2013-03-14 11:07
«Դե Ֆակտո» 34 (2009թ.)
--Պարո՛ն Երիցյան, երկար տարիներ ի վեր բոլորն էլ Ձեզ ճանաչում են որպես հաջողակ և բարի համբավ վայելող գործարարի: Ինչո՞ւ որոշեցիք թողնել բիզնեսի ոլորտը, զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ` ստանձնել Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնը:
-Ես ամբողջովին գիտակցում էի և պատկերացնում, թե ինչ հսկայական պատասխանատու աշխատանք է ինձ սպասում, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ մեծ համայնք է, բայց ես չէի կարող անտարբեր գտնվել համայնքի հոգսերի նկատմամբ և որոշեցի, եթե ստանամ բնակիչների վստահությունը սեպտեմբերի 7-ին, ապա անպայման ձեռնամուխ եմ լինելու համայնքն օրինակելի դարձնելու գործին: Իմ ընտրողների վստահությունը չեմ կարող չիրականացնել իմ կատարած գործերով: Ես պետք է ապացուցեմ, որ իմ նախընտրական խոստումները միայն խոստումներ չէին, այլ ընդամենը ծրագիր` խնդիրները ճիշտ համադրելու և դրանք իրագործելու համար:
Եվ ահա, հոկտեմբերի 1-ից անցա աշխատանքի: 40 տարի ապրելով և աշխատելով նույն համայնքում, ծանոթ էի և անձամբ էի առնչվում օրեցօր համայնքում կուտակվող խնդիրներին, արված և չարված գործերին, որոնք անհապաղ լուծում էին պահանջում: Կազմակերպեցինք համայցեր բակերում` տեղում ծանոթանալու և արձանագրելու համար բնակիչներին հուզող խնդիրները և իմ աշխատակազմի հետ անցանք աշխատանքի:
-Ո՞րն էր Ձեր առաջնահերթ խնդիրը, երբ ստանձնեցիք համայնքի ղեկավարի պաշտոնը:
-Բազմիցս նշել եմ, որ ինձ վաղուց էր անհանգստացնում համայնքի տխուր սանիտարական վիճակը, անհապաղ լուծում պահանջող ասֆալտապատման, բակերի մաքրման և լուսավորության, վերելակների վերանորոգման և այլ անհետաձգելի հարցեր: Եվ հպարտությամբ պետք է փաստեմ, որ թաղապետարանի համապատասխան ծառայությունների նվիրյալ մասնագետների շնորհիվ, շատ արագ կարողացանք առաջին հերթին վերջնականապես լուծել կարծես անվերջանալի թվացող աղբահանության հարցը և դրան զուգահեռ նաև վերոնշյալ հարցերը: Հարկավոր էր և՛ բակերը, և՛ շենքերի մուտքերը բարեկարգել ու բարենորոգել, բակերի լուսավորությունն ապահովել, վերանորոգել բազմաբնակարան շենքերի վերելակները, մուտքերի դռները,ընդլայնել կանաչապատ տարածքները և այլն: Իհարկե, չեմ կարող ասել, թե ամեն ինչ ավարտված կարելի է համարել, բայց, եթե շրջապատված ես հոգատար, նվիրյալ գործընկերներով, բոլոր գործերն էլ կկատարվեն և՛ որակով, և՛ ժամանակին: Համայնքի գործերը շարունակական, մշտական աշխատանք և հետևողականություն են պահանջում, որպեսզի արդյունքն էլ լինի տեսանելի, իսկ, քանի որ աշխատասիրությունը և պահանջկոտությունն ինձ համար վաղուց այլևս ապրելակերպ է, ուրեմն հավաստիացնում եմ, որ շատ շուտով առիթ կունենաք տեղեկացված լինել նաև այդ մասին:
-Պարո՛ն Երիցյան, շատերն են առնչվել այն խնդրի հետ, երբ ղեկավարի հետ բնակիչների հանդիպումը շատ դժվար է կայանում կամ չի կայանում: Դուք, որպես համայնքի ղեկավար, որքանո՞վ եք հասանելի Ձեր բնակիչների համար:
-Աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից մենք մշակեցինք հստակ աշխատաոճ, որպեսզի համայնքի ղեկավար-բնակիչ կապը կայանա և գոհացնի բնակչին: Այդ նպատակով ստեղծվեց ՙԹեժ գիծ՚ ծառայությունը, որն ապահովում է բնակչի հանդիպումը համայնքի ղեկավարի հետ, եթե մինչ այդ իրենց դիմումին չի տրվել բավարար պատասխան` ՙՄեկ պատուհան՚-ի միջոցով: Եվ այսօր, այդ աշխատաեղանակը գործում է, և ելնելով արձագանքներից, շնորհակալական խոսքերից, կարելի է կայացած համարել նաև այս ոլորտը: Ամիսը 2 անգամ կազմակերպելով հանդիպում բնակիչների հետ, թաղապետարանի համապատասխան բաժինների պետերի ներկայությամբ, փորձում ենք բնակիչներին, որոնց թիվն արդեն 400–ից անցել է` գոհացնել: Պատահում է, որ հերթագրվում են միայն իրենց շնորհակալական խոսքերը և օրհնանքն անմիջապես հաղորդելու համար: Դե, ինչպես կարող եմ չոգևորվել այսպիսի` մանրուք թվացող երևույթներից:
- Ինչքա՞ն է համայնքի բյուջեն, և ինչպե՞ս եք այն բաշխել 2009 թվականի համար: Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու բյուջեի շրջանակներում:
-Նկատենք, որ, եթե միայն բյուջեի շրջանակներում փորձենք ինչ-որ գործեր կատարել, բնականաբար, չի բավարարի: Ահա այստեղ է, որ ինձ օգնության են գալիս իմ բիզնեսային հնարավորությունները, գործարար կապերը, որոնց շնորհիվ էլ կարողանում ենք և՛ համայնքի խնդիրների մասին լիարժեք մտածել, և՛ թաղապետարանի աշխատակիցներին խրախուսել: Կցանկանայի նշել նաև, որ մեծ աշխատանքներ են կատարվում ներդրողներ գտնելու գործում, քանի որ մեկ անգամ ևս նշեմ` բյուջեով հատկացված գումարը չի բավականացնում խնդիրներին լիովին դրական լուծում տալու համար: Ներկայումս համայնքը չունի խնդիր վերելակային տնտեսության հետ, բայց, ցավոք, մեծ խնդիր է տանիքների վերանորոգումը: 2008 թ. համայնքում ոչ մի տանիք չի վերանորոգվել, իսկ մեր աշխատանքի արդյունքում արդեն վերանորոգվել է 15 տանիք, որից մեկը բարեգործական ծրագրով: Բարեգործական նման ծրագրերը շարունակական բնույթ կկրեն, որի արդյունքում էլ կլրացվի բյուջեի պակասը:
-Մամուլից, Ձեր ելույթներից տեղյակ եմ, որ աղբահանության համար նախատեսված մեքենա-սարքավորումներ, տեխնիկա, աշխատուժ չեք ունեցել Ձեր աշխատանքային առաջին օրերին, և որ շատ դժվար է եղել այդ պայմաններում իրականացնել ամիսներով կուտակված աղբահանության աշխատանքները: Ինչպե՞ս դուրս եկաք այդ իրավիճակից, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր:
-Թե ինչպիսին է վիճակը համայնքում այսօր, կարող եմ ասել, որ բավարար է: Իհարկե, դժվար էր առանց վերը նշված միջոցների հասնել ցանկալի արդյունքի, բայց կրկին, շնորհիվ իմ գործարար ընկերների, ծանոթների, կարողացանք դուրս գալ այդ իրավիճակից և ունենալ այն, ինչ ունենք այսօր: Արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ մեքենա-սարքավորումներ, տեխնիկա, աշխատուժ և ամենակարևորը` ունենք ցանկություն: Միայն խնդրանք բնակիչներին, որ չաղտոտեն մեր համայնքը, հոգատար լինեն, որովհետև նաև իրենց օգնությամբ և աջակցությամբ հնարավոր կլինի պահպանել ստեղծածը:
-Սոցիալապես անապահովներին շարունակո՞ւմ եք սատարել Ձեր սովորության համաձայն:
-Ուրախ եմ, որ քաջատեղյակ եք, որ սոցիալապես անապահովներին ես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եմ պահում: Պարբերաբար կազմակերպվող ընդունելությունների ժամանակ, ինչպես նշեցի, համապատասխան ծառայությունների ղեկավարները նախապես ծանոթանում են նրանց դիմումներին, և համապատասխան որոշում ենք ընդունում` հիմնականում գոհացնելով բնակչի պահանջները:
-Հասցնո՞ւմ եք մասնակցել համայնքում կազմակերպվող միջոցառումներին, գիտեմ, որ դրանք շատ են և բազմաբնույթ:
-Ճիշտ եք, ժամանակի սղությունը շատ հաճախ իրեն զգացնել է տալիս, բայց ինչպե՞ս կարող եմ չմասնակցել, օրինակ, մանկապարտեզների հանդեսներին, չտեսնել մեր համայնքի փոքրիկ բնակիչների երգն ու պարը, չխրախուսել համայնքի մարզիկներին, դպրոցականներին, շնորհալիներին: Այդ ամենի համար ես ժամանակ գտնում եմ: Իսկ միջոցառումները մեր համայնքում, իրոք որ, շատ-շատ են: Դրան զուգահեռ այցելություններ և աջակցություն վետերաններին, ծերերին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, մրցույթներ, ծառատունկ, տոնակատարություններ, ինչպես ասում են տխրելու և ձանձրանալու ժամանակ ընդհանրապես չի լինում` հաճելի հոգսեր, օգտակար զբաղվածություն:
-Գիտեմ, որ մեծ ընտանիք ունեք, 2 որդիների հայր եք, ունեք 4 թոռնիկ: Հասցնու՞մ եք տանը լինել, ըմբոշխնել թոռնիկների սերը:
-Իսկապես իմ ցավոտ տեղն է, որ չեմ կարողանում լիարժեք, ինչպես հարկն է զբաղվել նրանցով, բայց և չեմ էլ թողնում, որ ինձ շատ կարոտեն: Ես նրանց շատ եմ սիրում և անպայման մեր փոխադարձ սերն արտահայտելու ժամանակ գտնում եմ: Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է:
-Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
-Ոչ թե համարում եմ, այլ այդպիսին էլ կամ: Երջանիկ եմ, որովհետև սիրում եմ համայնքս, աշխատանքս, ընտանիքս, ինձ շրջապատում են վստահելի, հոգատար մարդիկ, որոնցով էլ ես ինձ ավելի ուժեղ եմ զգում, և վերջապես, մարդը երջանիկ է և բավարարված, երբ հնարավորություն ունի բազմաթիվ մարդկանց երջանկացնելու:
Մեկ անգամ ևս վստահեցնում եմ իմ սիրելի համայնքի սիրելի բնակիչներին, որ այն, ինչ ծրագրել եմ, անպայման կյանքի կկոչվեն և շատ շուտով, այնպես որ բնակիչները կհամոզվեն, որ խոստումները նաև կենսագործվում են, եթե կա նպատակասլացություն, նվիրվածություն, վճռականություն և աշխատասիրություն: Դարձնենք մեր համայնքը օրինակելի, չէ՞ որ դա բոլորիս պատիվն է:
Վերադառնալ