23:07
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2013-03-05 11:49

ՀՈԳԵՎՈՐ  ՀԱՅՐԵՆԻՔ

ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ  - 50

ՄԵՐ  ՓՐԿԻՉՆ  ԷԼ,  ԹՇՆԱՄԻՆ  ԷԼ  ՄԵՐ  ՄԵՋ  ԵՆ

Հնօրյա վիպերգը ողբում է. երեսս  երկնքին արած ես  ծնկներս գետնին խփեցի, ծկըլթացի ու որդի ծնեցի, հեռու տաք ժայռերում վագրը ոլորվեց, գալարվեց, ծկըլթաց  ու կորյուն ծնեց, իմ կրծքի վրա ես իմ որդուն  երգով սովորեցրի նայել ու աչքը չթարթել, հեռու տաք ժայռերի մեջ վագրն իր կորյունին սովորեցրեց նայել ու տղայի իր հայացքը չթեքել, որդիս զինավառվեց ու որսի ելավ, կորյունը հեռու տաք վայրերում կանգնեց, պրկվեց ու որսի ելավ, նեղ կածանի վրա նրանք դեմ հանդիպման ելան, որդիս նայեց կորյունին ու կորյունը նայեց որդուս. տղայիս աղեղը  ճայթեց, տղայիս տեգը վնգաց տաք ժայռերի մեջ, բայց որդիս նետով ու տեգով չէր հաղթելու  վագրի որդուն` իր մատաղ կյանքով. կորյունը նայեց, պրկվեց ու ոստնեց, բայց նա մագիլով չէր հաղթելու որդուս` իր խիզախ կյանքով, իրարու կարմիր արև  սևացրին հեռու տաք ժայռերի մեջ վագրի տղան ու իմ տղան, իրենց մայրերի խնդուն արևը մթնեցրին վագրի որդին ու իմ որդին. հիմա ես ինչ անեմ, ասում է, վեր կենում բռնեմ հեռու ճամփան,գնամ գտնեմ կորյունի մորը և երկուով ողբանք մեր կանաչ կտրիճների ողբը:

Իսկ ես ահա, իսկ մենք ահա մեր երեսները հեռուներին դարձնելու, մեր ոտքը որոնումի ճանապարհին դնելու հարկը չունենք. ծույլ, կարկամ, վեհերոտ հայոց մեր բոլոր ժամանակներից զորական մեր կամքի նշխարները ժողովրդին ու ի մի կռողին, հաղթանակի ու ցնծության հրապարակը մեր հոգիներում ու մեր առջև բացողին, տասնամյակներով փնտրված ու մեր իսկ արյան ու ծուծի մեջ գտած մեր նոր Նժդեհին մենք ինքներս ենք սպանել:

Այդպես, սպանեցինք:

Մեր ծանծաղ մտքերի, մեր անքաջ հոգիների տղմուտներում կանաչած ճիվաղին մենք բաց թողեցինք հույսի և վստահության հրապարակի մեր տիրոջ վրա, որովհետև հույսի և վստահության հրապարակը մեզանում չի լինի, մենք ողբի և գանգատների հրապարակն ենք,վստահ ապագայի հույսը ուրիշ մայրաքաղաքներում կլինի, օրինակ` Մոսկվա, օրինակ` Ամերիկա, օրինակ` Փարիզ, թեկուզ Ստամբուլ ու Տիզբոն, զինվորն ու զորավարը մեր ժամանակ մեր գլխին մեր մսից ու արյունից չի լինի, զինվոր ու զորավար կլինի երկնքով անցնող սպիտակ ձիավոր սուրբ Գևորգը և ոչ Վազգեն Սարգսյանը:

 Սպանեցինք և դարձյալ կսպանենք,  և անարև մեր մտքի, անքաջ մեր ոգու Տղմուտը կկլանի նոր բարձրացողներին նույնպես, քանի դեռ չենք զորում մեր եղբորը մեզ թագավոր զորավար, մեզ` նրա հպատակ ու զինվոր, այս հողը մեզ հայրենիք տեսնել:

