2013-04-06 14:51
«Դե Ֆակտո» 70 (2012թ.)
Քրիստոնեական երրորդությունն է` Հայր, Որդի և Սուրբ Հոգի...
Այստեղ պիտի որ հարց առաջանար` իսկ որտե՞ղ է Մայրը:
Առանց կանացի սկզբի ոչ մի Տիեզերք չի կարող ծնվել, և ոչինչ չի կարող ստեղծվել: Ակնհայտ է, որ կանացի է նախասկիզբը: Կինն այն միջանկյալ և սրբագործ հոգին է, ով միավորում է նյութն ու հոգին մեկ մարմնում և հորը ճանաչել է տալիս որդուն, տարրալուծում և միավորում, մանրամասնում և ամբողջացնում է նախանյութը:
Արևելյան թաքնագիտությունն ասում է` ինչպես Վերևում, այնպես էլ Ներքևում. ներքևում սուրբ երրորդությունն է` կնոջ ամենօրյա սրբագործությամբ, թերևս, Վերևում էլ նույնն է...Մեծ Մոր տիեզերական սրբագործությամբ` երկվորյակ զավակների ծնունդով, երկու հայելային աշխարհներով, ինչպես հնագույն շումերական հավատամքն է ասում…
Հետաքրքիր պատկեր է ներկայացնում այժմյան մարդկությունը. նրա իշխանական խավերում հիմնականում տղամարդիկ են` բացառությամբ մի շարք երկրների, որտեղ որպես ընդմիջարկում կանայք են երևում...
Սակայն կրոնը բացառապես տղամարդկանց ձեռքին է: Այնինչ, իրական հավատը կնոջ սրտի մեջ է, քանզի միայն կնոջ միջոցով է, որ տունը ճանաչելի է դառնում` որպես հոգևոր տաճար: Երբ որևէ տուն ես մտնում և այնտեղ մայրը չկա, ուրեմն այնտեղ ոչինչ չկա, այնտեղ դատարկություն է:
Միացյալ Նահանգներում կանայք միայն 1920 թվականին ընտրելու իրավունք ստացան, իսկ այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանում կային կին պատգամավորներ, Հայաստանը նաև կին դեսպաններ ուներ:
Այսօր Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կանայք են, և յուրաքանչյուր կնոջ տաղանդը, ուժը, խիզախությունը երկրին անհրաժեշտ են: Ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ տալ շռայլություն և անտեսել իր մարդկային ներուժի կեսը:
Եթե միջազգային ցուցանիշերով կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ 20-ից 22 տոկոս է, ապա Հայաստանում այն ընդամենը 9 տոկոս է, երբ կանանց 70 տոկոսը ունի բարձրագույն կրթություն:
Սահմանադրությամբ թե° կինը, թե° տղամարդը ունեն հավասար իրավունքներ, սակայն կան նաև չգրված օրենքներ, որոնք էլ խոչընդոտում են կանանց հավասար ներգրավվածությունը հասարակական քաղաքական կյանքում:
Շուտով Հայաստանում խորհրդարանային ընտրություններ են սպասվում, հուսանք, որ մեր ինքնահավան տղամարդկանց կողքին կհայտնվեն նոր կին պատգամավորներ, որից խորհրդարանը, կարծում եմ, ավելի մարդկային դեմք կունենա:
Ընտանիքը հասարակական առաջին կառույցն է, որը կարևոր դերակատարություն ունի հասարակության հաստատուն կայունության համար: Իսկ հայ կինը ընտանիքի պահապան հրեշտակն է: Գուցե շատ ազգերի մեջ նույնպես կա մոր պաշտամունքը, բայց հայոց կյանքում դա չափացանց շեշտված է: Մեր կենցաղում մոր դերը դաստիարակության և ընտանիքի ներքին կանոնակարգված ղեկավարման մեջ շատ մեծ է: Եվ պատահական չէ, որ հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն գրում է.
