23:17
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռուբեն Քոչար. «Լցվել լավատեսությամբ, գնահատել ունեցածը, ձգտել ավելիին՝ արժանապատիվ միջոցներով, չհեռանալով ինքդ քեզնից…»

2013-04-04 11:30

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը ավարտում է իր նոր` «Անունս Վիոլա է» գեղարվեստական ֆիլմը։ Հետարտադրական աշխատնքները որակով և արդյունավետ իրականացնելու նպատակով նա մի քանի ամսով Միացյալ Նահանգներում էր։ Վերադառնալով՝ Քոչարը ժամանակ գտավ մեզ հետ զրուցելու.

- Հոգեբանական, միստիկ դրամա է` կյանքի անբարենպաստ հանգամանքների շնորհիվ մեծ քաղաքում հայտնված գյուղաբնակ երիտասարդ կնոջ կյանքի դրաման, կյանքում իր տեղը գտնելու պայքարը։ Որն ի դեպ, հընթացս վերածվում է ինքն իր հետ ներքին պայքարի։ Կյանքը լի է խոչընդոտներով, գայթակղություններով, և շատ  քիչ է հավանականությունը, որ այդ բազամազանությունից կարող ես ընտրել այն, ինչ քոնն է, քեզ հոգեհարազատ է։ Ֆիլմում արծարծվում են այնպիսի խնդիրներ, որոնց մասին հայկական կինոյում երբևէ չի խոսվել։  

- Ձեր նախորդ ֆիլմերից «Մետամորֆոզը» ևս միստիկայի ժանրից է։ Դա արտահայտչամիջո˚ց է։

- Թրթուրը, երբ թիթեռի է վերածվում, դա բնական, այսպես ասած՝ դրական, մետամորֆոզ է, կերպարանափոխություն։ Մեր ողջ կյանքն էլ հիշեցնում է մետամորֆոզի երևույթը, բայց թե՝ որքանո՞վ «դրական մետամորֆոզի օրենքի» սահմաններում, հարազատ բնությանը, թերևս միայն Աստծուն է հայտնի։ Մինչդեռ ամեն ինչ փոխվել է, և ինձ, որպես արվեստագետի, մտավորականի, մտահոգում է, որ այդ ամենը առաջընթացի տանող փոփոխություններ չեն։ Փոխվել են մարդկային պարզ, մաքուր հարաբերությունները, մարդիկ իրենք։ Մետամորֆոզն ամենուր է, հատկապես` քաղաքականության մեջ։ Շատ ու շատ քաղաքական գործիչների գիտենք, իրենց անցյալով, ողջ անցած ուղով, ու տեսնում ենք, թե ինչպիսին են ներկայանում, ինչ հեքիաթներ են հյուսում...Այս ամենը զավեշտալի է։ Կարևորը ձևը չէ, մինչդեռ մենք ընկնում ենք ձևի հետևից, կարևորը էությունն է, ինչի զգացողությունը մենք կորցրել ենք։ Ես փորձում եմ իմ ֆիլմերով այդ մասին ահազանգել, փորձում եմ հիշեցնել, որ բացասական մետամորֆոզի դեմ պետք է պայքարել` լինի դա առօրյա մարդկային հարաբերություններում, քաղաքականության մեջ, թե ասենք` ինչպես առանձին օրինակում` «Մետամորֆոզ»-ում է` համակարգչից կախվածության մեջ հայտնվող  երիտասարդ սերնդի պարագայում։  

- Իսկ ի՞նչ է փորձում հանդիսատեսին ասել Ռուբեն Քոչարը այս նոր ֆիլմով։

- Բոլոր դժվարություններով ու փորձություններով հանդերձ կյանքը հրաշալի է։ Եվ յուրաքանչյուրին տրված է հնարավորություն ապրել այն յուրովի։ Լցվիր լավատեսությամբ, մի նախանձիր ուրիշին, գոհացիր, գնահատիր այն, ինչ ունես, ձգտիր ավելիին՝ արժանապատիվ միջոցներով, բայց ոչ այնպիսի կերպարանափոխությամբ, որը քոնը չէ, որը քեզ հեռացնում է քո արմատներից, հենց քեզնից։ Մնա հարազատ բնությանը… անգամ այդ նույն թրթուրը, որը փոխակերպվել է գեղեցիկ թիթեռի, միևնույն է, թրթուրն իր մեջ է…

- Ձեր ֆիլմերի շարքում կուզեի առանձնացնել «Արահետ» ֆիլմը, որը մի հրաշալի հայապատում է` տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր հանգամանքների բերումով հայրենիքից հեռացած հայի ոդիսականհայրենիքի հանդեպ չմարող սիրո, կարոտի գեղեցիկ պատում

- Ուրախ եմ, որ հասկացել եք ասելիքս։ «Արահետը» ֆիլմ է հայ մարդու մասին, հայի երկփեղկված, երկատված կերպարի մասին, որը մեր համազգային ողբերգությունն է, մեր իրականությունը։ Թեև ֆիլմն ընդհանուր առմամբ ռեալիստական ժանրի մեջ է, այնուամենայնիվ, այն սյուռեալիստական ֆիլմ է, որը ներկայացնում է բուն իրականությունը, որով ապրում է օտար ափերում իր ընտանիքի ապրուստի միջոցը վաստակող և իր հարազատներից, սիրելիներից կտրված հայը… Ես միշտ ասում եմ, որ հայրենիքը դա իշխանությունը չէ, որից կարելի է  դժգոհել, նեղանալ, հեռանալ… Ես կուզեի, որ յուրաքանչյուր հայ այդ ֆիլմը տեսնի և փորձի գնահատել, սիրել այն հայրենիքը, որն իրեն բաժին է հասել Աստծո կամոք և իր նախնիների սուրբ հիշատակով։ Կուզեի, որ մեզնից յուրաքանչյուրը  հասկանար, որ հայրենիքը ժողովուրդը, մենք ենք, որտեղ էլ որ ճակատագրի բերումով լինենք …

