23:11
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆՎՈՒՄ է ԳԱՎԱՌԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆԻ ՙՖԱԼՇ՚ ԽԱՂԻ

2013-03-04 11:47

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

-Տիկի՛ն Զոհրաբյան, մինչև եվրակառույցների հետ համագործակցելը, ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք այսօր:

-Մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններն ամրագրված են երկրի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում, և այդ գերակայության  կարևոր բաղադրիչն է եվրոպական  ինտեգրումը:Մեկ բան այսօր  աներկբա է՝ մեր երկրի ներսում մենք ունենք քաղաքական կոնսեսուս առ եվրոպական ինտեգրումը:Եվ եթե եվրոպական ինտեգրացիան, որպես արտաքին քաղաքական գերակայություններից  մեկը, հռչակած որոշ պետություններ, այդ թվում` մեր հարևան Ադրբեջանը, ստախանովյան էնտուզիազմով ամրացնում է սեփական երկրի տոտալիտարիզմն ու կառուցում կուռ սուլթանատ, զուգահեռաբար, սակայն, այդ երկրի նախագահն ու քաղաքական ողջ էլիտան միջազգային  կառույցներում զոմբիի անդրդվելիությամբ թարմ ականջ են փնտրում՝ սեփական երկրի ապատեղեկատվական արտաքին քաղաքականության ժամկետանց ՙլապշաները՚ կախելու համար, ապա Հայաստանի համար եվրոպական արժեհամակարգն իրապես գիտակցված ընտրություն է:Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ եվրոպական արժեքները աշխատում են, եվրոպական արժեքները կենսունակ են ու գործուն են հատկապես այն երկրներում, որոնց համար դրանք բնական, ոչ արհեստածին արժեքներ են:Մեր պատմությունն անբաժան է եվրոպական պատմությունից:Ուստի, մեզ համար իրապես կարևոր են հարաբերությունները՝ թե՛ ԵՄ-ան հետ, որպես քաղաքական, տնտեսական խոշորագույն կենտրոնի, թե՛ հարաբերությունները ԵԽ-ի հետ, որի անդամ ենք 2001  թվականից:Կարծում եմ` պիտի գիտակցենք շատ պարզ մի ճշմարտություն՝ որևէ մեկը մեզ չի պարտադրել ընտրել եվրոպական ընտանիքին մաս կազմելու ուղին, ընտրել Եվրոպայի հետ քաղաքական, տնտեսական ինտեգրման ճանապարհը:Դա մեր ընտրությունն է, և մենք պիտի առաջնորդվենք արժեքային այն համակարգով, որը ընկած է ահա այդ աշխարհընկալման հիմքում:Այլ հարց է, թե որքանո՞վ են այսօր նույն ԵԽԽՎ-ն կամ ԵՄ-ն հավատարիմ իրենց իսկ դավանած սկզբունքներին ու արժեքներին:Կարծում եմ` դրա մասին դեռ կխոսենք:

-Դուք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ եք:Վերջին շրջանում տարբեր կողմերից գնահատականներ են հնչում, որ միջազգային կառույցներում մեր պատվիրակությունները լավ չեն աշխատում, և չեն կարողանում կասեցնել տարբեր հակահայկական գործընթացներ:

-Գիտե՞ք, նման քննադատություններին միշտ կա մեկ պատասխան՝ եթե կարող եք, եկեք և դուք փորձեք ավելի լավ աշխատել:Ես հեռու եմ միջազգային տարբեր կառույցներում աշխատող մեր   պատվիրակությունների աշխատանքը գնահատել գերազանց, բայց որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ` կարող եմ վստահ ասել, որ պատվիրակության յուրաքանչյուր անդամ փորձում է իր հնարավորությունների և ունակությունների չափով անել առավելագույնը:Այլ հարց է, որ միշտ չէ, որ այդ ունակությունները համապատասխանում են այն մարտահրավերներին, որոնք մենք շատ դեպքերում ստիպված ենք լինում հաղթահարել:Ես բազմիցս ասել եմ, որ 21-րդ դարը քարոզչական պատերազմի դար է, ինչը պահանջում է բոլոր ինստիտուտների, կառույցների համակարգված և ակտիվ աշխատանք:Մենք թյուր պատկերացում ունենք, թե միջազգային կառույցներում ներկայացված այս կամ այն եվրոպացի պատգամավորը բոլոր հարցերի փորձագետն է:Շատ դեպքերում նրանք չգիտեն նույնիսկ ինչ ասել է ղարաբաղյան կոնֆլիկտ և բացարձակապես տեղեկացված չեն հակամարտության ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական բաղադրիչներից:Ահա այդ անտեղյակությունից էլ օգտվելով՝ ադրբեջանական զոմբիների քարոզչական ՙբատալիոնը՚ խիստ հետևողականորեն փորձում է սուտն ու կեղծիքը վաճառել` որպես իրականություն և փաստ:Եվ այստեղ է, որ մենք պիտի կարողանանք հասցնել ճշմարտությունը, քանզի թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայոց ցեղասպանության հարցում մեր փաստարկները ուժեղ են, որովհետև դրանք ճշմարիտ են:Եվ ինչքան էլ Ալիևի տիկինն իր գլխավորած հիմնադրամով միլիոններ ծախսի հակահայկական քարոզչության վրա, միևնույնն է, կեղծիքն ու ապատեղեկատվությունը շատ կարճ կյանք ունեն:Եվ, ըստ իս, ադրբեջանական ՙբլեֆաքարոզչության՚ ֆիասկոն է պատճառը, որ վերջին շրջանում այդ երկրի քաղաքական էլիտան, Ալիևի բարձր հովանավորությամբ, մեկը մյուսի հետևից զվարճալի հայտարարություններ են անում:

-Ադրբեջանը ևս ԵԽ անդամ է:Ի՞նչ եք կարծում, եվրակառույցներում վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի  նկատմամբ նո՞ւյնն է:Արդյո՞ք չեն կիրառվում երկակի ստանդարտներ:

-Արդեն ասացի, որ, ցավոք, վերջին շրջանում եվրոպական կառույցներում մենք ականատես ենք լինում գործընթացների, որոնք, վստահ եմ, չեն բարձրացնում նման հեղինակավոր կառույցների վարկանիշը:Դա, օրինակ, Եվրախորհրդարանի վերջին՝ 2216 բանաձևն է, որտեղ ուղղակի խեղաթյուրված է ԼՂ հակամարտության ողջ էությունն ու բովանդակությունը:Նման լրջագույն կառույցը չպետք է թույլ տար, որ ոմն Կիրիլով, կատարելով ադրբեջանական լեգիոների իր սուրբ պարտականությունը, ներկայացներ խիստ միակողմանի և կանխակալ զեկույց:Որպես Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ` այդ բանաձևի ընդունումից հետո ես բաց նամակ եմ հղել Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորներին` հայտնելով մեր մտահոգությունը նման  կառույցներում լեգիոներական գործունեություն ծավալելու անթույլատրելիության շուրջ:Ի դեպ, ես Եվրախորհրդարանի  պատգամավորների ուշադրությունն եմ հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ այդ  բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի քաղաքական էլիտան ավելի սանձարձակ ու լկտի դարձավ իր ռազմատենչ հայտարարություններում և քայլերում:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, ապա շվեդ պատգամավոր Լինբլադին, որը ոչ միայն չի թաքցնում, այլև հպարտանում է իր` ադրբեջանահպատակ լինելով, մոնիթորինգի հանձնաժողովում ՙփաթաթել՚ Հայաստանի վզին` որպես համազեկուցող,որը միանշանակ Վեհաժողովի թուրք նախագահ Չավուշօղլու ծրագիրն է, ուղղակի ստվեր է գցում ԵԽԽՎ-ի անաչառության վրա: Մեկ բան հստակ է՝ այնպիսի կառույցներում, ինչպես ԵՄ-ն ու ԵԽ-ն է, երբևէ չպետք է մարդու իրավունքները, ժողովրդավարության հիմնարար արժեքները օգտագործվեն` որպես աշխարհաքաղաքական գործիք:Դա անթույլատրելի է:

-Ի դեպ, նույն Չավուշօղլին հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ հունիսի 18-19-ին Չայլուի դեպքերի մասին: Դա հնարավո՞ր է:

-Իհարկե, հնարավոր չէ, եթե Չավուշօղլին ամնեզիայով չի տառապում:Ամենայն հավանականությամբ նա տառապում է դեմագոգիայի հորմոնների գերավելցուկով, ինչի արդյունքում ահա նման անլուրջ հայտարարություններ է անում:Քանզի եթե մի գործիչ ԵԽԽՎ նախագահ դառնալու հաջորդ իսկ ակնթարթից իր կյանքի նպատակն է դարձրել Վեհաժողովի ձևաչափում ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնումը, ու պարզվում է, որ նա տեղյակ չէ ղարաբաղյան գործընթացից և զարգացումներից, ապա մնում է անել երկու հետևություն՝ կա՛մ նա իրապես խիստ անտեղյակ գործիչ է, կա՛մ թուրքական դիվանագիտական ՙշկոլայի՚ բոլոր նրբերանգները յուրացրած անձ:Առաջին տարբերակը ես բացառում եմ:

-Դուք նշեցիք քարոզչական պատերազմի կարևորության մասին:Այսօր մենք արդյո՞ք ունենք անհրաժեշտ ներուժ՝ այդ պատերազմում  հաղթելու:

-Միանշանակ ունենք, և ես արդեն ասացի, թե ինչու, որովհետև մենք իրավացի ենք:Բնականաբար, շատ ավելի հեշտ է պայքարել ճշմարտությունը տեղ հասցնելու համար, քան վազել միջազգային մի կառույցից մյուսը՝ տարիներ շարունակ նույն մաշված ձայնասկավառակը պտտեցնելու համար:Ադրբեջանական քարոզիչները, վստահեցնում եմ  ձեզ, վաղուց վեր են ածվել գավառական թատրոնի անհաջող դերասանների, որոնք փորձում են իներցիայով իրենց հին տեքստը կարդալ, բայց և  հրաշալի հասկանում են, որ իրենց ձայնը ՙֆալշ՚ է և վաղուց արդեն խիստ ձանձրալի£

Ուղղակի, մեզ անհրաժեշտ է աշխատել համակարգված, ուժեղացնել մեր պատվիրակությունները և լինել շատ ավելի նախաձեռնող: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...