20:45
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ապրել, լինել հաջողակ գործարար Հայաստանում տասնապատիկ ավելի հաճելի է, քան ինչ-որ օտար երկրում` միլիոնատեր

2013-03-21 11:11

«Դե Ֆակտո» 60 (2011թ.)

Սարգիս Թարվերդյան, ՙՍարգիս-Կարոլինա՚ ՍՊԸ հիմնադիր

ՙՍարգիս-Կարոլինա՚ ընկերությունը, երկար տարիներ լինելով շուկայում  ամենախոշոր ներմուծողներից մեկը, 2011թ. կամք դրսևորեց դառնալու արտադրող ընկերություն:

-Պարո՛ն Թարվերդյան, շնորհավորում ենք Ձեզ ՙԱրարատ սննդի կոմբինատ՚ ՍՊԸ-ի բացման առթիվ, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը: Գործարարության ոլորտում Ձեր հաջողություններն ակնհայտ են և ոգևորող: Կպատմե՞ք` ինչպիսի ճանապարհ եք անցել:

-ՙՍարգիս-Կարոլինա՚ ընկերությունը հիմնադրվել է 1997թ.: Գործունեության սկզբում ընկերության գլխավոր նպատակը ներկայացուցչական գործունեությամբ զբաղվելն էր` թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծում ՌԴ-ից, առավելապես` օղի: Քանի որ այդ ժամանակահատվածում ռուսական օղիները գրեթե ներկայացված չէին հայաստյան շուկայում, մենք որոշեցինք զբաղվել այդ գործով: Ռուսական օղիները աշխարհում հայտնի են իրենց բարձր  որակով: Մեզ համար կարևոր էր հայ սպառողին ներկայացնել լավագույնը: Այնուհետև  ընդլայնեցինք մեր գործունեության ոլորտները: Հաջորդիվ եղավ աշխարհում հայտնի գարեջրի տեսակների ներմուծումը, հետագայում բնական հյութերի և գունավոր խմիչքների` վիսկիների, լիկյորների տեսակները: Եկավ մի ժամանակահատված, երբ բնական հյութերի ոլորտում ՙՍարգիս-Կարոլինա՚ ընկերությունը ունեցավ լուրջ հաջողություններ` ձեռք բերելով ռազմավարական նշանակության համագործակցություն ՙՎին ԲիլԴան՚ կազմակերպության հետ: Հենց այդ ժամանակ էր, որ տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ վարչապետի մոտ: Խորհրդակցության ընթացքում մեզ առաջարկվեց վերանայել մեր ռազմավարությունը և կազմակերպել տեղական արտադրություն: ՙՍարգիս-Կարոլինայի՚ ղեկավարների կողմից ընդունվեց որոշում հիմնել արտադրություն, որը կթողարկի եվրոպական չափանիշերին համապատասխան հայկական որակյալ արտադրատեսակ ու կներկայացնի ողջ աշխարհին:

Կարճ ժամանակահատվածում գրանցվեց ՙԱրարատ՚ հյութ ապրանքատեսակը, կնքվեց պայմանագիր միջազգային ՙՏետրա Պակ՚ ընկերության հետ` ձեռք բերելու համապատասխան սարքավորումներ արտադրամասի համար: Հիմնվեց գերհագեցած արտադրամաս, որը, կարելի է ասել, միակն է տարածաշրջանում:  Այսօր գործարանն ի վիճակի է իր ծավալներով բավարարել հայկական շուկայի սպառման պահանջարկի մեծ մասը, ինչպես նաև արտահանել տարբեր երկրներ` Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա:

ՙԱրարատ՚ հյութերի անվանման ընտրությունը հետաքրքիր պատմություն ունի, իսկ ձևավորումը` հաճելի անակնկալ էր ու մեծ ձեռքբերում:

-Ինչպե՞ս կատարվեց ՙԱրարատ՚ անվան ընտրությունը:

-Անվան  ընտրությունը հետաքրքիր պատմություն ունի. մենք հյուրընկալվել էինք մեր շատ մտերիմ ընկերներից մեկին: Սեղանին ՙԱրարատ՚ կոնյակ էր դրված, իսկ լուսամուտից երևում էր Արարատը: Այդ պահին խոսում էինք այն մասին, որ արտերկրի գործընկերների ապրանքատեսակները փաթեթավորելով` ևս մեկ անգամ կախված կլինենք նրանցից: Հենց այդ պահին ես և եղբայրս նայեցինք իրար, Արարատին, հետո սեղանին դրված կոնյակին, ու քանի որ 38 տարվա գործընկերներ ենք, հայացքներով հասկացանք իրար: Հաջորդ օրը ճշտեցինք, թե արդյոք գրանցված է ՙԱրարատ՚ հյութ ապրանքանիշը,  պարզեցինք` ոչ ու գրանցեցինք: 

