04:12
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հրաչ Քեշիշյան

2013-04-08 11:24

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Գարեգին Նժդեհ.

Մարդ, ով հանուն իր գաղափարի և մեծ երազանքի՝ ինքնակամ հանձնվում է սատանային

Ես ցանկացել եմ պատմել Մարդու պատմություն, ով անսահման սիրում է իր Հայրենիքը և չի վախենում Ճակատագրից։

 Հրաչ Քեշիշյան,  «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսոր

-Պարո՛ն Քեշիշյան, նախ շնորհավորում եմ Ձեզ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի՝ իրականություն դառնալու առթիվ։ Ինչպե՞ս առաջացավ մեր ազգային հերոսի` Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը՝ ժամանակի պահա՞նջ էր, թե՞

-Ֆիլմի ստեղծման գաղափարը վաղուց կար, ես բավականին երկար էի   փնտրում հնարավորություն այն իրագործելու համար, և ստացվեց  այնպես, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի ջանքերով կարողացանք ֆինանսավորում գտնել այս նախագծի իրականացման համար։ Շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր հավատացին ու աջակցեցին ֆիլմի ստեղծմանը։

-Մինչև ֆիլմի ցուցադրությունը հնչում էին շատ սուր քննադատություններ, դա չէ՞ր խանգարում ստեղծագործական խմբի աշխատանքին։

-Դրանք, թերևս, քննադատություններ չէին… ինչևէ, իհարկե, բարդ էր, սակայն մեր ստեղծագործական խումբը բավականին ամուր էր և ուժեղ։ Կենտրոնացրեցինք մեր ուժերը աշխատանքի վրա և ուղղակի չպատասխանեցինք զազրախոսությանը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում, արձագանքում, առհասարակ, քննադատություններին և արդյո՞ք նկատել եք դրանցում մասնագիտական օբյեկտիվ դիտարկումներ։

-Ես իմ տեսակով շատ բաց մարդ եմ և լսում եմ իմ շրջապատին, կարող եմ ժամերով լսել կարծիքներ, քննարկել և առողջ բանավիճել։ Եթե բանավեճի, քննարկման և կարծիքների մեջ ողջախոհություն կա, ապա դրանք անպայման արձագանք են գտնում իմ աշխատանքում։ Սիրում եմ լսել պրոֆեսիոնալներին ու այն մարդկանց, ովքեր կոնստրուկտիվ քննադատներ են։ Յուրաքանչյուր արվեստագետ սպասում է իր աշխատանքի գնահատականին և, բնականաբար, գրախոսություններն էլ մեծ նշանակություն ունեն։

-Որպես ֆիլմի ռեժիսոր՝ ֆիլմը նկարելիս ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև և արդյո՞ք հաջողվել է  լուծել դրանք։ Արմեն Մազմանյանը տեսակետ հայտնեց, որ իր համար նոր Գ. Նժդեհ բացահայտեց։ Ինչպիսի՞ Գ. Նժդեհ էիք նպատակադրվել ներկայացնելու։

-Ես ցանկացել եմ պատմել Մարդու պատմություն, ով անսահման սիրում է իր Հայրենիքը և չի վախենում Ճակատագրից։ Նա միայնակ է իր ճակատագրի դեմ, և եթե հասարակարգն ու սիստեմը փորձում են սահմանափակել ազատությունը, ապա չեն կարող խլել անհատականությունը։ Մեծ հայրենասերի ողբերգությունը և ֆանատիկոսի համբերատարությամբ ու հավատով ապրած կյանքն օրինակ է։

-Ինչպե՞ս է կատարվել դերասանների ընտրությունը, ինչպե՞ս էր ընթանում դերասանական անձնակազմի հետ աշխատանքը, հատկապես Գարեգին Նժդեհի դերակատարների։

-Ես, ի միջի այլոց, դերասանների ընտրության վրա աշխատում եմ լուռ, երկար, որից հետո դերասանները հավաքվում են սեղանի շուրջ։ Մենք մեծ դերասանախմբով սկսում ենք կարդալ սցենարը, քննարկել ու աշխատում ենք մատիտով՝ գրում ենք, ջնջում, նկարում, տեսարաններ հորինում. գրեթե այնպես, ինչպես թատրոնում ներկայացում բեմադրելիս։ Եթե դերասանի հետ  ընկերներ չդառնանք, ես գրեթե համոզված եմ, որ լավ չենք աշխատի։ Ես պիտի զգամ իմ դերասաններին, իմանամ իրենց բնավորության ու սովորույթների ինչ-որ գծեր, որ կարողանամ յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատել։ Թատրոնում շատ կարևոր է խաղընկեր հասկացությունը։ Կինոյում դերասանի համար ավելի դժվար է, նրա խաղընկերը շատ հաճախ կինոօբյեկտիվն է կամ օպերատորը, հաճախ նաև քո լեզուն չիմացող դերասանը, ինչպես, օրինակ, մեր ֆիլմում Չուլպան Խամատովան էր. նա չգիտի հայերեն, իսկ ողջ տեսարանը խաղում է հայերենով։ Ես սիրում եմ այն դերասաններին, ում ընտրում եմ, կարծում եմ՝ այդ սերը փոխադարձ է։ Ես կարող եմ  հպարտանալ ու իմ գործընկերները  թույլ չեն տա, որ ստեմ. մեր նկարահանման հրապարակում կատարյալ փոխըմբռնման մթնոլորտ է, հարմարավետ է ու ստեղծագործական, նույնիսկ եթե աշխատում ենք մինուս տասը աստիճան ցրտի պայմաններում։

