23:21
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Թղթի տարերք. կյանք և զգացմունքներ` պարփակված թղթե կերպարների մեջ

2013-03-07 11:09

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

Կարեն Սարգսյան անունը, թերևս, քիչ բան կարող է հուշել հայաստանյան ընթերցողին, սակայն սա անուն է, որը լսելիս` աշխարհի տարբեր երկրներում արվեստասեր հասարակությունն այն ասոցացնում է ժամանակակից արվեստի առաջատար ուղղություններից մեկի` ինստալիացիոն կերպարվեստի հետ:

Արդեն երկար տարիներ Կարեն Սարգսյանը ապրում և ստեղծագործում է Ամստերդամում: Կարեն Սարգսյանը հրաշալի արվեստագետ է, ում 2007-ին Նիդերլանդներում շնորհվել է Thieme Art Award մրցանակը, որպես խոստումնալից երիտասարդ արվեստագետի: Նա արվեստում իր առաջին քայլերը սկսել է կավից, այնուհետև անցել թղթի: Դա շատ ճիշտ որոշում էր, որովհետև  հենց դրանով է նա առանձնանում, թուղը նրա տարերքն է. կյանքի ամենատարբեր իրավիճակներ, մարդկային զգացմունքներ և զգացողություններ են պարփակված այդ թղթերի շերտերում:

 Ամեն առավոտ Կարեն Սարգսյանը մտնում է ամստերդամյան իր առանձնատան արվեստանոց, փակում դռները, ՙկախարդում թղթերով՚, և ժամեր անց, երբ բացվում են դռները, աչքերիդ առջև բացվում է անիրական, հրաշալի, հեքիաթային, երբեմն նույնիսկ սովորական աչքի համար անհասկանալի տեսարան: Կարեն Սարգսյանն իր ստեղծագործություններում մեծագույն  վարպետությամբ պրոյեկտում է իրականությունը սուր, առողջ և հումորիկ քննադատության միջով: Ժամանակին սա կոչվում էր կոլլաժ, հենց այս կոլլաժների միջոցով էին կուբիստները, դադաիստներն ու սյուռռեալիստները փորձում հասնել առօրյա ընկալումների խաբկանքը պատռելուն: Ժամանակները փոխվել են, թվային տեխնոլոգիաների զարգացումը կարծես հասնում է իր կատարելությանը, սակայն Կարեն Սարգսյանը շարունակում է վերարտադրել ու ներկայացնել իրականության իր արտացոլումը թղթով և սոսնձով: Ոմանց կարող է թվալ, թե թուղթն այն նյութը չէ, որով կարելի է արտահայտել երևույթներն ու զգացմունքները, սակայն Կարեն Սարգսյանի աշխատանքներն այնքան կենդանի են. կերպարների դեմքերի արտահայտությունները լարված, երբեմն ցավ ու տառապանք են արտահայտում, երբեմն ուրախություն կամ թախիծ, ներդաշնակություն կամ քաոս:

Աշխարհի ամենահայտնի ցուցահանդեսներում ու պատկերասրահներում ներկայացված, արվեստի այս ուղղության առաջատար քննադատների բարձր գնահատանքին արժանացած վիրտուոզն այսօր Հայաստանում է:

Ձեզ ենք ներկայացնում Կարեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ՙԴե Ֆակտո՚ ամսագրին:

 

-Ողջու՛յն Կարեն, բարի գալուստ Երևան: Ո՞րն է Ձեր երևանյան այցի նպատակը:

 

-Ողջույն, շնորհակալ եմ: Ասեմ, որ Հայաստանում ներկայանալու ցանկություն և մտադրություն վաղուց ունեի: Նախորդ տարի անհատական ցուցահանդեսով պետք է ներկայանայի հայրենիքում` ՙԳաֆեսճեան արվեստի կենտրոնում՚, սակայն ՀՀ մշակույթի նախարարությունը, որը նախաձեռնել էր իրականացնել կազմակերպչական աշխատանքները, անպատասխանատու և անհետևողական գտնվեց, ինչի արդյունքում չկայացավ և՛ իմ հայաստանյան ցուցահանդեսը, և՛ հետաձգվեցին մի շարք ցուցահանդեսներ այլ երկրներում: Ինչևէ, ես գտնում եմ, որ չի կարելի մեկ վարչական կառույցի սխալ գործունեության հետևանքով հեռու մնալ հայրենիքից և հայ արվեստասերին զրկել իմ ստեղծագործություններին ծանոթանալու հնարավորությունից: Ուստի իմ լավ ընկերոջ` գրող-թատերագիր և դերասան Վահրամ Սահակյանի հետ որոշել ենք իրականացնել մի շատ հետաքրքիր նախագիծ` վիդեո տարբերակով նկարահանել իմ աշխատանքները և ներկայացնել հայ արվեստասերին: Այժմ այդ ծրագրի իրականացման համար եմ Երևանում, հուսամ` շատ շուտով պատրաստ կլինի ֆիլմը, և կներկայացնեմ իմ արվեստի սիրահարներին:

-Խոսենք Ձեր այն գործերից, որոնք Ձեզ առավել հոգեհարազատ են և արդեն ցուցադրվել և բավականին բուռն արձագանքների են արժանացել ողջ աշխարհում:

-Աշխատանքները բազմաթիվ են, սակայն կառանձնացնեմ մի քանիսը, որոնք ինձ հատկապես հոգեհարազատ են: Ժամանակակից կյանքի խելագար ռիթմը, քաոսը փորձել եմ արտահայտել իմ անհատական ցուցահանդեսում, որը կրում էր ՙԽղճի կալանավորները՚ խորագիրը: Ցուցահանդեսը տեղի է ունեցել Լոս Անջելեսի  AMBACH & RICE   պատկերասրահում: Ինչու  ՙԽղճի կալանավորները՚, որովհետև այս աշխատանքներում իմ ստեղծած կերպարների համար ոգեշնչման թեմա է դարձել ՙՄիխայիլ Խոդարկովսկու գործը՚, չեմ ուզում քաղաքականացնել, սակայն հատկապես երկրորդ գործը մարդու իրավունքների և ազատության, ինչպես նաև օրենսդրության տեսանկյունից անարդարացի մեղադրանք և դատավճիռ էր:

 ՙԸնկալում` սահմաններից դուրս՚ խորագրով ցուցահանդեսի աշխատանքները ստեղծվել են այն ժամանակ, երբ բնակվում էի Պիկսկիլում` Նյու Յորքում: Ցուցահանդեսում, որը տեղի ունցավ HVCCA ցուցասրահում, մեծ տեղ է զբաղեցնում գահընկեց եղած թագավորի մեծ քանդակը: Նրանից ձախ` ծնկի է իջած մի ասպետ, իսկ շուրջ բոլորը կանգնած են նրան զվարճացնող ծառաները: Այս աշխատանքը թատերական բեմադրություն է հիշեցնում: Այս կերպարներն` իրենց յուրահատուկ ժեստերով, կարծես կենդանի են, բայց քարացած ժամանակի ու տարածության մեջ:

 -Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, և հաջողություն եմ մաղթում Ձեզ հետագա բոլոր ստեղծագործական նախաձեռնություններում:

Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...