Սպանեցինք և այսօր կանգնած ենք մեր պայծառամիտ ու լավատես նախնիներից նրանց առջև, ովքեր մեզ սիրում էին, ովքեր մեզ բերել են, ոգու և մտքի մեր այս աղետից հետո, հետաքրքիր է,նրանք մեզ դարձյա՞լ կսիրեին, մեզ նրանք դարձյա՞լ կբերեին. հետաքրքիր է, իր հեռու Ֆրեզնոյից Սարոյանը դարձյա՞լ իր բաց սրտով, ինքներս մեզնից ու ուրիշներից չվախենալու,մեզ և ուրիշին  սիրելու հորդորով կգար այս երկիր. Սարյանը մեզ ու այս երկիրը այնպե՞ս կտեսներ ինչպես տեսել է. Թամանյանը մեր այս բնակչի համար ա՞յս քաղաքը կբարձրացներ: Եվ` հեռավոր գալիքի մեր թոռները մեզ սիրելո՞ւ են, մեզ կսիրե՞ն: Մենք ինքներս Կարսաբերդի անկման խայտառակությունը հանձնել ենք ոչ հայազգի զորահրամանատարին, մյուս խայտառակությունների գլխին ոչ մեր ազգի մի-մի հրեշ ենք կանգնեցրել և մեր ծույլ մտքով որոճում ենք, թե մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեզնից հեռու մի այլ տեղ են:

Հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը, և մենք մեզ սիրելի չենք:

                                                                                                                                                                                                                                                                                                                          ՀՐԱՆՏ   ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Վազգենը հզոր երևույթ էր: Անհատականություն էր, որ շարունակեց Աշտարակեցի, Աբովյան, Թումանյան, Նժդեհ, Խանջյան, Չարենց ոսկե շղթան: Պատմությունը Վազգեն Սարգսյանի անունը կդնի մեր ազգի ամենամեծերի կողքին: Խելոք, հայրենասեր մարտիկ շատ կան այսօր և եղել են, սակայն Վազգեն Սարգսյանի տեսակը ուրիշ էր, ուրիշ էր նրա գրողական տեսակը, մարդկային տեսակը:

Ազգային տառապանքը Վազգեն Սարգսյանի արյան մեջ էր: Վազգենի կորուստը  ահռելի է մեր ժողովրդի համար: Ինչ խոսք, անգնահատելի է նրա վաստակը, բայց ինչեր կաներ, եթե ապրեր, եթե հերիքեր ժամանակը:

                          ԱՂԱՍԻ   ԱՅՎԱԶՅԱՆ

 

ՎՃՌԱԿԱՆ  ՄԵՆԱԿԸ

Այսպես է եղել: Մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, և որովհետև մեր ջրերը քիչ էին, ձիերը քիչ եղան, որովհետև ձիերն էին քիչ, ձիավորները քիչ եղան, և որովհետև ձիավորները  քիչ էին, մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքան: Հիմա սա է մեր երկիրը:

Այնինչ Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով` ընտրության իրավունքը թողնելով մեզ: Անցողիկի ու հավերժության խաչմերուկում կարող ես ընտրել բարին ու լինել բարեգործ, կարող ես ընտրել չարը,մեղք գործել ու ապրել քո կյանքով:

Մարդուն տրվեց սակայն ևս մեկ իրավունք` ձգտել անհասանելիին, ապրել անանձնական սիրով ու լինել վսեմ:

- Անունդ ի՞նչ է:

Պատմությունից գիտենք նաև, որ ժողովուրդների հիշողության մեջ մնում են այն մարդիկ, որոնք ընտրում են անանձնական սիրո ճանապարհը, հատկապես սեփական ազգի ճակատագրական այն պահերին, երբ հայրենիքը  էժան է լինում, օրվա հացը` թանկ:

Վազգեն Սարգսյանի ընտրությունը ի սկզբանե մեծ գրող դառնալու ազնիվ մղումն էր ու հոգևոր բարձր ոլորտում իր ժողովրդին ծառայելու ազնիվ ցանկությունը: Եվ օրինաչափ էր, որ գրող, հրապարակախոս պատանին առաջին իսկ հրապարակումներով` ՙԳարուն՚ ամսագրում և ՙՀացի փորձություն՚ գրքով անմիջապես նկատվեց մեր գրականության մեծերի կողմից:

Ընտրությունը կատարված էր. դեպի մեծ գրականություն ուղին` օրհնված:

Ճակատագիրը, սակայն` սկզզբից աննշմար, հետո բացահայտ հասունացնում էր փորձության  մի այլ ճանապարհ, որը դարերի ու տարիների ընթացքում անիրավված հայրենի ժողովրդի զարթոնքն էր`ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու:

