00:34
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԼՍԵՔ ԳՐՔԵՐ

2013-03-06 11:49

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

''Мне, конечно, удается время от времени и фильм посмотреть, и почитать книгу. Очень хорошая форма – это аудиолитература. Аудиозапись можно слушать в машине в ходе передвижения на работу, обратно, или по каким-то другим местам профессиональной деятельности''.

Владимир Владимирович Путин

Աուդիոգրքերի ստեղծման առաջին նախագիծը սկսվել է 1931-ին ԱՄՆ-ում, երբ երկրի Կոնգրեսում ներկայացվեց և հաստատվեց տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ձայնային գրքերի ստեղծման նախագիծը` ՙԳրքեր կույրերի համար՚: Ծրագրով նախատեսված էր ստեղծել ու անվճար տարածել աուդիոգրքեր վերոնշյալ քաղաքացիների շրջանում: Այս ծրագիրը գործում է 1932-ից մինչ օրս:

1952-ից սկսվեց աուդիոգրքերի կոմերցիոն արտադրությունը, Դիլան Թոմասը ձայնագրեց ՙՄանկական ծննդյան տոները Ուելսում՚ գիրքը, որը սակայն մեծ տարածում չունեցավ:

Խորհրդային Միությունում աուդիոգրքերի ստեղծման առաջին փորձը կատարվել է 1961-ին` Կույրերի համամիութենական միության կողմից:

Աուդիոգրքերի գոյության պատմության մեջ բեկումնային տարեթիվ է 1979-ը. հենց այդ տարի էր, որ աուդիոգրքերի արտադրությունում սկսեցին ներգրավվել պրոֆեսիոնալ դերասաններ, ինչն էականորեն բարելավեց աուդիոգրքերի որակն ու բարձրացրեց պահանջարկը:

Այսօր արդեն բազմաթիվ տպագիր գրքեր հրատարակվում են աուդիոտարբերակների հետ միասին:

Աուդիոգրքերից օգտվելն այսօր համաշխարհային պրակտիկա է. մարդիկ լսում են ինչպես գեղարվեստական, այնպես էլ գիտական գրականություն, սովորում են լեզուներ, ստանում մասնագիտություններ:

                Առաջին հայկական աուդիոգրադարանն արդեն իրականություն է: Poeplemeter ընկերության նախաձեռնությամբ 2013 թվականի փետրվարի 10-ից արդեն գործում է www.audiobook.am կայքը, որտեղ ընթերցասեր հայ հասարակության ինտերակտիվ մասը կգտնի հայ և համաշխարհային գրականության գոհարների հայալեզու հնչունավորումները: Այս հետաքրքիր մտահղացման մասին ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը զրուցեց նախաձեռնության հեղինակ Poeplemeter ընկերության հմինադիր-նախագահ Նարեկ Մալյանի հետ:

  -Պարո՛ն Մալյան, ինչպե՞ս ծագեց  աուդիոգրքեր և այնուհետև նաև աուդիոգրադարան ստեղծելու նախագիծը:

 

-Ինքս սիրում եմ կարդալ: Գիրքն իմ տարերքն է: Հիշում եմ` արդեն 10 տարեկանում ես միանգամից երեք գրադարանի բաժանորդ էի: Ցանկացած տարիքում, նույնիսկ չափազանց զբաղվածության պարագայում ժամանակ գտնում եմ գիրք կարդալու համար: Սակայն յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի տարիք, երբ գիրք կարդալու պրոցեսը նրանից խլում է աշխատանքի, ուսանելու, ճամփորդելու համար նախատեսված ժամանակը: Ուստի որոշեցինք մենք էլ գնալ համաշխարհային փորձի հետևից, ստեղծել աուդիոգրքեր, որոնք ընթերցասեր մարդկանց համար հիանալի միջոց կլինեն գրքին մոտ լինելու համար, և ինչու ոչ, ոմանց էլ, ովքեր այդքան էլ սեր չունեն կարդալու հանդեպ, կստիպեն լսես այդ գրեքերը: Հայերեն աուդիոգրքեր ստեղծելու փորձն արդեն մի քանի տարի է, ինչ կա հայկական իրականությունում, սակայն դրանք առայժմ այնքան էլ հաջողված չեն կամ լայն տարածում չեն գտել: Մեր նպատակն էր ստեղծել լավագույն որակի աուդիոգրականություն` ստեղծելով բացառապես բարձրորակ գրքեր, հավաքել հետաքրքիր աուդիոգրադարան` համալրելով այն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային դասականների ստեղծագործություններով:

-Իսկ ինչպե՞ս կյանքի կոչվեց այս նախագիծը:

-Poeplemeter ընկերությունը որոշեց այս նախագիծն իրականացնել համագործակցության արդյունքում: Ստեղծվեց աշխատանքային թիմ, որը սկսեց աուդիոգրքեր ստեղծելու նախաձեռնությունը ներկայացնել գրականությամբ հետաքրքրվող անհատների, մարդկանց, ովքեր շահագրգռված են հայ և համաշխարհային գրականության գոհարների հնչունավորմամբ: Եղան մարդիկ, ովքեր իրենց սիրելի ստեղծագործությունը հնչունավորած տեսնելու և այն լայն լսարանի ներկայացնելու  ցանկություն և պատրաստակամություն հայտնեցին: Եղան մարդիկ, ովքեր ցանկություն հայտնեցին ֆինանսավորելու հայ, մյուսները այլազգի գրողների ստեղծագործությունները, քանի որ յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի ստեղծագործություն,  գիրք կամ հեղինակ, որի հետ նա հուշեր, հույզեր ու զգացմունքներ է կապում:

-Որքա՞ն ժամանակ է, որ գործում է աուդիոգրադարանը և ու՞մ համար է այն նախատեսված և հասանելի:

-Փետրվարի 10-ից արդեն գործում է www.audiobook.am կայքը` օն-լայն գրադարանը, որտեղ տեղադրված են մեր կողմից արտադրված բոլոր գրքերը: Եթե կլինեն մարդիկ, ովքեր երբևէ ստեղծել են աուդիոգրքեր հայերեն լեզվով և կցանկանան համագործակցել մեզ հետ, այդ գրքերը ևս սիրով կտեղադրենք մեր գրադարանում: Գրքերը առկա կլինեն նաև Apple Store-ում, որպեսզի հասանելի լինեն աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին ևս: Վստահ եմ, որ սա նաև հայապահպանական մեծ դեր է ունենալու, քանի որ այսօր սփյուռքահայության նոր սերնդի ներկայացուցիչներից շատերը թեև խոսում են հայերեն, սակայն տառաճանաչ չեն, ուստի սա բացառիկ հնարավորություն է նրանց համար` ծանոթանալու հայ գրողներին, հայերենով լսելու, օրինակ` Րաֆֆու ՙՍամվելը՚ կամ Բակունցի ՙԱլպիական մանուշակը՚:

 

-Ո՞ր գրողների ստեղծագործություններն են արդեն հնչունավորվել, և ում ձայնով ենք մենք լսելու այդ երկերը:

-Արդեն հնչունավորվել են Ակսել Բակունցի երկերը, ՙՍասունցի Դավիթ՚ էպոսը, Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն, Վահան Տերյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու ՙՄատյան ողբերգության՚ պոեմը, Չեխովի պատմվածքները: Հնչունավորվել են տարբեր մարդիկ, չեմ վախենա ասել` Հայաստանի լավագույն ձայներից` Գուժ Մանուկյանը, Սարգիս Նաջարյանը, Հայկ Բլբուլյանը, Արտավազդ Բայաթյան, Արամ Չախոյան, Կարեն Քոչարյանը: Գիտեք, ձայնը կարող է շատ լավը լինել, առոգանությունը հիանալի, սակայն այն երկարատև լսելու դեպքում հոգնեցնող կամ անզգացմունք հնչել, ուստի մենք հաշվի ենք առնում այս բոլոր բաղադրիչները, քանի որ մարդն ուշադիր լսում և կենտրոնանում է այն դեպքում, երբ զրուցակիցը հետաքրքիր և գրավիչ է խոսում, իսկ աուդիոգիրքը ճիշտ հնչունավորելու պարագայում լավագույն զրուցակիցը կարող է դառնալ մարդու համար. եթե հնչունավորողի ձայնը, տեմբրը, ձայնային դադարները ճիշտ են ընտրված:

Ամեն աուդիոգիրք ունի հնչունավորող թիմ` հնչունային ռեժիսոր, կոորդինատոր, ձայն: Իրականում սա շատ բարդ և ժամանակատար աշխատանք է, քանի որ օրական հնարավոր է կարդալ մաքսիմում երկու ժամ, որից վերջնական արդյունքը մեկ ժամ է: Ձայնագրությունը անցնում է մշակման, մաքրման փուլ, վերածվում է հատուկ ֆայլի, որը, բավականին փոքր ծավալ ունի և միևնույն ժամանակ շատ բարձր որակ, ինչը թույլ է տալիս ներբեռնելու դեպքում պահպանել նույն որակը: Կայքը հնարավորություն է տալիս նաև ընթերցողին որոշել ձայնի արագությունը, քանի որ մեկը նախընտրում է ավելի արագ, մյուսը` դանդաղ ընթերցանություն:

-Իսկ այս վիրտուալ գրադարանի օգտատերերը վճարովի՞, թե՞ անվճար սկզբունքներով են օգտվելու գրադարանից:

-Գրադարանից լսելը, անշուշտ, լինելու է անվճար, սակայն ներբեռնել հնարավոր կլինի որոշակի սիմվոլիկ գումարով: Սակայն կան և կլինեն գրքեր, որոնք ուղղակի սկզբունքորեն անվճար են լինելու, օրինակ` ՙՆոր Կտակարանը՚, որի հնչունավորումն իհարկե, կապված է հսկայական ֆինանսական և ժամանակային ծախսերի հետ, սակայն այն լինելու է բացառապես անվճար:

 Կայքում մեկնաբանություններ թողնելու հնարավորություն կա, ինչը թույլ կտա ուսումնասիրել լսարանի կարծիքները, նախապատվությունները և հետագա աշխատանքներում առաջնորդվել հենց նրանց դիտողություններով և ցանկություններով:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...