- Վերջին «Ոսկե ծիրան»-ում Դուք ներկայացաք «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» վավերագրական ֆիլմով։ Անկեղծորեն այն ինձ հիշեցրեց Ձեր ավելի վաղ շրջանի վավերագրական ֆիլմերը, որոնք վավերագրականի և գեղարվեստի բավականին հետաքրքիր համադրություն են և, խիստ տարբերվում էին այն տարիներին բնորոշ խորհրդային կարծրատիպերից։ 

- Ի տարբերություն դրանց, «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը», այնուամենայնիվ,  խիստ փաստագրական ֆիլմ է և հիմնված է միայն մերկ փաստերի վրա՝ առանց պոետիկ վերաբերմունքի։ Քոչարը տարածական նկարչության հիմնադիրներից է։ 1936 թվականին մի խումբ արվեստագետներով Փարիզում ստորագրեցին մանիֆեստ արվեստի նորովի զարգացման հեռանկարների, կերպարվեստում նոր ուղղության՝ տարածական նկարչության հիմնադրման մասին։ Թեև արդեն 1928 թվականին նա Փարիզում ցուցահանդես էր կազմակերպել և ներկայացրել շուրջ 25 գործ տարածական նկարչությունից։ Այսօր կոլեկցիոներ Սարգիս Գրիգորյանի ջանքերով մեզ է հասել միայն մեկ աշխատանք, մյուսների մասին ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ պատերազմի տարիներին թալանվել է Լեոն Ռոզեմբերգի հավաքածուն, որի մեջ էին Քոչարի այդ ժամանակաշրջանի  գործերի մեծ մասը։ Այդ գործը 2012 թվականին ցուցադրվել է «Արտ-Մոնակո» ցուցահանդեսում և դարձել այդ ցուցահանդեսի խորհրդանիշը։ 

Պատմեք Ձեր հետագա անելիքների մասին։

- Ներկայում սկսել են  «Ռուբեն Քոչար» նոր ֆիլմի աշխատանքները։ Ֆիլմի առանցքը Սասունցի Դավթի արձանի պատմությունն է, որը տեղադրվել է  1939 թվականին, և դրա շուրջ իրադարձությունների զարգացումը մինչև 1959 թվականը։ Ի դեպ, հավանաբար քչերը գիտեն, որ մեկ տարի անց արձանը հանվել է և միայն 1959 թվականին է կրկին  տեղադրվել։ Այդ ժամանակահատվածը կարելի Քոչարի կյանքի ամենաողբերգական շրջանը համարել։ Լինելով ազատամիտ ստեղծագործող, նա չկարողացավ ձուլվել խորհրդային իրականությանը։ Նրան քննադատում էին, համարելով իդեալիստ, իսկ իրենց էլ՝ սոցռեալիստ։ Իսկ Քոչարն իր քննադատներին ասում էր՝ ամենամեծ իդեալիստը դուք եք, ձեր հերոսները, որոնք՝ Պավլիկ Մորոզովի օրինակով, կռվում են հանուն մեծ ապագայի. դա արդեն իդեալիզմ է՝ այսօր ապրել լուսավոր ապագայի տեսլականով։ Եթե հիշում եք, մի ուշագրավ անեկդոտ կար սոցիալիզմ-կապիտալիզմ հակամարտության մասին, երբ սփյուռքահայը գալով և առնչվելով խորհրդային իրականության հետ, զարմանում է. «Չեմ հասկնար, հոն տեղը կասեն իշխանությունը վատն է, բայց ժողովուրդը լավ կապրե, այստեղ իշխանությունը լավն է, բայց ժողովուրդը վատ կապրե»։ Բայց իրականում դա ոչ թե անեկդոտ, այլ հենց Երվանդ Քոչարի կողմից խորհրդային իրականության մասին 30-ական թվականներին ամբիոնից հնչեցված խոսքեր էին, երբ նա վրդովված արտահայտվել էր. «Զարմանում եմ, որ Ֆրանսիայում բանվորները շատ լավ են ապրում, բայց դժգոհում են իրենց կառավարությունից, իսկ այստեղ բանվորները վատ են ապրում, մինչդեռ գովում են կառավարությանը»։  Ի դեպ, երբ խորացանք այդ իրադարձությունների մեջ, այդ ամենի ներքո բազմաթիվ նոր բացահայտումներ եղան, որոնց մասին խոսվում է ֆիլմում։ Ֆիլմի սցենարը գրում է Ռուբեն Հովսեփյանը։ Իրականում դա ֆիլմ է ոչ միայն Երվանդ Քոչարի, այլ այդ ժամանակաշրջանի առաջադեմ մտավորականության մասին, քանի որ Քոչարը մենակ չէր, նրա շուրջը մեծ մտավորականներ էին համախմբված։ 

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ

   

 

 

 

 

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...