-Տվեք ինձ կիրթ ու խելացի մայրեր` ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն:
Իսկ Գարեգին Նժդեհն ասում է. ՙՄայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը՚:
Կնոջը, կարծես թե, Մայր բնության կողմից լուռ վկայի, հավերժական կյանքի խորհրդանիշերը փոխանցողի, հարահոսի անընդհատականությունը պահպանողի դերն է տրված: Եվ այս իմաստով, պատահական չէ, որ կինը միշտ, ինչպես բացարձակ ճշմարտություններն են, եղել և շարունակում է մնալ տղամարդկանց համար ներշնչանքի աղբյուր և° կյանքում, և° արվեստում ընդհանրապես :
Սակայն, կնոջ համար ամենագլխավոր և ճշմարիտ արվեստն այն է, որ ողջ կյանքի ընթացքում չմոռանա, որ ինքը կին է ու միշտ կին մնա: Իհարկե, շատ բան պայմանավորված է, թե ով է կնոջ կողքին, ինչպիսի՞ տղամարդ, ով կարող է թելադրել, թե իր կինը կդառնա լվացք անող, ճաշ եփող և երեխա ծնող միջոց, թե՞ միաժամանակ կմնա խնամված կին` իր հմայքով, քնքշությամբ և մայրությամբ:
Ֆեդերիկո Ֆելինիի խոստովանմամբ իր ներշնչանքի գլխավոր աղբյուրը հմայիչ Ջուլիետա Մազինան էր, ով և դարձավ իր միակ կինը: Իսկ Գյուստավ Ֆլոբերին գերել էր Տիկին Բովարիի կերպարը:
Տիկին Բովարին շատ երիտասարդ էր ամուսնացել և դաստիարակված լինելով զգացմունքային գրքերով` բացարձակ պատրաստ չէր իրական կյանքին: Էմման մի կին էր, ով ինքն էլ չգիտեր, թե ինչ է ցանկանում: Նրա տառապանքը անշոշափելի է, ոչ նյութական, իսկ նրա գիտակցությունը չափազանց մակերեսային, որպեսզի գնահատի ամուսնու զգացմունքները:
Էմման ընտանեկան կյանքում երջանիկ չէր, կենցաղը խեղդում էր նրան: Հպարտությունը թույլ չէր տալիս համակերպվել կենցաղային հանգիստ կյանքի հետ, իսկ այդ ընթացքում մեծանում էր նրա դուստրը` չիմանալով, թե ինչ է մայրական սերը, այն սերը, որի մասին Էմման նույնիսկ չէր էլ կարող երազել:
Ողջ կյանքում Էմման մտածում էր միայն մեկ անձի մասին` իր մասին:
Էմմայի երկու սիրավեպերն էլ չդիմակայեցին ժամանակի փորձությանը: Նրա ինքնասեր կյանքը, նրա վերաբերմունքը իր սեփական երեխայի նկատմամբ, անվերջ ստելը ամուսնուն, այս ամենը դժվար է արդարացնել:
Թերևս, Էմմայի դավաճանությունները նրա չգիտակցված բողոքի ձևն էր` այդ ժամանակաշրջանի կանանց համար հասանելի միակ բողոքարկելի ձևը, ինչը անգիտակից ու բնախոսական անհնազանդություն էր` քողարկված ստի և շարունակական խաբեության շղարշով:
Թերևս այդ ժամանակաշրջանի կանանց ողբերգությունն էր դա, չի բացառվում, որ այնուհետև և այսօր նույնպես:
Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ Տիկին Բովարիին եկավ շարունակելու Աննա Կարենինան:
Այո, յուրահատուկ ու դժբախտ սեր էր Աննա Կարենինայի և Վրոնսկու սերը:
Տոլստոյը, լինելով նաև նուրբ հոգեբան, բացատրում է Աննայի և Վրոնսկու սիրո ողբերգական դատապարտվածությունը ոչ միայն արտաքին պատճառներով, այն է` հասարակության ոչնչացնող ազդեցությունը, այլ նաև խորը ներքին հոգեբանական հանգամանքներով, որոնք թաքնված են հերոսների մարդկային բնույթի մեջ:
Աննան ազատամիտ, հարուստ հոգևոր աշխարհով, խելացի և ուժեղ կին է, սակայն նրա զգացմունքների մեջ ինչ-որ դաժան, օտար և սատանայական բան կար: Իր կրքի համար նա մոռանում է իր մայրական պարտականության մասին, չի նկատում Կարենինի տանջանքները:
Ապրելով Վրոնսկու հետ՝ Աննան չի հասկանում համատեղ երեխաներ ունենալու, իսկական ընտանիք ստեծելու Վրոնսկու ցանկությունը:
Նա ամբողջությամբ չի տրվում իր զգացմունքներին, չի նվիրվում իր սիրելի տղամարդուն: Նվիրվում է միայն իր սիրուն, իր զգացմունքներին: Նա պարզապես իր սերն էր սիրում:
Թերևս, Աննան ամեն ինչից բարձր էր գնահատում իր սերը, վերջիվերջո, սիրուց էլ զոհվում է:
Հետաքրքիր է նաև հայ գրականության մեջ ներկայացված հայ կնոջ կերպարները: Նար-Դոսի Սառան ՙՍպանված աղավնի՚-ում, Ակսել Բակուցի ՙՄիրհավ՚ հրաշալի ստեղծագործությունը և վերջապես Հրանտ Մատթևոսյանի Աղունը ՙԱշնան արև՚-ում: Աղունը կին էր, ով ոչ միայն իր զավակների մայրն էր, այլև մայրն էր նաև իր ամուսնու: Չեմ ուզում հակադրել Ֆլոբերի, Տոլստոյի հերոսուհիները Մատթևոսյանի Աղունին, քանզի նրանք բոլորն էլ հարազատ քույրեր են, մի տարբերությամբ սակայն, որ ամեն մեկը իր ցեղի, իր միջավայրի արդյունքներն էին:
Այսօր, փառք Աստծո, Հայաստանում կին-տղամարդ հարաբերության մեջ չկա ոչ մի օրենսդրական սահմանափակում, սակայն կա մեր ցեղակրոն ավանդույթը, որը անընդհատ հուշում է` ընտանիքի գլուխը տղամարդն է և կինը պարտավոր է հնազանդվել նրան: Ինչպես ամեն պսակադրության ժամանակ թելադրում է քահանան.
- Տե՞ր ես, որդյակս:
- Այո, տեր եմ,- ասում է նա:
- Հնազա՞նդ ես, դուստր իմ:
-Այո, հնազանդ եմ,- ասում է նա:
Եվ այսպես, այսօր մենք` հայ կանայք, հնազանդ ենք, մնում է` մեր տղամարդիկ մեզ տեր լինեն:
ԱՆՆԱ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Վերադառնալ