2013-04-09 11:30
«Դե Ֆակտո» 59 (2011թ.)
Ապրիլը ցանկացած հայ մարդու համար նախևառաջ Եղեռնի հիշատակման ամիսն է, և պատահական չէ, որ ապրիլ ամսվա ընթացքում աշխարհի տարբեր կողմերում հայերը լինում են համախմբված, և միասնական ձևով պայքարում են հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Յուրաքանչյուր տարի ծաղիկներ դնելով անմեղ զոհերի հիշատակին, յուրաքանչյուր հայ մարդ և ցավ է ապրում, և իր առջև երդվում' վրեժ լուծելու և կորսված հայրենիքը մի օր ազատագրելու համար։ Բայց այս երազանքներն իրականացնելու համար մենք' որպես ազգ, ունենք մեկ ճանապարհ' կերտելու ուժեղ և ժամանակակից Հայաստան։ Արդյո՞ք մենք այսօր ճիշտ ճանապարհին ենք, արդյո՞ք այն Հայաստանը, որ այսօր մենք կառուցում ենք, երբևէ ի զորու է լինելու իրականացնել ամեն մի հայի միասնական երազաքը։ Պատասխանը միանշանակ չէ։ Որպեսզի մենք կարողանանք կերտել ուժեղ Հայաստան, մենք պետք է սիրենք մեր երկիրը, մենք պետք է չհուսալքվենք դժվարություններից, մինչդեռ վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալի, որ այն մարդիկ, ովքեր ունենում են խնդիրներ, ընտրում են ամենահեշտ ճանապարհը' հեռանալ Հայաստանից։ Սա ոչ միայն ամենահեշտ ճանապարհն է, այլ նաև ամենավտանգավորը, քանզի առանց հայերի Հայաստանն ընդամենը մի տարածք է, և ոչ ավելին։
Միգուցե ես այդ բարոյական իրավունքը դեռևս չեմ վաստակել, բայց ուզում եմ խնդրել մեր հայրենակիցներին չհեռանալ Հայաստանից, որպեսզի միասնական կարողանանք լուծել մեր պետության առջև առկա խնդիրները, ապագայում էլ ավելի հզոր պետություն ունենալու ակնկալիքով։
ՄԵՆՈւԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