 Նա Հայրենիքից հեռանում է հարկադրաբար և միանգամից դառնում թշնամի և՛ յուրայիններիև՛ օտարների համար, իսկ թե՛ մեկը և թե՛ մյուսը հայն է

 -Ինչպիսի՞ առանձնահատկություններ եք փորձել ընդգծել երիտասարդ  և հասուն տարիքի Գ. Նժդեհի  կերպարներում։ 

-Երիտասարդ Նժդեհը անկասկած ռոմանտիկ է, տաքարյուն և ըմբոստ։ Նրա միակ սերը հայրենիքն է և իր ժողովուրդը, նա  վճռական է, կտրուկ որոշումներ կայացնող, լեցուն երազանքներով ու հաստատակամ, որ կհաղթի… Նա Հայրենիքից հեռանում է հարկադրաբար և միանգամից դառնում թշնամի և՛ յուրայինների,  և՛ օտարների համար, իսկ թե՛ մեկը և թե՛ մյուսը հայն է…

Հասուն Նժդեհն արդեն այլ մարդ է, այլ կերպար, ում սրտի թաքուն դարակներում պահված է մեծ հավատը, որ մի օր կլինի այնպես, ինչպես ինքն է մտածում, այնինչ թվացյալ բարեկեցիկ եվրոպական կենցաղը չի որոշում նրա կենսակերպը. մարդ, ով հանուն իր գաղափարի և մեծ երազանքի՝ ինքնակամ հանձնվում է սատանային, թույլ տալիս, որ իրեն քայքայեն ու մաշեն։

-Պարո՛ն Քեշիշյան, որքանով տեղյակ եմ, ֆիլմի ցուցադրությունը հաջող է ընթանում, տոմսերը շատ մեծ արագությամբ սպառվում են, գո՞հ եք  արված աշխատանքից և ստացված արդյունքներից։ 

-Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր դիտել են ու ովքեր դիտում են ֆիլմը, շնորհակալ եմ, որ նույնիսկ մարզային ցուրտ դահլիճները լեփ լեցուն են, ու մարդիկ երկուսուկես ժամի զգացողությունը կորցնում են։ Շնորհակալ եմ, որ իմ հուզումը ընկալում են ու դարձնում իրենցը, շնորհակալ եմ կարծիքների, զանգերի ու նամակների  համար։ Մարտի 14-ին ֆիլմը տարել էինք Չինարի գյուղ, սահմանամերձ ու ամենաթեժ կետերից մեկը մեր Հայրենիքում։ Գյուղի ակումբը վերջին անգամ բացվել էր քսաներկու տարի առաջ, վերջին ֆիլմը չէին էլ հիշում, թե որն է ցուցադրվել այդ ակումբում։ Ֆանտաստիկ ժողովուրդ ենք, ուժեղ, հայրենասեր ու հումորով. հազար մարդ է ապրում Չինարիում, հարյուր երեսուն աշակերտ ունեն դպրոցում, երեսուն երեխա էլ մանկապարտեզ է հաճախում։ Տները թշնամու հենակետից  վեց հարյուր հիսուն մետր հեռավորության վրա են, ադրբեջանցիներն ամեն օր կրակում են, բայց մարդիկ չեն լքում իրենց տները։ Քայլում էինք դեպի ակումբ, գյուղապետ Սամվելը ցույց է տալիս ու չինարեցուն հատուկ անվախ հումորով ասում. «Նայե՛ք ակումբի պատին, երեկ են կրակել, էսօր ձեր բախտը բերել է, թուխպ է,  չեն կրակի»։

Մառախլապատ եղանակ էր, գյուղը մի քիչ ապահով էր, մոտ վեց հարյուր մարդ էր  հավաքվել գուղի խարխուլ ակումբում, էլեկտրականությունն էլ կողքի տնից էինք բերել։ Մարդիկ նայեցին, հուզվեցին… Ինչ-որ իմաստով այս ֆիլմը իրենց մասին էլ է…  Ավելի մեծ երջանկություն չեմ էլ կարող պատկերացնել...

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...