2013-03-13 12:07
«Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ (2012թ.)
Մեկնարկեց 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Պատգամավորության թեկնածություններն առաջադրած բոլոր քաղաքական ուժերը հանդես են գալիս իրենց ծրագրերով և բազմաթիվ խոստումներով: Այս ամենի համատեքստում շատ կարևոր է, որպեսզի քաղաքացին իր ընտրությունը կատարի` հաշվի առնելով կուսակցության ծրագրերը, գաղափարախոսությունը, անցած ուղին, այլ ոչ վերացական խոստումները: Այս անգամ քաղաքացին պետք է ճիշտ ընտրություն կատարի, ոչ թե վաճառի իր ձայնը:
Խորհրդարանական այս ընտրությունները կարևոր են մեր ժողովրդի համար` պետության և գործող քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելու և ամրապնդելու առումով: ՀՀ նախագահն ու վարչապետը անձամբ են խոստացել ժողովրդին, որ այս ընտրությունները լինելու են ազնիվ և արդար:
Հուսանք, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը որակապես կտարբերվի նախորդներից և իր օրենսդիր գործունեությամբ կնպաստի իր նկատմամբ վստահություն ու հավատ ցուցաբերած ժողովրդի կյաքի որակի բարձրացմանը: Շատ կարևոր է, որ այս ԱԺ-ում ընդգրկվեն մարդիկ, ովքեր պատրաստակամ են աշխատելու պետության, ժողովրդի համար, այլ ոչ թե նրանք, ովքեր մանդատը կօգտագործեն ի նպաստ իրենց անձնական շահերի:
ՙԴե Ֆակտո՚ ամսագրի հերթական համարի առաջին էջում ներկայացնում ենք գործող պատգամավոր և պատգամավորության թեկնածու Մանվել Բադեյանին. մարդ, ով տարիների աշխատանքային փորձով ապացուցել է իր նվիրվածությունը ժողովրդին` հետևողականորեն, առանց բարձրաձայնելու զբաղվելով բուն օրենսդրական գործունեությամբ:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