2013-03-18 11:30
«Դե Ֆակտո» 61 (2011թ.)
Օրեր առաջ լրացավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ իմ գնահատմամբ լավագույն վարչապետի' Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 60-ամյակը: Մարդ, ով իր ամբողջ կյանքում պայքարեց Հայաստանի Հանրապետության հզոր ապագայի համար, այսօր էլ չի մոռացվել, և վստահ եմ, որ այս որակի մարդը երբեք չի մոռացվի: Ամեն անգամ հիշելով Անդրանիկ Մարգարյանին' ցանկանում եմ, որ այսօրվա պետական պաշտոնյաներն իրենց վարքով, պատկերացումներով և ընկալումներով մի փոքր նման լինեին նրան:
Այսօր շատ է խոսվում համակարգային ռեֆորմների մասին, ինչը շատերի կարծիքով կնպաստի մեր պետության զարգացմանն ու պետականության ամրապնդմանը, բայց, ես կարծում եմ, որ համակարգային փոփոխություններից առաջ մենք պետք է փոփոխություններ կատարենք մեր պատկերացումներում: Պետական պաշտոնյան պետք է հասկանա, որ իր դիրքը իրեն տրված է ոչ թե սեփական կյանքը բարեկեցիկ դարձնելու, այլ' սեփական պետությանն ու ժողովրդին ծառայելու համար: Կյանքը ցույց է տալիս, որ ժողովուրդը երբեք չի մոռանում պաշտոնյաների գործունեությունը, մեծարելով դրական և ազգօգուտ գործ կատարած մարդկանց' անիծում և վատաբանում է սեփական ժողովրդին կեղեքելով հարստացող գործիչներին: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոսկե տառերով են գրվելու Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի, Աշոտ Նավասարդյանի և էլի շատ հայորդիների անուններ, ովքեր միշտ մնացին հայ: Կոչ եմ անում մեր պաշտոնյաներին աշխատել և ապրել այնպես, որ իրենց անուններն էլ մի օր միանան այս հերոսական անուններին, քանզի հակառակ պարագայում ձեր դիզած փողերն ու հարստությունը ձեզ հաջորդող սերունդներն ուղղակի չեն վայելելու:
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