2013-04-02 11:32
«Դե Ֆակտո» 59 (2011թ.)
-«Դե Ֆակտո» ամսագրի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ վերջին հաղթանակի առթիվ` մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ, որոնք մեծ ուրախություն են պարգևում ողջ հայությանը։
Կարո Մուրադ, որքա՞ն ժամանակ է, որ ապրում եք Գերմանիայում և զբաղվում պրոֆեսիոնալ բռնցքամարտով։
-Շնորհակալություն։
Գերմանիայում ապրում եմ մոտ 15 տարի` 1996թ., իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 2006թ.։
-Ի՞նչ հաջողությունների եք հասել բռնցքամարտի ասպարեզում և կա՞ մի սահման, որը դեռ չեք հաղթահարել։
-Բռնցքամարտի ասպարեզում ունեցել եմ բազում հաջողություններ, սակայն, իհարկե, դեռևս ունեմ նպատակ` դառնալ աշխարհի չեմպիոն։
-Բռնցքամարտում կա մի սահմանված տարիք, որին հասնելով` մարզիկը ստիպված է լինում հրաժեշտ տալ տվյալ մարզաձևին։ Երբ գա այդ օրը, ինչո՞վ կզբաղվի Կարո Մուրադը։
-Կարծում եմ` դեռևս վաղ է մտածել դրա մասին, ես դեռ շատ անելիքներ ունեմ։
-Ո՞ր մարտը Ձեզ համար դարձավ հիշարժան և այցեքարտ` պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասպարեզ։
-Կարելի է ասել, որ ինձ համար իմ բոլոր մարտերն էլ հիշարժան են եղել, քանի որ ես ինքս մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում իմ ընտրած մարզաձևին սակայն ամենահիշարժան մարտը ունեցել եմ 2008 թվականի փետրվարի 12-ին, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն։
Աշխատասիրություն, կամքի ուժ և պայքարելու ջիղ. սա է իմ հաջողության հիմնական գրավականը։
-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության և հաղթանակների հիմնական գրավականը։
-Իմ հաղթանակների հիմնական գրավականը համարում եմ աշխատասիրությունը, կամքի ուժը և պայքարելու ջիղը։
-Ձեզ ճանաչում, սիրում և երկրպագում են գրեթե ամբողջ աշխարհում, որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում։
-Ճիշտ է, ինձ սիրում և ճանաչում են Եվրոպայում, սակայն պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ այդ սերը զգում եմ իմ հայրենիքում։
-Կա՞ շփում մեր մյուս ճանաչված բռնցքամարտիկների հետ, միմյանց հետ քննարկո՞ւմ եք հաղթանակները և պարտությունները։
-Այո՛, իհարկե, լինում են։ Ունեմ բռնցքամարտիկ շատ ընկերներ, սակայն ես առավել մտերիմ եմ Արթուր Աբրահամի հետ։ Հաճախակի ենք հանդիպում Արթուրի հետ, ունենում նման զրույց-քննարկումներ։
-Բացի բռնցքամարտը, ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունի Կարո Մուրադը։
-Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ, ինչպես նաև զբոսնել ընկերներիս հետ։
-Ի՞նչ մարտեր են սպասվում ապագայում։
-Շուտով հայտնի կլինի։
-Ամուսնացա՞ծ եք։
-Այո՛, ամուսնացած եմ և ունեմ հիանալի ընտանիք։
-Ունե՞ք Հայաստան գալու ծրագրեր մոտակա ժամանակահատվածում։
-Այո՛, նման ծրագրեր կան, կարծում եմ` շուտով կլինեմ Հայաստանում։
Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի
Վերադառնալ