-Ապրանքանիշի ձևավորումը շատ յուրօրինակ է, ինքնատիպ: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքը:

-Հյութերի ձևավորման աշխատանքները մենք վստահեցինք ռուսական ՙOpen dizajn՚ ընկերությանը, որն, ի դեպ, ուներ նմանատիպ աշխատանքի փորձ, արել էր աշխարհում առաջատարներից մեկի` ՙRich՚ բնական հյութի ձևավորումը: ՙOpen dizajn՚  ընկերությունը բավականին դժվարությամբ համաձայնվեց ընդունել մեր պատվերը, քանի որ շատ  ընտրողական մոտեցում ունի: Ուսումնասիրելով մեր առաջարկը, ծանոթանալով մեր աշխատանքային սկզբունքներին` մեզ համար շատ անակնկալ  և հաճելի առաջարկ արեց` հյութերի տուփերը ձևավորել մեր մեծ գեղանկարիչների` Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի կտավներով: Մենք ողջունեցինք այդ գաղափարը, ու սկսվեց երկար և մանրակրկիտ  աշխատանքը: Մենք փորձեցինք ստանալ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ընտանիքի անդամների և ժառանգների  համաձայնությունը: Մեր ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Այժմ մենք ունենք երկարաժամկետ պայմանագիր, համաձայն որի` իրավունք ունենք ՙԱրարատ՚  հյութերի տուփերի  վրա պատկերել մեծ  վարպետների գործերը: Ես շատ ուրախ եմ, որ վերջիններս էլ հայտնեցին իրենց ուրախությունը և գոհունակությունը` հատկապես հյութերի ձևավորումը տեսնելուց և դրանք համտեսելուց հետո: 

ՙԱրարատ՚ հյութերը  պատրաստվում են բացարձակապես բնական հումքից և շաքարավազ չեն պարունակում:

-Ինչպիսի՞ն է հյութերի բաղադրատոմսը:

-ՙԱրարատ՚ հյութերը, բացի իրենց գերբնական անունից, ճոխ ձևավորումից, ունեն դրախտային համ և մեծ տեսականի: ՙԱրարատ՚ հյութը միակ ապրանքատեսակն է, որի հումքը բացարձակապես  բնական է, շաքարավազ չի պարունակում:  Պարզապես կան մրգեր, որոնց թթվայնությունը շատ բարձր է, և մենք դրանք պատրաստելիս թթվայնությունը կոտրելու համար օգտագործում ենք խաղողի, տանձի կամ  խնձորի քաղցր խտանյութն այնպես, որ չվնասենք տվյալ համի ինքնատիպությունը: 

-Իրականացվեց նաև մարկետինգային լուրջ աշխատանք:

-Պետք է նշեմ, որ մենք հյութի անունից սկսած` ամեն ինչ մանրակրկիտ մտածել ենք, որպեսզի մեր աշխատանքը լինի պրոֆեսիոնալ, հյութերն ունենան յուրահատուկ փաթեթավորում, լինեն որակյալ, ինչպես նաև պատշաճ կերպով ներկայացվեն  Հայաստանում և Հայաստանից դուրս: 

ՙԱրարատ՚ հյութի գովազդային հոլովակը նկարահանելու համար մենք պայմանագիր կնքեցինք ՙՇարմ՚ հոլդինգի հետ: Շատ ուրախացանք, որ մեր ապրանքանիշի շուրջ հավաքվեցին աշխարհահռչակ մարդիկ, ու նրանց ի լրացում եկավ Արմեն Ջիգարխանյանը, ով համաձայնվեց նկարահանվել մեր գովազդային հոլովակում:

-Ինչպիսի՞ արձագանք գտան հյութերը հայաստանյան և դրսի շուկայում: 

