22:39
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հեռուստատեսությունը պատասխանատու է իր յուրաքանչյուր արտահայտության համար

2013-03-05 12:23

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

Դավիթ Հակոբյան` ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստատեսության տնօրեն

-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս որոշեցիք ՙԵրկիր Մեդիա՚-ն դարձնել  արբանյակային հեռուստաալիք և ի՞նչպիսի փոփոխություններ տեղի ունեցան եթերում:

-Արբանյակով հեռարձակվելու որոշումն եղել է ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաալիքի հիմնադրման առաջին իսկ օրվանից: Հեռուստատեսության հիմնադիրները ի սկզբանե պատկերացրել են, որ ՙԵրկիր Մեդիա՚-ն պետք է լինի քաղաքական, լրատվական հեռուստաալիք, որն, իր անվանը համապատասխան, կընդգրկի Երկիր մոլորակը և Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին կիրազեկի նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Մեր հեռուստաալիքը անցած հինգ տարիների ընթացքում, ցավոք, չունեցավ արբանյակային ցանցով հեռարձակվելու հնարավորություն: Բայց այս տարի մենք ի վերջո կարողացանք իրագործել մեր վաղեմի նպատակը և մայիսի 28-ից արդեն ՙԵրկիր Մեդիա՚-ն հանդիսանում է արբանյակային հեռուստաալիք: Ձևաչափային փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չունեցավ: ՙԵրկիր Մեդիա՚-ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, լրատվական, քաղաքական հեռուստաալիք է: Մեր հիմնական ուղղություններն են` քաղաքականություն, տնտեսություն, սոցիալական ոլորտ, մշակույթ:

-Ինչպիսի՞ն էին արձագանքները:

-Սփյուռքի համար ՙԵրկիր Մեդիա՚-ն նորույթ էր և բավականին բուռն ընդունվեց: Հայաստանից արբանյակով հեռարձակվող հեռուստաալիքները գրեթե նույն ծրագրերն են առաջարկում, ինչ որ արտասահմանյանները, և մեր հայրենակիցները լրահոսի պակաս ունեին: Այդ տրամաբանությունից ելնելով` մենք որոշեցինք առանձնանալ մյուս հեռուստաալիքներից և ավելի շատ սևեռվել նրա վրա, ինչի պակասն այսօր ունի մեր սփյուռքում գտնվող հայրենակիցը: Հաշվի առնելով, որ տարբեր տարածաշրջանների բնակիչների պահանջները և ցանկությունները տարբեր են, մենք փորձում ենք զանազան հաղորդումներ պատրաստել` չշեղվելով մեր բուն նպատակից: Հավելեմ նաև, որ մեր եթերում ցուցադրվում են բացառապես մեր պատրաստած հաղորդումները: Նախատեսում ենք նաև նոր ծրագրեր, որոնք լինելու են ավելի շատ ճանաչողական բնույթի, որոնց միջոցով մեր`  մասնավորապես սփյուռքում գտնվող հայությունը կկարողանա ճանաչել Հայաստանն ամբողջությամբ` կրթություն, գիտություն, մշակույթ, արվեստ, սպորտ: 

-Սփյուռքի և տեղի հայերի ճաշակները համընկնո՞ւմ են:

-Մեզ մոտ ձևավորվել է կարծիք, որ մեր հեռուստադիտողը նախընտրում է ցածրորակ, ցածրաճաշակ հաղորդումներ: Այսօր ստեղծում են փողոցային այնպիսի ժարգոնով ողողված, իբրև թե հումորային ծրագրեր, որ նույնիսկ դրսում ամոթալի է նման ձևով խոսել: Դրանք  գտնում են իրենց  հովանավորներին և դառնում  թելադրող ժանր այսօրվա եթերում: Մենք սկզբունքորեն դեմ ենք դրան և հետևողական ենք մեր թողարկած հաղորդումների որակի պահպանմանը, քանի որ այսօր փաստացի հեռուստատեսությունը մարդու դաստիարակության, հասարակական կարծիք ձևավորելու առումով մեծ դեր է խաղում, ուստի` պետք է պատասխանատու լինի իր յուրաքանչյուր արտահայտության համար: Երբ լսում ենք, թե որևիցե կրթական հաստատությունում ուսուցիչը կամ աշակերտը միմյանց հետ շփվելիս անվայել արտահայտություններ են թույլ տվել, քննադատում ենք, իսկ հեռուստատեսությունն այդ անվայել արտահայտությունները մատուցում է բազմահազարանոց հեռուստադիտողների բանակին:

-Վերջերս անընդհատ խոսում են  թվայնացման մասին: Որքանո՞վ է ՙԵրկիր Մեդիա՚-ն համապատասխանում այդ չափանիշերին:

-Մեր հեռուստատեսության բոլոր սարքավորումները թվային են, և մենք աննշան սարքերի փոփոխությամբ` կարող ենք հեռարձակվել թվային ձևաչափով: Արբանյակով հեռարձակվելը լուրջ քայլ է և պարտավորեցնում է համաչափ քայլել միջազգային հեռուստատեսային ալիքների հետ, բայց միաժամանակ թվայնացման անվան տակ չպետք է մեր եթերում ոչնչացնել ազգային արժեքները: Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչ չափորոշիչներով են կողմնորոշվելու այս կամ այն ալիքը ընտրելիս, բայց շատ կցանկանայի, որ նախապատվությունը տան այն ալիքներին, որոնք փորձում են պահպանել այդ արժեքները: 

-Հաճախ, որպես արդարացում, լսում ենք հետևյալ արտահայտությունը ` դա հեռուստադիտողի պահանջն է:

-Երբ հեռուստադիտողը թելադրի իր ճաշակը, մենք կունենանք իրարամերժ եթեր: Ցանկացած պարագայում ես կողմ եմ, որ հեռուստատեսային ճաշակը թելադրի հեռուստատեսությունը  և ինչ-որ տեղ` նաև պետությունը: Հեռուստատեսություններում աշխատում են մտավորական մարդիկ, իսկ մտավորականը, արվեստագետը չի պրոպագանդի վատը, անորակը: Պարզապես նրանց պետք է թողնել ազատ իրենց ստեղծագործական աշխարհում, այլ ոչ ստիպել անել մի բան, որը ավելի հեշտ հովանավոր կգտնի, և դա անվանել հեռուստադիտողի ցանկություն:

 Լիլիթ Սաֆարյան

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...