2013-03-05 12:22
«Դե Ֆակտո» 50 (2010թ.)
Արսեն Գրիգորյան (Մրո)
-Պարո՛ն Գրիգորյան, ծնվել եք արտերկրում, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ հայրենիք և ո՞ր տարիքում եղավ Ձեր վերադարձը:
-Ես, ինչպես նաև շատ հայորդիներ, ոչ մեր կամքով ենք ծնվել Հայաստանից դուրս, դա հետևանք է ցեղասպանության և հայրենազրկման: Ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ Սասունցի պապերը հայրենազրկվեցին և ստիպված եղան բնակություն հաստատել Սիրիայում: Վերադարձի ճանապարհը դեպի հայրենիք, դեպի արմատները ամենաբնական երևույթն է յուրաքանչյուր տարագիր հայի: Ես արդեն քսաներեք տարի է ինչ վերադարձել եմ Հայաստան և դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն է:
-Ձեր մեջ շատ է հայրենասիրությունը, անկեղծ հայրենասիրությունը, իսկ եթե մի օր Ձեր զավակը որոշի հեռանալ հայրենիքից Դո՛ւք ինչպե՞ս կարձագանքեք դրան, կփորձե՞ք նրան խանգարել:
-Ես երեխաներիս դաստիարակում եմ այնպես, որ նրանց մեջ խորը արմատներ գցի հայրենասիրությունը: Սերը դեպի հայրենիք պետք է մանկուց սերմանել երեխայի մեջ: Իհարկե ես կուզենամ , որ իմ երեխաները ամբողջ աշխարհով շրջեն,կամ եթե մասնագիտության բերումով` կրթություն ստանան արտասահմանյան որևէ երկրում , խնդիր չէ, կարևորը որտեղ էլ որ կրթություն ստանան և ինչ մասնագետ էլ որ դառնան, նրանք գիտակցում են , որ այդ ամենը պետք է ծառայի հայրենիքին և հայ ժողովրդին: Ես ու կինս փառք Աստծո միանման ենք մտածում և այնպես ենք դաստիարակում երեխաներին, որ նրանք արդեն գիտեն. ամեն ինչ սկսվում և ավարտվում է հայրենիքով և հայրենիքի համար: Եթե թռչունը դուրս եկավ իր երամից ուրեմն նրա կյանքն այլևս անիմաստ է:
-Պարո՛ն Գրիգորյան, իսկ ինչո՞վ է հայրենիքը մեզ փոխհատուցում: Ինչո՞ւ տարբեր ոլորտներ ներկայացնող լավագույն մասնագետներից շատերը այստեղ` իրենց հայրենիքում, չգնահատվելով ըստ արժանվույն հեռանում են և իրենց դրսևորում այլ երկրներում: Կարելի՞ է արդյոք նրանց մեղադրել:
-Ես նրանց չեմ մեղադրում, ես առհասարակ ոչ ոքի չեմ մեղադրում` չունեմ դրա իրավունքը: ես երբեք չեմ մտածել և չեմ էլ մտածի թե ինչ է անելու հայրենիքս ինձ համար , հակառակը միշտ պետք է մտածենք. ի՞նչ ենք անում մենք մեր հայրենիքի համար: Բոլորս էլ խնդիրներ ունենք: Բայց չեմ կարծում, որ խնդիրների լուծման ճանապարհ պետք է ընտրենք հայրենիքից հեռանալը , հեռանալ կնշանակի հանձնվել: Իսկ ի՞նչ պետք է լինի մեր հայրենիքի վիճակը, եթե բոլորս թողնենք և հեռանանք: Շատ արվեստագետներ, մշակույթի գործիչներ մութուցուրտ տարիներին հեռացան: Եվ նրանցից շատերը հիմա նույնիսկ չեն էլ զբաղվում իրենց մասնագիտությամբ` թեև նրանցից շատերի կենսամակարդակը բարձրացել է… Ունայնություն ունայնության : Ես հավատում եմ, որ երբ մարդ ծնվում է, իր հետ ծնվում է նաև մի առաքելություն, որը մարդ պետք է հաճույքով կրի: Եվ եթե մի քանի երիտասարդներ չդիմանալով դժվարություններին հեռացել են` ապա հազարավոր երիտասարդներ նույն դժվարությունները ունենալով չեն ընկճվել և չեն թողել իրենց հայրենիքն ու հեռացել: Մայրս միշտ ասում է. ՙԵթե Աստված բոլոր դռները փակում է անպայման մեկը միշտ բաց է թողնում՚, պարզապես պետք է այդ մեկը գտնել:
-Ո՞ր տարիքից եք սկսել երգել:
-Ես դեռ փոքր տարիքից աչքի եմ ընկել իմ ընդունակություններով: Բոլոր միջոցառումներին թե՛ դպրոցական և թե՛ համահայկական` Սիրիայի մասշտաբով, միշտ մասնակցել եմ երգով, պարով, թատերական ներկայացումներով: իհարկե ամենաշատը սիրում էի երգել: Հայրս և մայրս նույնպես երգում են և դա ժառանգաբար փոխանցվել է ինձ: 13 տարեկան հասակում արդեն ներգրավվել էի մի երաժշտախմբում, որտեղ բոլորը 25 տարեկանից բարձր էին: Ես սկսեցի մեծ ոգևորությամբ և եռանդով աշխատել. գրեթե երկու տարի անց արդեն ղեկավարում էի այդ երաժշտախումբը` չունենալով երաժշտական կրթություն: 15-16 տարեկանում արդեն, մեծ հավաքների