-Հայաստանում հյութերը արժանացան հավանության և բարձր գնահատականի: ՙԱրարատ՚ հյութերն արտահանվել են դեռևս միայն Ռուսաստանի Դաշնություն: Պետք է նշեմ, որ մինչ հյութերը համտեսելը, այնտեղ արդեն հիացած էին մեր հյութի գովազդային հոլովակով, ձևավորմամբ, բայց նրանց հիացմունքը հասավ գագաթնակետին համտեսման ժամանակ: 12 անձից կազմված հանձնաժողովի 12 անդամներից 11-ը տվեցին առավելագույն  գնահատականը: Ինձ համար շատ ուրախալի էր, որ իրենք ՙԱրարատը՚  համեմատում էին ոչ թե տեղական արտադրության հյութերի, այլ աշխարհի ամենալավ բրենդների` ՙRich՚-ի, ՙTropicano՚-ի, ՙSantal՚-ի հետ: Ըստ հանձնաժողովի արտահայտած կարծիքիների` մեր բնական հյութերն իրենց որակով չեն զիջում վերջիններին, ինչ-որ տեղ էլ գերազանցում են որակապես: Այնպես որ, որակյալ ապրանք ստանալուն ուղղված մեր ոչ խնայողական մոտեցումը հաջողվեց:

-Ինչպիսի՞ դժվարություններ եք հաղթահարել գործունեության ընթացքում, ի՞նչ է դժվարությունը Ձեզ համար, և ինչպե՞ս եք  հաղթահարում այն:

-Մենք մեծացել ենք բանվորի ընտանիքում և փոքրուց սովոր ենք եղել դժվարություններն ինքնուրույն հաղթահարել: Այն ամենն, ինչին հասել ենք, ձեռք ենք բերել երեքով` ես, եղբայրս և քույրս, իհարկե, ծնողներիս օգնությամբ: Մենք միասին հաղթահարել ենք բոլոր դժվարությունները և քայլ առ քայլ գնացել առաջ:

Քանի որ ես մասնագիտությամբ մաթեմատիկ եմ, դժվարությունն ինձ  համար մի խնդիր է, որը պետք է բաժանել փոքր խնդիրների և հերթականությամբ լուծելով` ամբողջ դժվարությունը հաղթահարել: Ամենադժվար որոշումը ներմուծողից արտադրող դառնալն էր, դրան հոգեբանորեն պատրաստվելը, քանի որ մենք սովոր ենք ամեն ոլորտում ներկայացնել աշխարհի լավագույններին և արտադրող դառնալուց  պետք է ստեղծեինք հայկական լավագույն բրենդը` դիմանալով նաև միջազգային շուկայում առկա մրցակցությանը:

-Որքա՞ն կազմեց Ձեր ներդրումը:

-Մեր  ներդրումը կազմել է մոտավորապես 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ամբողջ գումարը չէինք կարող մեր միջոցներով ներդնել: Այդ հարցում մեզ օգնեց մեր գործընկեր  ՙԱռէքսիմբանկը՚, որը շատ կարճ ժամանակահատվածում արտահայտեց իր պատրաստակամությունը`  վարկ   տրամադրել,  առանց  ձգձգումների  և   խոչընդոտներ առաջացնելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՙԱռէքսիմբանկին՚ լավ համագործակցության համար:

Շուտով շուկայում կհայտնվեն նաև հայկական համի ՙԱրարատ՚ թեյերը: 

-Նպատակ ունեք նաև ընդլայնել Ձեր արտադրությունը, հիմնել թեյի արտադրություն: Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր ծրագրերի մասին:

 -Արդեն գրանցվել են ՙԱրարատ բերք ու բարիք՚ ապրանքատեսակները պահածոների և մուրաբաների դասում, ՙԱրարատ՚ թեյը` թեյերի դասում ¥նաև սառը թեյ¤: Նպատակ ունենք հիմնականում արտադրել  հայկական  համի թեյեր` ուրցի, նանայի, ալոճի, մասուրի, դեղձի մեկանգամյա օգտագործման փաթեթներում: Կիրականացնենք նաև սև և կանաչ թեյերի փաթեթավորում` ՙԱրարատ՚ թեյ ապրանքանիշով: Լրացնելով հայկական շուկայի բացը` մենք այս դեպքում էլ նպատակ ունենք արտահանել մեր արտադրանքը: Մեկ-երկու տարի հետո մենք կփորձենք զբաղվել նաև այգեգործությամբ և հողագործությամբ:

Հույս ունենք, որ այս տարվա ընթացքում կհիմնենք մուրաբաների, պահածոների արտադրությունը: Արդեն հստակ պայմանավորվածություններ ունենք: Հոկտեմբեր ամսին  պլանավորել ենք սկսել մրգերի և բանջարեղենի վերամշակման արտադրամասի սարքավորումների տեղադրման աշխատանքները:

