2013-04-03 11:34
«Դե Ֆակտո» 82 (2013թ.)
Քաջարանում է գտնվում Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ աշխատում է քաղաքի բնակչության մոտ 70%-ը։ Մեծ է կոմբինատի դերն ու նշանակությունը քաղաքի համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամենայն պատասխանատվությամբ է աշխատում և լրջորեն հետևում էկոհամակարգի բնական հավասարակշռությունը չխաթարելուն։ Այս առումով շատ ամուր է քաղաքապետարան-ձեռնարկություն կապը. քաղաքապետարանը հետևողականորեն հսկում է կոմբինատի գործունեությունը էկոհամակարգի չախտոտման տեսանկյունից, իսկ կոմբինատն էլ ժամանակակից ֆիլտրերի, նորագույն սարքավորումների միջոցով նվազագույնի է հասցնում արտանետումները։
2012-ին ԶՊՄԿ-ն լուծեց Քաջարան քաղաքի բնակիչների բժշկական ապահովագրության խնդիրը։ Վերջինիս կողմից ապահովագրվեցին կոմբինատում և կից ձեռնարկություններում աշխատող անձինք և նրանց ընտանիքները։ Սա շատ ողջունելի և արդյունավետ քայլ էր, որի միջոցով թե՛ Քաջարանում, թե՛ մայրաքաղաքում այդ մարդիկ կարող են օգտվել բուժծառայություններից, ստանալ որակյալ բուժսպասարկում։
Քաջարան քաղաքը ԶՊՄԿ-ի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում է։ Այդ են վկայում նաև բազմաթիվ սոցիալական ծրագրերն ու բարեգործությունները, որոնք պարբերաբար նախաձեռնվում են կոմբինատի ղեկավարության կողմից։
Ձեզ ենք ներկայացնում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի կարծիքը Մաքսիմ Հակոբյան ղեկավարի և քաղաքացու վերաբերյալ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 62 տարեկան է, թե՛ Խորհրդային Հայաստանի, թե՛ մեր նորանկախ պետության տարեգրության տնտեսական և արդյունաբերական զարգացման մեջ ունի իր անգնահատելի դերը։ Այդ 62 տարիներից 15-ը կոմբինատը ղեկավարվել է Մաքսիմ Հակոբյանի կողմից։ 62-ամյա կոմբինատի տարեգրության մեջ վերջին 15 տարիները չափազանց կարևոր են այնքանով, որ սրանք ինքնուրույն կայացման, մաքառումների, վերածննդի և անընդմեջ, աննահանջ վերելքի տարիներ էին։ 15 տարվա ընթացքում ձեռնարկությունը կրկնակի ավելացրել է հզորության ծավալները, բուն ձեռնարկությունը ունի ավելի քան 3200 աշխատակից։ Պարոն Հակոբյանն առանց միջնորդության` իր աշխատասիրության, արդյունավետ աշխատանքի շնորհիվ, բանվորից հասել է մինչև կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնին։ Այս 15 տարիների ընթացքում նա բազմապատկեց ձեռնարկության հնարավորությունները, արտադրական ծավալները, նրա շնորհիվ ձեռնարկությունը դարձել է բարեգործական և սոցիալական աջակցության բազում ծրագրերի հովանավոր, նախաձեռնող. թեև Մաքսիմ Հակոբյանն ինքը չի սիրում բարձրաձայնել այդ մասին, սակայն չգնահատել տարբեր ոլորտներում նրա բազմաթիվ ներդրումները, որոնք կատարվել են Քաջարանում, չի կարելի։
Որպես մարդ` նրա համար անհնարին կամ անլուծելի խնդիրներ չկան, նա ամենայն պատասխանատվությամբ ձեռնամուխ է լինում նույնիսկ ամենադժվարին նախաձեռնություններին և պատվով դուրս գալիս դրանցից։ Նա հիանալի մասնագետ է, Մարդ բառի ամենախորը իմաստով։ Նա ազնվագույն մարդ է, և նույնը պահանջում է դիմացինից. չի ներում սուտը, կեղծիքը։ Նա խստապահանջ է ինքն իր, ինչպես նաև շրջապատի նկատմամբ»։
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյան
Վերադառնալ