22:02
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ազգային տնտեսության առաջնորդ

2013-03-19 12:27

«Դե Ֆակտո» 16 (2007թ.)

Հարցազրույց հայ-կանադական ՀՁ ՍՊԸ ՙԳրանդ Քենդի՚ ընկերության սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի հետ

-Պարո՛ն Վարդանյան,  Գրանդ Քենդի ընկերությունը  Հայաստանի ամենակայացած ընկերություններից մեկն է, որի մասին վկայում է հասարակության`  Ձեր արտադրանքի  հանդեպ  ունեցած վստահությունը: Կներկայացնե՞ք  ընկերության պատկերը:

-Գրանդ Քենդին հիմնվեց Հայաստանի պատմության ամենադժվար պահերից մեկին` 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո: Հիշենք, թե ինչ հիասթափություն էր ապրում հասարակությունը:  Մենք զինվեցինք այն գաղափարով, որ կյանքը շարունակվում է, և Վարդանյան ընտանիքը, լինելով տեղական արտադրության առաջնորդ, որոշեց շարունակել հիմնադրած ռազմավարական ծրագիրը` զարգացնել տեղական արտադրությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Այդ տարիներին տեղական շուկան հեղեղված էր թուրքական և իրանական հրուշակեղենով, և հայ մանկան գիտակցության մեջ քաղցրավենիքը զուգակցվում էր թուրքական ծագում ունեցող հրուշակեղենի հետ: Դա մենք համարում էինք ազգային անարգանք: Հայկական քաղցրավենիք ունենալն ազգային արժանապատվության խնդիր էր դարձել: Գրանդ Քենդի ընկերությունը, հիմնադրվելով 1999թ-ի վերջին, և 2000թ ապրիլից սկսելով իր գործունեությունը` տարիների ընթացքում ավելի բազմազան դարձրեց իր կողմից թողարկվող արտադրատեսակները, միաժամանակ ընդլայնեց նաև արտադրության ծավալները: Ներկայումս մոտ 280 արտադրատեսակ ունենք: Մենք նաև համար առաջին հարկատուն ենք սննդի արդյունաբերության ոլորտում` գտնվելով 21-րդ տեղում 300 խոշոր հարկ վճարողների ցուցակում: Պետք է նշեմ, որ այս տարի լրանում է Գրանդ Քենդիի հիմնադրման յոթերորդ տարին: Այս ժամանակահատվածը  նշանավորվել է բազում ձեռքբերումներով, և ընկերության անունը դարձել է հայրենական արտադրանքի բարձր որակի չափանիշ: 

Գրանդ Քենդին սննդի արդյունաբերության ոլորտում գործող այն կազմակերպությունն է , որն ունի ամենամեծ աշխատանքային կոլեկտիվը` մոտ 1560 աշխատող: Տեղական արտադրողների շարքում Գրանդ Քենդին է, որ ունի 16 ֆիրմային խանութներից բաղկացած ամենամեծ  ցանցը Երևանում: Շատ մեծ առաքման ցանց ունենք: Այս առումով մեր ընկերությունը թերևս զիջում է միայն  Գրանդ Տոբակոյին, այսինքն  երկրորդն է Հայաստանում: Մեր արտադրանքը վաճառվում է Հայաստանի գրեթե բոլոր վաճառակետերում: Ինչպես հաստատում են սոցիոլոգիական հարցումները,  Գրանդ Քենդի ընկերությունը հայրենական արտադրությունը ներկայացնող ձեռնարկությունների շարքում ունի ամենաբարձր վարկանիշը:  Շատ բարձր գնահատականի է արժանացել մեր աշխատանքը նաև սպասարկման ոլորտում: Պոնչիկանոցն այսօր հանդիսանում է այդ ոլորտի առաջատար:   Գրանդ Քենդիի ապրանքային նշանը  մեծ վստահություն  է ներշնչում սպառողին, ինչը մեր կողմից դիտարկվում է որպես ձեռնարկության աշխատանքի լավագույն գնահատական:

-Ինչո՞ւ որոշեցիք, որ փիղը լինի Ձեր ընկերության խորհրդանիշը: 