ժամանակ, մեր համայնքը ես էի ներկայացնում: Բայց, ցավոք այդ ժամանակ հայկական երգին քիչ էի ծանոթ: Միայն հայրնասիրական երգերի մասին ճիշտ պատկերացում ունեի: իսկ որպես հայ երգ գիտեի այն երգերը, որոնք տարածված էին սփյուռքում, առանց տարբերելու թե տվյալ երգը հայկական է, թե ուղղակի հայերեն բառերով շարադրված օտարածին երգ : Այսինքն ես երգերի ժանրերը չէի տարբերում, քանի որ այդ ժամանակ գրեթե ամբողջ սփյուռքը ինֆորմացված չէր, որպես հայերեն երգեր լսում և երգում էին ՙռաբիս՚ երգեր, որոնց միայն բառերն էին հայերեն: Իմ կյանքը փոխվեց երբ Հայաստան եկա, ընդունվեցի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Սկսեցի աշակերտել երջանկահիշատակ հայ երգի մեծ վարպետ Հովհաննես Բադալյանին : Այդ ժամանակ սկսեցի հաճախել նաև ՙԱկունք՚ ազգագրական խմբի փորձերին` աշակերտելով նաև հայ երգի հայրիկ` Հայրիկ Մուրադյանին: Այդ տարիներին էր, որ հասկացա. հայերեն երգված երգերի և հայկական երգերի միջև հսկայական տարբերություն կա: Մեկ բան է, երբ երգի բառերը հայերեն են և մեկ այլ բան, երբ երգը հայկական ոգի է պարունակում: Այսօր նույն ոգով փորձում եմ այն ամենը ինչ սովորեցի և ամբարեցի իմ վարպետներից փոխանցել մեր մատաղ սերնդին:
-Ինչո՞ւ որոշեցիք երգել հատկապես հայրենասիրական երգեր:
-Ես տարբեր ոճերի երգեր եմ երգել: Բայց, ինչպես վերը նշեցի հավատում եմ, որ երբ մարդ ծնվում է նրա հետ էլ ծնվում է ինչ որ մի փոքրիկ շնորհք և առաքելություն: Գիտակցեցի, որ իմ առաքելությունը հենց դա է: Սա այն երգն է, որը իր մեջ այնքան հզոր ուժ ունի, որի միջոցով կարողանում ենք մեր տեսակը պահել-պահպանել: Դարեր շարունակ, երբ մեր պետականությունն ենք կորցրել, մեր մշակույթով և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցով ենք կարողացել մեր տեսակը պահել: Շատ ազգեր իրենց բնութագիրը կորցրել են: Մեր ազգային բնութագիրը պահպանելու համար մենք պետք է պայքարենք, իսկ պայքարելու ձևերից մեկը նաև անաղարտ հայկական երգն է, իր պատկանելիությամբ և իր մշակութային արժեքով մաքուր երգը: Հայկական երգից պետք է ծիրանի հոտ գա, եթե բանանի հոտ եկավ ուրեմն դա հայերեն երգ չէ:
- Հայրենասիրական-ֆիդայական երգերը հիմա հաճ ախ չեն հնչում, ինչո՞ւ և ի՞նչ անել, որպեսզի դրանք ավելի հաճ ախ հնչեն:
- Կան որոշ մարդիկ, որոնց համար իրենց ազգային պատկանելիությունը առաջնահերթ չէ և նրանք մտածում են, որ այդ երգերը արդի և եկամտաբեր չեն, ուստի չարժե դրանց անդրադառնալ: Իսկ ըստ իս այդ երգերը միշտ էլ պետք են, դրանք դաստիարակիչ են և հայրենասիրություն են սերմանում սերունդների մեջ: Հունիսի 29-ին, իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՙԼավագույնը մեր ազատամարտիկներին՚ խորագրով համերգ, որը առաջին հերթին պիտի լիներ իբրև բարոյական վերաբերմունք մեր ազատամարտիկներին և նաև նախապես որոշել էի, որ համերգից ստացված ողջ հասույթը պիտի տրամադրվեր պատերազմի ժամանակ սայլակավոր դարձած տասներկու ազատամարտիկների : Եվ ինձ շատ ուրախացրեց այն, որ դահլիճը լեփ-լեցուն էր երիտասարդներով, ովքեր մեծ ոգևորությամբ երգիչների հետ հավասար երգում էին մեր ֆիդայական երգերը: Իսկ ինչո՞ւ չեն հնչում այդ երգերը որոշ չակերտավոր աստղերի համերգների ժամանակ. նախ որովհետև ինչպես վերը նշեցի, ըստ իրենց այդ երգերը արդի չեն, և հետո էլ ամեն մեկը չէ որ կարող է այդ ոգեղեն երգերը կատարել : Ռազմահայրենասիրական երգեր կատարելը երգչի համար պետք է օրգանական լինի, այսինքն պետք է զգաս երգը, հոգով երգես, երգելիս էլ գիտակցես ու արժեվորել ես մեր հերոսների գործած սխրանքներն ու զոհողությունները: Այսօր մեր ազգային երգերը քիչ են հնչում , որի համար բոլորս պետք է մտահոգվենք ու մտածենք, ինչ անել, որպեսզի ավելի հաճախ հնչեն մեր ազգային երգերը, որոնց միջոցով մեր երեխաների այրան մեջ ազգային պատկանելիության բջիջները միշտ արթուն մնա
Լիլիթ Սաֆարյան
Վերադառնալ