Սկսվեց պայքարը հանուն  Ղարաբաղի: Սասանվում էր ու ճաք տալիս եղբայրական ժողովուրդների դարբնոց համարվող  յոթանասունամյա հսկայական երկիրը: Եվ ազգերն ու ազգությունները փլատակների տակ մնալու վտագից, անկախ ապրելու իրենց ներքին ձայնին անսալով հեռացան, օտարացան իրարից: Ու սկսվեց պատմական անարդարությունների սրբագրման  և ազգային արժանապատվության վերանվաճման դժվարին շրջանը: Պատմությունը, սակայն, կարծես թե կրկնվում էր: Գրեթե նույն բանն էր տեղի ունեցել դարասկզբին, երբ հեղափոխության հետևանքով քանդվեց  Ռուսական Կայսրությունը: Այն ժամանակ էլ Հայաստանը մնաց մենակ, մնաց ինքն իր հետ: Իսկ մեր ջրերը, որից ծնվում էին ձիեր, քիչ էին ու քիչ էին մեր ձիավորները:Պետք էր ոգի, որ ոգեկոչեր մեր  սակավ ձիավորներին:Ու այդ ոգին հայտնվեց Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Արամ Մանուկյանի անուններով: Ազգայի գիտակցության ու արժանապատվության ոգի, որը 500-ամյա պետականազրկումից հետո հեռավոր մի գիշեր այցելել էր Խաչատուր Աբովյանին:

Ու սկսվեց պատերազմների շարքը հանուն պետականության, հանուն հայրենի հողի, հանուն կոտորված ժողովրդի բարդույթը հաղթահարելու, իսկ բարդույթը կար: Մեծ եղեռնից հետո յուրաքանչյուր ապրող հայի հոգում մնացել էր մի չթաղված նահատակ, որը մեզ ուղեկցում է մինչև այսօր: Եվ մեծ ոգեկոչողների անլուր ջանքերով պատմության քարտեզներից  մեզ նայող Մեծ Հայաստանի բզկտված հողի մի անկյունում ստեղծվեց հայոց պետականությունը: Ի՞նչ կկատարվեր մեր ժողովրդի հետ, եթե ամենուր ներխուժող բոլշևիկները այս հողի վրա չտեսնեին արդեն ճանաչում ստացած հայկական պետությունը: Դժվար է ասել: Սարսափելի է պատկերացնել, որ մենք կարող էինք լինել ընդամենը ինքնավար մի մարզ հարևան հանրապետությունների տարածքում:

Փառք ու խոնարհում առաջին հանրապետությունը ստեղծողներին:

Հարգանքի տուրք հանրապետություն ժառանգած Ալեքսանդր Միասնիկյան ազնիվ հայորդուն, որ փորձում էր ոտքի կանգնեցնել պատերազմներից ու սովից թմրած երկիրը:

Ու թեև Աստված մարդուն ազատ կամքով է ստեղծել, պարզվեց սակայն, որ թուլացածը ընտրելու իրավունք չունի, նրա փոխարեն ընտրությունը կատարում են ուժեղները և գծում ժողովուրդների վարչական սահմաններն, անտեսելով, որ գոյություն ունեն նաև հոգևոր ու պատմական սահմաններ:

Եվ Ղարաբաղն ապստամբեց: Ու քիչ ձիավորներ ունեցող ժողովուրդը, որ շարունակում էր տառապել իր ներսում մնացած անթաղ նահատակների ներկայությունից, կատարեց իր վսեմ ընտրությունը, ոտքի ելավ փրկելու Ղարաբաղը:

Հայրենակիցներին ու հայրենի հողը ազատագրելու մղումով սկզբից ոտքի ելան ազնիվ կամավորականներ` հաճախ ցաքուցրիվ ու անկազմակերպ խմբերով, չունենալով զենք ու զինամթերք: Բայց նետն արդեն արձակված էր: Իսկ արձակված նետն անհնարին է վերադարձնել, պետք էր գնալ նետի ետևից` գիտակցելով, սակայն,նշանի ահագնությունը:

Պետք էր նաև ունենալ Խաչատուր Աբովյանի Հայաստանը ուժեղ և անկախ տեսնելու տեսիլքը, որպես Հռոմի և այլոց հավասար:

Եվ երբ արդեն սկսվել  և շարունակվում էր Ղարաբաղն ազատագրելու պայքարը` Հայաստանն անկախացավ, անկախացավ իր ժողովրդի կամքով:

Ընտրեց իր խորհրդարանը, ընտրեց իր առաջին նախագահին և իր անկախության, իր խորհրդարանի, իր նախագահի ու պատերազմի հետ մնաց մենակ: Չնայած մեր ջրերը քիչ էին ու քիչ էին ձիերն ու ձիավորները, բայց գոնե խմելու ջուր ունեինք ու կռիվը շարունակվում էր: Մնում էր միայն, որ մեր մեջ հայտնվեր ոգեկոչողը, որ արդեն մի անգամ հայտնվել էր դարասկզբին:

Եվ հայտնվեց ոգեկոչողը, որը պետք է հավաքեր, ամբողջացներ հայրենիքի համար կռվի ելած ցաքուցրիվ, ինքնաբուխ մարտիկներին ու ջոկատները և ստեղծեր բանակ:

Վազգեն Սարգսյան գրողը, որ կատարել էր իր ընտրությունը դեպի մեծ գրականություն, շեղվեց իր ուղուց, վերամկրտվեց որպես հայրենիքի զինվոր, որ կյանքի և մահվան սահմանագծում դառնար ոգեկոչող ու ստեղծեր Ղարաբաղն ազատագրող ու հայրենի  սահմանները պաշտպանող կանոնավոր բանակ, կանգներ մեր նորաստեղծ պետության և պետականության կողքին:

Եվ թեև Վազգեն Սարգսյան գրողի ուղին շեղվեց, ճանապարհն ու երդումը մնացին նույնը.

 ստեղծել ուժեղ բանակ, լինել պետության և պետականության հետ, իրագործել դարերով չիրականացված մեր ազգային տենչը:

Կար հայոց պատմության ծանր լեգենդը, որի հեռավոր խորքում, քարանձավի մեջ փակված, մեզ էր հետևում փոքր Մհերը՝ սպասելով, որ աշխարհը փոխվի, գեղեցկանա ու ինքը դուրս գա քարանձավից: Կար նաև Վահագնի չքնաղ հեքիաթը, որն արդեն քանի հազար տարի է գալիս է մեզ փրկելու, գալիս է, գալիս ու տեղ չէր հասնում:

Մեր պատմությունն ու մեր հերոսներին մենք  տեղավորել էինք  բանաստեղծության մեջ և երբ այդ հերոսներից մեկը ծնվելով մեր ներսից հայտնվում էր մեր կողքին, մենք նրան չէինք ճանաչում:

Պետություն կառուցելու և ազատ ապրելու ճանապարհը, սակայն շատ ավելի դժվար էր, քան առաջին հայացքից թվում էր: Փոխվում էր երկրի նախագահը, փոխվում էր Ազգային ժողովը, սակայն, փոքր Մհերի գեղեցիկ կյանքով ապրելու երազանքը չէր դառնում իրականություն: Հայրենիքը շարունակում էր մնալ էժան, իսկ օրվա հացը՝ թանկ:

Երազանքի և իրականության սահմաններում հարկավոր էր ուրիշ, առավել վճռական քայլ: Պետք էր նորից ոգեկոչել տևական աղքատությունից ու զրկանքներից թմրած ժողովրդին, արթնացնել նրա մեջ հավատը իրական հայրենիքի հանդեպ, ստեղծել համահայկական միասնություն և մնալով հայրենիքի զինվոր՝ վերցնել երկրի պատասխանատվությունը ու դառնալ տեր:

Պետություն կառուցելու ճանապարհին, ճանապարհ, որ մեզանից առաջ ուրիշ ժողովուրդներ արդեն անցել էին, կանգնած էր ևս մի էական փորձություն: Քարոզե՞լ հայտնի ճշմարտություններ, թե ապրել այդ ճշմարտությունը: Եվ առաջնորդի ու տիրոջ սեփական օրինակով ոգեկոչել երկիրն ու ժողովրդին:

Եվ Սպարապետ ու տեր Վազգեն Սարգսյանը սրբազան զոհի նշանը ճակատին՝ ապրեց իր իսկ քարոզած ճշմարտությունը` դառնալով Չարենցի պատգամած միասնության ուժով փրկության հասնելու ասպետը:

ՄԵՐՈՒԺԱՆ   ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...