոնումների մեջ է։

 Յուրաքանչյուր լավ խոհարար իր «Գաղտնի բաղադրատոմսն» ունի։ Իսկ որն է Կարինե Բադալյանի գաղտնի բաղադրատոմսը, «Դե Ֆակտո» ամսագիրը որոշեց բացահայտել վերջինիս հետ զրույցում։

 -Տիկի՛ն Բադալյան, կանանց տոների առթիվ մենք  որոշեցինք զրուցել Ձեզ հետ, քանի որ ավելի գեղեցիկ և ներդաշնակ բան, քան հրաշագործ ձեռքերով կինն է խոհանոցում, կարծում եմ` չկա։ Սկսենք սկզբից, ինչպե՞ս ստացվեց, որ դիվանագիտական ծառայողի ընտանիքում մեծացած, մասնագիտությամբ լեզվաբան, գեղասահքի սպորտի վարպետի թեկնածու Կարինե Բադալյանը որոշեց դառնալ բիզնես լեդի, այն էլ սննդի արտադրության ոլորտում։

-Կյանքն անկանխատեսելի բան է։ Այնպես, ինչպես այժմ չեմ պատկերացնում կյանքս առանց իմ բիզնեսի` իմ գողտրիկ սրճարան-խանութի, այդպես էլ տարիներ առաջ մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր զբաղվելու եմ սննդի արտադրությամբ, այն էլ, որ ինքս եմ պատրաստելու։ Ես ծնվել և մեծացել եմ ԽՍՀՄ-ում, որտեղ ամեն ինչ պլանավորված էր, գնում էր իր բնականոն հունով, դպրոց, բարձրագույն կրթություն, մասնագիտությանը համապատասխան աշխատանք։ Սակայն ԽՍՀՄ փլուզումն ամեն ինչ փոխեց։ Ես ողջ կյանքում ապրել էի Մոսկվայում, սակայն իմ մեջ այնքան խորն էր նստած «հայը», որին ծնողներս` հատկապես հայրս էր արմատավորել, որ վերակառուցումից հետո որոշեցի վերադառնալ հայրենիք։ Մի քանի տարի դասավանդեցի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում, սակայն միայն դա բավական չէր նորմալ կեցություն ապահովելու համար։ Ուստի կյանքը ստիպեց, և ես էլ սիրով համաձայնեցի գնալ այս «համեղ» ճանապարհով, քանի որ միշտ անչափ սիրել եմ այս ոլորտը։ Ապրել եմ տարբեր երկրներում, ուսումնասիրել եմ նրանց խոհանոցների առանձնահատկությունները։ Բրյուսելում հորս ընկերը ռեստորաններ ունի, նրա հետ շատ զրույցներ եմ ունեցել խոհանոցի և, առհասարակ, բիզնեսի գաղտնիքների մասին։ Կարող եմ ասել, որ նա եղել է իմ խորհրդատուն, ում խորհուրդները ես հետագայում վերհիշել և կիրառել եմ  բիզնես-ստեղծագործական աշխատանքում։ Նա ինձ ասում էր. «Եթե բիզնեսդ կառավարես միայն գրասենյակում նստած, հաջողության չես հասնի։ Հաջողության հասնելու համար պետք է անձամբ կատարես ամենացածր աշխատանքից մինչև ամենաբարձրը, որպեսզի լիարժեք պատկերացնես, թե որ աշխատանքը ինչպիսի հմտություններ և ժամանակ է պահանջում գոհացնող արդյունքի հասնելու համար։ Միայն այդ ժամանակ կարող ես ճիշտ կազմակերպել ողջ ընկերության աշխատանքը։  Վաղ առավոտից ես խոհանոց եմ մտնում, պարտրաստում, համեմում, նոր համադրություններ եմ փնտրում, հետագայում դրանք փոխանցում իմ աշխատակիցներին և հաճախորդների դատին։

 -Ո՞րն է աշխատանքում և կյանքում Ձեր հաջողության «գաղտնի բաղադրիչը»։

-Ե'վ կյանքում, և' աշխատանքում իմ հաջողությունների գլխավոր բաղադրիչը սերն է, այն մեծ սերը, որով ես նվիրվում ու տրվում եմ իմ բոլոր նախաձեռնություններին։ Սերն այն կարևոր բաղադրիչն է, որ պետք է լինի բոլոր հարաբերություններում։ Կյանքում ոչինչ ստիպողաբար չպետք է լինի, մարդը պետք է սիրով, ինքնակամ գա որևէ բան անելու գիտակցությանը։ Ես իմ աշխատակիցների հետ էլ նման կերպ եմ աշխատում, ես պետք է զգամ նրանց մեջ աշխատանքի, ինչ-որ բան սովորելու ցանկությունը, սերը։ Պետք է պատրաստել սիրով և մատուցել սիրով, որպեսզի հաճախորդն իր հերթին սիրով վերաբերվի քեզ։

 -Իսկ Ձեր մյուս մասնագիտությունները օգնո՞ւմ, թե՞ խանգարում են Ձեզ այս գործում։

-Իհարկե օգնում են։ Գիտեք, ես հոգով մանկավարժ եմ, երևի թե սա է պատճառը, որ խոհանոցում ինչ-որ բան պատրաստելուն զուգահեռ` իմ աշխատակիցների հետ ավելի շատ խոսում եմ կյանքի, մարդակային հարաբերությունների, բնավորությունների մասին, քան ուտելիքի։ Այս խոսակցությունների մեջ է ծնվում մարդուն ավելի լավ ճանաչելու, կյանքում ավելի հմտանալու ունակությունը, ես սովորեցնում եմ նրանց սիրել, լինել ավելի լավ, ավելի բարի, սրանց արդյունքում ուտեստները հաստատ ավելի համեղ են ստացվում։ Այս ամենի արդյունքում ես ունեմ ամուր և կուռ կոլեկտիվ, հավատարիմ աշխատակիցներ, ովքեր ճանաչում և սիրում են ինձ, ընդունում են իմ դիտողությունները աշխատանքի և խորհուրդները կյանքի վերաբերյալ։ Իսկ սպորտի հանդեպ սերն օգնում է ինձ մշտապես վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով և երիտասարդ մնալ հոգով և մարմնով։

 -Տիկի՛ն Բադալյան, անդրադառնանք նաև կանանց տոներին։ Ինչ կմաղթեք հայ կանանց կանանց միամսյակի կապակցությամբ։

-Ես միգուցե կտարբերվեմ շատերից, ոմանց համար գուցե և անընդունելի լինի իմ դիրքորոշումը, սակայն ես կարծում եմ, որ չի կարելի տարվա մեջ միայն մեկ օր ցույց տալ կնոջը, որ դա իր օրն է։ Պետք է տարվա յուրաքանչյուր օրը կնոջ համար այնքան հետաքրքիր լինի, սիրով և հոգատարությամբ պարուրված, որ նա նույնիսկ չնկատի, որ եկել է մարտի 8-ը։ Պետք է անկախ ամեն ինչից, միշտ և բոլոր հանգամանքներում մեծարել, սիրել կնոջը, օրհնել նրան, քանի որ կինն է կյանքի շարժիչ ուժը, սիրո, երջանկության աղբյուրը։ Կինն իրեն պետք է միշտ գնահատված զգա, իսկ մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին շնորհավորանքներ և ծաղիկներ ստանա…

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...