-1999թ. Կենդանաբանական այգու տնօրինությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ,  դիմեց մեզ` Տաշքենդից Հայաստան փիղ բերելու խնդրանքով: Հենց այդ ժամանակ հիմնադրվում էր Գրանդ Քենդին, և մեզ խորհրդանիշ էր հարկավոր: Վարդանյան ընտանիքն իր վրա վերցրեց բոլոր այդ ծախսերը, և փիղը, գալով Հայաստան, դարձավ Գրանդ Քենդիի  խորհրդանիշը` որպես բարության և ուժի մարմնավորում: Ընտրեցինք վարդագույնը, քանի որ փիղը մանուկ էր` 4-5 տարեկան: Այժմ էլ փղիկի հետ կապված ծախսերը մենք ենք հոգում:

-Ի՞նչը փոխվեց Գրանդ Քենդիում, երբ Դուք անձամբ ստանձնեցիք ձեռնարկության ղեկավարի պարտականությունները:

-Ես վերադարձա Կանադայից 2002 թ-ի փետրվարին և սկսեցի ձևափոխել ու կատարելագործել ամեն ինչ: Առաջին հերթին փոխեցի արտադրատեսակների արտաքին տեսքը` այն դարձնելով ժամանակակից, ուրախ և բարձրաճաշակ: Երկրորդը` փոխեցի գովազդային քաղաքականությունը, նոր գովազդային արշավ ձեռնարկեցի: Հիշու՞մ եք փոքրիկ Մագայի ՙԵս Գրանդ Քենդի շատ եմ սիրում՚  արտահայտությունը, մարզերի երեխաների մասնակցությամբ գովազդը, զեբրան, հալվան և այլն: Անձամբ վերահսկում եմ յուրաքանչյուր գովազդի նկարահանումը, սցենար եմ գրում, դերակատարներին եմ ընտրում, կադրերի համադրում եմ անում: Յուրաքանչյուր տեսականի, որն հայտնվում է շուկայում, մի քանի ամսվա, մի գուցե նաև տարվա ընթացքում է ստեղծվում: Անձամբ ես եմ որոշում, թե ինչ արտաքին տեսք պետք է ունենա այն, ինչ քաշ, չափս ու ձև: Անուններ եմ ստեղծում, օրինակ` Ջամբո, Ջոյկո, Թվիստ, Կրեմելլա և այլն: Բայց, իհարկե, ամենակարևորը` մի քանի ամիս շարունակ համտեսման եղանակով այնքան եմ փոփոխում նրանց բաղատրատոմսերը, մինչև ստացվի այն, ինչ սպառողը գնում և գնահատում է:

Համալսարանում ստացած բոլոր գիտելիքներս ուղղեցի նոր աշխատաոճ, ղեկավարման նոր համակարգ ստեղծելուն, այդ թվում` որակի համակարգ: Այսօր ընկերության 1560 հոգուց բաղկացած կոլեկտիվը`  համոզված եմ, Հայաստանում գոյություն ունեցող խոշոր կոլեկտիվներից լավագույնն է: Այն ունի բացառիկ աշխատանքային պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն և նվիրվածություն, որին գումարվում է նաև յուրաքանչյուր աշխատողի, անկախ զբաղեցրած պաշտոնից, հպարտության զգացողությունը հայրենական արտադրության հանդեպ` հանձինս Գրանդ Քենդի ընկերության արտադրատեսակների, որտեղ նրանք տեսնում են նաև իրենց ներդրումը:

Ինձ ուղղակի վստահեցին, և Վարդանյան ընտանիքը Գրանդ Քենդիի ղեկավարման պարտականությունները դրեց միայն ինձ վրա: Հինգ տարի ինձ լիովին նվիրել եմ աշխատանքին, և արդյունքն ակնհայտ է` 2002 թ-ից երեք անգամ աճել են Գրանդ Քենդիի արտադրության ծավալները:

-Ի դեպ, որակի մասին: Հայաստանում սովորական բան է, երբ նոր արտադրատեսակը ժամանակի ընթացքում որակի կտրուկ անկում է ապրում: Գրանդ Քենդիում նման բան չի նկատվում, ինչպես է դա հաջողվում:

- Հենց սկզբից ստեղծեցի որակի բաժին, որտեղ արդեն 55 հոգի են աշխատում: Նրանք անմիջապես ինձ են ենթարկվում և նրանց վրա է դրված ամենօրյա արտադրանքի որակին հետևելու պարտականությունը: Նրանք իրավասու են արգելել որակական շեղումներ ունեցող արտադրանքի մուտքը շուկա: Նրանց տրամադրության տակ են ամենաարդիական և թանկարժեք լաբորատոր հսկիչ սարքավորումները: Որակը մեր հպարտությունն է: Չ՞է որ արդի պայմաններում, երբ գնորդը հայրենական և ներմուծված արտադրանքի միջև մեծ ընտրություն կատարելու լայն հնարավորություն ունի, զարգանում է նրա ճաշակը, նա սկսում է ավելի պահանջկոտ դառնալ ու երբ համեմատում է Գրանդ Քենդիի արտադրանքը եվրոպականի հետ ու նկատում, որ այն իր որակական հատկանիշներով չի զիջում եվրոպականին, անպայման գնահատում ու կարևորում է այդ փաստը: Որպես հետևանք` սպառողի մոտ առաջանում է վստահություն ընկերության հանդեպ, քանզի նրա համար ակնհայտ է դառնում, որ ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքում ամեն` նույնիսկ փոքրիկ բան հաշվի է առնվում:

-Եթե համեմատական անցկացնենք Գրանդ Քենդիի և արտասահմանյան արտադրանքի միջև:

-Ես Ձեզ կարող եմ ասել սփյուռքահայերի կարծիքը. Ֆրանսիայից կլինեն, ԱՄՆ-ից, թե  Բելգիայից, միաձայն պնդում են` Գրանդ Քենդիի շոկոլադն իր որակով առնվազն համարժեք է իրենց երկրներում արտադրվող շոկոլադին, իսկ վերջինս շատ թանկ է, մեկ կիլոգրամն արժե 50 դոլար և ավելի, համենայն դեպս, ոչ 8 դոլար` մեկ կիլոգրամի դիմաց:

-Իսկ ինչու՞ ապրանքի գինը չեք թանկացնում:

-Մենք չենք կարող գինը բարձրացնել. հայ սպառողն այդ գնողունակությունը չունի: Այդպիսի բարձր արժեքով շոկոլադ կգնի միայն այսպես կոչված ՙնոր էլիտան՚: Բայց նա էլ հայկականը չի գնում, որովհետև ՙդե, ամոթ չի՞ տեղական կոնֆետ հյուրասիրի իր հյուրերին, բա  սեղանին Մոցարտ,  Սորինի չլինի՞՚: Ի տարբերություն սփյուռքահայերի` հայաստանաբնակ հայերից շատերն ունեն մի շատ վտանգավոր հոգեբանական խնդիր` օտարամոլություն, և դա շատ է խոչընդոտում տեղական արտադրության զարգացմանը:

-Ինչպիսի՞ն են արտահանման հեռանկարները:

-Իհարկե արտահանում ենք, բայց ծավալները նվազում են: Եվ հիմնական պատճառն է Հայաստանում ԱՄՆ դոլարի կասկածելիորեն կտրուկ նվազեցված փոխարժեքը: Իսկ հայկական շոկոլադը դեռ այն համբավը չունի, ինչպես, ասենք, կոնյակը, որ ցանկացած գնով էլ վաճառվի: Շոկոլադի դեպքում Հայաստանում արտադրված լինելու փաստը ոչինչ չի ասում արտասահմանյան սպառողին:

-Մո՞տ է այն օրը, որ հայկական շոկոլադն ունենա այդ հեղինակությունը:

-Եթե Գրանդ Քենդին մոտ 20 տարի այսպես աշխատի, կհասնենք այդ օրվան:

- Կկարողանա՞ք:

- Եթե ներմուծողները չհաղթեն արտադրողներին տեղական շուկայի համար մղվող պատերազմում: Կատակում եմ իհարկե: Բայց դա մի գլոբալ հարց է, որին առնչվում ենք ամեն օր: Խոսքս պետության կողմից ակնկալվող պրոտեքցիոնիզմի քաղաքականության մասին է: Բոլոր զարգացած երկներում, որպես արտահանող, դրան հանդիպում ենք, այսինքն` արտերկիրը պաշտպանում է սեփական  արտադրողին: Այդ երկրներում կիրառվում են ոչսակագնային խոչընդոտներ: Օրինակ, ինչպես ՙՋերմուկի՚ դեպքում վարվեցին ԱՄՆ-ում, իբրև թե արսենիումի` թույլատրելիից բարձր պարունակության պատճառով, բացատրելով, որ օրեկան 20 լիտր ՙՋերմուկ՚ խմելը կարող է վնաս հասցնել առողջությանը: Ես չգիտեմ ամերիկացու տարողունակությունը, բայց եթե Հայաստանի բնակիչը օրեկան 20 լիտր նույնիսկ մաքուր ջուր խմի և բառիս բուն իմաստով չպայթի, ապա նրա մասին կարելի է Գինեսի գրքում գրել: Իսկ Հայաստան, դժբախտաբար, կարող է շատ հանգիստ ներմուծվել սննդամթերք, որի մեջ լինի նույնիսկ ՙՓՌՈվՌրՑօռ ՍՈսՌռ՚, մտնի շուկա և առանց խոչընդոտների հասնի հայ սպառողին:  Մեր պետությունը չի խոչընդոտում ներմուծողներին, չի պաշտպանում տեղական արտադրողին: Սրա հետ մեկտեղ, չնայած ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկմանը 580 դրամից մինչև 320 դրամ` մեկ դոլարի դիմաց, ներմուծված ապրանքների գները չնվազեցին, և շարքային սպառողի հաշվին ներմուծողները ունեցան գերշահույթներ: Բացի այդ, տեղի ունեցավ նաև գների կտրուկ աճ, քանի որ Հայաստանի շուկայում գերիշխում են ներմուծված ապրանքները, նույնիսկ այն դեպքերում, երբ նմանատիպ արտադրանքն արտադրվում է նաև Հայաստանում:  Յուրաքանչյուր ներմուծող ակամայից դառնում է աշխատուժի արտահանող, և աշխատատեղեր է ստեղծում արտերկրում: Ակնհայտ է Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասը: Իհարկե, խոսքը գնում է այն ապրանքների մասին, որոնք հնարավոր է արտադրել Հայաստանում, բայց մեծ ծավալներով ներմուծվում են: Ես չգիտեմ մեր մաքսային, հարկային և պետստանդարտների ոլորտում աշխատող ՙչինովնիկները՚ իրենց բնակարանների դռները միշտ բաց են պահում թե ոչ, բայց մեր երկրի դռները անխտիր բացում են բոլոր ՙայցելուների՚ առջև: Մենք մեր շուկան նվիրել ենք ներմուծողներին: 

-Իսկ Հայաստանը ինչու՞ չի գնում այդ ճանապարհով:

-Կարծես ուզում է, բայց դա դժվար, ճգնագին աշխատանք է պահանջում: Նոր մշակված և ընդունված օրենքները ժամանակ և կիրառման մեխանիզմ են պահանջում: Ութ տարի շարունակ մենք պահանջեցինք հայերեն լեզվով պարտադիր պիտակավորման օրենքի ընդունումը, որն այս տարի, վերջապես, ընդունվեց, այն էլ թերություններով` ի օգուտ ներմուծողների: Նույնիսկ եթե օրենքը կատարյալ լինի և մշակված լինի ի օգուտ արտադրողի, երկար ժամանակ է պետք, որ մանր պաշտոնյաների աշխատավարձն այնքան բարձրանա, որ կաշառքի գայթակղությունը վերանա որպես գործոն:

-Դուք հարկատուների ցուցակում առաջիններից եք: Զգու՞մ եք, որ պետությունն ու հասարակությունը Ձեր գործունեությունը բարձր են գնահատում:

-Երբ ստեղծում էինք Գրանդ Տոբակոն, Գրանդ Քենդին, Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ ողջունում և բարձր էր գնահատում մեր գործունեությունը, սրտանց ուրախանում էր ամեն մի նոր ստեղծվող աշխատատեղի համար և նոր ստեղծվող ընկերությունների առաջընթացով: Նախագահը փորձում էր անել ամեն ինչ, որ տեղական արդյունաբերությունը զարգանա: Այժմ էլ Վարչապետ Սերժ Սարգսյանն է փորձում սատարել տեղական արտադրողին:

Օրերս Վարչապետը ներկա էր մեր նոր արտադրության բացման արարողությանը: /Օրերս Գրանդ Հոլդինգի ընկերությունների շարքը համալրեց թղթի թափոնի վերամշակման գործարանը:- Ս.Թ./: Մենք հպարտ ենք, որ Հայաստանի տնտեսության սյուներից մեկն ենք, որ առաջինն ենք բյուջե ձևավորող արտադրողներից, և արտադրության ու առևտրի ոլորտում ամենախոշոր գործատուն ենք Հայաստանում: /Գրանդ Հոլդինգի աշխատակազմը բաղկացած է մոտ 5000 հոգուց:- Ս.Թ./: Հասարակությունն էլ սույն փաստը քաջ գիտակցում և գնահատում է:

-Պարո’ն Վարդանյան, այսօր Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որ ներկրելը ավելի շահավետ է, քան արտադրելը: Դուք չե՞ք ուզում  ինչ-որ բան ներկրել:

- Մենք հիմա էլ ենք ներկրում, ողղակի, ի տարբերություն մի շարք խոշոր ներմուծողների, մենք մեր արտադրության ծավալներն էլ ավելի մեծացնելու համար հումք և նյութեր ենք ներկրում, այլ ոչ թե պատրաստի արտադրանք` վերավաճառելու և գերշահույթ ստանալու նպատակով: Ներկրելն այսօր, իհարկե, շատ ավելի ձեռնտու է, քան արտադրելը: Նաև` ավելի դյուրին: Բայց մեր ընտանիքի սկզբունքն է միշտ եղել զարգացնել տեղական արտադրությունը և դուրս մղել ներմուծվածը:

-Պարո’ն Վարդանյան, 31 տարեկան երիտասարդ եք և դեռ  ամուսնացած չեք: Ընդհանրապես, հարուստ մարդիկ ճոխ, շռայլ կյանք են վարում, Դուք, կարծես թե,  չեք տեղավորվում այդ կերպարում:

-Աշխատանքին շատ եմ ժամանակ և եռանդ տրամադրել: Այս հինգ տարին դա էր պահանջում: Այդ գինն եմ վճարել Գրանդ Քենդիի կայացման համար: Այս զարգացումն հենց այնպես չի եղել. պետք էր կյանք դնել:

Հիմա արդեն կարող եմ զբաղվել անձնական կյանքով:

Իսկ շվայտ կյա՞նք… կազինոներ և գիշերային ակումբներ… չէ, դա իմը չէ: Ես մարդու մեջ ամենից բարձր դասում եմ համեստությունը և աշխատասիրությունը: 

-Որքանո՞վ է Ձեր գործնական կերպարը համապատասխանում Ձեր ներաշխարհին:

-Հիմնականում գործնական կենսակերպի մարդ եմ, բայց համոզված եմ` առավոտյան իննից երեկոյան ինն աշխատելը ճիշտ չէ: Երբ հասնեմ իննից հինգը աշխատաոճին, շատ գոհ կլինեմ: Երեկոներս կնվիրեմ ընտանիքիս, ընկերներիս: Հոբբիներ ունեմ` ֆուտբոլ, թենիս, ձկնորսություն: Շատ եմ սիրում շփվել հարազատ մարդկանց հետ: 

-Կպատմե՞ք Ձեր կրթության մասին:

-Երկու տարի սովորել եմ Մոնրեալ քաղաքի Դասոն քոլեջի կոմերցիայի բաժնում, չորս տարի Մոնրեալ քաղաքի Կոնկորդիայի համալսարանի միջազգային բիզնեսի ֆակուլտետում, որն  ավարտելուց հետո վերադարձել եմ Հայաստան, որ այստեղ ապրեմ, աշխատեմ, արարեմ:

-Ձեր ձգտումները և այն, ինչին հասել եք, համապատասխանու՞մ են իրար: 

-Ձգտում եմ կատարելության ամեն ինչում: Եթե մի բան չի ստացվել, կքանդեմ, կսկսեմ զրոյից, մինչև իմ ուզածը ստացվի: Ես շատ խստապահանջ եմ ինքս իմ և բոլորի նկատմամբ: Այս սկզբունքայնությունը ես նույնպես կիրառել եմ Գրանդ Քենդիում:

-Պարո’ն Վարդանյան, Ձեզ պե՞տք էր խորհրդարան գնայիք:

-Իմ և իմ նման գործարարների խորհրդարանում լինելն անհրաժեշտություն է առաջին հերթին պետության, պետականության և երկրի տնտեսության կայացման համար: Չէ՞ որ բոլոր տնտեսական ոլորտի օրենքների կիրառումն անմիջապես մեզ վրա ենք զգում: Իսկ դա շատ կարևոր է: Չէ՞ որ տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ հաճախ տեսականն ու գործնականն արմատապես տարբերվում են: Կարծում եմ` անելիքներ ունեմ:

-Մեր ամսագիրը որոշել է այս տարի Ձեզ տարվա գործարար ճանաչել: Տեղյակ ենք նաև, որ վերջերս Գրանդ Քենդին Ռուսաստանում մեծ գնահատականի է արժանացել: Շվեյցարական Global Resources Management ասոցիացիան պատվավոր ՙԱզգային Տնտեսության Առաջնորդ՚ կոչում է պարգևել Ձեր կազմակերպությանը: Նրանք ի՞նչն են գնահատել և Ձեր մասին տեղեկություններն ինչպե՞ս են ստացել:

 -Այդ կազմակերպությունը հետազոտում է, թե որ ընկերություններն են մեծ համբավ վայելում նախ տեղական շուկայում, ապա վստահ քայլեր ձեռնարկում` համաշխարհային շուկա մտնելու ուղղությամբ: Նաև բարձր են գնահատել մեր ընկերության ազդեցությունն ու դերը երկրի տնտեսության զարգացման մեջ:

-Վերջին հինգ տարիները բավականին լարված, բայց արդյունավետ են եղել: Մոտակա հինգ տարիներին ի՞նչ նոր արտադրատեսակներ են սպասվում, ի՞նչ նախագծեր ունեք:

-Սուրճի արտադրություն ենք ստեղծում: Լինելու է տասը տեսակի սուրճ, տասն էլ տարբեր համային երանգներով ու բարձր որակի: Տարբեր փաթեթներում նույն սուրճը չի լինի, ինչպես նաև չի լինելու շահում: Ձեռք ենք բերել իտալական ամենաթանկ բովման և աղման  ծրագրային կառավարում ունեցող հոսքագիծ, որի աշխատանքի ընթացքում մարդկային գործոնը նվազագույնի է հասցված:  Սկսել ենք ներմուծել լավագույն սուրճի տեսակներ ամբողջ աշխարհից: Մյուս տարի էլ սպասեք անակնկալների: Առայժմ դրանք առևտրային գաղտնիքներ են:

-Ինչպե՞ս կգնահատեյիք Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա աշխատանքը երկրի ղեկավարի պաշտոնում և ում եք պատկերացնում որպես ապագա նախագահ:

 -Պարոն Քոչարյանի 10 տարվա աշխատանքը շատ բարձր եմ գնահատում: Ինչքան էլ որ ընդդիմադիր ուժերը քննադատեն նրա վարած քաղաքականությունը, դրական փոփոխություններն ակնհայտ են: Նա միշտ սատարել է տեղական արտադրողին` հասկանալով զարգացած արդյունաբերություն ունենալու ռազմավարական կարևորությունը: Թե ով կլինի նոր Նախագահը, չգիտեմ, բայց ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին: Այսօր նա միակ քաղաքական գործիչն է, ում ղեկավարման տարիներին ես ակնկալում եմ տնտեսական աճ ու կայունություն մեր երկրում: Մեր երկրին անկայունությունը հակացուցված է:

 -Ասեցիք, որ էությամբ ստեղծագործող եք. է՞լ որ ասպարեզում կուզենայիք ստեղծագործել:

-Ինձ համար ամենակարևորն իմ աշխատանքի արդյունքն է: Երբ մարդիկ համտեսում են Գրանդ Քենդիի արտադրանքը և ասում, թե ինչ համեղ է, բեմից ծափահարություններ ստացող դերասանի պես բերկրանք եմ ապրում: Սիրում եմ նաև հեռուստատեսությունը: Նախատեսում եմ ԱՐ հեռուստաընկերության եթերում  թողարկել նոր հաղորդումներ,  նոր նախագծեր` մեր ազգային արժեքների մասին, այն ամենի, ինչ ունենք և ինչով հպարպանում ենք ազգովի:

 

                                                                 Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...