Կնքել ենք պայմանագիր թեյերի փաթեթավորման համար նախատեսված աշխարհի լավագույն իտալական սարքավորումների ձեռք բերման համար, ըստ որի` սեպտեմբերին սարքավորումը կտեղադրվի, և թեյերի արտադրամասը ևս կգործարկվի:  

-Որքա՞ն աշխատատեղ կբացվի բոլոր արտադրամասերի գործարկման դեպքում:

-Արդեն բացվել է 75 աշխատատեղ, իսկ բոլոր արտադրամասերի գործարկումից հետո աշխատատեղերի թիվը կհասնի 400-500-ի: Այգեգործության և հողագործության աշխատանքների սկսման գործընթացում հույս ունենք, որ աշխատատեղերի թիվը  կավելանա` հասնելով 1000-ի: 

Ինչպես Արարատ լեռն է լեռների արքան, այնպես էլ ՙԱրարատ՚ հյութերը պետք է դառնան հյութերի արքան:  ՙԱրարատը՚ դառնալու է համաշխարհային բրենդ:

-Հնարավո՞ր է` մենք էլ  ստեղծենք մի արտադրանք, որը  համաշխարհային ճանաչում ունենա և ներկայացնի Հայաստանը, ինչպես, օրինակ, իտալացիների պարագայում պիցցան է: Կարո՞ղ ենք ասել, որ ՙԱրարատ՚ հյութը կդառնա Հայաստանը ներկայացնող բրենդ:

-Մեզ համար դա սկզբունքային հարց է, մենք այլ կերպ չենք էլ մտածում: Ինչպես Արարատ լեռն է լեռների արքան, այնպես էլ ՙԱրարատ՚ հյութերը պետք է դառնան հյութերի արքան: Մենք ամեն ինչ կանենք, որ ՙԱրարատ՚ հյութը աշխարհում իր ուրույն տեղն ունենա և բացարձակապես ոչ մի դրույթում չզիջի որևէ բրենդի: Ես վստահ եմ, որ եթե մեր ցանկություններին, նվիրվածությանը գումարենք մեր աշխատասիրությունն ու կամքի ուժը և դրան էլ ավելացնենք հայկական մրգերի անմահական համն ու այդ ամենը կնքենք ՙԱրարատ՚ անունով, ապա մեր հաջողությունն անխուսափելի է:

-ՀՀ-ն նոր կայացող, զարգացող պետություն է: Ինչպե՞ս  կգնահատեք երկրի տնտեսության զարգացման տեմպերը:

 -Տեսնելով Հայաստանի տնտեսության զարգացման միտումները` ես էլ իմ լուման ներդրեցի ՀՀ տնտեսության զարգացման մեջ` մեծ հավատ ունենալով, որ իրոք տնտեսությունը զարգանում է, թեկուզ ոչ արագ տեմպերով: Վստահ եմ, որ նման տրամադրվածություն ունեն նաև մյուս գործարարները: Կարծում եմ` մելանխոլիան բիզնեսում շատ վատ բան է: Հետճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսական աճը արդեն իսկ շատ լավ արդյունք է: Մեզ շատ են խորհուրդ տվել  դրսում բիզնես ստեղծել, բայց մենք այնքան ենք կապված մեր հողին, որ չենք պատկերացնում մեզ այլ երկրում բիզնես ծավալելիս: 

Պետք է նշեմ նաև, որ նախագահը օգնում է այն գործարարներին, ովքեր տրամադրված են երկրի զարգացմանն ուղղված ճիշտ  ներդրումներ անել: Երկարաժամկետ ներդրումների ծրագրերը խրախուսվում են և՛ նախագահի, և՛ վարչապետի կողմից:  Մենք զգացել ենք այդ աջակցությունը, որից շատ տպավորված և ոգևորված ենք: Ես կարծում եմ` մեր գործարարները պետք է համարձակորեն կատարեն երկրի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր:    

-Այսօր տեղական արտադրողները դժգոհում են հարկային քաղաքականությունից: Ինչպե՞ս կգնահատեք երկրում վարվող հարկային քաղաքականությունը, արդյո՞ք այն նպաստում է տեղական արտադրության զարգացմանը:

-Այդ հարցին շատերը խիստ ծայրահեղ են մոտենում: Յուրաքանչյուր մարդ, մինչ հարկային քաղաքականությունը քննադատելը, պետք է առաջին հերթին ինքն իրեն քննադատի, սխալն իր մեջ փնտրի:

Ես կարծում եմ` հարկային քաղաքականությունը շատ ավելի լավ է կազմակերպված Հանրապետությունում, քան հարկատուների քաղաքականությունը հարկեր վճարելու  հարցում:

Մեր կազմակերպությունը խոշոր հարկատուների ցանկում 21-րդն է: Մենք դեռևս որևէ խոչընդոտի կամ խնդրի չենք հանդիպել հարկային մարմինների կողմից ստեղծված:

-Դուք, որպես այս ոլորտում կայացած մարդ, ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդին, ով ուզում է զբաղվել գործարարությամբ: 

-Ես խորհուրդ կտամ, որ իրենց ծրագրերն անպայման իրականացնեն Հայաստանում, քանի որ ապրել, լինել հաջողակ գործարար Հայաստանում  տասնապատիկ ավելի հաճելի է, քան ինչ-որ  օտար երկրում` միլիոնատեր:

Ես սիրում եմ իմ աշխատանքը և միշտ աշխատում եմ ավելի շատ, քան պետք է:

-Ի՞նչ նշանակություն ունի աշխատանքը Ձեր անձի  համար, ի՞նչ տեղ է այն զբաղեցնում Ձեր կյանքի բանաձևում:

-Տղամարդու կյանքում աշխատանքը ամենակարևոր տեղերից մեկն է զբաղեցնում:  Երբ սիրում ես աշխատանքդ, չես հոգնում, իսկ արդյունքը տեսնելուց հետո մեծ բավարարվածություն  ես զգում: Ես սիրում եմ իմ աշխատանքը և միշտ աշխատում եմ ավելի շատ, քան պետք է: Հաճախ   ծնողներս քննադատում են ինձ, բայց ես որքան շատ եմ տեսնում իմ աշխատանքի արդյունքը, այնքան ավելի մեծ ոգևորությամբ եմ աշխատում ու ավելի քիչ եմ հոգնում: Ես կարող եմ աշխատել օրական 14 ժամ  ու հոգնել ավելի քիչ, քան ինչ-որ մեկը` 4 ժամ, բայց չսիրելով իր աշխատանքը: Կարծում եմ` ՙՍարգիս-Կարոլինայի՚ աշխատանքը բոլոր ոլորտներում էլ գոհացնում է սպառողին, ինչը ոգևորում և էներգիայով է սնում մեզ:

-Պարո՛ն Թարվերդյան, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել Ձեր ազատ ժամանակը:

-Ազատ ժամանակ ունենալու դեպքում այն անցկացնում եմ ընտանիքում, ծնողներիս  և ընկերներիս հետ: Ես ունեմ 3 երեխա, որոնց շատ եմ սիրում և կարծում եմ` օրինակելի հայր եմ նրանց համար: Փոքր տղաս թե արտաքնապես, թե՛ բնավորության գծերով գնալով ինձ շատ է նմանվում: Երեխաներիս  և մորս հետ ես իսկապես հանգստանում եմ և ուրախանում, ինչպիսի տրամադրություն էլ ունենամ: 

Պաշտում եմ  մորս, շատ եմ սիրում և հարգում հորս և խիստ կապված եմ  քրոջս և եղբորս հետ: Իմ հաջողության գրավականը մորս ոգեշնչումն է:

-Կա՞ն արժեքներ, որոնք անփոխարինելի են Ձեզ համար:

-Այո՛, ծնողներս, հայրենիքս: Ես ապրում եմ ծնողներիս հետ: Պաշտում եմ  մորս, շատ եմ սիրում և հարգում հորս և խիստ կապված եմ  քրոջս և եղբորս հետ: Դրա վառ արտահայտությունն այն է, որ իմ աղջկա և տղայի անունները քրոջս և  եղբորս անուններն են: Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ բարձրաձայնում եմ իմ կախվածությունն ու կապվածությունը  իմ քրոջ, եղբոր,  ծնողների հետ, քանի որ ամեն հայ ընտանիք ուժեղ է իր միասնությամբ և համերաշխությամբ:

Ես նաև մեծ կապվածություն ունեմ հայրենիքիս հետ և ինձ  չեմ կարող պատկերացնել ինչ-որ երկրում` առանց իմ ծնողների: Ես կառչած եմ հայկական հողից:

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Իմ հաջողության գրավականը մորս ոգեշնչումն է: Ինձ համար շատ կարևոր է, որ մայրս բացարձակապես վստահում է ինձ, ինչպես նաև եղբայրս և քույրս: Նրանք են իմ ամենամեծ հաջողությունը:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...