23:16
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Համայնքն առանձնահատուկ խնդիրներ չունի

2013-03-22 11:27

«Դե Ֆակտո» 35 (2009թ.)

Ի՞նչ չլուծված խնդիրներ ունի համայնքը:

Պատասխան-Մեր համայնքն առանձնահատուկ խնդիրներ չունի. խնդիրները  նույնն են, ինչ որ մնացած բոլոր համայնքներում, ինչ որ ամբողջ երկրում: Դրանք բազմազան են` սկսած բնակչության սոցիալ- տնտեսական, վերջացրած բնակֆոնդի պահպանման, արտաքին լուսավորության, ասֆալտապատման, կոմունալ կենցաղային խնդիրներով:

Ի՞նչ աշխատանքներ եք ծրագրավորել մոտ ապագայում իրականացնելու համար:

Պատասխան-Հնարավորության սահմաններում համայքնի բյուջեի միջոցներով կարողացել ենք որոշակիորեն թեթեւացնել համայնքի բնակիչների հոգսերը: Մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքները, բազմազավակ, անապահով ընտանիքները, համայնքի ենթակայությամբ գործող կրթության, մշակույթի օջախները: Ուշադրությունից անմասն չեն մնում նաեւ արվեստի, մշակույթի, սպորտի շենգավիթցի անվանի գործիչները:

Այնուհանդերձ, որքան էլ ջանանք եւ փորձենք լուծումներ տալ առկա խնդիրներին, միեւնույն է` յուրաքանչյուր օր իր հետ նոր հոգսեր եւ նոր խնդիրներ է առաջ բերում: Ոչ միայն ծրագրային, այլեւ ամենօրյա չնախատեսված աշխատանքներ կան, որոնք անընդմեջ ի հայտ են գալիս: Իրականացրել եւ շարունակում ենք իրականացնել բակերի եւ խաղահրապարակների վերականգնում, կանաչապատում, տեղադրում ենք նոր տաղավարներ, նստարաններ, կառուցում  ենք մինի ֆուտբոլի դաշտեր:

Ի՞նչով է Ձեր համայնքն առանձնահատուկ:

Եթե մեր համայնքի խնդիրներն առանձնահատուկ չեն եւ գրեթե ոչնչով չեն տարբերվում մնացած համայնքների խնդիրներից, ապա նույնը չեմ կարող ասել համայնքային առանձնահատկության մասին: Մեր համայնքը, իրոք, շատ առանձնահատկություններ ունի, այն առանձնանում է իր մարդկանցով, իր յուրահատուկ կոլորիտով,  իր որոշակի ձեւավորված ավանդույթներով: Մարդիկ միմյանց հանդեպ առանձնահատուկ  հարգանքով են լցված, ավանդապահ են, թե տխրության, թե ուրախության պահերին միմյանց հասնող են:

Մեր համայնքի բնակիչներից են շատ ու շատ տաղանդավոր դերասաններ, երգիչներ, արվեստի, մշակույթի եւ սպորտի հանրահայտ դեմքեր, այդ թվում` անվանի երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանը,  IBF վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Այս տաղանդաշատ անունների կողքին ոչ պակաս հպարտությամբ կարող եմ նշել նաեւ հայտնի կոլորիտային դեմքերի անուններ...սակայն նրանք այնքան շատ են, որ չէի ցանկանա անուններ տալ եւ որեւէ մեկի անունը մոռանալ: Նրանցից յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում մեր երկրի եւ ազգի համար բավական մեծ գործ է արել, մեկը տնտեսության ոլորտում, մյուսը` ազատամարտի դաշտում, երրորդը` սպորտի եւ մշակույթի բնագավառում:

Ի՞նչպես եք վերաբերում քաղաքապետի ընտրովի լինելու եւ թաղապետի նշանակովի լինելու հանգամանքը:

 Պատասխան-Ես կողմնակից եմ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, որտեղ ժողովուրդն է ընտրում իր ղեկավարին: Իսկ ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի նշանակովի լինելու հանգամանքին, ապա ասեմ, ով էլ որ նշանակվի` նա պարտավոր է ծառայել իր ժողովրդին եւ ապրել իր համայնքի հոգսերով:

Արդյո՞ք Դուք կրկին կլինեք Շենգավիթ համայնքի ղեկավարը, երբ համայնքի ղեկավարի պաշտոնը լինի նշանակովի, թե հնարավոր է`  զբաղեցնեք որեւէ այլ պաշտոն:

Պատասխան-Չէի ցանկանա նախապես կանխատեսումներ անել. ամեն  ինչ ժամանակը ցույց կտա: Սակայն մեկ բան, այնուամենայնիվ, կցանկանայի նշել. մինչեւ համայնքի ղեկավար ընտրվել, եւ դրանից հետո` իմ պաշտոնավարման այս երկու տարիների ընթացքում, անվերապահորեն ծառայել եմ իմ ժողովրդին եւ շարունակելու եմ ծառայել` էական չէ, թե որտեղ կլինեմ եւ ինչ պաշտոն կզբաղեցնեմ:

 Ընտանիքի մասին

Պատասխան- Բոլորիս է հայտնի, որ ընտանիքը պետության հիմքն է, նրա կարեւորագույն բաղադրիչը եւ շարժիչ ուժը: Ես էլ որպես հայ ավանդական գերդաստանի շառավիղ` ընտանիքը, օջախը համարում եմ սրբություն եւ պաշտում եմ իմ ընտանիքն ու զավակներիս:

                Ունեմ երկու դուստր, մեկ որդի եւ մեկ թոռնիկ: Հպարտանում եմ իմ զավակներով եւ հավատացած եմ, որ նրանք երբեւէ իրենց թույլ չեն տա  այնպիսի արարքներ, որոնցից ես կկարմրեմ ու վատ կզգամ:

Դուք պաշտպանում եք ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Գագիկ Բեգլարյանին: Ի՞նչ եք կարծում` քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Գագիկ Բեգլարյանը եւ ի՞նչու:

Պատասխան- Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ ղեկավարել է Կենտրոն համայնքը եւ իր պաշտոնավարման ընթացքում հսկայածավալ աշխատանքներ է իրականցրել: Նա լավատեղյակ է այդ ոլորտին, առկա խնդիրներին, համայնքնային հոգսերին եւ ամենակարեւորը` պատրաստակամ է դրանց լուծումներ գտնելու հարցում: Կարճ ժամանակահատված է, ինչ նա նշանակվել է քաղաքապետ եւ արդեն փոփոխությունները տեսանել են. օրեցօր բոլորիս աչքի առջեւ մաքրվում եւ բարեկարգվում է մեր մայրաքաղաքը, մեծ բարեփոխումներ են իրականցվում, որոնք միանգամից աչքի են զարնվում: Այս ամենը ժողովուրդը տեսնում եւ իր գնահատականն է տալիս:

Դուք համեմատաբար նոր հանրապետական ենք, սակայն….

Պատասխան-Այո, որպես կուսակցական ես այնքան էլ մեծ ՙստաժ՚ չունեմ, սակայն որպես կուսակցության համակիր բավական մեծ փորձառություն ունեմ: Միայն մեկ օրինակ բերեմ. տարիներ առաջ Գերագույն Խորհրդում Հանրապետական կուսակցությունն ընդամենը մեկ ներկայացուցիչ ուներ` ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, որն էլ հենց մեր համայնքից էր ընտրվել: Կարծում եմ պարզ է արդեն, որ այդ ժամանակահատվածում ես պարզապես սովորական ընտրող չեմ եղել:

Ե՞րբ եւ որտե՞ղ եք Ձեզ առավել երջանիկ զգացել:

Պատասխան- Մարդ չի կարող իրեն լիարժեք երջանիկ զգալ, երբ իրեն շրջապատող աշխարհում դեռեւս ապրում են կարիքավոր եւ հոգսաշատ մարդիկ, երբ առկա են բազմաթիվ խնդիրներ եւ չլուծված հարցեր: Երջանիկ ու գոհ կլինեմ այն ժամանակ, երբ կարողանամ գոնե փոքր- ինչ լուծել այդ խնդիրները, երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ իմ համայնքի բնակիչները հպարտանան իրենց համայնքով, աշխարհի որ ծայրում էլ լինեն հպարտանան, որ շենգավիթցի են, երբ մեր համայնքն օրինակելի դառնա մյուս համայնքերի համար:

Իսկ այսօր կարող եմ երջանկանալ`  երջանիկ ու անհոգ մարդկանց տեսնելով, երջանկանում եմ, երբ մանկապարտեզ եմ այցելում ու մանուկների անմեղ ու բարի աչքերը տեսնում. այդ պահին մաքրվում ես եւ թվում է, թե եկեղեցի եմ մտել ու հանդիպել  հրեշտակների:

Ինչպե՞ս եք հաղթել թշնամուն:

Պատասխան-Թշնամին մեր մեկն էր եւ նրան ազգովի ենք հաղթել ու հաղթել ենք մարտադաշտում` Արցախյան ազատամարտի տարիներին`  ազատագրելով  մեր պատմական հայրենիքի տարածքները: Իսկ մարտադաշտից դուրս թշնամուն հաղթում են հայրենասիրությամբ, անսահման նվիրումով ու պայքարով, ինչպես նաեւ նպատակասլացությամբ եւ միմյանց հանդեպ տածած անկեղծ սիրով եւ հանդուրժողականությամբ:

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...